Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«__» __________ 2026 թվականի N ____Ն

ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հաստատել՝

1) «ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» միջոցառման 2026 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի

2) ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրի իրականացման կազմակերպչական ընթացակարգերը, ինչպես նաև մոնիթորինգի, հաշվետվողականության և արդյունքային ցուցանիշների գնահատման մեխանիզմները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգին» համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                          

 

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

«—— —-ի N— -Ն որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.             Սույն ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված 1202 «Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցություն» ծրագրի 11001 «ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» միջոցառման շրջանակում ապահովել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգված իրականացումը, սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը, գործարար գաղափարների կենսագործման խթանումը, ինչպես նաև պետություն–մասնավոր երկխոսության և միջազգային համագործակցության զարգացումը։

2.            Ծրագիրը մշակվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների հիման վրա։

3.            Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

         1)    սկսնակ ձեռնարկատերերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացում և ֆինանսավորման հասանելիության ապահովում,

        2)    պետություն–մասնավոր երկխոսության խթանում և ՓՄՁ շահերի պաշտպանության մեխանիզմների զարգացում,

        3)    միջազգային համագործակցության ընդլայնում և փորձի փոխանակում։

4.            Ծրագրի ընդհանուր համակարգումն ու վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։

5.            Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրով, սույն որոշման հավելված N 2-ով հաստատված միջոցառումների ցանկով և ժամանակացույցով, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից հաստատված ընթացակարգերով սահմանված կարգով և ժամկետներում։

ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.           Ծրագրի նպատակներն են՝

         1)    նոր ձեռնարկությունների ստեղծման և սկսնակ ձեռնարկատիրության զարգացման խթանումը,

        2)    ՓՄՁ սուբյեկտների մրցունակության և արտադրողականության բարձրացմանը նպաստելը,

        3)    սկսնակ ձեռնարկատերերի և ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության հասանելիության ընդլայնումը,

        4)    պետություն–մասնավոր երկխոսության զարգացման խթանումը,

        5)    միջազգային համագործակցության և գործընկերային ծրագրերի ընդլայնումը։

7.            Ծրագրի նպատակների իրագործման նպատակով նախատեսվում է՝

         1)    զարգացնել սկսնակ ձեռնարկատերերի ձեռնարկատիրական գիտելիքները, հմտությունները և գործարար կարողությունները,

        2)    աջակցել գործարար գաղափարների շուկայական վավերացմանը, գործարար ծրագրերի մշակմանը և կենսունակ բիզնես նախաձեռնությունների ձևավորմանը,

        3)    համաֆինանսավորման մեխանիզմների կիրառմամբ խթանել սկսնակ ձեռնարկատերերի գործունեության մեկնարկը,

        4)    պետություն–մասնավոր երկխոսության հարթակների միջոցով վերհանել ոլորտային հիմնախնդիրները և ընդլայնել մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացում,

        5)    խթանել միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչպես նաև արտաքին ֆինանսական և փորձագիտական միջոցների ներգրավումը։

ԳԼՈՒԽ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

8.           Սույն ծրագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

         1)    լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

        2)    ՓՄՁ սուբյեկտ՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,

        3)    սկսնակ ՓՄՁ սուբյեկտ՝ գործունեության սկզբնական փուլում գտնվող պետական գրանցում կամ հաշվառում ունեցող ՓՄՁ սուբյեկտ,

        4)    մասնակցության հայտ ներկայացրած անձ՝ գործարար գաղափար ունեցող ֆիզիկական անձ, որը մասնակցության հայտ ներկայացնելու պահին դեռևս գրանցված չէ որպես ՓՄՁ սուբյեկտ,

        5)    շահառու՝ սույն ծրագրի շրջանակում աջակցություն ստացող սկսնակ ՓՄՁ սուբյեկտ կամ մասնակցության հայտ ներկայացրած անձ, որը ֆինանսական աջակցության պայմանագրի կնքման պահին ունի պետական գրանցում կամ հաշվառում՝ որպես ՓՄՁ սուբյեկտ,

        6)    իրականացնող օպերատոր (օպերատոր)՝ ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ),

        7)    նախաինկուբացիա՝ բիզնես ինկուբացիայի նախնական փուլ, որը ներառում է բիզնես գաղափարի ձևավորման և սկսնակ ձեռնարկատիրական գործունեության նախապատրաստական գործընթացները,

        8)    պետություն–մասնավոր երկխոսություն (ՊՄԵ)՝ հարթակ կամ գործընթաց, որն ապահովում է պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունն ու քննարկումները։

9.           Իրականացնող օպերատորը, իսկ մեկից ավելի օպերատորների ներգրավման դեպքում՝ օպերատորները, ապահովում են ծրագրային միջոցառումների ամբողջական իրականացումը, որը ներառում է շահառուների իրազեկումը, խորհրդատվությունը, հայտերի ընդունումը, նախնական գնահատումը, գնահատման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև տրամադրված աջակցության նպատակային օգտագործման ընթացիկ մոնիթորինգը և հաշվետվողականությունը։

ԳԼՈՒԽ 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

10.         Ծրագրի իրականացման սկզբունքներն են՝

         1)    ծրագրի իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված իրականացնող օպերատորի (օպերատորների) միջոցով,

        2)    շահառուների ընտրության, աջակցության տրամադրման և ֆինանսավորման գործընթացների հրապարակայնության, թափանցիկության, հավասար պայմանների և արդյունքահենության ապահովումը,

        3)    արտադրողականության բարձրացմանը, նորարարության խթանմանը և տնտեսության առաջնահերթ ոլորտներին առնչվող նախաձեռնությունների խրախուսումը,

        4)    Հայաստանի Հանրապետության մարզերում տնտեսական ակտիվության աճի և տարածքային համաչափ զարգացման խրախուսումը,

        5)    պետություն–մասնավոր երկխոսության և համագործակցության ապահովումը,

        6)    միջազգային համագործակցության և լավագույն փորձի ներդրման խրախուսումը,

        7)    կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովումը և կանանց ձեռնարկատիրության խրախուսումը, այդ թվում՝ գնահատման չափանիշներով խթանող մեխանիզմների կիրառմամբ։

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

11.          Ծրագրի շրջանակում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

         1)    սկսնակ ձեռնարկատերերի զարգացման և «Գաղափարից մինչև բիզնես» աջակցության միջոցառումներ,

        2)    պետություն–մասնավոր երկխոսության ապահովման միջոցառումներ,

        3)    միջազգային համագործակցության շրջանակում ՓՄՁ զարգացման նախաձեռնություններ։

12.          Սույն գլխի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

         1)    նախաինկուբացիա և բիզնես կրթություն, որի շրջանակում իրականացնող օպերատորը (օպերատորները) ապահովում է՝

ա. շահառուներին առնվազն 30 ժամ տևողությամբ գործնական ուսուցման տրամադրումը,
բ. աջակցություն՝ բիզնես գաղափարի ձևավորման, բիզնես մոդելի մշակման, ֆինանսական պլանավորման, շուկայի գնահատման և մարքեթինգային մոտեցումների մշակման ուղղությամբ,
գ. գործարար ծրագրերի ընդունումը և նախնական գնահատումը։

        2)    «Գաղափարից մինչև բիզնես» ֆինանսական աջակցություն։

13.         Սույն ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրումը, մրցութային ընթացակարգերի կազմակերպումը, գնահատող հանձնաժողովների ձևավորումը և պայմանագրերի կնքումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։

14.          «Գաղափարից մինչև բիզնես» աջակցության փուլում ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով՝

         1)    պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը մեկ շահառուի համար կազմում է մինչև 2,500,000 ՀՀ դրամ,

        2)    յուրաքանչյուր առանձին շահառուի համար իրականացնող օպերատորի կողմից ներգրավվող համաֆինանսավորումն ապահովվում է շահառուին պետական բյուջեի միջոցներից տրամադրվող աջակցության չափին առնվազն հավասար՝ 1:1 հարաբերակցությամբ,

        3)    եթե իրականացնող օպերատորի կողմից տվյալ շահառուի մասով չի ապահովվում սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված համաֆինանսավորումը, ապա տվյալ շահառուի մասով պետական բյուջեի միջոցներից աջակցություն չի տրամադրվում,

        4)    աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա։

15.             Շահառուների ընտրության նպատակով իրականացնող օպերատորը (օպերատորները) ձևավորում է գնահատող հանձնաժողով՝ առնվազն 5 անդամից կազմված։ Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ։

16.         Գնահատող հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Իրականացնող օպերատորը (օպերատորները) պարտավոր է հանձնաժողովի նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնել լիազոր մարմնին։

