«Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը եվ 2022-2024թթ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ _______________-ի 2022 թվականի N ____Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2024ԹԹ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված N 1-ի «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 30.1 միջոցառման կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությանը` համաձայն Հավելված N 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին՝ համաձայն Հավելված N 2-ի:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022թ
_______ -ի N _______ Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
2022թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Ներածություն………………………………………………………………………………....3
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության առկա իրավիճակը..........................................................................5
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը և հիմնական նպատակները..........................................................................................9
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի արդիականացման քայլերը…………………………………………………………...............................................10
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի բյուջեն…………………………………………………………………………………….......11
- Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ կապի հասանելիության ապահովման ակնկալվող արդյունքային ցուցանիշները..............................................11
- Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ կապի հասանելիության ապահովման ակնկալվող նպատակային ցուցանիշները………....................................12
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի Հանրապետությունում թվային հասարակության ձևավորմանը զուգընթաց կարևոր նշանակություն է ստանում ՀՀ տարածքում լայնաշերտ գերարագ ինտերնետ կապն ապահովող ենթակառուցվածքների առկայությունը և դրանց շարունակական զարգացումը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
- Դիտարկելով հեռահաղորդակցությունը որպես հանրային բարիք և գիտակցելով դրա հասանելիության կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը խթանելու է ՀՀ տարածքում լայնաշերտ հեռահաղորդակցական ցանցի ձևավորման գործընթացին հանրության և մասնավոր ներդրողների առավելագույն մասնակցությունը, վերջիններիս միջև ազատ մրցակցությունը:
- Հայաստանի Հանրապետությունում լայնաշերտ գերարագ հեռահաղորդակցության ցանցի ձևավորումն իրենից ներկայացնում է ազատ մրցակցության և կարգավորման հավասարակշռված տարբերակ, որը թույլ կտա զարգացնել Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցական ցանցը` այն համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին, ապահովելով որակյալ մուլտիմեդիական կապը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, համացանցի բազմաբովանդակ օգտագործումն, անցումը դեպի բարձր տեխնոլոգիական տնտեսություն և ազգային մրցունակության բարձրացումը:
- Կառավարությունն ընդունում է, որ զարգացած հեռահաղորդակցության ենթակառուցվածքները տնտեսական աճը խթանելու և այն շարունակական դարձնելու նախապայման են, հատկապես այն պարագայում, երբ Կառավարությունը ցանկանում է զարգացնել Հայաստանը և տեսնել այն որպես հավելյալ արժեքով, գիտելիքների վրա հիմնված աշխատատեղեր ունեցող երկիր, որի համար ժամանակակից պահանջներին համապատասխանող հեռահաղորդակցության ենթակառուցվածքները պարտադիր պայման են:
- Լայնաշերտ կամ գերարագ ինտերնետ կապի հասանելիությունն ապահովվում է մի շարք տեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ են տալիս օգտվողներին տեղեկատվություն հաղորդել և ստանալ շատ ավելի մեծ ծավալներով և շատ ավելի մեծ արագությամբ, քան բաժանորդային հեռախոսային գծերով ինտերնետի հասանելիության դեպքում։
- Լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիությունն ապահովում է ոչ միայն տվյալների փոխանցման բարձր արագություն, այլև անխափան/շարունակական ինտերնետ և այսպես կոչված «երկկողմանի» հաղորդակցություն, այսինքն՝ հնարավոր է լինում միևնույն ժամանակ տեղեկատվությունը և՛ ընդունել (ներբեռնել) և՛ հաղորդել՝ գերբարձր արագությամբ։
- Լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն ապահովելու համար կարող են օգտագործվել տվյալների փոխանցման տարբեր տեսակի տեխնոլոգիաներ: Դրանց թվում են՝ օպտիկամանրաթելային կապը, բարելավված հեռախոսային ծառայությունը՝ «Թվային բաժանորդային գիծ» (DSL) և արբանյակային կապը:
