Հիշել նախագիծը

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման դրույթը, որի համաձայն գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը: Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը, որը սակայն մինչ օրս սահմանված չէ կառավարության կողմից: Նմանատիպ դրույթ առկա է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում, որը սահմանված կարգով շրջանառվել և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը:

Գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի հավելավճարի տրամադրման հարցը երկար տարիներ և բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում՝ ՀՀ ԿԳՆ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ ֆինանսների ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ՝ սակայն վերջնական լուծում չի ստացել:

Նշված հարցը նորովի քննարկելու և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի N 02/11.8/41790-2021 գրության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 2051-Ա/2 հրամանով ձևավորվել է գիտական աստիճան ունեցող անձանց հավելավճարը կենսաթոշակին ավելացնելու հարցի քննարկման աշխատանքային խումբ (այսուհետ՝ Խումբ), որի կազմում ընդգրկված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահը, իսկ խմբի ղեկավարն է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը:

2021 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած նիստում Խմբի կողմից միաձայն որոշվեց, որ հարցին վերջնական լուծում տալու նպատակով ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք և պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, 70 տարին լրանալու ու ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունության ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում՝ տրամադրել ամենամսյա դրամական վճար, որի չափը սահմանել Որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար տրամադրվող ամենամսյա հավելավճարների չափով՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ:

2022 թվականի փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման ըթացքում վերը նշված առաջարկը ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից զեկուցվել է, որը արժանացել է ՀՀ վարչապետի հավանությանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 9-ի N 02/11.8/3918-2022 գրությամբ առաջարկվել է մինչև սույն թվականի մայիսի 16-ը սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել  «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2022 թվականի մարտ ամսվա դրությամբ Որոշմանը համապատասխան ծրագրերում ներգրավված և գիտական աստիճանի հավելավճար ստանում են 509 գիտությունների դոկտոր և 1553 գիտությունների թեկնածու, որոնցից 70 տարեկան և ավելի տարիք ունեցող` 256-ը գիտությունների դոկտոր և 307 գիտությունների թեկնածու (2023 թվականի հունվարի 1-ից կկազմի 267 գիտությունների դոկտոր և 334 գիտությունների թեկնածու): Սույն կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո` Որոշման շահառու հանդիսացող գիտաշխատողների մի մասը, որը կբավարարի սույն կարգի պայմաններին, կշարունակի ստանալ գիտական աստիճանի համար տրվող հավելավճարն արդեն որպես ամենամսյա դրամական վճար: Այսպիսով գիտական աստիճանի համար հավելավճար կամ դրամական վճար ստացողների փաստացի թվաքանակը յուրաքանչյուր տարի ավելանալու է գիտության ոլորտ մուտք գործող գիտական աստիճան ստացած անձանց շնորհիվ, ինչը 2021 թվականին կազմել է 92 հոգի, որը հանգեցնելու է միջինում տարեկան 27 600 000 ՀՀ դրամ ավելացման: Հաշվի առնելով, որ 2020-2022 թվականներին ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 12001 «Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարներ» միջոցառմանը հատկացված 842 000 000 ՀՀ դրամի փաստացի ծախսերը 2020 թվականին կազմել է` 739 800 000, 2021 թվականին` 699 000 000 ՀՀ դրամ, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակին կնքված պայմանագրերի համաձայն կկազմի շուրջ 771 000 000 ՀՀ դրամ, ապա 2023 և 2024 թվականներին կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելու համար լրացուցիչ գումարներ անհրաժեշտ չեն լինի, իսկ դրանից հետո, կախված կլինի 2025 թվականին գիտական աստիճան ստացողների թվաքանակից և գիտական կազմի դինամիկայից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով, որ գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշխատողների որակավորման բարձրացումը, գիտնականների սոցիալ տնտեսական պայմանների բարելավումը և գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի երիտասարդացման և մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են և բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից՝ առաջարկվում է ընդունել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը կապահովի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, քանի որ տարեց գիտնականները կունենան որոշակի մակարդակի սոցիալական ապահովություն` աշխատանքից ազատվելու դեպքում, և կնպաստի գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխության իրականացմանը, որն էլ իր հերթին կփոխի գիտական ներուժի տարիքային կառուցվածքը:  Արդյունքում գիտության և տեխնիկայի բնագավառում կունենանք գիտական ներուժի արդյունավետ սերնդափոխություն:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում» և «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» կետերով սահմանված նպատակներից:

  • Քննարկվել է

    07.04.2022 - 23.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6846

Տպել

Առաջարկներ`

Ալիտա Դանագուլյան

23.04.2022

Առաջարկում եմ բուհական համարգում աշխատած դոկտոր պրոֆեսորներին տրամադրել հավելավճարը անկախ գիտական ստաժից, քանի որ այս աստիճանը ստանալու համար անձը հիմնական դասախոսական ծանրաբեռնվածությանը զուգահեռ կատարել է գիտական աշխատանք:

Harutyun Movsisyan

14.04.2022

Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է «Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:» տարբերություններ է մտցնում ՀՀ-ում գիտական կազմակերպություններում աշխատած և բուհերում միայն դասավանդած գիտական կոչում ունեցողների միջև, քանի որ վերջիններս չեն բավարարելու «առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» պահանջին, «դասավանդողը» այդ գումարը չի ստանում, դա վերաբերում է միայն գիտաշխատողին: Այս կետով լրացուցիչ ճանապարհ է ստեղծվում գիտական կոչում ունեցող անձանց ուղղակիորեն գիտական կազմակերպություններում գրանցվելու համար, ինչը խնդրահարույց է, կամ պարզապես տվյալ անձանց համար գիտական կոչման դրամական գումարի ստացման ևս մեկ արգելք է դրվում: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ գիտական կազմակերպությունում աշխատող գիտնականը բուհում դասավանդող գիտնականից ունի առավելություններ կամ մեկը մյուսից շատ կամ քիչ կարևոր գիտական գործ է արել: Անհրաժեշտ է պահպանել հավասարությունը և հաշվի առնել ՀՀ-ում գիտական կոչման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխանության առանձնահատկությունները

Տեսնել ավելին