<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>>
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության և նախարարության գործուղմամբ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական և որակակական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ և որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի և ներկա դրությամբ դրանց արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ: Բացի այդ, եթե մինչև 2018 թվականը գործող նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքով սահմանված էր բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների համար ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովության իրավունք, գործող §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքով այն փոխարինվեց արտոնյալ և երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում պետական ֆինանսավորումը սահմանափակվում է առավելագույն 28,5 մլն դրամի 10 տոկոսի չափով կանխավճարի և վարկի տոկոսագումարների առավելագույնը 3 տոկոսի չափով ամսական սուբսիդավորման հատկացմամբ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարևորվել և ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացումը, որի շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովությանը հարցը: Ընդ որում, գործընթացի մտահղացումն այն է, որ յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ քանակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերվելու 3 սենյականոց բնակարաններ՝ (գումարային առավելագույն ելակետ ընդունելով ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված արտոնյալ և երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի առավելագույն արժեքը՝ 28.500.000 դրամ չափը) և ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեն սպաներին՝ հատկացման կարգը և պայմանները սահմանելով ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հատկացված բնակարանը նաև սեփականության իրավունքով տրամադելու միջոցով: Միաժամանակ, մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտած (ավարտող) զինծառայողների մասով նախատեսվում է ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշման մեջ նրանց համար սահմանել ծրագրից օգտվելու առաջնահերթության իրավունք (առանց վիճակահանության, կամ ներքին վիճակահանությամբ): Գործընթացն ամբողջական ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, սահմանվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները, նախատեսվում է, որ բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Սահմանվում է նաև, որ համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող ՀՀ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության մոտ 440 տեղերի հաշվարկով ներկայումս սպայական կազմի զինծառայողների արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման համար սահմանված առավելագույն՝ 28.500.000 դրամի չափով տարեկան 440 բնակարան գնելու դեպքում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
-
Քննարկվել է
03.05.2022 - 19.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 4081
Տպել