ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաև ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման և կիրառման սկզբունքները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքով։
2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը Օրենքի կիրարկումից հետո վերջին անգամ վերանայվել է 2017 թվականին։ Հաշվի առնելով նաև ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։
Գործող օրենքի կարգավորման համաձայն ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառել է նաև պետական ամենամյա ծրագիրը, ինչը ևս Նախագծով վերանայվել է հստակ տարանջատելով՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի և ստանդարտացման ամենամյա ծրագրի։
Օրենքի 2-րդ հոդվածը՝ «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացություններով՝ մասնավորապես, «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ» հասկացություններով, ինչպես նաև «պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «կառավարման խորհուրդ» հասկացությունները խմբագրվել, լրամշակվելն են։
Նախագծում վերանայվել են ստանդարտացման նպատակները և սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սամանող հոդվածները։
Նախագծով լրացվել է նոր՝ «Տեխնիկական պայմաններ» հոդվածը, մասնավորապես, նախատեսվել է, որ տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը:
Հայաստանի ռազմական ազգային ստանդարտների (գաղտնի) և Հայաստանի ազգային ստանդարտների նշագրերը տարբերակելու նպատակով Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը, իսկ նախագծով առաջարկվում է ռազմական ազգային ստանդարտների համար կիրառել «ՀՍՏ Ռ» դասիչը։
Նախագծով սահմանվել է Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության և հաշվառման պարտադիր պահանջ: Միաժամանակ նախատեսվել է հայտատուի կողմից նախքան փաստաթղթային փորձաքննություն կատարելը, ելնելով անհրաժեշտությունից, նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացության ներկայացման պահանջ։
Միաժամանակ գործող պրակտիկան հաշվի առնելով Նախագծով նախատեսվում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, ստեղծել աշխատանքային խումբ՝ ստանդարտների մշակման գործընթացն իրականացնելու համար, որն ամրագրված է նաև ՀՍՏ 1․2-2013 «Ստանդարտացման ազգային համակարգ․Ազգային ստանդարտների մշակում» ազգային ստանդարտում։
Օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետը խմբագրվել է հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ կհրապարակվեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:
Օրենքը գործող պրակտիկային համապատասխանեցնելու և ՀՀ կառավարության կողմից իրականացվող լիազորությունների շրջանակը ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խմբագրվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից ոչ միայն պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի, ստանդարտացման աշխատանքների ցանկի հաստատում։ Միաժամանակ ԱՊՀ երկրներում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու, ինչպես նաև միջազգային շուկայում արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ազգային նախաձեռնություններին սատարելու, արտահանման հնարավորությունները բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանել նաև արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին կարգը և այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը։
Հաշվի առնելով ներկայիս հակահամաճարակային իրավիճակը և դրա հետևանքով որոշ դեպքերում նիստերի կազմակերպման անհնարինությունն ու դժվարությունները, Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվել է փոփոխություն, մասնավորապես, նախատեսվել է անհրաժեշտության դեպքում Խորհրդի նիստերի կազմակերպում նաև հեռավար՝ առցանց ռեժիմով։
Նախագծով վերանայվել և ավելի ընդգրկուն է դարձել նաև ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը՝ հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի՝ ըստ բովանդակության վերանայման և ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը։
Նախագծով կատարվել են նաև Օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական բնույթի որոշ շտկումներ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատվող պետական ստանդարտացման ամենամյա ծրագրի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան:
Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը
Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծմանը, Օրենքով կարգավորվող գործընթացների, Օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերի, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտի (գործընթացների)՝ գործող պրակտիկային համապատասխանեցման։
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության ծրագրից՝ (2021-2026թթ․) 2-րդ գլխի «Տնտեսություն» բաժնի 2․6 Որակի ենթակառուցվածք» ենթաբաժնի միջոցառումներից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից։
Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում, ստանդարտացման աշխատանքների արդյունավետության բարձրացում, ոլորտի արդիականացում:
-
Քննարկվել է
16.02.2022 - 06.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3902
Տպել