«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագիծը նպատակ ունի պարզեցնել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար դիմելու ընթացակարգը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ Ազգային օպերատորի Հայփոստի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակների, նպասների, պարգևավճարների, պատվովճարների այսուհետ՝ բոլորը միասին՝ կենսաթոշակ վճարման համար մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ծառայությունների մատուցման գինը նախատեսված էր վճարատեսակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ից Ազգային օպերատորը քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցում է անվճար, իսկ գյուղական բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ, նրան պետական բյուջեից վճարվում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար։
Ընդ որում, Ազգային օպերատորը պարտավոր է կենսաթոշակառուի անվամբ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները կենսաթոշակառուին մատուցել, այդ թվում՝ կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում կամ ավտոմատ գանձման մեքենաների կամ կանխիկացման այլ ինքնասպասարկման սարքերի միջոցով Էլեկտրոնային փողը կանխիկացնել անվճար (առանց միջնորդավճարների):
Ազգային օպերատորի առաջարկով նշված իրավական ակտով նախատեսվել է նաև, որ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է կենսաթոշակառուն):
2022 թ․ հունվար ամսվա անցած օրերին քաղաքաբնակ կենսաթոշակառուներից հեռախոսազանգերով ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ իրենց բնակության վայրում Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու համար Ազգային օպերատորի կողմից գանձումներ կատարելն անընդունելի է: Իրենց բնակավայրում Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկացնելու համար նրանք հրաժարվում են վճարել իրենց և Ազգային օպերատորի միջև կնքված իրենց իսկ կողմից ստորագրված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գինը: Նրանց 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները դեռևս չեն վճարվել և եթե նրանք չվճարեն այդ գումարը, ապա չի էլ վճարվի՝ կմնա փոխանցված իրենց Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին:
Ըստ կենսաթոշակառուների հեռախոսազանգերի՝ 31500 դրամ կենսաթոշակի դեպքում պահանջվել է վճարել 650 դրամ, 71.000 դրամի դեպքում՝ 950 դրամ։
Հեռախոսազանգերի միջոցով տեղեկացվել է նաև, որ 2021 թ․ հուլիս ամսից սկսած կենսաթոշակառուները ստորագրել են Հայփոստի տրամադրած պայմանագրերը՝ կենսաթոշակները Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու համար։ Նշված պայմանագրերը ստորագրելիս, ըստ վերջիններիս հաղորդման, ենթադրել են, որ այն հանդիսանում է կենսաթոշակը իրենց բնակարանում վճարելուն, այլ ոչ թե ծառայությունների դիմաց լրացուցիչ գումար վճարելուն, ինչ էլ մեծ դժգոհությունների առիթ է հանդիսացել։
Բացի այդ, ըստ հեռախոսազանգերի, Ազգային օպերատորի բաժանմունքների աշխատակիցները կենսաթոշակառուներին ուղղորդում են տարածքային բաժիններ դիմում գրելու և կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղականից կանխիկ եղանակի փոխելու համար։
Գործող իրավակաարգավորումներով՝ խնդրի կարգավորման համար.
1 կենսաթոշակառուները պետք է այցելեն Հայփոստի բաժանմունք, որտեղ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկացվում են անվճար, կամ
2 իրենց բնակավայրում Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկացման համար պետք է վճարեն Հայփոստին, կամ
3 կենսաթոշակառուները պետք է այցելեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին և ներկայացնեն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում:
Վերջին դեպքում հարկ է նկատի ունենալ, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին օրենքի այսուհետ՝ Օրենք 35-րդ հոդվածի 1-ին մասի՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:
Այսինքն, օրենքով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամին, կամ 75 տարին լրացած կենսաթոշակառուին հնարավորություն է տրվել ընտրելու կենսաթոշակի վճարման եղանակը՝ հաշվի առնելով նրանց տեղաշարժվելու սահմանափակման խնդիր։
Հեռախոսազանգերով բողոքած կենսաթոշակառուները տեղեկացրել են, որ իրենք չեն կարող տանից դուրս գալ, ինչը նշանակում է, որ նրանց համար վերը նշված կարգավորումների 2-րդ և 3-րդ տարբերակները գործնականում իրականանալի չէ: Նրանք հրաժարվում են նաև 1-ին տարբերակից, քանի որ, ինչպես վերը նշվեց, ցանկանում են կենսաթոշակը ստանալ այնպես, ինչպես դեկտեմբերին՝ առանց վճարելու և իրենց բնակավայրում:
Անհրաժեշտություն է առաջացել կարգավորել կենսաթոշակը Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակից կանխիկ եղանակի անցնելու դեպքում կենսաթոշակառուից դիմում ընդունելուն առնչվող հարաբերությունները։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու գրավոր դիմումը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կարող է ներկայացնել նաև այլ անձ:
Այս դեպքում կենսաթոշակը կենսաթոշակառուի բնակության վայրում վճարելու համար կենսաթոշակառուն չի վճարի:
Ծառայությունների մատուցման համար վճարում է միայն պետությունը: ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ Հայփոստին վճարվում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրատուն կատարողին մատուցած ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.38 տոկոսի չափով միջնորդավճար՝ Երևան քաղաքում, 1․66 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային այլ բնակավայրերում, 1.56 տոկոսի չափով միջնորդավճար՝ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում։
2022 թվականի հուլիսի 1-ի ժամկետային սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անկանխիկ վճարման եղանակը ներդրվել է 2021թ. հուլիսի 1-ից: Ըստ Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ Ազգային օպերատորին ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ Ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Նշված հայտարարությունը չստորագրելը Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետի համաձայն՝ հիմք է կենաթոշակի վճարումը դադարեցնելու համար:
Հարկ է նշել, որ կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմք է նաև կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելը Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ:
Նման ժամկետային սահմանափակում չսահմանելու դեպքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ կենսաթոշակառուն 2021թ. հուլիս ամսից բացակայի Հայաստանի Հանրապետությունից և նրա անունից հունիսին ներկայացվի կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու դիմում: Այս դեպքում կենսաթոշակի վճարումը Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետի համաձայն 2022թ. հուլիսի 1-ից դադարեցնելու փոխարեն կդադարեցվի նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 1-ից:
Խնդրո առարկա ժամկետային սահմանափակմանը նպատակահարմար է անդրադառնալ հետագայում՝ իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով:
Միաժամանակ, հարկ է նշել, որ 2022 թ․ հունվար ամսվա և մինչև այլ անձի կողմից դիմում ներկայացնելու ամսվա կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից կենսաթոշակառուի բնակավայրում կանխիկացնելու դեպքում կենսաթոշակառուն պետք է վճարի Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամին, կամ 75 տարին լրացած կենսաթշակառուների համար կսահմանվի կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումը ներկայացնելու առանձնահատկություն՝ նախատեսելով, որ կենսաթոշակառուի փոխարեն դիմումը կարող է ներկայացնել նաև այլ անձ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման գործընթացում կամ երկրորդ խմբի հաշմանդամին, կամ 75 տարին լրացած կենսաթշակառուների կենսաթոշակների վճարման հետ կապված խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
10.02.2022 - 28.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4206
Տպել