Լրամշակման փուլում է
«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ներկայացման պայմանավորված է ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների բացահայտման, զարգացման միտումները կանխորոշելու, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության եզրույթի և վերջինիս սուբյեկտների համար չափորոշիչների սահմանման անհրաժեշտությամբ։
Նախագիծը մշակվել է միջազգային՝ մասնավորապես եվրոպական երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի կողմից կազմակերպվել է աշխատանքային խումբ՝ ներգրավելով ՍՁ ոլորտում ակտիվ հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչների և մի շարք փորձագետների, որը քննարկելով տվյալ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը, հանգել է հայեցակարգային փաստաթղթի ձևավորման անհրաժեշտությանը:
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«ՍՁ» եզրույթը թափանցել է հայկական գործարար դաշտ վերջին տարիների ընթացքում և, հստակ չափորոշիչների և սահմանման բացակայության պայմաններում, վերջինիս ընկալումը հասարակությունում միանշանակ չէ։ Կենցաղային մակարդակում, ՍՁ-ն ընկալվում է, որպես կազմակերպություն, որն ապահովում է աշխատանքով հաշմանդամություն ունեցող մարդկանց և/կամ շահույթի մի մասը բարեգործական նպատակներով փոխանցում է մի շարք նախաձեռնություններին՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում։
Հայաստանում գոյություն չունի ՍՁ՝ որպես կազմակերպաիրավական ձև, ուստի սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձինք կարող են հանդես գալ, որպես կոոպերատիվ, քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), և այլն։ Գործնականում, ՍՁ-ով զբաղվում են հիմնականում ՔՀԿ-ները։ ՀՀ Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված է 5876 ՔՀԿ, որոնցից 218-ը զբաղվում են ձեռնարկատիրությամբ։ Վերջինս ներառում է նաև միջհամայնքային միավորումների առևտրային միավորները կամ առևտրային պալատները։
ՀԿ ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական կարգավորումենրի զարգացումը անցել է երկու փուլով։ Այսպես, մինչ 2017 թվականը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետով ՀԿ-ներին արգելվում էր անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եթե վերջինս չի ծառայում կազմակերպության կանոնադրության մեջ արտահայտված նպատակներին։ Եվ նույնիսկ համապատասխանության դեպքում, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ՀԿ-ն պետք է գրանցեր առանձին առևտրային ընկերություն կամ դառնար դրա մասնակից։ 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց ՀԿ ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող նոր օրեսնդրական նախագիծ, որն ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերին։ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխված տարբերակի 8-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանվեց․ «Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից»։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սակայն, սահմանվեց, որ կազմակերպությունը պետք է վարի ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում, իսկ ստացված շահույթը օգտագործի միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Փաստացի մի կողմից, այս փոփոխությունը կարող է դիտարկվել, որպես կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու միջոց, մյուս կողմից՝ այն ենթադրում է ՀԿ-ների խստացված վերահսկողություն պետական մարմինների կողմից։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ոլորտի ուսումնասիրությունների և ՍՁ ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ՍՁ սահմանման և չափորոշիչների, պետական աջակցության և արտոնությունների բացակայություն, ինչպես նաև հասարակությունում ոլորտի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակ։ Ուսումնասիրելով միջազգային առաջատար փորձը և ունենալով քննարկումներ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողների հետ՝ սույն հայեցակարգով նախանշվեց լուծումների փաթեթ, որը կօգնի հաղթահարել ոլորտում առկա խնդիրները և համապատասխանորեն մշակել ՍՁ զարգացմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը:
- Ակնկալվող արդյունքը
ՍՁ-ի զարգացման արդյունքում ակնկալվում է ունենալ ինստիտուցիոնալ հենք՝ Հայաստանում ծառացած սոցիալական խնդիրները ձեռնարկատիրական գործունեությամբ լուծելու համար, ինչը ներառում է՝
- սոցիալական խնդիրների հաղթահարում համապատասխան բիզնես մոդելի կիրարկման շնորհիվ,
- սոցիալապես խոցելի խավերի, աշխատանքային շուկայում անմրցունակ մարդկանց աշխատանքային ինտեգրման աստիճանի բարձրացում,
- պետական միջոցների և ֆոնդերի ավելի արդյունավետ բաշխում աշխատանքային շուկայում անմրցունակ մարդկանց ինտեգրման համար կայուն զարգացման սկզբունքների շրջանակներում,
- ՍՁ-ների հնարավորությունների ընդլայնում՝ սոցիալական նախաձեռնությունների համար նախատեսված ֆինանսական և վարչարարական աջակցման ավելացման միջոցով,
- սոցիալական ձեռնարկատիրական կրթության միջոցով դպրոցականների կարողությունների զարգացում,
- ՍՁ աջակցության շնորհիվ համայնքների զարգացման ապահովում,
- ՍՁ ոլորտի ակտիվացման հետևանքով բնապահպանական խնդիրների լուծում,
- սոցիալական ազդեցության պարտատոմսերի (social impact bonds) թողարկման շնորհիվ բարելավված սոցիալական արդյունքներ և պետական-մասնավոր համագործակցության ակտիվացում։
-
Քննարկվել է
10.01.2020 - 25.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8908
Տպել