Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերը անհրաժեշտ է հնարավորինս  պարզեցնել՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար

Գործող ՀՀ հողային օրենսգրքի  60,61,63,67,68,75,76,77,101-րդ հոդվածներում, սույն նախագծով ամրագրված փոփոխությունները պայմանավորված են՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման  տրամադրելու մասով  մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով

(2016 թվականի հունիսի 15-ին եվ հունիսի 17-ին ժամը 11:00-ին կայացած` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի 41.1/[369078]-16 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական):

Աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման  տրամադրելու մասով  մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով (2016 թվականի հունիսի 15-ին եվ հունիսի 17-ին ժամը 11:00-ին կայացած` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի 41.1/[369078]-16 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարական):

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005թ. ուժի մեջ մտած ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Այս կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում հակասական մեկնաբանությունների տեղի է տալիս, մասնավորապես՝ թե որ հողամասերի գծով պետք է կադաստրային արժեքըվճարվի պետական, և որ հողամասերի դեպքում՝ համայնքային բյուջե: Բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդրական տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով չի իրականացվում տվյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսվող փոփոխությունը ամրագրվել է Նախագծում, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է՝ 20 մլն. դրամը գերազանցող գումարը համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման հնարավորություն տաս տարվա ընթացքում:

Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ վճարման ժամանակացույցը՝ կախված ներդրումային ծրագրի առանձնահատկություններից, հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ:

  • 3-րդ կետում՝

ա) սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված՝ «համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց հետո» փոխարինվել է «պարզեցված կարգով՝ միայն համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելուց հետո» համապատասխանեցնելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին՝ «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով» և 29-րդ հոդվածի   4-րդ մասին՝ «հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին»:

Գործող օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման եղանակները, մինչդեռ անդրադարձ չի կատարվում համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը, այն դեպքում, երբ մեջբերված  հոդվածը վերնագրված է «Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումը» վերտառությամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում հողի կադաստրային արժեքի գնահատում իրականացվել է շուրջ 20 տարի առաջ, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել համապատասխանաբար 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է նշված տոկոսները փոխարինել «100» և «50» տոկոսներով:

Միաժամանակ նախագծով որպես բացառություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկում ընգրկվածները:

ՀՀ հողային օրենսգրքի  68-րդ հոդվածով սահմանվում են աճուրդի կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

  • 2-րդ մասով սահմանվում են կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա հետևյալ տեղեկությունները՝ սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:

Նախագծով առաջարկվում է վերը նշված տեղեկությունների ցանկը ընդլայնել, մասնավորապես՝  լրացնելով նախավճարի և քայլի չափի մասին տեղեկատվությամբ:

  • 5-րդ մասը սահմանում է հետևյալը. «Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:»:

Նախագծով նախատեսվում է այս մասը շարադրել նոր խմբագրությամբ, նախատեսելով, որ  աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար:»: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

Աճուրդի մասնակցության վճարի սահմանման էությունը կայանում է նրանում, որ աճուրդը կազմակերպվում է համայնքի աշխատակազմի կողմից, հետևաբար այդ գործընթացը կազմակերպելու համար առաջանում են որոշակի ծախսեր, այդ թվում՝ թղթի, տպիչ կամ պատճենահանող սարքերի կիրառման և այլ վարչարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որոնք իրականացվում է համայնքի միջոցների հաշվին:

Վերը նշված ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունը նկատի ունենալով, Օրենսդիրը «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով որպես տեղական վճարի տեսակ է սահմանել համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար վճարը: Բացի այդ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով  սահմանված է նաև աճուրդի մասնակցության տեղական վճարի դրույքաչափը:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի նախագծով առաջարկվող լրացումը, բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ գործող օրենքի դրույթներից, ավելին այդ կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում գործածվող նորմ է:

ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն աճուրդը անցկացվում է փակ եղանակով, ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018թ.-ի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, ըստ որի սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեց հիշյալ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև բազմիցս ստացված առաջարկությունները, նախագծով սահմանվել է, որ աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից մեկ ժամ առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:

ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասը՝ նախագծով սահմանվել է ճանաչել ուժը կորցրած, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հողային ոլորտի բարեփոխումների արդյունքում  համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր այլևս չկան, հետևաբար բացակայում է այդ հողերի մշտական օգտագործման մասով մարզպետին համապատասխան իրավասությամբ օժտելու անհրաժեշտությունը: Նույն բովանդակությամբ և տրամաբանությամբ նախագիծը սահմանել է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, որը վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետության սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելուն:

Նախագծով առաջադրվում են փոփոխություններ մրցութային հանձնաժողովների մասով, մասնավորապես նախատեսվում է հանել մարզպետի կողմից մրցութային հանձնաժողով ստեղծելու իրավասությունը, այն թողնելով միայն համայնքի ղեկավարի իրավասությանը, հետևաբար դրանով պայմանավորված նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունը, համաձայն որի, մարզային մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի համապատասխան մասնագետները և կառավարության լիազորած պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքների վճարման կարգը: Մասնավորապես՝ նախատեսվում  է գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը, թողնելով միայն համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը սահմանող կարգավորումը: Այդ պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքները վճարվելու են  համապատասխան համայնքի բյուջե:

Սույն նախագծով ներկայացվող լրացումները միտված են լրացնելու վերը նշված օրենսդրական բացերը, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա:

 

  1. 3. Ակնկալվող արդյունքը
  • Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխության և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը, համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությամբ:
  • Ներկայացված նախագծով նախատեսվող իրավաիրացնող կարգավորումների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքները ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքով հողամասերի հետագա օտարման ժամանակ կստանան վճարվող կադաստրային արժեքի գծով եկամուտները, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:
  • Կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

  • Քննարկվել է

    19.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9351

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

4. Առաջարկում ենք օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի փոփոխության վերաբերյալ դրույթները հանել նախագծից, քանի որ դրանք հակասում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

3. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հստակեցնել` ո՞ր ոլորտի մասնագետների մասին է խոսքը, օրինակ` սոցիալիական ոլորտի մասնագետը պե՞տք է ներառվի, թե՞ ոչ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

2. Գործող օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության պահանջի համաձայն` հողի նպատակային նշանակությունը փոխվում է միայն համայնքի ղեկավարի որոշման և շինարարության թույլտվության առկայության դեպքում, ինչից ենթադրվում է, որ կառուցապատողի կողմից որոշակի աշխատանքներ իրականացնելուց` մասնավորապես նախագծի ձեռքբերումից հետո միայն հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը, իսկ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ավագանու լրացուցիչ որոշում, որն էլ բացի նրանից, որ գործընթացը բարդացնում է, շատ դեպքերում նաև հնարավորություն է ստեղծում համայնքի ղեկավարին` խուսափելու որոշման բացասական հետևանքների պատասխանատվությունից, իսկ միայն առաջադրանքի հայտ ներկայացնելը դեռևս չի հիմնավորում սեփականատիրոջ ցանկությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք նախագծից հանել նշված դրույթներին վերաբերող փոփոխությունները:

Տեսնել ավելին