Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ  ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 20 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն  որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության  (Նախագիծ) միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

Սույն ռազմավարության նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումը, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացումն է:

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ըստ   Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի  Հանրապետութան  մշտական  բնակչությունը  կազմում է  2 961 600  մարդ,  որից  կին՝ 1 562 300  (52,7%):  

Բնակչության ընդհանուր թվաքանակում 63 տարին լրացած մարդկանց թիվը կազմում է 419 174 մարդ կամ ընդհանուր բնակչության 14,1%-ը: 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց ընդհանուր թվաքանակում կանայք  կազմում են 60%  կամ 251 596 մարդ: Հայաստանի Հանրապետության բնակչության տարիքային կառուցվածքին բնորոշ է ֆեմինիզացիան, ինչն առավել ընդգծվում է ավագ տարիքում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացված բնակչության թվաքանակի կանխատեսումների  համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանում 63 տարեկանից բարձր անձանց քանակը կկազմի մոտ 22 տոկոս:

2019թ-ին կյանքի սպասվելիք միջին տևողությունը Հայաստանում 75,4 տարի է (կանանց համար՝ 78,7, տղամարդկանց համար՝ 71,9): Կյանքի միջին սպասվող տևողության աշխարհի միջին ցուցանիշը 72 է:

 Ուշագրավ ցուցանիշ է նաև տարեցների զբաղվածության մակարդակի ցուցանիշը, որը բավական ցածր է` աշխատող տարեցների թիվը կազմում է շուրջ 48 000 կամ տարեցների ընդհանուր թվի 11,4 %-ը:

Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանությունն նույնացվում է նրանց  մատուցվող խնամքի և սոցիալական այլ ծատռայությունների հետ: Հանրապետությունում չկա տարեցների իրավունքները պաշտպանող որևէ կառույց, բացի  նրանց սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններից:

Հայաստանի Հանրապետությունում  այսօրվա դրությամբ գործում է տարեց և/կամ  հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին բնակվում է շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ),  տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը:  Միաժամանակ 150 տարեց ընդգրկված է Լոռու և Շիրակի մարզերի 10 համայնքներում 2018թ. ստեղծված ակտիվ երկարակեցության խմբերում, որոնք ակտիվորեն զբաղվում են համայնքի խնդիրներով, օգնում համայնքի խնամքի կարիք ունեցող տարեցներին: Յուրաքանչյուր խումբ ունի իր լիդերը, իսկ նրանց աշխատանքը համակարգվում է մարզային համակարգողի կողմից: Հանրապետությունում բնակվող ավելի քան 7400 տարեց անձ օգտվում է սոցիալական այս կամ այն ծառայությունից:

Պետական ենթակայություն տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ, իսկ մեկ շահառուի՝ տնային պայմաններում մեկ օրվա խնամքի ծախսը՝ 390 դրամ:

Անկախ այն հանգամանքից, որ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիա­լական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ, ընդունվել՝  իրավական ակտեր, դեռևս առկա են  բազմաթիվ չլուծված խնդիրներ և նոր մարտահրավերներ: Մասնավորապես`

1) գործող սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կողմից՝ տարեցների սոցիալհոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքներն ամբողջ ծավալով բավարարելու անկարողությունը.

2) տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների աշխարհագրորեն անհամաչափ բաշխվածությունը (դրանք հիմնականում տեղակայված են քաղաքային համայնքներում և սպասարկում են սահմանափակ թվով տարեցների).

3) Հայաստանում տարեցների ակտիվության ցուցանիշների ամբողջական հավաքագրման մեխանիզմի բացակայությունը. (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժանմունքի կողմից տարածաշրջանի երկրների տարեցների ակտիվության իրավիճակի գնահատման համար առաջարկված 22 հիմնական ցուցանիշներով բնութագրվում են տարեցների զբաղվածության մակարդակը, նրանց մասնակցությունը հասարակական կյանքին, անկախ, առողջ և անվտանգ կյանքը, տարեցների ակտիվ կենսաակերպ վարելու համար հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, սակայն Հայաստանում ներկայումս հավաքագրվում է ընդամենը 11 ցուցանիշ: Քանի որ ժամանակակից հասարակություններում տարեցների ակտիվության ցուցանիշները համարվում են անհրաժեշտ գործիք տարեց մարդկանց ներուժի չափման համար, ուստի Հայաստանում բացակայող ցուցանիշները խոչընդոտ են հանդիսանում տարեցների ակտիվությունը լիարժեք գնահատելու համար).

4) տարեցներին մատուցվող սոցիալական և առողջապահական ծառայությունների ոչ բավարար որակը և մատչելիությունը.

5) տարեցների՝ սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը.

6) տարեցների՝ առավել երկար աշխատանքային կյանքի ապահովման բավարար հիմքերի բացակայությունը.

7) պետական և համայնքային մակարդակներում որոշումների կայացմանը տարեցների մասնակցության ապահովման մեխանիզմների բացակայությունը. 8) տարեցներին համայնքային պատշաճ ծառայություններ մատուցելու համար պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող ֆինանսավորման ոչ բավարար լինելը.

9) ծառայությունների պատվիրակման համար ռեսուրսների և «մրցակցային» մեխանիզմների անբավարար լինելը և այլն.

10) համայնքային և այլընտրանքյաին ծառայությունների անբավարար լինելը. 11) ծերաբանության և ծերաբուժության (գերիատրիա, գերոնտոլոգիա) ինստիտուտների անկատարությունը և այլն: Առկա խնդիրների լուծումը այսօր արդեն հրամայական է դարձել խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացումը և դրանց փոխարինումը այլընտրանքային համայնքային ծառայություններով:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի նպատակն է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը, շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է և պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նշված հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար: Սույն նախագիծը մշակելիս հաշվի են առնվելու նաև հետևյալ միջազգային փաստաթղթերի հիմնարար դրույթները, որոնց միացել է մեր երկիրը՝

1)ՄԱԿ-ի «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարությունը» (2002թ.), որն ամրագրում է ծերացման խնդիրներին առնչվող՝ մասնակից երկրների համար 10 հանձնառություն.

2)Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծերացման և առողջության զեկույցը» (2015 թ.).

3)Վիեննայի նախարարների հռչակագրի հիմնական նպատակները (2012թ.).

4) ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովում ընդունված փաստաթուղթը (Լիսաբոն, 2017թ.):

     Սույն ռազմավարության գերակայություններն են.

1)      տարեցներին  մատուցվող ծառայությունների պատվիրակման մրցակցային գործընթացի ընդլայնում և մեխանիզմների դյուրացումը.

2)     համայնաքային և համայնքահեն ծառայությունների ընդլայնումն ու զարգացումը.

3)     տարեցների ներառականության և մասնակցության ապահովում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես` իրենց վերաբերող որոշումների կայացման մակարդակում.

4)     աջակցություն տարեց անդամ ունեցող ընտանիքներին.

5)     խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի աստիճանաբար և անցնցում իրականացում.

6)     սոցիալական աջակցության բոլոր միջոցառումներն իրավունքահեն են և ուղղված են տարեց մարդու առողջ, ակտիվ, արժանապատիվ և անկախ կյանքով ապրելու հնարավորության ապահովմանը:

Վերը նշված գերակայություններին համապատասխան նախագծում ամրագրվել են ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններն ու մշակվել միջոցառումների պլան-ժամանակացույց: 

Միաժամանակ, հաշվի առնելով, որ փոխվել են տարեցների խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման  քաղաքականությունը, մոտեցումները և տրամաբանությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի   «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների մեծ մասն արդեն իսկ կատարված են, իսկ նրանք, որոնք նախատեսված են 2020-2021 թթ., որոշ խմբագրումներով ներառվել են սույն ռազմավարության նախագծի միջոցառումների ծրագրում, նպատակահարմար գտնվեց նշված արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչել` կրկնություններից խուսափելու համար:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

  Նախագիծը քննարկվել է շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Ակնկալվում է, որ Ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կպակասի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60%-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին,  տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն: Ընդհանուր առմամբ տարբեր ծառայություններից կօգտվեն հարյուրավոր տարեցներ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ  ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 20 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

     Սույն որոշման նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է ընդունել մի շարք իրավական ակտեր, որոնք նախատեսված են Նախագծի N 2 հավելվածով, որոնցով կսահմանվեն տուն-ինտերնատներ տարեցների ընդունելության կարգը, պայմանները և չափորոշիչները, կհաստատվեն  այլընտրանքային ծառայություններից յուրաքանչյուրի նկարագիրը, տվյալ ծառայության մատուցման կարգը և պայմանները, ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, աջակցության չափը և այլն:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ  ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 20 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2020 թվականի պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 2021-2024 թվականներին նախատեսվեն  միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կնախատեսվեն յուրաքանչյուր տարվա բյուջեի հայտի նախագծում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13827

Տպել

Առաջարկներ`

Գյումրու տուն-ինտերնատ

04.12.2019

Տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության մեջ հաշվի առնված չէ, որ տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունները հիմնականոմ ընդհանուր տիպի են և նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող 65 տարին չլրացած անձք:(Օրինակ Գյումրու տուն-ինտերնատում նրանց թիվը կազմում է ընդհանուր խնամվողների մոտ 47%) Նախագծում չկա վիճակագրություն այն մասին ,թե ցերեկային և շուրջօրյա խնամք տրամադրող հաստությունների շահառուների ո՞ր մասն են կազմում հաշմանդամություն ունեցող 65 տարեկանը չլրացած մարդիկ: Առանձնացված չեն նրանց առանձնահատուկ կարիքները, պահանջմունքները, նշված չէ թե ընդհանուր տիպի տուն-իտերնատների ապաինստիտուցիոնալացումից հետո ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների կարիքներին ու պահանջմունքներին համապատասխանող ինչպիսի հաստատություններ են գործելու: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ներառական հասարակություն ստեղծելու, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրացման ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշ է զգալի մեծացնել պետական և ոչ պետական մարմինների ներգրավածությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահւթյան նախարարությանների ինչպես նաև ՄԻՊ ինստիտուտի : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք՝ 1.Կատարել համապարփակ հետազոտություն, ընդհանուր տիպի խնամքի հաստատություններից օգտվող ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների քանակի, նրանց խնամքի առանձնահատկությունների և կարիքների մասին: Դրա արդյունքում ռազմավարության մեջ ավելացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հատուկ դրույթներ: 2.ԿԳՄՍ և առողջապահության նախարությունների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ տարեցների և հաշմանդամների խնամքով զբաղվող մասնագիտությունների ստեղծման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղությամբ: 3.ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել տարեցների և հաշմանդամների մշակութային ու սպորտային կյանքին ներառման ուղղված ռազմավարական միջոցառումներ:

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

հանել նախագիծը, հետ կանչել,

Տեսնել ավելին