Հիշել նախագիծը

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Քրեակատարողական ծառայության մասին» գործող օրենքում (այսուհետ՝ Օրենք) ներկայումս մի շարք կարգավորումներ դեռևս հստակ կանոնակարգված չեն:

Մասնավորապես՝ քրեակատարողական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները Օրենքով կարգավորված չեն, ինչը գործնականում խոչընդոտ կարող է առաջացնել քրեակատարողական ծառայողի հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, վերապատրաստման կամ ծառայողական երկարաժամկետ գործուղման մեկնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր համալրել նշված պաշտոնը։ Մինչդեռ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածում ամրագրված է վերը թվարկված դեպքերում պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հնարավորություն։

Քրեակատարողական ծառայողը ներկայումս չունի հնարավորություն սեփական նախաձեռնությամբ ևս փոխադրվելու համարժեք կամ այլ ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր, այսինքն՝ նշված դեպքում վերջինս նման իրավունք չունի:

Գործող համապատասխան իրավակարգավորման պայմաններում անհասկանալի է, թե քրեակատարողական ծառայության պետը գործնականում ինչպես պետք է առաջարկություն ներկայացնի համապատասխան նախարարին՝ իրեն այլ պաշտոնի փոխադրելու վերաբերյալ, առավել ևս, որ քրեակատարողական ծառայության պետին պաշտոնի նշանակելու իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ անդրադարձ չի կատարվել քրեակատարողական ծառայողների արձակուրդն օրենքով հստակ սահմանելուն:

Օրենքի 35-րդ հոդվածի ներկայիս կարգավորումից պարզ չէ, թե գործնական ինչ տրամաբանությամբ պետք է կիրառել «արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակն այն դեպքում, երբ ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը լրացած լինելու պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողին պետք է շնորհվի հերթական կոչումը:

Բացի այդ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի ծառայողների նկատմամբ որպես խրախուսանք՝ մեդալով և կրծքանշանով պարգևատրում, ինչպես նաև արտահերթ կոչում շնորհելու իրավասություն ունի միայն քրեակատարողական հիմնարկի պետը:

Հաշվի առնելով վերոգրյալ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Նախագծի 14.1-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ոչ հստակ կարգավորվող հարաբերությունների կանոնակարգմամբ: Մասնավորապես.

  • Նախագծի 1-րդ հոդվածում առաջարկված՝ քրեակատարողական հիմնարկի պետերի տեղակալներին առանց մրցույթի, համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակելը պայմանավորված է որոշ քրեակատարողական հիմնարկներում հիմնարկի պետի տեղակալներին վերապահված գործառույթների իրականացման առանձնահատկություններից (գաղտնիություն, օպերատիվություն և այլն)։ Բացի այդ, Նախագծի վերոնշյալ հոդվածը, նոր խմբագրությամբ շարադրելով, լրացուցիչ հնարավորություն է ընձեռնում՝ առանց մրցույթի քրեակատարողական ծառայության պաշտոնում նշանակելու այն քրեակատարողական ծառայողին կամ քրեակատարողական ծառայության համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձին, ով բավարարում է համապատասխան իրավական ակտերով, այդ թվում՝ տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, այսինքն՝ տվյալ դեպքում նման հնարավորություն նախատեսելը թույլ կտա առաջնայնություն տալ ու խթանել արդեն իսկ քրեակատարողական ծառայող և քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայող համարվող և ծառայողական արժանիքներ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել նրանց համընթաց և անխոչընդոտ առաջխաղացմանը։ Իսկ այդպիսիք չլինելու դեպքում նոր հայտարարել մրցույթ:

Ինչպես նշվեց, քրեակատարողական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները Օրենքով կարգավորված չեն, ինչը գործնականում խոչընդոտ կարող է առաջացնել քրեակատարողական ծառայողի հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, վերապատրաստման կամ ծառայողական երկարաժամկետ գործուղման մեկնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր համալրել նշված պաշտոնը։ Մինչդեռ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածում ամրագրված է վերը թվարկված դեպքերում պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հնարավորություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար է Նախագծում հղում կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներին։

  • Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 21-րդ հոդվածի 1.1-րդ մասը նոր խմագրությամբ շարադրելով՝ քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ ևս փոխադրվել համարժեք կամ այլ ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր, այսինքն՝ նշված փոփոխությունը քրեակատարողական ծառայողի համար կդառնա նաև իրավունք, որի պայմաններում ավելորդ է դառնում Օրենքի 21-րդ հոդվածի՝ գործող 1.1-րդ կետի կարգավորումը:
  • Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 22-րդ հոդվածի փոփոխությամբ կհստակեցվի վերոնշյալ հոդվածի կիրառման մեկնաբանությունը, քանզի գործող համապատասխան իրավակարգավորման պայմաններում անհասկանալի է, թե քրեակատարողական ծառայության պետը գործնականում ինչպես պետք է առաջարկություն ներկայացնի համապատասխան նախարարին՝ իրեն այլ պաշտոնի փոխադրելու վերաբերյալ, առավել ևս, որ քրեակատարողական ծառայության պետին պաշտոնի նշանակելու իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
  • Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելով և ոլորտը կառավարող համապատասխան նախարարին և քրեակատարողական ծառայության պետին նաև որոշումներ կայացնելու լիազորություն վերապահելը, ինչպես նաև այդ լիազորությունների շարքում համապատասխան քրեակատարողական ծառայողների, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից ընդունված հրամանները, տրված ցուցումները և կայացրած որոշումները քննարկելու, դրանց արդյունքներով դրանք անփոփոխ թողնելու, կասեցնելու, փոփոխելու, ուժը կորցրած ճանաչելու կամ վերացնելու (ցուցումի դեպքում), և դրանց կապակցությամբ քրեակատարողական ծառայության պետին համապատասխանաբար՝ նոր հրամաններ ընդունելու, ցուցումներ տալու և որոշումներ կայացնելու նոր լիազորություն վերապահելը, թույլ կտան ոլորտը կառավարող համապատասխան նախարարին և քրեակատարողական ծառայության պետին՝ որպես վերադաս մարմնների, այդ ակտերի լիարժեք և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքներով դրանք վերանայելու և այդ կապակցությամբ համապատասխան որոշումներ կայացնելու, ինչով էլ կվերանան թվարկված վերոնշյալ հանգամանքների բացակայության հիմքերով գործնականում ծագող մի շարք հակասական և անելանելի իրավիճակներ, տարընկալումներ և այլ խնդիրներ:
  • Օրենքը 33.1-րդ հոդվածով լրացնելու վերաբերյալ.

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝

«(...) 3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: (...)»:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ անդրադարձ չի կատարվել քրեակատարողական ծառայողների արձակուրդն օրենքով հստակ սահմանելուն, ուստի, ներկայացված նախագծով առաջարկվում է  Օրենքում լրացվող 33.1-րդ առանձին հոդվածով հստակ սահմանել քրեակատարողական ծառայողների արձակուրդին վերաբերող հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա հստակ նախատեսել արձակուրդի տրամադրման հետ կապված հարցերը և զերծ մնալ տարբեր իրավական ակտերի տարատեսակ մեկնաբանություններից և տարընկալումներից, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունը կրելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների անհրաժեշտությամբ պայմանավորված կսահմանվի և կկարգավորվի քրեակատարողական ծառայողին արձակուրդից հետ կանչելու կապված իրավահարաբերությունները:

  • Օրենքի 35-րդ հոդվածի ներկայիս կարգավորումով պարզ չէ, թե գործնական ինչ տրամաբանությամբ պետք է կիրառել «արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակն այն դեպքում, երբ ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը լրացած լինելու պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողին պետք է շնորհվի հերթական կոչումը:

Բացի այդ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի ծառայողների նկատմամբ որպես խրախուսանք՝ մեդալով և կրծքանշանով պարգևատրում, ինչպես նաև արտահերթ կոչում շնորհելու իրավասություն ունի միայն քրեակատարողական հիմնարկի պետը:

Ուստի, Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 35-րդ հոդվածում համապատասխան լրացում և փոփոխություններ կատարելով, ինչպես նաև Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը նոր 7.1 կետով և  26-րդ հոդվածի 1-ին մասը նոր 13.1-րդ կետով լրացնելով, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողներին արտահերթ կոչում շնորհելու և տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում շնորհելու հետ կապված նոր խրախուսանքի տեսակներ սահմանելով ու դրանցով խրախուսելու, և բացի այդ, նույն լրացումներով և փոփոխություններով ընդհանուր առմամբ քրեակատարողական ծառայության համակարգում գերատեսչական մեդալով ու կրծքանշանով պարգևատրման ենթակա անձանց շրջանակն ընդլայնելով և այդ մեդալներով ու կրծքանշաններով պարգևատրելու լիազորությունները ոլորտը կառավարող համապատասխան նախարարին ու քրեակատարողական ծառայության պետին վերապահելով՝ կվերանան Օրենքի կիրառման հետ կապված տարբեր հակասական մեկնաբանություններն ու կկանոնակարգվեն խրախուսանքների կիրառման օրենսդրական անհստակությունները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետը հնարավորություն կունենա համապատասխան անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) քրեակատարողական ծառայության հետ համագործակցության և (կամ) քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրել նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ Օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

  • Քննարկվել է

    24.07.2020 - 09.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6070

Տպել