Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

------------------- 2019 թվականի       N ___ Լ 

ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ  ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ,  ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 20 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հաստատել՝
  • Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու  զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
  • Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների 2020-2024 թվականների պլան-ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի: 
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի   «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշումը: 

        3.Հանձնարարել սույն որոշման N 2 հավելվածում ներգրավված միջոցառումների պատասխանատու կատարող հանդիսացող՝ պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը, յուրաքանչյուրն իր մասով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված տվյալ տարվա միջոցառումների իրականացման ընթացքի մասին: 

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը ներկայացնել Վարչապետի աշխատակազմ և տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

--------------- --- ի N -- Լ որոշման

 

                                                                        ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ     

       1.Ներածական մաս       

        Ռազմավարական ուղղությունները հիմնված են ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից:

         Սոցիալական պաշտպանության քաղաքականության՝ ծերացման հիմնահարցերի ոլորտի վերջնանպատակն է ստեղծելունենալ ներառական հասարակություն, ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ ծերացման գործընթացը և  զուգընթաց իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցումը համայնքային ծառայություններին` շեշտադրելով ընտանիքի և համայնքի դերը տարեց մարդու կյանքում, ինչպես նաև տարեցների ակտիվ մասնակցությունը համայնքային  կյանքին և որոշումների կայացմանը:

       ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է, և պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նշված հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:

       Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է  բնակչության ծերացման և դրա հետևանքները հաղթահարելու մարտահրավերի առջև: Եթե տարիներ առաջ մեր պետությունն իր հիմնական ռեսուրսներն ուղղում էր տարեցների սոցիալական ու նյութական կարիքները բավարարելուն, ապա այսօր տարեց բնակչության պահանջմունքների շրջանակը  դիտարկվում է ավելի բազմաշերտ և բազմազան: Այս համատեքստում մենք խնդիր ունենք փոխելու տարեցների նկատմամբ մեր մարտավարությունը. մինչ այժմ առաջնահերթ համարվող տարեցների սոցիալական պաշտպա­նու­թյունից ու խնամքից անցում կատարել (պահպանելով, իհարկե, ըստ անհրաժեշտության, նաև այդ բաղադրիչը) դեպի առողջ և ակտիվ կենսակերպ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացման,  և խնամքի ավանդական հաստատություններից՝ դեպի համայնքային ծառայությունների: Վերջինս կնպաստի մարդկանց ֆիզիկական, սոցիալական և մտավոր  ներուժի շարունակական  զարգացմանը  և ինտեգրմանը հասարակական կյանքին և որշումների կայացմանը:    

       Չնայած մեր երկրում դեռևս չկա տարեցների իրավունքները պաշտպանող միջազգային պայմանագիր, ինչպես նաև չկա գլոբալ մակարդակում վերջիններիս իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություն, մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական միջազգային և տարածաշրջանային պայմանագրերը ներառում են տարեց անձանց նկատմամբ կիրառելի չափորոշիչներ և սկզբունքներ

 Սույն ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ծերացման  հիմնահարցերի վերաբերյալ միջազգային հետևյալ փաստաթղթերի (որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը) հիմնարար դրույթները` 

    1)ՄԱԿ-ի «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարությունը» (2002թ.), որն ամրագրում է ծերացման խնդիրներին առնչվող՝ մասնակից երկրների համար 10 հանձնառություն,

    2)Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծերացման և առողջության զեկույցը» (2015 թ.),

    3)Վիեննայի նախարարների հռչակագրի  հիմնական նպատակները  (2012թ.),

    4)ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովում ընդունված փաստաթուղթ (Լիսաբոն, 2017թ.), որտեղ արձանագրված է, որ առաջադեմ երկրներում ծերացման հիմնահարցերի ոլորտում գրանցված հաջողությունները հիմնականում պայմանավորված են հետևյալ ուղղություններով կատարված աշխատանքներով․

ա.տարեց անձանց համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում,

բ.տարեց անձանց կրթության ապահովում՝ ողջ կյանքի ընթացքում,

գ.տարեց անձանց ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովում,

դ.սոցիալական այլընտրանքային ծառայությունների (տնային խնամք, ցերեկային կենտրոններ և այլն) համակարգի ներդնում:

      5)«Տարեցների իրավունքների պաշտպանության խթանման    վերաբերյալ»  առաջարկ-հանձնարարականը (2014 թ. ԵԽ Նախարարների կոմիտեի),

      6) Տարեց անձանց մարդու իրավունքների և նրանց համընդհանուր խնամքի մասին թիվ 2168 բանաձևը (2017թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողով), որոնցով վերահաստատվում են տարեցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, և անդամ պետություններին առաջարկվում իրականացնել  մի շարք միջոցառումներ տարիքային խտրականության դեմ պայքարելու համար:  Այս փաստաթղթում նշված են տարեցների առջև ծառացած հիմնական մարտահրավերները, և առաջարկվում հետևյալ քայլերը՝ խտրականության բացառում, ինքնավարության և մասնակցության ապահովում, բռնությունից և չարաշահումից պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն և զբաղվածություն, խնամք և արդարադատության իրականացում:

     7)18 սկզբունք տարեցների համար  (1991թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  46/91 բանաձևը), որն իրենից ներկայացնում է ընդհանուր քաղաքականության ուղեցույց տարեցների անկախության, մասնակցության, խնամքի, ինքնադրսևորման, արժանապատվության ապահովման տեսանկյունից: Նշված սկզբունքներից 6-րդը, որը գերակա է մյուս սկզբունքերի նկատմամբ, սահմանում է, որ տարեցները պետք է կարողանան իրենց տանը մնալ հնարավորինս երկար, կամ այնքան, որքան ցանկանում են:

     Ինչ վերաբերվում է Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, ապա պետք է նշել, որ Հայաստանը 2004 թվականին վավերացրել է 1996թ. Եվրոպական սոցիալական (վերանայված) խարտիան, բայց չի վավերացրել ու չի ստանձնել հոդված 23-ով նախատեսված պարտավորությունները, որոնք վերաբերում են տարեց անձանց սոցիալական պաշտպանության հարցերին:

     Վերը նշված բոլոր փաստաթղթերը հիմնվում են տարեցների  առողջության և ակտիվ ապրելակերպի  իրավունքի վրա, ընդգծում տարեցների ներուժն ու փորձը և  նրանց հնարավոր ներդրումները՝ անկախ ֆիզիկական և մտավոր կարողություններից:   

     Միաժամանակ, բոլոր գործողությունների հիմքում ընկած է ակտիվ և առողջ երկարակեցության գաղափարը, ինչն իր մեջ, ըստ ծերաբույժների (գերիատր), ներառում է`

  • ֆիզիկական առողջությունը,
  • ֆինանսական ապահովությունը,
  • արդյունավետությունն ու զբաղվածությունը,
  • անկախությունը,
  • լավատեսությունը,
  • հասարակական կյանքում ներգրավվածությունը:
  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13828

Տպել

Առաջարկներ`

Գյումրու տուն-ինտերնատ

04.12.2019

Տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության մեջ հաշվի առնված չէ, որ տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունները հիմնականոմ ընդհանուր տիպի են և նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող 65 տարին չլրացած անձք:(Օրինակ Գյումրու տուն-ինտերնատում նրանց թիվը կազմում է ընդհանուր խնամվողների մոտ 47%) Նախագծում չկա վիճակագրություն այն մասին ,թե ցերեկային և շուրջօրյա խնամք տրամադրող հաստությունների շահառուների ո՞ր մասն են կազմում հաշմանդամություն ունեցող 65 տարեկանը չլրացած մարդիկ: Առանձնացված չեն նրանց առանձնահատուկ կարիքները, պահանջմունքները, նշված չէ թե ընդհանուր տիպի տուն-իտերնատների ապաինստիտուցիոնալացումից հետո ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների կարիքներին ու պահանջմունքներին համապատասխանող ինչպիսի հաստատություններ են գործելու: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ներառական հասարակություն ստեղծելու, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրացման ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշ է զգալի մեծացնել պետական և ոչ պետական մարմինների ներգրավածությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահւթյան նախարարությանների ինչպես նաև ՄԻՊ ինստիտուտի : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք՝ 1.Կատարել համապարփակ հետազոտություն, ընդհանուր տիպի խնամքի հաստատություններից օգտվող ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների քանակի, նրանց խնամքի առանձնահատկությունների և կարիքների մասին: Դրա արդյունքում ռազմավարության մեջ ավելացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հատուկ դրույթներ: 2.ԿԳՄՍ և առողջապահության նախարությունների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ տարեցների և հաշմանդամների խնամքով զբաղվող մասնագիտությունների ստեղծման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղությամբ: 3.ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել տարեցների և հաշմանդամների մշակութային ու սպորտային կյանքին ներառման ուղղված ռազմավարական միջոցառումներ:

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

հանել նախագիծը, հետ կանչել,

Տեսնել ավելին