ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ մայիսի 2026 թվականի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀՂԻ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ և 258-րդ հոդվածների, ինչպես նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատել երեխաների, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար աշխատանքների ցանկը, ինչպես նաև երեխայի համար վտանգավոր համարվող աշխատանքների ցանկը և աշխատանքի վատթարագույն ձեվերը հաստատելու մասին` համաձայն հավելվածի:».
4) որոշման հավելվածում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀՂԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քիմիական գործոնների ազդեցության ներքո երեխաների, հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար (երկարաժամկետ ազդեցություն ենթադրող) և երեխաների համար վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող) աշխատանքները» և աղյուսակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր՝
«
|
Թունաքիմիկատներ (պեստիցիդներ) և պարարտանյութեր |
Թունաքիմիկատների (պեստիցիդներ) և պարարտանյութերի հետ անմիջական շփում ենթադրող աշխատանքներ, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներում դրանց կիրառում, պահեստներում պահպանում և վաճառք |
|
Նավթ, գազ և վառելիք |
Նավթի և գազի արդյունահանման, վերամշակման, պահեստավորման, տեղափոխման, ինչպես նաև նավթամթերքի (վառելիքի), վառելիքաքսուքային նյութերի իրացման և վաճառքի հետ կապված աշխատանքներ (այդ թվում՝ ավտոսպասարկման կետերում և լցակայաններում), ներառյալ դյուրավառ, պայթուցիկ և թունավոր նյութերի ազդեցությամբ պայմանավորված աշխատանքներ |
|
Օրգանական լուծիչներ և շմոլ գազ (ածխածնի մոնօքսիդ) |
Աշխատանքներ, որտեղ առկա է օրգանական լուծիչների (ներառյալ՝ կոշիկի արտադրությունում կամ սպասարկման ոլորտում սոսինձներ) և մեծ քանակությամբ շմոլ գազի (ներառյալ՝ փողոցային աշխատանք ինտենսիվ երթևեկության գոտիներում) ազդեցության ռիսկ |
|
Ծանր մետաղներ և վնասակար քիմիական թափոններ |
Մետաղի ջարդոնի, քիմիական մնացորդներ պարունակող տարաների կամ թափոնների հավաքման, տեսակավորման և վերամշակման աշխատանքներ |
».
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայրին առնչվող գործոնների ազդեցության ներքո երեխաների, հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար (երկարաժամկետ ազդեցություն ենթադրող) և երեխաների համար վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող) աշխատանքները» և աղյուսակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր՝
«
|
Փլուզման կամ քանդման աշխատանքների հետ կապված վտանգ |
Քանդման աշխատանքներում, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք պարունակում են հողային զանգվածի սողանքի կամ հողի շերտի փլուզման վտանգ, մասնավորապես՝ հողի ամրացման, փոսերի կամ թունելների կառուցման, ինչպես նաև հենասյուների տեղադրման աշխատանքներ |
|
Առցանց միջավայրում երեխայի աշխատանքի հետ կապված վտանգ |
Աշխատանք թվային կամ առցանց միջավայրերում, որտեղ առկա են շահագործման, բռնության, կրթության խաթարման, բարոյականությանը վնասող բովանդակության կամ հոգեկան առողջության վրա բացասական ազդեցության ռիսկեր |
|
Չափազանց մեծ հուզական կամ հոգեբանական լարվածություն |
Աշխատանքներ, որոնք պահանջում են չափազանց մեծ հուզական կամ հոգեբանական լարվածություն, ներառյալ՝ աշխատանք հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող, նարկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հոսպիսային (պալիատիվ) խնամք իրականացնող կազմակերպություններում, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող հաստատություններում, դատաբժշկական փորձաքննության դիահերձարաններում, թաղման և հուղարկավորության ծառայություններ իրականացնող կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում, կենդանիների սպանդ իրականացնող կազմակերպություններում կամ սպանդանոցներում։ |
|
Կենդանիների սպանդի իրականացման, ինչպես նաև վտանգավոր և սուր գործիքների (ներառյալ՝ դանակ, կացին) անմիջական կիրառմամբ աշխատանքներ |
Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների սպանդի կազմակերպման հետ կապված աշխատանքներ |
».
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կենսաբանական գործոնների ազդեցության ներքո երեխաների, հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար (երկարաժամկետ ազդեցություն ենթադրող) և երեխաների համար վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող) աշխատանքները» և աղյուսակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր՝
«
|
Թունավոր միջատներ և վտանգավոր կենդանիներ |
Գյուղատնտեսական, անտառային կամ ջրային ավազաններում կատարվող (ներառյալ՝ ձկնորսություն) աշխատանքներ, որոնց ժամանակ առկա է թունավոր միջատների կամ վտանգավոր կենդանիների հարձակման և խայթոցի վտանգ |
|
Անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայր, թափոններ և աղբ |
Աղբի, կենցաղային մնացորդների, վարակված թափոնների, պլաստմասայի և մետաղի ջարդոնի հավաքման ու տեսակավորման աշխատանքներ, որտեղ առկա է վարակիչ, աղիքային, մաշկային հիվանդություններով կամ փայտացումով (տետանուս) հիվանդանալու վտանգ |
|
Կենսաբանական ալերգեններ (ներառյալ՝ կենդանիների մազ, փետուր, միջատների ալերգեններ) |
Աշխատանքներ կենդանաբանական հաստատություններում, անասնապահական տնտեսություններում, թռչնաբուծությունում և լաբորատոր կենդանիների հետ շփմամբ |
|
Միջատներ և հիվանդություններ փոխանցող այլ օրգանիզմներ (ներառյալ՝ տիզեր և մոծակներ) |
Աշխատանքներ բաց տարածքներում, անտառային և գյուղատնտեսական շրջաններում, որտեղ առկա է վարակների փոխանցման ռիսկ |
|
Կոյուղաջրեր և կենսաբանական աղտոտված ջրեր |
Աշխատանքներ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում, մաքրման կայաններում, ինչպես նաև վարակիչ նյութերով աղտոտված ջրի հետ շփմամբ |
|
Դիակներ և կենսաբանական քայքայման ենթարկված նյութեր |
Աշխատանքներ դիահերձարաններում, գերեզմանատներում և դիակիզարաններում, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն իրականացնող և հուղարկավորության իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություններում, եթե դա ենթադրում է անմիջական մասնակցություն հուղարկավորության իրականացմանը |
».
ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արդյունաբերական աերոզոլների ազդեցության ներքո երեխաների, հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար (երկարաժամկետ ազդեցություն ենթադրող) և երեխաների համար վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող) աշխատանքները» և աղյուսակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր՝
«
|
Ավտոտրանսպորտային արտանետումներ և շմոլ գազի աերոզոլներ |
Փողոցներում, խաչմերուկներում, ավտոկայանատեղիներում կամ ավտոլվացման կետերում իրականացվող աշխատանքներ (ներառյալ՝ առևտուր, ավտոմեքենաների կայանման սպասարկում կամ լվացում), որտեղ առկա է արտանետումների մշտական և խիստ ազդեցություն |
|
Կենցաղային և քայքայվող թափոնների աերոզոլներ (կենսագազեր) |
Աղբավայրերում, աղբարկղերում կամ չսահմանված վայրերում աղբի, մետաղի ջարդոնի և պլաստմասայի հավաքման ու տեսակավորման (թափոնահավաքության) աշխատանքներ։ |
|
Աերոզոլային սոսինձներ, լաքեր և փաթեթավորման պլաստիկ աերոզոլներ |
Ոչ գործարանային, տնայնագործական պայմաններում դրանց ցողման և կիրառման աշխատանքներ (ներառյալ՝ ուղևորների ճամպրուկների պլաստիկ փաթեթավորում, կահույքի և կոշիկի տնայնագործական արտադրություն)։ |
»
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Երեխաների, հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր աշխատանքները», ինչպես նաև աղյուսակի 1-9-րդ տողերի ձախ սյունակում «և» բառը փոխարինել «կամ» բառով, 1-ին տողում «մինչև 18 տարեկան անձանց» բառերը փոխարինել «երեխաների» բառով և 2-9-րդ տողերում «մինչև 18 տարեկան անձանց» բառերը փոխարինել «երեխաների համար» բառերով.
է. 10-րդ կետում ջնւել «մինչև 18 տարեկան երեխաների» բառերը փոխարինել «երեխաների» բառով.
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով՝
«13. Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերն են այն բոլոր իրավիճակներն ու գործողությունները, որոնցում երեխան զրկվում է աշխատանքն ընտրելու ազատությունից, ենթարկվում է բռնության կամ սպառնալիքի, վտանգվում են նրա կյանքը, առողջությունը, անվտանգությունը կամ ֆիզիկական և հոգեբանական զարգացումը, ինչպես նաև ցանկացած աշխատանք, որը չի բխում երեխայի լավագույն շահերից, ներառյալ՝
ա) ստրկությունը կամ ստրկությանը նմանվող բոլոր ձևերը.
բ) երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը.
գ) հարկադիր կամ պարտադիր աշխատանք.
դ) երեխայի պոռնկություն կամ մանկական պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը.
ե) մուրացիկությունը.
զ) հակաիրավական գործունեության մեջ ներգրավելը.
է) երեխային ներգրավելը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու մեջ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
18.05.2026 03.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 93
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: