Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական դատավարության՝ որպես դատական պաշտպանության ինքնուրույն ձևի  կայացումը իրավական պետության անքակտելի տարրերից է և պահանջում է վարչական գործերի քննության ընթացակարգերի կատարելագործում և անձանց հանրային իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիքների նախատեսում: Այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված՝ նորմատիվ իրա­վական ակ­տե­րի իրավաչա­փու­թյան վիճարկման ինստիտուտը:    

Օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում կատարված սահմանադրական փոփոխությունների և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթի վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկայի համատեքստում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթի ուսումնասիրության արդյունքները հանգում են հետևյալին.

1) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերի շրջանակը.

          Ներկայումս վարչական դատարանին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը: Մինչդեռ, նման սահմանափակ շրջանակ նախատեսելը չի համապատասխանում Սահմանադրության կարգավորումներին, քանի որ նման ակտեր ընդունելու լիազորությամբ օժտված են նաև այլ մարմիններ, ինչպես օրինակ Բարձրագույն դատական խորհուրդը, ինքնավար մարմինները: Հետևաբար, նման սահմանափակ շրջանակի պահպանումը անհարկի սահմանափակում է ենթաօրենսդրական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական հսկողության հնարավորությունը:

Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ նորմատիվ իրավական ակտեր եզրույթի կիրառումն արդարացված չէ, քանի որ, ինչպես բխում է Սահմանադրության և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի դրույթներից, այս վարույթի կարգով կարող են վիճարկվել բացառապես նորմատիվ իրավական ակտերի մի խումբը՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: Միաժամանակ, Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունից հետևում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի միջև այլևս առկա չէ աստիճանակարգությունից, որպիսի պայմաններում դրանց իրավաչափությունը հնարավոր է ստուգել բացառապես սահմանադրական օրենքների և օրենքների համապատասխանության տեսանկյունից: Հետևաբար, այս առումով ևս առկա է քննարկվող վարույթում հստակեցումների կարիք, քանի որ այն թույլ է տալիս բացի օրենքից գնահատել վիճարկվող ակտերի համապատասխանությունը այլ նորմատիվ ակտերին:

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը.

Առկա իրավակարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում կարող են ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը: Մինչդեռ, անձանց քաղաքացիական վերահսկողության ընդլայնման, տվյալ վարույթի գործնական կիրառելիության բարձրացման նպատակով անհրաժեշտ է քննարկել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնման հարցը՝ նման իրավունք վերապահելով նաև՝

  • դատարաններին, երբ նրանք հիմնավոր կասկածներ ունեն իրենց կողմից կիրառման ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ: Հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանները, չունենալով իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում կիրառվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը վիճարկելու գործիքակազմ և միաժամանակ իրավասու չլինելով ինքնուրույն գնահատել դրանց իրավաչափությունը, ստիպված են լինում կիրառել այն, իսկ հետագայում կիրառված նորմատիվ իրավական ակտի անվավեր ճանաչման դեպքում գործը ենթակա է վերաբացման նոր հանգամանքի ուժով, ինչը չի բխում դատավարական խնայողության և արդյունավետության սկզբունքների ապահովումից: Այս առումով, ուշագրավ է, որ դատարանների կողմից գործի վարույթը կասեցնելը և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ դիմում ներկայացնելը ընդունված է նաև եվրոպական երկրներում:
  • հասարակական կազմակերպություններին, որպես ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության նկատմամբ քաղաքա­ցիա­կան վերահսկո­ղության գործա­ռույթ իրականացնողի: Ներկայումս հասարակական կազմակերպությունների այդ իրավունքը որոշ առումով կարող է իրացվել միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իր շահառուների օրինական շահերը պաշտպանելիս, ինչը ենթադրում է վարչական դատարան դիմելու դեպքերի խիստ սահմանափակ շրջանակ։
  • Արդարադատության նախարարությանը, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով արդեն իսկ սահմանված է նշված օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար Արդարադատության նախարարության կողմից դիմում ներկայացնելու հնարավորությունը:
  • համայնքի ավագանու անդամներին և խմբակցությանը, քանի որ ներկայումս Օրենսգիրքը նախատեսում է միայն Երևանի ավագանու խմբակցության՝ վարչական դատարան դիմելու իրավունքը, ընդ որում՝ միայն Երևանի ավագանու ակտերի վիճարկման համար, մինչդեռ նման կարգավորման պայմաններում մյուս համայնքների ավագանիների խմբակցությունները, ինչպես նաև ավագանու անդամները զրկվում են ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու հնարավորությունից:

3) Գործի քննության ժամկետները.

          Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկումը պետք է ենթադրի վարչական դատարանի կողմից հնարավոր սեղմ ժամկետներում գործի քննություն: Այս առումով Օրենսգիրքը չի նախատեսում վարույթի այս տեսակով գործերի քննության հստակ ժամկետներ, այնինչ, օրինակ Սահմանադրական դատարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված անհատական դիմումներով գործերը քննում է դիմումը մուտքագրելուց՝ երեք ամսվա ընթացքում՝ պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու հնարավորությամբ («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մաս):

4) Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի առնչությամբ առկա այլ խնդիրները.

  • Քննարկվող վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի նկատմամբ ինքնաբերաբար կիրառելի են դառնում դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը, այնինչ դրանք ենթակա են հատուկ կարգավորման՝ վարույթի առանձնահատկություններից ելնելով:
  • Օրենսգրքով նախատեսված չէ նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու ժամկետը, ինչպես նաև անհատական իրավական ակտի կասեցման հնարավորություն այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը կիրառվել է անձի նկատմամբ ընդունված անհատական ակտով:
  • Օրենսգիրքը սահմանում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու պահը և հետևանքները, մինչդեռ դրանք նախատեսված չեն ուժը կորցրած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում:

Հարկ է նշել, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վերանայման վարույթի ինստիտուտի ներդնումից (2008թ.) հետո վարչական դատարանում այս վարույթի շրջանակներում ներկայացվել է ընդամենը 111 դիմում, որից վարույթ է ընդունվել միայն 48-ը, այն պարագայում, երբ, մոդելային առումով համանման` նորմատիվ իրավական ակտերի սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմնում` Սահմանադրական դատարանում 2008-2016թթ. ներկայացվել է միայն 544 անհատական դիմում, որոնցից վարույթ են ընդունվել 264-ը:

Ամբողջ վերոգրյալը վկայում է Օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  • ընդլայնվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթով քննվող գործերի շրջանակը՝ դրանում ընդգրկելով բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը,
  • ընդլայնվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ նման իրավունք վերապահելով նաև դատարաններին, հասարակական կազմակերպություններին, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև համայնքի ավագանու խմբակցություններին և համայնքի ավագանու անդամների մեկ հինգերորդին՝ վերջիններիս հնարավորություն տալով վիճարկել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը.
  • սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը.
  • սահմանվել են վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու դեպքում կասեցման ժամկետները.
  • նախատեսվել է վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի գործողությունը դատարանի կողմից կասեցնելու հնարավորությունը.
  • նախատեսվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթով գործերի քննության հստակ ժամկետներ.
  • սահմանվել են ուժը կորցրած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահերը և դրա հետևանքները.
  • քաղաքացիական, քրեական և վարչական դատավարություններում որպես գործի վարույթը կասեցնելու հիմք նախատեսվել է դատարանների կողմից վարչական դատարանին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով դիմելու որոշում կայացնելը, ինչպես նաև սահմանվել են կասեցված վարույթի վերսկսման հիմքերը.
  • սահմանվել են հասարակական կազմակերպությունների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վիճարկման պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման պայմանները.
  • նախատեսվել է վարչական դատարանի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում դեռևս չկատարված անբողոքարկելի վարչական ակտով դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին դիմում է ներկայացնելու պարտականություն.
  • սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմում ներկայացնելու համար վճարվող պետական տուրքի չափը, ինչպես նաև պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտների շրջանակը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

 4. Ակնկալվող արդյունքը

 Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել նորմատիվ իրա­վական ակտե­րի իրավաչա­փու­թյան վիճարկման վա­րույթի գործնա­կան կիրառելիու­թյան բարձրացումը և վարույթի արդյունավետությունը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.12.2018 - 30.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8782

Տպել

Առաջարկներ`

Justice Group

25.12.2018

ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խմբի կարծիքը Հասարակական կազմակերպությունների՝ դատարան դիմելու իրավակարգավորումների նախագծի վերաբերյալ 25 դեկտեմբերի, 2018թ․ Այս նախագիծը Հասարակական կազմակերպություններին (այսուհետ՝ ՀԿ) հնարավորություն է տալիս իր ռազմավարությունից բխող և իր շահառուների իրավունքների պաշտպանության նպատակով դատարան հայց ներկայացնել Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով (Նախագծում․ Հոդված 1, հոդված 2 - Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին; հոդված 1 «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին)։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ հայտնել էր, որ ՀԿ պետք է հնարավություն ունենա իր ռազմավարությունից բխող գործունեության շրջանակներում հանրային շահի տեսանկյունից դատարան հայց ներկայացնել, որը չի ենթադրում, որ միայն կարող է վիճարկել Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, այլ կարող է օրինակ վիճարկել վարչական մարմնի անգործությունը և այլն ․․․ ՀՀ Սահմանադրական դատարանը 2010թ. սեպտեմբերի 7-ին թիվ 906 որոշման 7-8-րդ կետերում ՀՀ Սահ¬մանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում հասարակական կազմակերպությունների` պետությունում ունեցած դերի և նշանակության մասին արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քաղաքացիական հասարակությունն ինքնուրույն և պետությունից անկախ հասարակական մեխանիզմների և հարաբերությունների համակարգ է, որը պայման¬ներ է ապահովում կոլեկտիվների և անհատների մասնավոր շահերի և պահանջ¬մունքների բավարարման համար: Քաղաքացիական հասարակության բաղա¬դրատարր հանդիսացող սոցիալական կառուցակարգերի շրջանակում ուրույն տեղ են զբաղեցնում հասարակական կազմակերպությունները: Վերջիններիս դերն ինքնանպատակ չէ, քանի որ, նախ՝ միավորումների գործունեությունը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, երկրորդ՝ հասարակական կազմակերպություններն ունեն կոլեկտիվների եւ անհատների մասնավոր շահերի եւ պահանջմունքների իրացմանը, այդ թվում՝ հանրային կառավարմանը մասնակցելու գործառույթ, երրորդ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով է, որ հասա¬րակությունը հնարավորություն է ստանում հասարակական հսկողություն եւ վերահս¬կողություն սահմանել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման նկատմամբ: Այս հանգամանքը, հատկապես կարևորվում է այն պարագայում, երբ առկա է ոչ թե անհատի, այլ իրավունքի կոլեկտիվ սուբյեկտի սուբյեկտիվ իրավունք¬ների կամ օրինական շահերի խախտում: Հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով վերջիններիս գործու¬նեության արդյունավետության բարձրացման նկատառումներով՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը եւ կարգը՝ հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները: Նման իրավակարգավորումը կնպաստեր ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացներ քաղաքացիական հասարակության բաղադրատարրը հանդիսացող՝ հասարակական կազմակերպությունների դերը: Ընդ որում, ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպու¬թյուններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը»: Առաջարկվող նախագծով ստացվում է, որ ՀԿ-ն միայն Վարչական դատավարության օրենսգրքի 191 հոդվածի շրջանակներում է իրավունք ունենում դատարան դիմելու, իսկ 1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։ Վերը վկայակոչված իրավական մեկնաբանությունից կարելի է պնդել, որ հասարակական կազմակերպությունը , որի տեսլականն է՝ օրինակ՝ «Մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով ձևավորված հասարակություն», և որի ռազմավարական նպատակները բխում են տեսլականից, կարող է դիմել վարչական դատարան՝ վիճարկելով պետական մարմինների այն գործողությունները/անգործությունը, որոնք սահմանափակում, միջամտում կամ այլ կեպ վատթարացնում են ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս պարագայում ՀԿ-ն հնարավորություն պետք է ունենա նաև ՀՀ վարչական դատարաններում վիճարկել ՀՀ նախագահի գործողությունների իրավաչափությունը: (որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում ՀՀ քաղաքացիների համար)

Տեսնել ավելին