Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1 Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609 ու 2010 թվականի մարտի 4-ի N 208 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի  տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր հատակագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիթորինգի անցկացման կարգը սահմանելու մասին» N 2164-Ն որոշմամաբ   և Հայաստանի Հանրապետության կատավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ:

1.2 Քաղաքաշինական փաստաթղթերը, համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում են քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց և բաժանավում են  երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծային («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, Հոդված 17): Ուստի օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված քաղաքաշինական փաստաթղթերի հավաստիությունը և հիմնավորվածությունը ուղղակի ազդեցություն է թողնում քաղաքաշինական սուբյեկտների քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա: Հետևաբար քաղաքաշինական փաստաթղթերով տրված լուծումների տեխնիկական հիմնավորվածությունն ու հավաստիությունն ապահովում է որոշակիությունը, ինչի շնորհիվ կառուցապատման ընթացքում էականորեն նվազեցվում է քաղաքաշինական սուբյեկտների կողմից տարբերակված և կամայական որոշումների ընդունումը: Գործող կարգավորումներով սահմանվում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական նպատակն ընտրված նախագծային լուծումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է: 

1.3 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն ապահովում է Կառուցապատողը («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, Հոդված 6-ի 4-րդ մասի զ ենթակետ):  Հայաստանի Հանրապետության կատավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանավում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության երեք հիմնական ընթացակարգերը.

     ա) պարզ փորձաքննություն,

     բ) պետական համալիր փորձաքննություն,

     գ) հատուկ համալիր փորձաքննություն:

     Պետք է արձանագրել, որ թվարկված փորձաքննության երեք տեսակների առանձնահատկությունները չեն սահմանվում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և հստակեցված չէ, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում փորձաքննություն իրականացնող մարմինները։ Հայաստանի Հանրապետության կատավարության N 596-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբեյեկտներն, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարվում են հինգ կատեգորիայի։ Գործող իրավական կարգավորումները չեն հստակեցնում, թե ինչ է իրենից ներկայացնում շինարարական օբյեկտը, և ինչով է այն տարբերվում քաղաքաշինական օբյեկտից։

1.4 Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նշված  ընթացակարգերի կիրառումը կախված է քաղաքաշինական օբյեկտի բարդությունից: Գործող կարգը սահմանում է, որ I և II կատեգորիայի նշանակության օբյետների դեպքում, եթե առկա է Կապալառուի  և նախագծային կազմակերպության միջև երաշխավորագիր, ապա նախագծային փաստաթղթերի համար փորձաքննություն չի պահանջվում։

   Հարկ է արձանագրել, որ գործող կարգով չի հստակեցվում, թե ինչ է իրենից ենթադրում երաշխավորագիրը, և երաշխավորագրից բխող ինչպիսի քաղաքացիաիրավական պարտավորություններ է առաջանում նախագիծը թողարկող կազմակերպության հանդեպ։

1.5  Քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության, եթե նախագծվող օբյեկտը ըստ դասակարգման հանդիսանում է միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիա), ինչպես նաև միջին ռիսկայնության (II կատեգորիա), եթե քաղաքաշինական փաստաթղթեր մշակող սուբյեկտի և Կապալառուի միջև չի կնքվել երաշխավորության համաձայնագիր կամ պայմանագիր: Պարզ փորձաքննությունն իրականացվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով:

1.6 Քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության, եթե նախագծվող օբյեկտը ըստ դասակարգման հանդիսանում է  բարձր (IV կատեգորիա)  և բարձրագույն (V կատեգորիա) ռիսկայնության  աստիճանի: Պետական համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական, այդ թվում նաև ծրագրային փաստաթղթերը, որոնցով բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության կամ համաձայնեցման տրամադրում (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում, Հավելված 2, կետ 13):  

   «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կազմակերպում և իրականացնում է բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող, ինչպես նաև  ՀՀ շինարակական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը («Քաղաքաշինության մասին ՀՀ օրենք, Հոդված 10.1, 3-րդ կետ, 21-րդ ենթակետ): Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ սահմանում է, որ պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (ՀՀ կառավարության 2015 թվակային մարտի 19-ի N596-Ն որոշում, Հավելված 2, կետ 15.1):

    Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է  կարգով սահմանված՝ պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով ՀՀ Վարչապետին չի տրվում լիազորող նորմ, որի հիման վրա կարող է կայացվել որոշում, ինչը ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ  հոդվածի 2-րդ կետին, այն է՝  պետական և տեղական ինքանակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ 

1.7  Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և լիցենզավորման կարգին համապատասխան ստացել են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  իրականացման լիցենզիա։ Փորձաքննության իրականացման որևէ այլ պայման գործող օրենսդրությամբ չի սահմանվում։ Խնդրահարույց է այն փաստը, որ որևէ կերպ չի կարգավորվում, թե ինչ որակավորում պետք է ունենան փորձաքննություն իրականացնող մասնագետները։  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով միայն սահմանվում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց նախագծերի փորձաքննությանը։ Փորձաքննություն իրականացնող մասնագետների նկատմամաբ որակավորման պահանջների բացակայությունը ուղղակիորեն ազդում է քաղաքաշինական փաստաթղթերի որակի վրա, քանի որ առանց որակավորման հստակ սահմանված պահանջների փորձաքննություն կարող է իրականացնել ցանկացած անձ: Նույնը վերաբերելի է նաև քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննություն իրականացնելու պարագում, քանի որ գործող կարգը համալիր փորձաքննության համար տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հանդեպ նույնպես չի սահմանում որակավորման նվազագույն չափանիշներ։ Հետևաբար շահագրգիռ կազմակերպություններն իրենց ներկայացուցիչներին ներառում են հայեցողական՝ առանց հաշվի առնելով ներկայացուցչի մասնագիտական պատրաստվածությունը։

1.8 Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ծրագիրն իրականացնող համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում պետական համալիր փորձաքննություն իրականացնող, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող և այլ շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի հատուկ համալիր ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման: Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում պետական հատուկ համալիր փորձաքննության հետ կապված հարաբերությունները:

 

  1. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումները.

 

2.1 Հաշվի առնելով, որ քաղաքաշինական գործունեության հիմնական խնդիրն է մարդու կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, քաղաքաշինական փաստաթղթերն  որպես քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց ունեն առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքաշինական փաստաթղթերի որակն և նրանում արտացոլված լուծումներն էական ազդեցություն ունեն բարենպաստ կենսագործունեության միջավայրի ապահովման գործում։ Գործող օրենսդրությունը սահմանում է, որ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է համապատասխանեն  քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական և ՀՀ օրենսդրության այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին («Քաղաքշինության մասին» ՀՀ օրենք, Հոդված 16)։ 

 2.2 Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով: Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասն և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:

2.3 Փաստելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված ընթացիկ իրավիճակն ու օրենսդրական ընթացակարգերի անկատարությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում՝ սահմանելով և կարգավորելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները։ Հարկ ենք համարում հստակ սահմանել, որ քաղաքաշինական փորձաքննության հիմնական նպատակն է լինելու քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համալիր ուսումնասիրությունը, համապատասխանության ստուգումը Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական պահանջներին, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին։

2.4 Ներկայացված օրենսդրական նախագիծը միտված է ապահովել քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվությունը:

2.5  Օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի  փորձաքննության հիմնական սկզբունքները, քանի որ ամրագրված սկզբունքները, որպես ելակետային և համապարտադիր գաղափարներ, հնարավորություն կտան կանխորոշել հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման ընդհանուր ուղղվածությունը, որոնց միջոցով հնարավոր կլինի երաշխավորել մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքներն են փորձաքննության անաչառությունը, փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և ամբողջականությունը, փորձաքննություն իրականացնող մասնագետի անկախությունը, փորձաքննություն իրականացնող մասնագետի պատասխանատվությունը: Քանի որ իրավունքի սկզբունքներն իրավունքի գործառույթների իրացման կառուցակարգերում ունեն վճռական նշանակություն՝ հանդիսանալով այն անկյունաքարը, որի վրա հիմնվում է իրավաստեղծ  և իրավակիրառ գործունեությունը, ապա սկբունքների բովանդակացումն այլ իրավական ակտերում կապահովի ներքին կառուցվածքն ու կապերը: Իրավունքի սկզբունքների օրենսդրական ամրագրումը հնարավորություն կտա իրականացնել կոնկրետ կարգավորող գործառույթ  իրավունքի անալոգիայի հիման վրա վեճ լուծելիս կամ իրավական նորմերի հակասության դեպքում իրավունքի սկզբունքները կիրառելիս:

2.6 Հաշվի առնելով, որ հրապարակայնության սկզբունքը ժողովրդավարական համակարգերում իշխանությունների  գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարևոր հիմքն է, նախագծով առաջարկվում է համապատասխան կարգավորմամբ ամրագրել, որ փորձագիտական եզրակացությունները, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ենթակա են պարտադիր հրապարակման: Հրապարակայնության պահանջը ենթադրում է, որ պետք է սահմանվի տեղեկատվության տրամադրման ծավալը, պայմանները, ինչպես նաև ձևաչափը: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրությամբ սահմանվի քաղաքաշինական փաստաթղթերի փորձաննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացության կառուցվածքի և բովանդակության ձևը: Սույնով հնարավոր կլինի ապահովել  քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքը՝ փորձագիտական եզրակացության ամբողջականությունը: 

2.7 Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հիմնավոր է համարում այն պնդումը, որ նախքան շինարարական աշխատանքների սկիզբը  անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել քաղաքաշինական փաստաթղթերով տրված լուծումների նկատմամբ։ Որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ կարևորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը։ Կախված քաղաքաշինական օբյեկտի բարդությունից և կարևորությունից ներկայացված օրենսդրական նախագծով սահմանվել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները, իսկ փորձաքննության կարգով նախատեսվում է սահմանել ընթացակարգերը։ Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաննության հետևայլ տեսակները՝

1) պետական փորձաքննություն,

2) արտագերատեսչական փորձաքննություն:

Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը (այսուհետ՝ պետական փորձաքննություն), համաձայն առաջարկվող օրենսդրական կարգավորման, պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգվող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (փորձաքննության մարմնի ստեղծումը հանդիսանում է գործադիր մարմնի քննարկման առարկա, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կարող է վերապահվել նաև գոյություն ունեցող որևէ պետական ոչ առևտրային կազմակերպությանը): Քաղաքաշինական փաստաթղթերի արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալու են  քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա։ Օրենսդրական նախագծով լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետների միջոցով, և հավաստագրված փորձագետների մասին տվյալները պարտադիր կարգով պետք է ներառված լինեն լիցենզային կից ներդիրում՝ հանդիսանալով փորձաքննության համար պատասխանատու անձ։ Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը հավաստվում է սահմանված կարգով տրված փորձագիտական եզրակացությամբ։ Կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, սահմանվելու է փորձագիտական եզրակացությունների գործողության տարբեր ժամկետներ։

2.8 Ինչպես նշվեց սույն հիմնավորման մեջ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձանց նկատմամբ որևէ նվազագույն պահանջ՝ փորձառության և որակավորման վերաբերյալ, ներկայումս նախատեսված չէ, ինչը ուղղակիորեն անդրադառնում է քաղաքաշինական փաստաթղթերով նախագծած քաղաքաշինական օբյեկտների որակական հատկանիշների վրա։ Ներկայացված օրնեսդրական նախագծի առանցքային կարգավորումները վերաբերվում են փորձաքննություն իրականացնող փորձագետին։ Որպես հիմնական սկզբունք սահմանվում է, որ պետք է ապահովվի փորձագետի անկախությունը՝ փորձաքննությունը իրականացնելիս, և սահմանվի մասնագիտական պատասխանատվություն։ Անձին քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման իրավունք է տրվում միայն այն դեպքում, եթե նա բավարարում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջների բավարարումը հավաստվում է անձին տրվող փորձագետի հավաստագրով։ Հավաստագիրը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որը իրավունք է տալիս անձին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն։ Անկախ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակից և փորձաքննություն իրականացնող մարմնից, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը պետք է իրականացվի միայն հավաստագրված փորձագետների միջոցով։  Օրենսդրական նախագծով հավաստագրված փորձագետին տրվում է իրավունքներ, որոնց իրացումը կապահովի փորձաքննության անաչառությունը:

Ներկայացված օրենսդրական նախագծով ամրագրված է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող փորձագետի հավաստագրի կասեցման և դադարեցման հիմքերը:  Սույն կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փորձաքննություն իրականցնող անձը զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ոտնահարել այլ անձնաց իրավունքները և ազատությունները: Միևնույն ժամանակ օրենսդրական նախագծով նախատեսվում է, որ փորձագետը չի կարող փորձաքննություն իրականացնել իր կողմից մշակված քաղաքաշինական փաստաթուղթը։ Փորձագետների հավաստագրման կարգը, մասնագիտական չափորոշիչները, հավաստագրի վավերապայմանները պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ 

2.9 Փորձագիտական եզրակացությունների հրապարակայնության ապահովման և հասարակական վերահսկողության իրականացման նպատակով առաջարվում է ստեղծել էկելտրոնային հարթակ, որում համակարգված պետք է հրապարկվեն տրված փորձագիտական եզրակացությունները, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության, և փորձաքննություն իրականցող հավաստագրված փորձագետների ցանկը։ Հրապարակման ենթակա են ինչպես դրական փորձագիտական եզրակացությունները, այնպես էլ՝ բացասական։ Էլեկտրոնային հարթակի վարումը և համակարգումը նախատեսվում է, որ պետք է իրականացվի քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի միջոցով։

2.10 Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի պետական փորձաքննություն իրականացնող մարմին, ապա դժվար է մատնանշել  քաղաքաշինական փաստաթղթերով նախագծված քաղաքաշինական օբյեկտների  այն ողջամիտ ծավալը, որը ենթակա է պետական փորձաքննության։ Ինչպես նշվեց սույն հիմնավորման մեջ, իրավական դաշտում համապատասխան կարգավորումները հնարավորություն չեն ընձեռել շուկայում ձևավորել վստահելի փորձաքննություն իրականացնող կազմակերպություններ։ Հետևաբար սույն օրենսդրական առաջարկով ամրագրվել է, որ պարտադիր պետական և արտագերատեսչական փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի ցանկը պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

Սույն կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի դինամիկ կառավարել փորձաքննության ենթակա օբյեկտների ցանկը։ Մասնավորապես՝ շուկայում կազակերպությունների կայացվածությունը հնարավորության կտա արտագերատեսչական փորձաքննություն իրականացնել այն օբյեկտների մասով, որոնք նախկինում ենթակա են եղել պետական փորձաքննության։ 

2.11  Նախատեսված փոփոխությամբ պետական փորձաքննություն իրականացնող մարմինը հնարավորություն է ունենում օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշմամբ առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով,

2) «Սևան» ազգային պարկի» տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ սահմանված կարգով,

3) Կառուցապատվող հողամասի գործառնական և (կամ) նպատակային նշանակության փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 828-Ն որոշումներով սահմանված կարգով` կախված տվյալ համայնքի գլխավոր հատակագծի առկայության կամ բացակայության հանգամանքից,

4) Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների տարածքներում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,

5) Բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան մարմնի կողմից տրված մասնագիտական եզրակացությունները և համաձայնեցումները դիտարկելու փորձաքննության գործնթացում, որպես մեկ միասնական պահանջ: Նման մոտեցումը հնարավորություն կընձեռի ընդունելու համալիր լուծումներ:

Վերահսկողություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում ի հայտ եկած նախագծային թերությունները բողոքարկելու փորձաքննական մարմնում վերջնական որոշում կայացնելու համար:

 

  1. Ակնկալվող արդյունքը

3.1 Նախատեսված փոփոխությամբ ակնկալվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կատարման իրավակարգավորումները, սկզբունքները, համաձայնեցման և փոփոխման կարգերը, ինչպես նաև փորձագետներին ներկայացվող կոնկրետ պահանջները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Կատարվող փոփոխությամբ նաև կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ձևերը, փորձագիտական եզրակացության ձևն ու դրա տրամադրման կարգը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    01.11.2019 - 17.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9819

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Վերոնշվածը հիմնավորելու և նախագծում առկա խնդիրները վերհանելու համար ստորև ներկայացնենք այս ձևաչափի հնարավորություններին համապատասխան ծավալով տեղեկատվություն: Նախագծում առկա դրույթների վերաբերյալ <<Հիմնավորում>> բաժնում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշման հատվածների հետ միասին ներկայացված են ընդամենը հետևյալ խնդիրները և առաջարկությունները. Ներկայացված խնդիրներ. 1. Գործող կարգով չի հստակեցվում, թե ինչ է իրենից ենթադրում նախագծող կազմակերպության կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը(տես 1-ին կետի 7-րդ պարբերությունը), 2. Խնդրահարույց է նաև ՀՀ կառարավության 19.03.2015թ N 596-Ն որոշմամբ սահմանված օբյեկտների դասակարգման սկզբունքը(տես 1-ին կետի 8-րդ պարբերությունը), 3. Ի՞նչ է իրենից ներկայացնում շինարարական օբյեկտը, և ինչո՞վ է այն տարբերվում քաղաքաշինական օբյեկտից (տես 1-ին կետի 9-րդ պարբերությունը), 4. Խնդրահարույց է այն փաստը, որ որևէ կերպ չի կարգավորվում, թե ինչ որակա-վորում պետք է ունենան փորձաքննությունն իրականացնող մասնագետները (տես 1-ին կետի 10-րդ պարբերությունը), 5. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքը ՀՀ վարչապետին չի տալիս այնպիսի լիազորություն, որի համաձայն վարչապետը կարող է անհատական հրամանով ստեղծել և հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության նպատակով փորձագիտական հանձնաժողով( տես 1-ին կետի 11-րդ պարբերությունը), 6. Համալիր փորձաքննություն իրականացնելու պարագայում հնարավոր չէ ակնկալել քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ փորձաքննություն, քանի որ շահագրգիռ կազմակերպությունները իրենց ներկայացուցիչներին ներառում են հայեցողական՝ առանց հաշվի առնելու ներկայացուցչի մասնագիտական որակավորման մակարդակը։( տես 1-ին կետի 12-րդ պարբերությունը) 7. Փաստելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված ընթացիկ իրավիճակը և օրենսդրական ընթացակարգերի անկատարությունը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում՝ սահմանելով և կարգավորելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները(տես 2-րդ կետի 3-րդ պարբերությունը), 8. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձանց նկատմամբ որևէ նվազագույն պահանջ՝ փորձառության և կրթության վերաբերյալ, ներկայումս նախատեսված չէ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը): ՀԿ-ի դիրքորոշումը. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ներկայացված խնդիրներին՝ Նախագծում առկա որևիցե կարգավորումով անմիջական լուծում չի տրվում, այլ նախատեսվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք ներկայումս գործում են, և եթե դրանցում խնդիրներ կան, ապա դրանք պետք է լրամշակել: Ակնհայտ է, որ ներկայացված խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք լրամշակումները՝ համապատասխան իրավական ակտերում, չեն կարող հակասել մայր օրենքի պահանջներին: 4-րդ և 8-րդ կետերինն համապատասխան ներկայացված խնդիրները իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ կառավարության 27.12.2018թ N1533-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի բ) և գ) պարբերությունների և 2-րդ ենթակետի գ) և դ) պարբերությունների և 16-րդ կետի պահանջները կարգավորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա հայցող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների մասնագետներին վերաբերող պահանջները: 5-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը շրջանցվել է, ինչը կարելի է լուծել ՀՀ վարչապետին կամ փոխվարչապետին համապատասխան լիազորություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելով: 6-րդ կետին համապատասխան ներկայացված խնդիրը նախագծում ձևակերպվել է ոչ կոռեկտ և իրականությանը անհամապատասխան, քանի որ ոլորտային կառույցները՝ նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողով պետք է գործուղեն տվյալ մարմնի միայն կոմպետենտ ներկայացուցչի, անկախ այն բանից այդ մասին իրավական որևիցե ակտում ամրագրված է, թե՝ ոչ: 7-րդ կետին համապատասխան ներկայացված խնդրի վերաբերյալ որևիցե պարզաբանում չի ներկայացվել, որից պարզ կդառնար, թե նշելով <<օրենսդրական ընթացակարգերի անկատարություն>>, որ ընթացակարգն են ի նկատի ունեցել, որը չի իրականացվում՝ անկատար լինելու պատճառով: Ներկայացված առաջարկությունները. 1. Սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետևայլ տեսակները՝ ա) պետական փորձաքննություն, բ) արտագերատեսչական փորձաքննություն, (տես 2-րդ կետի 4-րդ պարբերությունը) 2. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը իրականացնել ՀՀ կառավարության կողմից ստեղծված և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգվող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (տես 2-րդ կետի 5-րդ պարբերությունը), 5. ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության(տես 2-րդ կետի 6-րդ պարբերությունը), 6. Քաղաքաշինական փաստաթղթերի արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել լիցենզավորված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ հավաստագրված փորձագետների միջոցով, իսկ կրկնակի փորձաքննությունը ՝միայն պետական լիազորված մարմնի կողմից(տես 2-րդ կետի 7-րդ պարբերությունը), 7. Փորձագետների հավաստագրման կարգը և որակավորման նվազագույն պահանջները նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ(տես 2-րդ կետի 8-րդ պարբերությունը), 1-ին կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է կիրառել նոր եզրույթներ, այն է՝ պետական փորձաքննություն և արտագերատես-չական փորձաքննություն: Այսինքն, արդեն գործող կարգավորումները փորձ է արվում ներկայացնելու այլ անվանումներով, որի անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ չի ներկայացվել: 2-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախագիծ մշակողները ցանկանում են ստեղծել պետական բյուջեից սնվող նոր մարմին: Այստեղ ունենք հետևյալ խնդիրները. ա) պետական միջոցների վատնում, քանի որ դեռևս 2014թ.-ից գործում է շուրջ 100% պետական մասնաբաժին ունեցող «Քաղաքաշինական Ծրագրերի Փորձագիտական Կենտրոն» ԲԲԸ >>-ն որի կանոնադրության 4-րդ կետում նշված է հետևյալը. <<Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են` 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ հաստատված ցանկի, քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության անցկացում:>> բ) իրականացվող ծառայության կենտրոնացում մեկ վայրում, որը կվնասի մրցակցությանը, գ) կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, քանի որ ստացվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման պատվիրատուն, ընդունողը և փորձաքննություն իրականացնողը նույն մարմինն է, դ) համապատասխան ոլորտների պետական կառավարման մարմինները զրկվում են իրենց հնարավորությունից՝ ներկայացուցիչ ունենալու իրենց ոլորտի մասով փորձաքննության աշխատանքներին 3-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է ՀՀ պետական և համայնքային միջոցներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության, այսինքն նշանակում է, որ ցանկացած ծավալի և ՀՀ ցանկացած տարածքում նախատեսվող աշխատանքների համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման փորձաքննությունը պետք է իրականացվի մեկ վայրում, որի աշխատանքները համակարգելու է կոմիտեն: Կարծում ենք այս պարագայում մեկնաբանելը անգամ ավելնորդ է, առավել ևս երբ նման առաջարկության հիմնավորում բացարձակապես չի ներկայացվել: 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ներկայացված առաջարկություններով նախատեսվում է արհեստականորեն նոր չափորոշիչներ մտցնելով կարգավորումներում փաստացի առոչինչ ճանաչել գործող լիցենզիաները և սկսել նոր լիցենզիաներ տրամադրել, կամ նմանատիպ գործունեություն իրականացնել, ինչը կարծում ենք, որ շահագրգռվածության առումով իր մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Վերջին առաջարկությունների համապատասխան կրկին առանց հիմնավորման ցանկանում են կրկնակի փորձաքննության իրավունք վերապահել միայն կոմիտեյի կողմից համակարգվող ձեռնարկությանը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Նախագծի ընդհանուր ենթատեքստից դուրս ներկայացվել է 1-ին հոդվածը, որով, առանց որևէ հիմնավորման, շինարարություն իրականացնողներին զրկում են, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս, շինարարական աշխատանքները դադարեցնելու իրավունքից:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

14.11.2019

Առավել անհասկանալի է այն փաստը, երբ որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ՝ կարևորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը, սակայն ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգում դեռևս որևիցե բարեփոխում չի իրականացվել: Նման պարագայում մեծ հարց է առաջանում. նոր ստեղծվելիք պետական մարմնում ո՞ր մասնագետներն են ներգրավվելու որոնք պետք է քաղաքաշինական փաստաթղթերի նախահաշվային բաժնի փորձաքննություն իրականացնեն:

Տեսնել ավելին