ԳԼՈՒԽ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

17.          Միջազգային համագործակցության շրջանակում՝

         1)    լիազոր մարմինը, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնող օպերատորի (օպերատորների) մասնակցությամբ, կարող է նախաձեռնել համագործակցություն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների, զարգացման գործընկերների և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ ծրագրի նպատակներին համահունչ լրացուցիչ տեխնիկական, փորձագիտական և ֆինանսական աջակցության ներգրավման նպատակով,

        2)    միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարող է իրականացվել պետական և արտաքին ֆինանսական միջոցների համակցման սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

        3)    իրականացնող օպերատորը (օպերատորները) կարող է ապահովել միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, այդ թվում՝ օտարերկրյա մասնագետների, մենթորների և փորձագիտական աջակցության ներգրավմամբ,

        4)    միջազգային համագործակցության շրջանակում կարող է խթանվել շահառուների մասնակցությունը միջազգային ՓՄՁ ցանցերին, բիզնես համաժողովներին, ցուցահանդեսներին և այլ մասնագիտական հարթակներին,

        5)    միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից կնքվող համաձայնագրերի, հուշագրերի կամ այլ ծրագրային փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

18.         Միջազգային համագործակցության շրջանակում ներգրավված արտաբյուջետային միջոցների, տեխնիկական աջակցության և արձանագրված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է ծրագրի իրականացման ամփոփ հաշվետվություններում։

ԳԼՈՒԽ 7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

19.         Ծրագրի իրականացման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին։

20.         Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) դրամ, ներառյալ՝

   1)          շահառուներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը,

  2)          ծրագրային միջոցառումների իրականացումը,

  3)          պետություն–մասնավոր երկխոսության միջոցառումների կազմակերպումը։

21.          Իրականացնող օպերատորի (օպերատորների) կողմից ներգրավվող համաֆինանսավորումը չի ներառվում սույն գլխի 20-րդ կետով նախատեսված ֆինանսավորման ծավալի մեջ։

22.         Պետություն–մասնավոր երկխոսության շրջանակում 2026 թվականի ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի դեկտեմբերի 20-ը, լիազոր մարմնի կամ իրականացնող օպերատորի (օպերատորների) կողմից կազմակերպվում է առնվազն մեկ համաժողով, որի նպատակն է ոլորտային հիմնախնդիրների վերհանումը և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների ձևավորումը։

ԳԼՈՒԽ 8. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

23.         Ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված մոնիթորինգի ընթացակարգերին համապատասխան։

24.         Մշտադիտարկման շրջանակում գնահատվում են՝

         1)    ծրագրային միջոցառումների իրականացման ընթացքը,

        2)    պետական բյուջեի միջոցների և տրամադրված աջակցության նպատակային օգտագործումը,

        3)    յուրաքանչյուր շահառուի մասով իրականացնող օպերատորի կողմից համաֆինանսավորման ապահովումը,

        4)    սույն ծրագրով սահմանված արդյունքային ցուցանիշների կատարումը։

24.         Իրականացնող օպերատորը (օպերատորները) պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել ծրագրի իրականացման վերաբերյալ պարբերական և ամփոփիչ հաշվետվություններ՝ լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում և ձևաչափով։

25.         Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունները և դրանց հիման վրա գնահատում ծրագրի արդյունավետությունը։ Հաշվետու տարվա ավարտից հետո լիազոր մարմինը կազմում է ծրագրի իրականացման վերաբերյալ ամփոփ հաշվետվություն։

26.         Լիազոր մարմինը կարող է իրականացնել ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության նպատակային օգտագործման ընտրանքային ստուգումներ և պահանջել լրացուցիչ տեղեկատվություն ու հիմնավորող փաստաթղթեր։

27.         Ծրագրի թափանցիկությունն ապահովելու նպատակով լիազոր մարմինը կարող է հրապարակել տեղեկատվություն ծրագրի իրականացման ընթացքի, շահառուների քանակի և արձանագրված արդյունքների վերաբերյալ՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության և առևտրային գաղտնիքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները։

28.         Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել ծրագրի արդյունքների անկախ գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 9. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

29.         Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներն ու ցուցանիշները դասակարգվում են ըստ ելքային, արդյունքային և ազդեցության մակարդակների։

30.        Ֆինանսական աջակցության տրամադրման շահառուների նվազագույն քանակը սահմանվել է՝ հաշվի առնելով Ծրագրի համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր ծավալը, մեկ շահառուին տրամադրվող աջակցության առավելագույն չափը, ծրագրային միջոցառումների ֆինանսական բաշխումը, ինչպես նաև ֆինանսական հաշվարկների վրա ազդեցություն ունեցող այլ գործոնները։

31.         Ծրագրի շրջանակում նախատեսվում են հետևյալ ցուցանիշները՝

         1)    ելքային ցուցանիշներ՝

ա. նախաինկուբացիայի և բիզնես կրթության փուլում առնվազն 100 մասնակցի ներգրավում,
բ. ուսուցման արդյունքում առնվազն 50 կենսունակ գործարար ծրագրի մշակում և ներկայացում գնահատման,

գ. ֆինանսական աջակցության (դրամաշնորհի և համաֆինանսավորման) տրամադրում առնվազն 30 սկսնակ շահառուի,

դ. տարվա ընթացքում առնվազն մեկ պետություն–մասնավոր երկխոսության համաժողովի կազմակերպում,

ե. միջազգային համագործակցության շրջանակում առնվազն 2 համատեղ նախաձեռնության կամ ծրագրային փաստաթղթի մշակում,

        2)    արդյունքային ցուցանիշներ՝

ա. ֆինանսավորված շահառուների առնվազն 70 տոկոսի դեպքում ձեռնարկատիրական գործունեության փաստացի մեկնարկ կամ գործող բիզնեսի ընդլայնում,
բ. շահառուների ձեռնարկատիրական գիտելիքների և կառավարչական հմտությունների բարելավում,
գ. պետություն–մասնավոր երկխոսության համաժողովի արդյունքում բարեփոխումների առաջարկությունների ձևավորում և ներկայացում լիազոր մարմին,
դ. իրականացնող օպերատորի (օպերատորների) կողմից պետական հատկացումներին համադրելի մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավում՝ 1:1 հարաբերակցությամբ,

        3)    ազդեցության ցուցանիշներ՝

ա. սկսնակ ՓՄՁ սուբյեկտների կենսունակության բարձրացում և շուկայում դիրքավորման աջակցություն,
բ. նոր աշխատատեղերի ստեղծման խթանում, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում,

գ. ՓՄՁ ոլորտի արտադրողականության աճի և ՀՆԱ-ում ավելացված արժեքի մասնաբաժնի ավելացման համար նախադրյալների ձևավորում։

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

«—— —-ի N — -Ն որոշման

 

ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման վերջնաժամկետ

Ֆինանսավորում (ՀՀ դրամ)

1.

Սկսնակ ձեռնարկատերերի զարգացման և «Գաղափարից մինչև բիզնես» աջակցման ծրագիր

Սկսնակ ձեռնարկատերերի կարողությունների զարգացում, գործարար ծրագրերի մշակում և կենսունակ բիզնես նախաձեռնությունների ձևավորում

2026 թվականի դեկտեմբերի 20

90,000,000

1.1

Նախաինկուբացիա և բիզնես կրթություն

Առնվազն 100 մասնակից, որոնց կազմում կանանց մասնակցության խրախուսում (նպատակային ցուցանիշ՝ առնվազն 50 %), ինչպես նաև առնվազն 50 մշակված գործարար ծրագիր

2026 թվականի նոյեմբերի 25

15,000,000

1.2

«Գաղափարից մինչև բիզնես» ֆինանսական աջակցություն

Առնվազն 30 ֆինանսավորված շահառու, որոնցից առնվազն 70 %-ի դեպքում ապահովված է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկը կամ դրա համար անհրաժեշտ նախապայմանների վերջնական ձևավորումը

2026 թվականի դեկտեմբերի 20

75,000,000

2.

Պետություն–մասնավոր երկխոսության ապահովման միջոցառումներ

ՓՄՁ ոլորտում պետություն–մասնավոր երկխոսության ինստիտուցիոնալ հարթակի զարգացում և համագործակցության ամրապնդում

2026 թվականի դեկտեմբերի 20

10,000,000

2.1

Պետություն–մասնավոր երկխոսության համաժողով

2026 թվականի ընթացքում կազմակերպված առնվազն մեկ համաժողով

2026 թվականի ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի դեկտեմբերի 20-ը

Ներառված է 2-րդ կետի ֆինանսավորման մեջ

3.

Միջազգային համագործակցության շրջանակում ՓՄՁ զարգացման համատեղ նախաձեռնություններ

Միջազգային համագործակցության շրջանակում առնվազն 2 համատեղ նախաձեռնության կամ փաստաթղթի ձևավորում

2026 թվականի ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի դեկտեմբերի 20-ը

Արտաբյուջետային

 

 

 

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    12.05.2026 28.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 366

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: