«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքով (03.06.2020թ. ՀՕ-290-Ն) վավերացվել է 2019թ. մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:
Այդ համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված են դրույթներ, որոնց կիրարկումն ապահովելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:
Միաժամանակ, ՀՀ վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշմամբ սահմանվել են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար կատարման ենթակա միջոցառումները` ըստ կատարողների (համակատարողների) և համապատասխան ակտերի նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները: Այդ միջոցառումների շրջանակներում պետք է ներկայացվի նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:
Հետագծելիութուն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ: Հետագծելիություն իրականացվելու է նաև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ), դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթում պետք է լրացվի նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ իրականացվելու է հետագծելիություն: Ընդ որում, հաշվարկային փաստաթղթում առկա տեղեկատվությունը հետագծելիության ենթակա ապրանքների, դրանց շրջանառության հետ կապված գործառնությունների մասով ներառվելու է հետագծելիության ազգային համակարգում,
2) ՀՀ կառավարության կողմից սահմանել այն դեպքերը, երբ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված` դրանց նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ պետք է կիրառվի հետագծելիություն,
3) սահմանել համապատասխան լիազորող նորմեր, որին համապատասխան Կառավարության կսահմանի համապատասխան լիազոր պետական մարմնին, որը`
- լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ Համաձայնագրին համապատասխան.
- լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը,
4) սահմանել տեղեկատվական համակարգերի անսարքությունների վերաբերյալ անձանց տեղեկացման կարգը, քանի որ հետագծելիության ազգային համակարգում տեղեկատվությունը ներառվում է էլեկտրոնային եղանակով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման համապատասխան կարգավորումների նախատեսում:
-
Քննարկվել է
23.11.2020 - 08.12.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5719
Տպել