Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Առաջարկությունների հիմնավորումը պայմանավորված է հետևյալով.

 

 

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծի հիմքում դրված է այն մոտեցումը, որ քրեադատավարական ապացուցման նպատակով նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, պետք է ունենա նմանատիպ երաշխիքներ, ինչ նմուշների ստացումը` որպես քննչական գործողություն։ Նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացվելու է բացառիկ դեպքերում, եթե այդ նմուշները հնարավոր չէ ստանալ քննչական գործողության արդյունքում։

Նախագծով սահմանված են հստակ երաշխիքներ, որոնք ապահովում են քրեադատավարական նպատակով նմուշներ ստանալու գործընթացի արտագերատեսչական վերահսկելիությունը և ստացված նմուշների անփոփոխելիությունը։   Այսպես.

  1. Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է համեմատական հետազոտման համար նմուշների հավաքումը, որտեղ առաջարկվում է լրացնել նոր պարբերություն, ըստ որի՝ համեմատական հետազոտությունների համար նմուշներ հավաքելիս ոչ ոք չի ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` հիպնոսի, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի:  

 Համեմատական հետազոտությունների համար ստացված նմուշները քրեական դատավարությունում ապացուցման նպատակով կօգտագործվեն, եթե՝

1) դրանք ձեռք են բերվել դատարանի որոշման հիման վրա,

2) նմուշների հավաքման ընթացքը տեսագրվել կամ տեսաձայնագրառվել է,

3) նմուշների մանրամասն նկարագրությամբ, կնքելով և (կամ) այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է նմուշները փոխելու հնարավորությունը:»:

  1. Օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, որի 7-րդ մասը նախատեսվում է լրացնել նոր պարբերությամբ, ըստ որի՝ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը կարգելվի, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվելու է իր փաստաբանի հետ:
  2. Օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողությունը, որտեղ նախատեսվում է սահմանել նաև դատական վերահսկողություն՝ համեմատական հետազոտության համար նմուշների հավաքման վրա, եթե դրանք պետք է օգտագործվեն քրեական դատավարությունում` ապացուցման նպատակով:
  3. Օրենքի 37-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը, որտեղ նախատեսվում է լրացնել դրույթ, ըստ որի՝ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը կպարունակի նաև տեղեկություններ այն մասին, թե ումի՞ց պետք է ստացվի նմուշը և կոնկրետ ի՞նչ նմուշներ պետք է ստացվեն, որտեղ և ո՞ւմ պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:
  4. Օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը, որտեղ նախատեսվում է լրացնել դրույթ ըստ որի՝ համեմատական հետազոտությունների համար նմուշներ ստանալու մասին արձանագրությունում կնկարագրվեն նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները: Ստացված նմուշները կկցվեն արձանագրությանը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծին ուղղված է օրենքի վերը նշված բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա քրեադատավարական ապացուցման նպատակով նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, որը կունենա նմանատիպ երաշխիքներ, ինչ նմուշների ստացումը` որպես քննչական գործողություն։ Նմուշների ստացումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կիրականացվի բացառիկ դեպքերում, եթե այդ նմուշները հնարավոր չի լինի ստանալ քննչական գործողության արդյունքում։

 

 

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտե

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտե

  • Քննարկվել է

    30.11.2018 - 15.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9725

Տպել