Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Համեմատական հետազոտությունների համար նմուշներ հավաքելիս ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` հիպնոսի, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի:  

Համեմատական հետազոտությունների համար ստացված նմուշները քրեական դատավարությունում ապացուցման նպատակով կարող են օգտագործվել, եթե՝

1) դրանք ձեռք են բերվել դատարանի որոշման հիման վրա,

2) նմուշների հավաքման ընթացքը տեսագրվել կամ տեսաձայնագրառվել է,

3) նմուշների մանրամասն նկարագրությամբ, կնքելով և (կամ) այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է նմուշները փոխելու հնարավորությունը:»:

 

Հոդված 2.  Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն արգելվում է, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ:»:

Հոդված 3.  Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «համեմատական հետազոտության համար նմուշների հավաքումը, եթե դրանք պետք է օգտագործվեն քրեական դատավարությունում` ապացուցման նպատակով,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պարունակում է նաև տեղեկություններ այն մասին, թե ումից պետք է ստացվի նմուշը և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:»:

 

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Համեմատական հետազոտությունների համար նմուշներ ստանալու մասին արձանագրությունում նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները: Ստացված նմուշները կցվում են արձանագրությանը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.11.2018 - 15.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9727

Տպել