ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն նախագծի մշակումը և ընդունումը ուղղակիորեն բխում է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի (ՀՕ-364-Ն) պահանջներից: Նշված օրենքի 11-րդ հոդվածով սահմանվել է երեխայի աշխատանքի իրավունքը, որի 2-րդ մասը հստակ ամրագրում է. «Երեխայի համար արգելված աշխատանքներ են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը, ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքները: Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Կառավարությունը»։
Մինչ այս, ոլորտը կարգավորվում էր ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ, որի ընդունման համար իրավական հիմք էին հանդիսացել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ և 258-րդ հոդվածները: Գործող որոշումը մեկտեղում է և՛ մինչև 18 տարեկան անձանց, և՛ հղի ու մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքները: Նոր օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել գործող Կառավարության որոշումը համապատասխանեցնել նոր օրենսդրական պահանջներին՝ կատարելով տերմինաբանական համապատասխանություն և սահմանելով ծանր ու վնասակար աշխատանքների ցանկը, ինչպես նաև երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը։
Ուստի, նոր օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և լրացնել 2308-Ն որոշումը՝ այն համապատասխանեցնելով ՀՕ-364-Ն օրենքի պահանջներին և ցանկը համալրելով արդիական վտանգներով
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները.
· Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը:
· Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը:
· Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները.
o Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները:
o Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները:
o Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները:
o Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները:
· Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում):
Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը ուղղակիորեն բխում է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքից (ՀՕ-364-Ն) և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» առաջնահերթության «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ուղղության պահանջներին:
Նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-364-Ն և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-363-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» N101-Ա որոշման հավելվածի 9-րդ կետից:
Նախագիծը լիովին համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին՝ մասնավորապես ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» N 182 ու «Աշխատանքի ընդունման նվազագույն տարիքի մասին» N 138 կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին:
Միաժամանակ, այս փոփոխությունների ընդունումը միտված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ), մասնավորապես 8-րդ նպատակի իրագործմանը, որը պետություններից պահանջում է ձեռնարկել անհապաղ և արդյունավետ միջոցներ վերացնելու երեխայի աշխատանքի վատթարագույն դրսևորումներն ու բոլոր ձևերը:
-
Տևողություն
18.05.2026 03.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 93
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: