Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծով կանոնակարգվում է օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը: Այս գործընթացը նախատեսվում է կիրառել հիմնականում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառելու դեպքում: Դժվար իրացվելիք գույք համարվում է պետական այն գույքը, որը մեկ և ավելի անգամ գնահատված շուկայական արժեքով դրվում է վաճառքի և չի վաճառվում։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման գործընթացն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությանը:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով և դրան համապատասխան մշակել մեթոդական և իրավական դաշտ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վաճառքն իրականացվելու է երկու փուլով՝

- առաջին փուլում նախատեսվում է իրականացնել աճուրդի մասնակիցների նախաորակավորում, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման միջոցով սահմանվելու են օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:

Վաճառքի մեկնարկային գինը սահմանվելու է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից: Ընդ որում վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս սահմանվել գույքի գնահատված լիկվիդային արժեքից:

 Երկրորդ փուլում նախատեսվում է գույքի վաճառքն իրականացնել դասական աճուրդի միջոցով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպելու մասին որոշումը ընդունում է ՀՀ կառավարությունը, որով սահմանվում է օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Վաճառքն առաջարկվում է  իրականացնել երկու փուլով՝

1) առաջին փուլը` դա աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի  վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:

Վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից,

2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

Առաջին փուլի իրականացման նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կազմում և հրապարակում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, ընդունում է գույքի վաճառքի հայտերը, վարում հայտերի ընդունման գրանցամատյանը, քննարկում է ներկայացված գնային առաջարկները, որոշում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը:

Հանձնաժողովն որակավորման փուլն ավարտելուց հետո մեկ ժամվա ընթացքում որոշում է կայացնում սահմանված մեկնարկային գնով աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպման վերաբերյալ: Որոշումը պարտադիր կարգով ենթակա է հրապարակման: Որոշման հրապարակումից 1 ժամ հետո կազմակերպվում է աճուրդը:

Աճուրդը կազմակերպում է աճուրդի կազմակերպիչը, որը այդ նպատակով ստեղծում է աճուրդային հանձնաժողով:

Աճուրդն իրականացվում է դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդային նվազագույն քայլի չափը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 Աճուրդին կարող են մասնակցել  բոլոր հայտատուները, որոնք ստացել են մասնակցի կարգավիճակ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն գնորդը, որը գույքի վաճառքի համար առաջարկում է առավելագույն գինը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է՝ օտարման ենթակա առավել գրավիչ պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառել առանց գնային առաջարկի, որը կբերի գույքի տնտեսական շրջանառության մեջ արագ մտնելու և պետական բյուջեի մուտքերի ավելացման:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է օտարման ենթակա առավել գրավիչ պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը  վաճառել առանց գնային առաջարկի:

 

  • Քննարկվել է

    29.01.2019 - 20.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7562

Տպել