Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------------- 2021 թվականի N -Ն

 

 

ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց համար ամենամսյա պատվովճար տալու կարգը՝ համաձայն հավելվածի.

2) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը՝ ընտանիքի համար` 100000 դրամ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց վրա։

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

-------------- -ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար (այսուհետ` պատվովճար) տալու հետ կապված հարաբերությունները:
  2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է Օրենքով սահմանված կարգով Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց այսուհետ՝ Շահառու:
  3. Պատվովճարը նշանակում, վճարումն ապահովում և պատվովճարի գործը վարում (փաստաթղթերը հաշվառում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն):
  4. Պատվովճարը նշանակվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն Շահառուին, ով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն, հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում:
  5. Պատվովճար նշանակելու համար Շահառուի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է Ծառայությունը` ինքնաշխատ եղանակով: Անհրաժեշտության դեպքում՝ Ծառայության կողմից կարող են իրականացվել հարցումներ համապատասխան մարմիններին՝ դիմումի և ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով։

 

  1. ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ
  2. Պատվովճար նշանակելու համար Շահառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ ներկայացնում է Ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  3. Շահառուն պատվովճար նշանակելու համար գրավոր դիմումի հետ ներկայացնում է ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և Ծնողական փառքի մեդալ ստանալը հաստատող վկայականը:
  4. Շահառուն կրում է պարտականություն իր վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու, այդ թվում՝ Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկվելու դեպքում՝ տասնօրյա ժամկետում Ծառայությանը տեղեկացնելու համար։
  5. Ծառայության տարածքային կենտրոնի աշխատողը`
  • դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
  • տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները (այդ թվում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված և դիմումատուի կողմից ստորագրված հայտարարությունը) և էլեկտրոնային լուսապատճեները մուտքագրում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում (այսուհետ` շտեմարան).
  • հաշվառում է անձի դիմումը և տալիս դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացական, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:
  1. Ծառայության համապատասխան ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և առկա տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
  • նշանակել պատվովճար.
  • մերժել պատվովճարի նշանակումը:
  • Պատվովճարի նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
  • պատվովճարի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
  • անձը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի․
  • անձը դատական կարգով զրկվել է Ծնողական փառքի մեդալից։
  1. Պատվովճարը նշանակվում (անձը ձեռք է բերում պատվովճար ստանալու իրավունք) և վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  2. Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կցվում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճեները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ: Ընդ որում, պատվովճարի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:

 

  1. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

  1. Պատվովճարը նշանակվում է ցմահ։
  2. Յուրաքանչյուր ամսվա պատվովաճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով։
  3. Պատվովճար վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
  4. Պատվովաճարի վճարումը շարունակելու համար Շահառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ վճարող կազմակերպությանը ներկայանալու (պատվովճար ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ վճարող կազմակերպությանը և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
  5. Չվճարված պատվովճարի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա պատվովճարի գումարի հետ` մինչև սահմանված կարգով պատվովճար վճարելը դադարեցնելը:
  6. Եթե պատվովճար վճարելը դադարեցվել է, ապա չվճարված պատվովճարի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:
  7. Շահառուի մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով, Շահառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:
  8. Շահառուի մահվան դեպքում չվճարված պատվովճարի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ Շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Ծառայության տարածքային կենտրոնին է ներկայացվել շահառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում շահառուի մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
  9. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
  10. Պատվովճարի ստանալու իրավունքը դադարեցվում է՝
  • Շահառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
  • Շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
  • Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկվելու դեպքում.
  • Շահառուի` իր պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը Ծառայության որևէ տարածքային կենտրոնում ներկայացնելու դեպքում.
  • պատվովճար ստանալու իրավունքը կորցնելու կամ պատվովճարի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:
  1. Սույն կարգի 22-րդ կետով նշված դեպքերում պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  2. Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է` շահառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին կամ Ծնողական փառքի մեդալից զրկելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պատվովճարը ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:
  3. Պատվովճար վճարելը դադարեցվում է`
  • պատվովճար ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
  • սույն կարգի 17-րդ սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու դեպքում:
  1. Պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դեպքերում` այդ հանգամանքը առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
  2. Պատվովճար վճարելը վերսկսվում է` պատվովճար վճարելը սույն կարգի 25-րդ կետի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սահմանված հայտարարությունն ստորագրելու մասին վճարող կազմակերպությունից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է պատվովճարը վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում։
  3. Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է, և պատվովճար վճարելը վերսկսվում է, եթե Շահառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում։
  4. Պատվովճարից պահումներ կատարելու, ավել վճարված պատվովճարի գումարը բռնագանձելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։

 

 

  • Քննարկվել է

    18.05.2021 - 02.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6295

Տպել