- Տարբերակում են լայնաշերտ շարժական հասանելիություն և ֆիքսված հասանելիություն:
- Ֆիքսված լայնաշերտ ցանցը կառուցվում է օպտիկամանրաթելային համակցումների հիման վրա, մինչդեռ շարժական լայնաշերտ ցանցը ներառում է տվյալների փոխանցում անլար միացմամբ։
- Շարժական լայնաշերտ հասանելիության ապահովման համար աշխարհում ներկայումս կիրառում են WCDMA/HSPA (3.5G սերունդ), HSPA+ (3.75G սերունդ) և WiMax, LTE (4G) և 5G սերնդի տեխնոլոգիաները։
- Ներկայացված տեխնոլոգիաներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք միմյանց նկատմամբ համեմատության մեջ կարող են լինել՝ արդյունավետության, գնի, ծառայության որակի, ծածկույթի լայնության և հասանելիության առումով:
- Ռազմավարությունը մշակվել է ՀՀ կառավարության կողմից սահմանած նպատակին հասնելու համար, այն է` Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի առնվազն 80%-ում լայնաշերտ (օպտիկամանրաթելային) կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ ապահովումը:
- Այս տեսլականը հիմնված է 6 կարևոր հիմնաքարերի վրա.
1) Գոյություն ունեցող ենթակառուցվածքների գույքագրում և քարտեզագրում՝ տեղեկատվական վերլուծական ծրագրային ապահովման գործիքների ներդրմամբ և կիրառմամբ,
2) Ենթակառուցվածքների համատեղ օգտագործման ապահովում,
3) Լայնաշերտ շարժական կապի նոր տեխնոլոգիաների ներդրման համար հաճախականային շերտերի ազատականացում,
4) Կապի օպերատորների կողմից ներդրումներ իրականացնելու տեսանկյունից ոչ շահավետ բնակավայրերում և գյուղական համայնքներում կապի ենթակառուցվածքների հասանելիության ապահովում՝ պետության կողմից իրականացվող ֆինանսական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառմամբ:
5) Հայաստանի Հանրապետություն մտնող այլընտրանքային նոր կապուղիների ստեղծում:
6) Հեռահաղորդակցության կրիտիկական ենթակառուցվածքների համապատասխանեցում լիազոր մարմնի կողմից սահմանված չափանիշներին:
- Այդ նպատակով պետք է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնել տվյալների փոխանցման միջազգային չափանիշներին համապատասխանող կայուն ցանց, որը հնարավորություն կտա ապահովել 100 Մբիթ/վ-ից մինչև 1 Գբիթ/վ արագություններով կապ` լայնաշերտ ամրակցված կապի հասանելիությամբ:
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության առկա իրավիճակը
2.1 Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները
- «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ աշխատանքներ են տարվել Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների և ծառայությունների ներդրման ուղղությամբ:
Մասնավորապես, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ 703-733 ՄՀց, 758-788 ՄՀց, 811-821 ՄՀց, 852-862 ՄՀց, 1765-1785 ՄՀց և 1860-1880 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթներն առանձնացվել են առևտրային նպատակով տրամադրելու համար:
- Մրցույթների միջոցով նշված ռադիոհաճախականությունների տիրույթների տրամադրմամբ կապահովվեն ոչ միայն ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքեր, այլ նաև կիրականացվեն զգալի ներդրումներ՝ ստեղծելով պայմաններ նորագույն լայնաշերտ տեխնոլոգիաների, այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի անցման համար:
- Չնայած իրականացված աշխատանքներին և այն փաստին, որ Հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովված են 2G, 3G և 4G+ տեխնոլոգիաներով հանրային շարժական կապի ծածկույթով, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում ամրակցված ինտերնետ կապի հասանելիությունը դեռևս մնում է ոչ լիարժեք, մասնավորապես՝ օպտիկամանրաթելային FTTx տեխնոլոգիայի հիման վրա լայնաշերտ ամրակցված ինտերնետ հասանելիությամբ ապահովված են ՀՀ բնակավայրերի ընդամենը 51.2%-ը (513 բնակավայր):
- Աղյուսակ 1-ում բերված են ինտերնետ հասանելիության 2015թ-ից 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդների քանակի, ինչպես նաև 2017-2020թթ. ՀՀ տարածքում օպտիկամանրաթելային ինտերնետ կապի հասանելիության համեմատական դիագրամները, որոնցում ներկայացված տվյալները վերցված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից (2022 թվականի փետրվարի դրությամբ):
Աղյուսակ 1
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը և հիմնական նպատակները
3.1 Ռազմավարության իրականացման անհրաժեշտությունը
- Ռազմավարության իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 30.1 կետի պահանջներով:
- Նպատակները
- Հայաստանի Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման հիմնական նպատակներն են.
Ø Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների և գործարար միջավայրի համար հասանելի հեռահաղորդակցական ցանցային ենթակառուցվածքների զարգացմամբ թվային ծառայությունների հասանելիության ապահովում,
Ø Տնային տնտեսությունների համար՝ 100 Մբիթ/վ, իսկ պետական կառավարման մարմինների համար՝ 1 Գբիթ/վ արագությամբ հուսալի կապի ապահովում,
Ø ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 183 որոշմամբ հաստատված Հայաստանի թվայնացման ռազմավարության նպատակային ցուցանիշի ապահովում, այն է՝ մինչև 2025թ. ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի 80%-ում ապահովել լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի արդիականացման քայլերը
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ գերարագ ինտերնետ կապի ցանցի արդիականացման նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որով կկարգավորվի ստորև բերված խիստ անհրաժեշտ և միմյանց հետ փոխկապակցված գործողությունների իրականացման գործընթացները․
- Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և համակարգման մեխանիզմների մշակում,
- Առկա էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների միասնական շտեմարանի ստեղծում,
- Ցանցերի և ենթակառուցվածքների մասին ամբողջական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում,
- Ցանցի ոչ խտրական (գին, որակ) մուտքի հասանելիության ապահովում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով,
- Համընդհանուր ծառայությունների մատուցման փաթեթի մեջ լայնաշերտ ինտերնետ կապի ներառում,
- Հեռահաղորդակցության կրիտիկական ենթակառուցվածքի հասկացության և լիազոր մարմնի կողմից համապատասխան չափանիշների սահմանում:
4.1 Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և համակարգման մեխանիզմների մշակում
- Վերանայելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին պարտավորեցնել՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (համաձայնությամբ) ներկայացնել իրենց պատկանող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների մասին տեղեկատվությունը:
- Նախատեսվում է հստակեցնել և սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի մասին տեղեկատվության հավաքագրման և համակարգման գործիքակազմը (ծրագրային փաթեթ):
4.2 Առկա էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի ենթակառուցվածքների միասնական շտեմարանի ստեղծում
- Միասնական շտեմարանը տեղեկատվական համակարգ է, որն իր մեջ պետք է ներառի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի, ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների մասին հասանելի և ամբողջական տեղեկատվություն:
- Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն կտա արդյունավետ կառավարել լայնաշերտ ամրակցված և շարժական գերարագ ինտերնետ ցանցի արդիականացման, ընդլայնման և հասանելիության ապահովման համար պահանջվող կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման գործընթացները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում կապահովվի հեռահաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների նպատակային օգտագործումը պետական կարիքների համար:
4.3 Ցանցերի և ենթակառուցվածքների մասին ամբողջական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում
- ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալով իրենց պատկանող ցանցերի և ենթակառուցվածքների մասին տեղեկատվությունը, այն կամփոփվի, որից հետո միայն հնարավոր կլինի սահմանել ցանցերի ընդլայնման հետագա աշխատանքները:
4.4 Ցանցի ոչ խտրական (գին, որակ) մուտքի հասանելիության ապահովում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով
