Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 9-րդ մասում՝

1) «փոխանակման» բառից հետո լրացնել «, իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման» բառերը.

2) «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:  

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-ին հոդվածով.

 

«64.1. Հողամասի կադաստրային արժեքի տարաժամկետ վճարման կարգ

  1. Սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կադաստրային արժեքի վճարումը հողամասը ձեռք բերողը իրավունք ունի կատարել տարաժամկետ կարգով, եթե ձեռք բերված հողամասի կադաստրային արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ 10 միլիոն դրամը: Ընդ որում՝ վճարման ենթակա գումարից առնվազն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 20 միլիոն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ 10 միլիոն դրամը պետք է վճարվի միանվագ՝ մինչև հողամասի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ներկայացնելով միանվագ վճարվող գումարի վճարման անդորրագիրը:

   Հողամասը ձեռք բերողը իրավունքի պետական գրանցում կատարելու համար պետք է ներկայացնի միանվագ վճարի վճարման անդորրագիրը:

  1. Հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու նպատակով հողամասը ձեռք բերողը հողամասը վաճառողի և համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքում է հողամասի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, ընդ որում.

1) եթե վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը կազմում է մինչև 10 միլիոն դրամ (ներառյալ), ապա այն պետք է ամբողջությամբ վճարվի ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում՝ եռամսյակային կտրվածքով, հավասար չափով,

2) եթե վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը գերազանցում է 10 միլիոն դրամը, ապա այն պետք է վճարվի ոչ ուշ, քան 10 տարվա ընթացքում՝ եռամսյակային կտրվածքով, հավասար չափով,

3) ձեռք բերողն իրավունք ունի տարաժամկետ վճարման համար պայմանագրով սահմանված ժամանակահատվածի ցանկացած պահի վաղաժամկետ վճարել չվճարված ամբողջ գումարը:

  1. Եթե հողամասը ձեռք բերողը ցանկություն է հայտնում հողամասի կադաստրային արժեքը վճարել տարաժամկետ կարգով, ապա համայնքի ղեկավարը իրավունք չունի հրաժարվել կնքել հողամասի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հողամասը հանդիսանում է հիփոթեքի առարկա, և գրավառուն պայմանագրով չի զիջում գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իր իրավունքը համայնքին, կամ երբ գույքը օտարվում է ապառիկ վաճառքի պայմանագրով, և պայմանագրով չի սահմանվում գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու իրավունքը համայնքին տալը:
  2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճարված գումարի վճարման անդորրագիրը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի  88-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը

1)  բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, կամ՝

2) հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի դեպքում հիփոթեքը տարածվում է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված հողամասի սեփականության իրավունքում բաժնի վրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի  265-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը

1)  բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, կամ՝

2) հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի դեպքում հիփոթեքը տարածվում է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված հողամասի սեփականության իրավունքում բաժնի վրա:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.06.2019 - 23.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10100

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

06.06.2019

օրենսգիրքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ է ճանաչում միայն ամուսինների սեփականությունը: Ընդհանուր համատեղ սեփականություն են հանդիսանում նաև սեփականաշնորհված այն բնակարանները, որոնք սեփականաշնորհման որոշմաբ չեն սեփականաշնորհվել, որպես ընդհանուր բաժնային: Ընդհանուր համատեղ սեփականության գույքի հիփոթեքի հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Իսկ ընդհանուր բաժնային սեփականության մասով խնդիրը լիովին կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որով ուղղակի նախատեսված է, որ ով, բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները: Նույնը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածին:

Գևորգ Մալխասյան

06.06.2019

5. Առաջարկում եմ հանել 64.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, քանի որ տվյալ պնդիրը լիովին կարգավորված է նույն հոդվածի 4-րդ մասում: 6. 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): Սրանից ուղղակի բխում է, որ եթե գույքը բնեղենով առանձնացված է, ապա այն չի կարող համարվել համատեղ սեփականությունը: Բացի այդ իրավաբանական անձինք չեն կարող հանդիսանալ հնդհանուր համատեղ սեփականության իրավունքի սուբյեկտ: ՀՀ քաղաքացիական

Գևորգ Մալխասյան

06.06.2019

4. Կարծում եմ, որ հիփոթեքի պայմանագրի կնքումը և այդ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը համայնքների ղեկավարների վրա դնելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ շատ համայքներ հողամասի սեփականատիրոջ կողմից պայմանագրի պահանջների խախտման դեպքում դժվարանալու են մտնել համապատասխան դատական պրոցեսների մեջ: Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տարաժամկետ վճարի պայմանագրի պայմանները (404-405 հոդվածներ), որի համաձայն տարաժամկետ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Իսկ այս պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կարելի է վերապահել պետական որևէ մարմնի վրա:

Տեսնել ավելին