<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում <<տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն>> բառերը փոխարինել <<20 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառության ավարտից հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում <<համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի>> բառերը փոխարինել <<20 տարի>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում <<զինծառայողները>> բառից հետո լրացնել <<, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասում նախատեսված սպայական կազմի զինծառայողների,>> բառերը.
2) 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
<<2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և զինծառայողի (նախկին զինծառայողի) միջև անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով: Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու, ինչպես նաև սույն օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի՝ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված ընտանիքի անդամներին: Սույն մասով սահմանված պայմանները ենթակա են ներառման զինծառայողի հետ կնքվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում:>>.
3) 3-րդ մասի առաջին նախադասությունում <<զինծառայողների>> բառից հետո լրացնել <<, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասում նախատեսված սպայական կազմի զինծառայողները,>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:
-
Քննարկվել է
03.05.2022 - 19.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 4082
Տպել