- Լայնաշերտ ամրակցված և շարժական գերարագ ինտերնետ կապի ցանցի ընդլայնումն անհրաժեշտություն է առաջացնում դիտարկել լայնաշերտ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կառուցման, զարգացման և կապի օպերատորների կողմից համատեղ օգտագործմանը խթանելու և խրախուսելու տարբերակների կիրառում:
- Այստեղ պետք է կարևորվի, որպեսզի յուրաքանչյուր օպերատորի հեռահաղորդակցության ցանցի պասիվ (չօգտագործվող) ենթակառուցվածքների մուտքի հասանելիությունը լինի ոչ խտրական՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
- Տվյալ մեխանիզմի կիրառման շնորհիվ հեռահաղորդակցության ցանցի զարգացման գործընթացը յուրաքանչյուր մարզում կընթանա շատ ավելի արագ, ինչը միևնույն ժամանակ հնարավորություն կտա խուսափել տեղային մենաշնորհների առաջացման ռիսկերից:
4.5 Համընդհանուր ծառայությունների մատուցման փաթեթի մեջ լայնաշերտ ինտերնետ կապի ներառում
- Ներառելով լայնաշերտ ինտերնետ կապի ծառայությունները Հայաստանի համընդհանուր ծառայությունների մեջ, նշանակում է ընդունել լայնաշերտ հեռահաղորդակցության կապի անհրաժեշտությունը` որպես արժանավայել ապրելակերպի և աշխատանքի հիմնական պահանջ` անկախ աշխարհագրական դիրքից և անհատական եկամտից:
- Արտակարգ դրության պայմաններում (ինչպիսին է նաև համավարակը) կապահովի հեռավար դասավանդման կազմակերպումը, աշխատանքային գործունեության չընդհատումը, առցանց առևտուրը, ինչպես նաև թվային ծառայությունների հասանելիությունը:
4.6 Հեռահաղորդակցության կրիտիկական ենթակառուցվածքի հասկացության սահմանում և լիազոր մարմնի կողմից համապատասխան չափանիշների ընդունում:
- Ներկա դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «Հեռահաղորդակցության կրիտիկական ենթակառուցվածք» հասկացությունը:
- Հեռահաղորդակցության կրիտիկական ենթակառուցվածքների մեջ մտնում են ոլորտի այն հիմնական սուբյեկտները, որոնք կենսական նշանակություն ունեն հեռահաղորդակցության ոլորտի անխափան գործունեության համար: Այդ սուբյեկտների վրա անգամ փոքրամասշտաբ արտաքին ներազդումը կարող է հանգեցնել խոշորամասշտաբ հետևանքների, ընդհուպ մինչև տվյալ ենթակառուցվածքի կամ նույնիսկ ողջ համակարգի կայունության և ղեկավարելիության կորստի:
- Կարևորելով նաև ազգային անվտանգության համակարգում հեռահաղորդակցության ոլորտի կրիտիկական ենթակառուցվածքի ունեցած դերը անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանել կրիտիկական ենթակառուցվածք հասկացությունը և պաշտպանել այն արտաքին ազդեցություններից:
- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի բյուջեն
- Սույն ռազմավարությունում բարձրացված խնդիրների լուծման համար նախատեսվում են քայլեր, որոնց իրականացման համար անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հատկացում:
- Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ կապի հասանելիության ապահովման ակնկալվող արդյունքային ցուցանիշները
- 2022-2026թթ-ի ընթացքում Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի առնվազն 80%-ում լայնաշերտ օպտիկամանրաթելային կապի ապահովում,
- 2022-2026թթ-ի ընթացքում Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի առնվազն 80%-ում պետական թվային ծառայությունների հասանելիությամբ ապահովում,
- ՀՀ ամբողջ տարածքում լայնաշերտ շարժական և ամրակցված ինտերնետ կապի (100Մբիթ/վ-ից մինչև 1Գբիթ/վ արագությամբ) ծառայությունների մատուցում:
- 7. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ կապի հասանելիության ապահովման ակնկալվող նպատակային ցուցանիշները
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի և տվյալների փոխանցման հասանելիության արդիականացումը թվային հասարակության կայացման առաջնահերթ միջոցառումներից է, որը թույլ կտա հանրապետությունում ձևավորել համաշխարհային մակարդակի տեղեկատվական/հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածք։ Ինչն էլ խթան կհանդիսանա էլ-ուսուցման, էլ-առևտրի, էլ-կառավարման և այլ էլեկտրոնային ծառայությունների կիրառությանը, որն իր հերթին կբարձրացնի Հեռահաղորդակցության միջազգային միության ՏՀՏ ցուցանիշների սանդղակում Հայաստանի Հանրապետության դիրքը։
- Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր միջավայրի ստեղծում,
- Միջազգային ընկերությունների հետ գործարար միջավայրի ստեղծում և կապերի ապահովում,
- Երկրի ողջ տարածքում տեղեկատվական հոսքի բարելավում,
- Տվյալների միջազգային տարանցիկ հոսքերի կազմակերպման տեխնիկական հնարավորությունների ապահովում,
- Գյուղական բնակավայրերում թվային ծառայությունների լայն շրջանակի առաջարկում:
Հավելված 2
ՀՀ կառավարության 2022թ
_______ -ի N _______ Լ որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունք |
Իրականացնող մարմին |
Իրականացման ժամանակա-հատվածը |
Ֆինանսավորման աղբյուր և կանխատեսվող գումարի չափ |
1. |
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում ամրագրվում են հետևյալ կարգավորումները՝
- ՀՀ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և համակարգման մշակումը, ինչպես նաև ամբողջական տեղեկատվության ամփոփումը:
- Համընդհանուր ծառայությունների մեջ լայնաշերտ հեռահաղորդակցության կապի ներառում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
2022թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2. |
ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների միասնական շտեմարանի ստեղծում |
Արդյունքում ստեղծվում է միասնական տեղեկատվական շտեմարան, որն իր մեջ ներառում է ՀՀ ողջ տարածքում առկա էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների մասին հասանելի և ամբողջական տեղեկատվություն |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
2024 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում |
3. |
ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների մասին ամբողջական տեղեկատվություն հավաքագրում |
Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն կտա արդյունավետ կառավարել լայնաշերտ ամրակցված (օպտիկամանրաթելային) և շարժական գերարագ ինտերնետ ցանցի արդիականացման, ընդլայնման և հասանելիության ապահովման համար պահանջվող կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման գործընթացները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում կապահովվի հեռահաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների նպատակային օգտագործումը պետական կարիքների համար:
|
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններ (համաձայնությամբ)
|
Մշտապես |
Ֆինանսավորում չի պահանջում |
4 |
Հայաստանի Հանրապետություն մտնող այլընտրանքային նոր կապուղիների ստեղծում
|
Նոր ստեղծվող այլընտրանքային մայրուղային կապուղին թույլ կտա տվյալների փոխանցում ապահովել Եվրոպայի, Հայաստանի և տարածաշրջանային այլ երկրների միջև: Պայմաններ կստեղծվի Հայաստանի Հանրապետության թվայնացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արագ և արդյունավետ իրականացման համար: Միաժամանակ, ապահովելով պետական բյուջե լրացուցիչ ֆինանսական հոսքեր: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
ՀՀ արտաքին գործերի նախարարություն (համաձայնությամբ),
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (համաձայնությամբ),
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ),
ՀՀ կապի օպերատորներ (համաձայնությամբ) |
2023թ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ԵՄ աջակցությամբ դրամաշնորդի տրամադրում, օրենքով չարգելված միջոցներ |
-
Քննարկվել է
10.03.2022 - 25.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 4670
Տպել