Հիշել նախագիծը

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2022 թվական     N ------Ն

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել՝

1) Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի.
2) գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափը գիտությունների դոկտորին 50000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի ------- -- -ի

N --- -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար (այսուհետ` դրամական վճար) տրամադրելուն առնչվող հարաբերությունները:
  2. Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:
  3. Դրամական վճարը սահմանվում է ցմահ:
  4. Դրամական վճարի նշանակման համար յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն պետական գիտական կազմակերպություններից և բուհերից ստանում է այն անձանց ցուցակը և անհրաժեշտ տվյալները, ովքեր բավարարում են սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և համապատասխան ցուցակների հիման վրա ձևավորում է տվյալ եռամսյակի համար մեկ ամփոփ ցուցակ և գիտության ոլորտի պետական լիազոր մարմնի միջոցով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը եռամսյակի ամփոփ ցուցակի տվյալներով համալրում է դրամական վճար ստանալու ենթակա անձանց միասնական ցուցակը (այսուհետ՝ միասնական ցուցակ):
  5. Դրամական վճարը նշանակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր ստորաբաժանումների միջոցով (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում)` գիտության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված միասնական ցուցակի համաձայն:
  6. Դրամական վճարի վճարումն ապահովում և դրամական վճարի գործը վարում (փաստաթղթերը հաշվառում) է ծառայությունը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով:
  7. Դրամական վճարը նշանակվում է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` դրամական վճարի իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի մասին տվյալների:
  8. Դրամական վճար նշանակելու համար դիմող՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է համապատասխան ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

 

II. ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

  1. Դրամական վճար նշանակելու համար անձը, գրավոր դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը և սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է ծառայության` իր հաշվառման վայրի համապատասխան ստորաբաժանում:
  2. Սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքում դրամական վճար նշանակելու համար դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը և սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ համապատասխան ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի, ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև միասնական ցուցակի հետ.
2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում (այսուհետ` շտեմարան).
3) հաշվառում է անձի դիմումը և տալիս դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացական, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:

  1. Ծառայության համապատասխան ստորաբաժանումը, դիմումն ընդունելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և առկա տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել դրամական վճար.
2) մերժել դրամական վճարի տրամադրումը:

  1. Դրամական վճարի նշանակելը մերժվում է եթե՝

1) անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեում.
2) անձը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
3) անձը ներառված չէ միասնական ցուցակում:

  1. Հաշվի առնելով, որ դրամական վճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և դրամական վճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը:
  2. Դրամական վճարը նշանակվում և վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

III. ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

  1. Յուրաքանչյուր ամսվա դրամական վճարը վճարվում է դրամով` տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
  2. Դրամական վճարի վճարման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
  3. Դրամական վճար ստացող անձն իրավունք ունի դրամական վճարը ստանալու կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություն):
  4. Անկանխիկ եղանակով դրամական վճար ստանալու համար դիմումում նշվում են բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, իսկ դրամական վճարը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` կազմակերպության անվանումը:
  5. Դրամական վճարը կանխիկ եղանակով վճարվում է անձի հաշվառման վայրում, իսկ նրա գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:
  6. Դրամական վճարը նաև վճարվում է դրամական վճար ստացողի (խնամակալության տակ գտնվող պատվովճար ստացողի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով դրամական վճար վճարելու մասին գրավոր դիմումն ու լիազորագիրը ներկայացվում են դրամական վճար նշանակող համապատասխան ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով դրամական վճար չի վճարվում:
  7. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց դրամական վճարը նշանակում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող համապատասխան ստորաբաժանումը: Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց դրամական վճարը վճարվում է անկանխիկ եղանակով, իսկ լիազորագրով վճարելու դեպքում կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով:
  8. Դրամական վճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված դրամական վճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը դրամական վճար ստացող անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում, դրամական վճար նշանակող և վճարող համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Սահմանված ժամկետում չստացված դրամական վճարի գումարը ենթակա է ժառանգման:

 

IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

  1. Դրամական վճարի վճարումը դադարեցվում է`

1) դրամական վճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) դրամական վճար ստացող անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում:
3) դրամական վճար ստանալու իրավունքը դադարեցնելու մասին հայտարարությունն անձամբ կամ նոտարական կարգով վավերացմամբ այլ անձի կողմից համապատասխան ստորաբաժանում ներկայացվելու դեպքում.
4) դրամական վճարի գործում կեղծ փաստաթղթերի հայտնաբերման դեպքում.
5) սույն կարգի 2-րդ կետի պահանջներին բավարարելու հանգամանքների վերացման պարագայում:

  1. Դրամական վճարի վճարումը դադարեցվում է սույն կարգի 23-րդ կետում նշված հանգամանքներից մեկի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  2. Դադարեցված դրամական վճարի վճարումը վերսկսվում է` դրամական վճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` դրամական վճար ստացող անձի` համապատասխան ստորաբաժանում գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  3. Դրամական վճարից պահումներ կատարելու, ավել վճարված դրամական վճարի գումարը բռնագանձելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

  • Քննարկվել է

    07.04.2022 - 23.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6845

Տպել

Առաջարկներ`

Ալիտա Դանագուլյան

23.04.2022

Առաջարկում եմ բուհական համարգում աշխատած դոկտոր պրոֆեսորներին տրամադրել հավելավճարը անկախ գիտական ստաժից, քանի որ այս աստիճանը ստանալու համար անձը հիմնական դասախոսական ծանրաբեռնվածությանը զուգահեռ կատարել է գիտական աշխատանք:

Harutyun Movsisyan

14.04.2022

Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է «Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:» տարբերություններ է մտցնում ՀՀ-ում գիտական կազմակերպություններում աշխատած և բուհերում միայն դասավանդած գիտական կոչում ունեցողների միջև, քանի որ վերջիններս չեն բավարարելու «առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» պահանջին, «դասավանդողը» այդ գումարը չի ստանում, դա վերաբերում է միայն գիտաշխատողին: Այս կետով լրացուցիչ ճանապարհ է ստեղծվում գիտական կոչում ունեցող անձանց ուղղակիորեն գիտական կազմակերպություններում գրանցվելու համար, ինչը խնդրահարույց է, կամ պարզապես տվյալ անձանց համար գիտական կոչման դրամական գումարի ստացման ևս մեկ արգելք է դրվում: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ գիտական կազմակերպությունում աշխատող գիտնականը բուհում դասավանդող գիտնականից ունի առավելություններ կամ մեկը մյուսից շատ կամ քիչ կարևոր գիտական գործ է արել: Անհրաժեշտ է պահպանել հավասարությունը և հաշվի առնել ՀՀ-ում գիտական կոչման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխանության առանձնահատկությունները

Տեսնել ավելին