Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.        ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների կողմից արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի (շրջանառության) մեջ ՓՄՁ սուբյեկտների (գերփոքր, փոքր և միջին) մասնաբաժինը կազմել է շուրջ 85 %, որից շուրջ 39.9 % բաժին է ընկել փոքր և միջին ձեռնարկություններին։ Միաժամանակ, ՓՄՁ ոլորտի կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում կազմել է շուրջ 34 %։

Նշված ցուցանիշները վկայում են ՓՄՁ ոլորտի կարևոր դերակատարության մասին տնտեսությունում, սակայն միաժամանակ ցույց են տալիս արտադրողականության բարձրացման և ավելացված արժեքի ստեղծման ներուժի հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Գործարար միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական խնդիրները շարունակում են կապված մնալ սկսնակ գործարարների ձեռնարկատիրական գիտելիքների սահմանափակ մակարդակի և ֆինանսական միջոցների հասանելիության դժվարությունների հետ, ինչը բացասաբար է ազդում նորաստեղծ բիզնեսների կենսունակության վրա։

ՓՄՁ ոլորտի պետական աջակցության համակարգը ներկայումս գտնվում է արմատական վերափոխման փուլում: Նախկինում ոլորտի պետական աջակցության ծրագրերն իրականացվել են մասնագիտացված ինստիտուցիոնալ կառույցների՝ «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁ ԶԱԿ), իսկ հետագայում նաև դրա իրավահաջորդ հանդիսացող «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (ՆԱԿ) կողմից: Սակայն գործառույթների վերանայման և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշված կառույցն այլևս չի իրականացնում ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի գործառնական կառավարումը, ինչը հանգեցրել է ինստիտուցիոնալ վակուումի և աջակցության գործիքակազմի կիրառման դադարի։ Այս իրավիճակը թելադրում է պետական օժանդակության մատուցման մոդելի վերանայման անհրաժեշտություն։

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են նախկինում գործող կենտրոնացված համակարգից անցում կատարելուն դեպի առավել ճկուն, ապակենտրոնացված և շուկայամետ մեխանիզմների։ Նոր կոնցեպտի հիմքում դրված է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքը, որտեղ պետությունը հանդես է գալիս որպես քաղաքականություն մշակող և միջոցներ ապահովող կողմ, իսկ իրականացնող օպերատորները ընտրվում են բաց մրցակցային ընթացակարգերով։ Հատկանշական է, որ 2026 թվականի ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջետային հատկացումները կազմում են 100 մլն ՀՀ դրամ։ Հաշվի առնելով հատկացումների սահմանափակ ծավալը՝ առաջնահերթ է դառնում ֆինանսական միջոցների ծայրաստիճան թիրախային օգտագործումը։ Նման պայմաններում պետական աջակցության արդյունավետության բարձրացման արդյունավետ ուղին համաֆինանսավորման և ռիսկերի բաշխման սկզբունքի ներդրումն է, ինչը թույլ կտա ստեղծել լծակային էֆեկտ՝ ներգրավելով մասնավոր հատվածի և դոնորների լրացուցիչ միջոցները։

 

2.       ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Ծրագրի կարգավորման առանցքային նպատակն է ստեղծել այնպիսի գործիքակազմ, որը կապահովի պետական աջակցության արդյունավետության բարձրացում և լրացուցիչ մասնավոր ներդրումների ներգրավում: Կարգավորումը միտված է շահառուների լայն ընդգրկվածության ապահովմանը՝ հաղթահարելով աջակցության ծրագրերի կենտրոնացվածության խնդիրը: Նախատեսվում է ներդնել թափանցիկ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել և խթանել ձեռնարկատիրական ներուժը՝ հատուկ շեշտադրում կատարելով մարզային զարգացման և կանանց ներգրավվածության վրա:

 

3.                ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Առաջարկվող մոդելը հիմնված է «ներդրում՝ արդյունքի դիմաց» սկզբունքի վրա: Ծրագրի շրջանակներում իրականացվող «Նախաինկուբացիա և բիզնես կրթություն» միջոցառումը նպատակաուղղված է պետական բյուջեի միջոցներն օգտագործել որպես «կատալիզատոր»՝ մասնավոր օպերատորների ներգրավման համար: Մոդելի մուլտիպլիկատիվությունը դրսևորվում է նրանում, որ պետական աջակցությամբ մշակված գործարար ծրագրերը հիմք կհանդիսանան հետագա մասնավոր ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

4.       ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հետևյալ թիրախային արդյունքները՝

1)                Ոլորտային և մարզային ընդգրկվածություն. Նախատեսվում է ներգրավել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կամ գործունեություն սկսելու նպատակ ունեցող առնվազն 100 մասնակից, ինչը կնպաստի ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների տարածմանը մարզային և ոլորտային կտրվածքով։

2)               Գենդերային ներառականություն. Նախատեսվում է խրախուսել կանանց մասնակցությունը՝ նպատակային ցուցանիշ սահմանելով առնվազն 50 տոկոս, ինչը կնպաստի տնտեսական գործընթացներում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։

3)               Տնտեսական արդյունքներ. Ակնկալվում է ձևավորել առնվազն 50 մրցունակ և կենսունակ գործարար ծրագիր, որոնք կունենան շուկա մուտք գործելու ներուժ և կնպաստեն նոր տնտեսական նախաձեռնությունների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

Ֆինանսական աջակցության շահառուների քանակը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ծրագրի ընդհանուր բյուջեն, մեկ շահառուին տրամադրվող աջակցության առավելագույն չափը և համաֆինանսավորման մեխանիզմի կիրառումը։

5.       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ և ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագծի ընդունումը չի առաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում, քանի որ ծրագրի իրականացման համար նախատեսված 100 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցները նախատեսված են Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով՝ համապատասխան ծրագրային հատկացումների շրջանակում։

 

6.               ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

7.               ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի մշակումը բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից, որով սահմանվում է, որ ՓՄՁ պետական աջակցությունն իրականացվում է ամենամյա ծրագրերով։ Սույն նախագիծը հանդիսանում է այդ օրենսդրական դրույթի գործնական կիրառումը 2026 թվականի համար։ Նախագիծը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականին և ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներին, որոնք ՓՄՁ ոլորտի զարգացումը դիտարկում են որպես տնտեսական հեղափոխության առանցք։ Այն բխում է ոլորտային ռազմավարական նպատակներից՝ ուղղված արտադրողականության աճին և գործարար միջավայրի բարելավմանը։

 

  • Տևողություն

    12.05.2026 28.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 366

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: