Հիշել նախագիծը

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքով: Առաջարկվող փոփոխությունների համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի, ինչպես նաև հիմնադրամների կողմից օրենքի գործող կանոնակարգումների վերաբերյալ ներկայացված խնդրահարույց հարցադրումները:

Օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։

Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  հիմնադրամների համար նախատեսված է համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնին փաստաթղթային ծանուցում ներկայացնելու լրացուցիչ պահանջ, մասանավորապես՝ հիմնադրամները օրենքով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Նախագծով օրենքի 38-րդ հոդվածից նախատեսվում է հանել հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պարտադիր պահանջը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն է նախատեսվում կատարել Օրենքի 39-րդ հոդվածում, համաձայն որի հիմնադրամները տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները պետք է հրապարակեն Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում, իսկ մինչև հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները կշարունակեն հրապարակվել http://www.azdarar.am/ կայքում:

Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներում որպես լիազոր մարմին նշված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 14.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9824

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

14.09.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ս․թ․ օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով, որ նախատեսվում են փոփոխություններ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում, անհրաժեշտ է անդրադառնալ դրա նաև այլ թերություններին և կատարել համապատասխան փոփոխություններ: Ստորև ներկայացվում են ԹԻՀԿ առաջարկությունները գործող օրենքի վերաբերյալ. 1. «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնադրամը պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում։ Կարծում ենք, հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները հրապարակելու պարտավորությունը խախտում է մարդու անձնական տվյալների պաշտպանության և գործարար գաղտնիության իրավաչափ պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքի պահպանության պահանջը, համաձայն որի՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: Տվյալ դեպքում հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում հիմնադրամի աշխատակազմում որևէ անձի ընդգրկված լինելու մասին տեղեկատվության հրապարակումը։ Այն դեպքում, եթե հիմնադրամի միջոցներից օգտված հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև կառավարչի անունների հրապարակումը հնարավոր է իրավաչափ համարել, քանի որ նրանք համարվում են որոշում կայացնող մարմիններ, ապա աշխատակիցների անունների հրապարակումը (առավել ևս՝ առանց նրանց նախնական համաձայնության) հիմնավորված չէ և կարող է իրենց անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում համարվել։ Աշխատակիցների անունների հրապարակման հանրային կարևորությունը պետք է հավասարակշռության մեջ լինի նրանց մասնավոր կյանքի իրավունքի հետ։ Մինչդեռ հասկանալի չէ, թե ինչու են հիմնադրամների աշխատակիցների անուն, ազգանունների վերաբերյալ տեղեկությունները հանրային կարևորություն ներկայացնում, երբ որևէ այլ կազմակերպության աշխատակիցների համար նման պահանջ սահմանված չէ։ Ավելացնենք նաև, որ Եվրոպայի խորհրդի «Եվրոպայում ոչ պետական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» հանձնարարականի CM/Rec(2007)14 առաջարկությունների 64-րդ կետի համաձայն, հաշվետվողականության բոլոր պահանջներում պետք է պահպանվի դոնորների, շահառուների և աշխատակիցների իրավունքները հարգելու պարտավորությունը, ինչպես նաև գործարար գաղտնիության իրավաչափ պաշտպանության իրավունքը: Կարծում ենք, որ հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովման համար բավարար է ներկայացնել հիմնադրամում աշխատող վարձու աշխատակիցների քանակը։ Առաջարկություն. «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ հիմնադրամը պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը։ Հարգանքով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Տեսնել ավելին