Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ 03.04.26թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«---» --- 2026 թ.

N ----Ն

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1.       Հաստատել «Մասնագիտական ուսումնական հաստատություն (ՄՈՒՀ) ընդունելության կարգը»` համաձայն հավելվածի:

2.      Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի  «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 60-Ն հրամանը, բացառությամբ հեռակա ուսուցման ձևով ընդունելությանը վերաբերելի 2-րդ կետի 2-րդ հատվածը, 7-րդ կետի 2-րդ ենթակետը, 10-րդ կետի 1-ին մասի հեռակա ուսուցման պայմանները, 11-րդ կետի 3-րդ ենթակետը, որոնք ուժը կորցրած են ճանաչվում Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ՄՈՒՀ-երի կողմից լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթական ծրագրեր կազմակերպելու համակարգը ներդնելը, բայց ոչ ուշ քան 2028-2029 թվականի ընդունելության մեկնարկը։

3.      Հեռակա ուսումնառության ձևով ընդունելությունը կազմակերպվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից՝ առկա ուսուցման համար սահմանված ընթացակարգով։

4.      Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՆԱԽԱՐԱՐ`                        ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

հուլիսի ----ի 2026 թ.

N -----Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է արհեստագործական կրթական ծրագրով՝ «արհեստավոր» կամ «կրտսեր մասնագետ» որակավորման կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «մասնագետ» որակավորման համար մասնագիտական ուսումնական հաստատություն (այսուհետ` ՄՈՒՀ) ընդունելության գործընթացներն ու հարաբերությունները։
  2. Հանրային ՄՈՒՀ-ի ընդունելության առանձնահատկությունները  կարող են սահմանվել  հիմնադիր կողմերի միջև համագործակցության պայմանագրով, իսկ մասնավոր ՄՈՒՀ-ի դեպքում՝ իր կանոնադրությամբ։
  3. Պետական և հանրային ՄՈՒՀ-երի պետական բյուջեի միջոցներից փոխհատուցվող տեղերը հատկացվում են  ՀՀ կառավարության սահմանված կարգով։
  4. ՄՈՒՀ-ը ընդունելություն կարող է հայտարարել և անցկացնել մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և տվյալ որակավորման լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝

ա) տվյալ որակավորման (ուղղվածության) ծրագիրն իրականացվում է առաջին անգամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված կրթական ծրագրերի փորձարկման կարգով.

բ) դեռևս սահմանված և ներդրված չէ տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը և տվյալ որակավորման ծրագիրը կազմակերպվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական չափորոշչով։ Այդ դեպքում ընդունելություն կարող է հայտարարվել տվյալ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում։

  1. Կառավարության կողմից կրթական ծրագրերի մակարդակներին և ոլորտներին համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը (այսուհետև՝ Լիազոր մարմին), հիմք ընդունելով հատկացված ընդհանուր տեղերի թիվը և պետական ու հանրային ՄՈՒՀ-երի նախնական հիմնավորված հայտերը, ըստ ՄՈՒՀ-երի հատկացնում է փոխհատուցման ենթակա (այսուհետև՝ անվճար)  ընդունելության տեղերը։
  2. ՄՈՒՀ-ը անվճար և վճարովի տեղերի համար ընդունելությունն իրականացնում է մրցութային հիմունքներով՝ յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում։
  3. ՄՈՒՀ ընդունելությունը կատարվում է տվյալ որակավորման շրջանակային նկարագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված մուտքային պահանջներով՝ առնվազն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձանց (օրինական ներկայացուցչի) դիմումներով՝ համաձայն սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված ընթացակարգի։
  4. ՄՈՒՀ ընդունելությունը իրականացվում է առանց քննությունների, բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների (այսուհետև՝ «Ոլորտային մասնագիտություններ»), որոնց համար սահմանվում է քննություն՝ համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի։
  5. Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-երի ընդունելությունն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի  հրամանով սահմանված կարգով։
  6. Օտարերկրացիները և սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող դիմորդները կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել սույն կարգով կամ ՀՀ կառավարության սահմանած՝  ՄՈՒՀ-եր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգով.
  7. Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված ընդունելության պահանջները։
  8. Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։
  9. Արգելվում է ՄՈՒՀ-երի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված կամ ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ՄՈՒՀ-ում ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն մասում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
  10. ՄՈՒՀ ընդունելության ընդհանուր մրցույթով պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնառության կարող են ընդունվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան դիմորդները, իսկ ընդհանուր մրցույթից դուրս,  առանձին մրցույթով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները, եթե ապահովել են տվյալ ՄՈՒՀ-ի տվյալ որակավորման (մասնագիտության) ընդունելության համար անցողիկ նվազագույն շեմը (նաև վճարովի)՝ անկախ ուսումնառության ձևից, պահպանելով տվյալ որակավորման (մասնագիտության) լիցենզիայով հատկացված սահմանային տեղը։
  11. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակներում առաջնահերթ և կարևոր ոլորտների (այսուհետև՝ գերակա) ճանաչված որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտության համար ընդունելությունը կատարվում է լիազոր մարմնի հաստատած անվճար և վճարովի տեղերի քանակով։
  12. Մշակույթի, սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագրերի մակարդակներով և ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող ՄՈՒՀ-երը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունների պայմանները։ Հրապարակված պայմանները փոփոխման ենթակա չեն, բացառությամբ, եթե դա պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

 

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. ՄՈՒՀ-երին պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը՝ ըստ կրթական ծրագրերի  մակարդակների և  որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների հատկացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, բայց ոչ ուշ քան ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։
  2. Լիազորված մարմնի կողմից ըստ ՄՈՒՀ-երի և որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների ընդունելության տեղերը համապատասխան հրամանով հատկացնելուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (իսկ դրա անհնարինության դեպքում՝ ՄՈՒՀ-ի  էլեկտրոնային հասցեին) ուղարկվում է ՄՈՒՀ-երին։
  3. ՄՈՒՀ-ը իր որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների անվանումները, դրանց համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի թիվը, տվյալ տարվա համար ընդունելության անվճար և վճարովի տեղերը, այդ թվում՝՝ գերակա ճանաչված ոլորտների  մասին տեղեկությունները ներբեռնում է, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատավական համակարգ: (այսուհետև՝ ՄԿԿՏՀ)։
  4. Լիազոր մարմնի սահմանած փորձարարական կարգով ՄՈՒՀ-ում ներդրվող որակավորման ծրագրով ընդունելությունը կազմակերպվում է  հիմք ընդունելով  Լիազոր մարմնի հրամանով հատկացված  անվճար և վճարովի տեղերի քանակը՝ իրազեկելով դիմորդներին դրա փորձարարական լինելու մասին։ 
  5. Ընդունելության տեղերի մասին տվյալները ստանալուց հետո ՄՈՒՀ-ը 2 աշխատանքային օրվա ընթացքում ՄԿԿՏՀ է ներբեռնում՝

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակներում համապատասխան որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի ցանկը՝ նշելով յուրաքանչյուրի անվճար և վճարովի տեղերի քանակը, այդ թվում՝ գերակա ոլորտների և փորձարարական ծրագրերի համար.

2) ՄՈՒՀ-ի ընդունելության պայմանների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը ապահովող էլեկտրոնային (թվային) հարթակի ակտիվ հղումը։

  1. Ընդունելության գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով ՄՈՒՀ-ի Ընդունող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծում է Դիմորդի անկյուն, ապահովում դիմորդների խորհրդատվության, աջակցության և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ,  ինչպես նաև իր պաշտոնական կայքով (առկայության դեպքում)  և սոցիալական ցանցերով տարածում  հրապարակման ենթակա հետևյալ տեղեկությունները.

ա) դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության,

բ) տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության ծրագրի լիցենզիայի համարը կամ փորձարարական ծրագրի դեպքում՝ հրամանի համարը,  տեղեկատվություն ծրագրի հավատարմագրված լինելու մասին (առկայության դեպքում),

գ) որակավորման ծրագրի կազմակերպման ձևը` լրիվ  կամ մասնակի բեռնվածությամբ (դրա բացակայության դեպքում՝ ուսումնառության ձևը),

           դ) որակավորման ծրագրի մուտքային պահանջը (կրթության հիմքը)` առնվազն   

           հիմնական կամ միջնակարգ,

ե) ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների անվճար, այդ թվում՝ գերակա ճանաչված և վճարովի ընդունելության տեղերի քանակը,

զ) ոլորտային մասնագիտությունների դեպքում՝ քննության օր(եր)ը, ժամը, վայրը, տեսակը (գրավոր, բանավոր, գեղարվեստական ծրագրի կատարումը և այլն), ըստ մարզաձևերի ֆիզիկական պատրաստության նորմատիվները և քննական ծրագրային չափանիշները,

է) Ոլորտային մասնագիտությունների դեպքում՝ քննական հանձնաժողովների կողմից քննությունների անցկացման ժամանակացույցը,

ը) ուսման վճարի տարեկան չափը, իսկ տարբերակված լինելու դեպքում՝ ընդհանուր և առավելագույն չափը,

թ) ուսումնառության նորմատիվային (առավելագույն) տևողությունը,

           ժ) որակավորման աստիճանը, որակավորումը,

ժա) կրեդիտների ընդհանուր քանակը (առկայության դեպքում),

ժբ) աշխատանքի վրա հիմնված ուումնառության ձևը (դուալ, պրակտիկա, աշխատանքի ընթացքում),

ժգ) որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները,

ժդ) այլ տեղեկատվություն՝ ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ:

  1. Լիազոր մարմինը համակարգում է սույն կարգի 21-րդ կետի 1-ին մասով ՄՈՒՀ-երի կողմից ընդունելության տեղերի վերաբերյալ լրացվող տվյլաները, ըստ անհրաժեշտության ապահովում դրանց ճշգրտումը։ 
  2. ՄՈՒՀ-ի ընդունելության տեղերի մասին տվյալները ստանալուց հետո «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում՝

1)     ակտիվացնում է ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգը,

2)    հրապարակում է դիմորդի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ոլորտային մասնագիտութունների դեպքում՝ քննությունների նախնական և ճշգրտված ժամանակացույցը:

  1. Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն   էլեկտրոնային եղանակով ընդունվում են ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության  հրապարակման օրվանից սկսած, բայց ոչ ուշ քան հուլիսի 10-ը.

 1) ոչ Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը ներառյալ` ժամը 1800,

 2) Ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը ներառյալ` ժամը 1800, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ընկած ժամանակահատվածում։

  1. Սույն կարգի 25-րդ կետում սահմանված ժամկետները ոչ աշխատանքային օր լինելու դեպքում, վերջնաժամկետը տեղափոխվում է հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 1800-ը։
  2. Դիմորդների կողմից դիմում հայտերը ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում կարող են փոփոխվել մինչև  դիմումների ընդունման օրվա ավարտը:
  3. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ Ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը:
  4. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը մրցույթն ամփոփելու ընթացքում կատարում է ներքին վերաբաշխում ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի տեղերի:
  5. Վերաբաշխում կարող է կատարվել նաև հարակից որակավորումների միջև՝ ուսանողի համաձայնությամբ և Ընդունող հանձնաժողովի որոշումով։  Ներքին վերաբաշխման արդյունքում թափուր մնացած տեղերը (անվճար և վճարովի) հատկացվում են քննության արդյունքում առավել բարձր գնահատական ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդին, իսկ հավասար միավորներ ունենալու դեպքում առաջնայնությունը տրվում է սույն կարգի 80-րդ կետով սահմանված առաջնահերթությանը:
  6. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ի տվյալ որակավորման մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։
  7. Մրցույթի արդյունքները հաստատության կողմից ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգի «Դիմորդներ» բաժնում հրապարակվելուց հետո, ԿՏԱԿ–ը 2 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում ըստ որակավորման և մուտքային պահանջի (կրթական հիմքի) թափուր մնացած տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվարկում է ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով և հրապարակում այն ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում:
  8. Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո ՄՈՒՀ-ում ընդունելություն հայտարարած որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության թափուր տեղերի առկայության դեպքում,  առնվազն  օգոստոսի 12-ից 18-ը ժամը 18։00-ն կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլ։
  9. ՄՈՒՀ-ի ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում ցանկացած ՄՈՒՀ-ում (այդ թվում՝ ոլորտային մասնագիտություններով) ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում հայտ չներկայացրած դիմորդը՝ բացառությամբ  Ոլորտային մասնագիտությունների, որոնց դեպքում կարող է դիմել տվյալ տարվա մրցույթի առաջին փուլին մասնակցած և քննական դրական միավորով մրցույթը չհաղթահարած դիմորդը:
  10. Երկրորդ փուլի հայտերը ընդունվում են ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում՝ անհրաժեշտության դեպքում ներբեռնելով սույն կարգի 49-րդ և 50-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, իսկ Ոլորտային մասնագիտություններով դիմորդը նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

 

 

3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

  1. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով՝ Լիազոր մարմնի կողմից ընդունելության տեղերը հատկացվելուց հետո՝ 2 աշխատանքային  օրվա ընթացքում ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով ստեղծվում է Ընդունող հանձնաժողով, որը գործում է սույն կարգի 42-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակում օգոստոսի 25-ը (մինչև ընդունելության գործընթացի արդյունքների վերաբերյալ Լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնելուն հաջորդող երկրորդ աշխատանքային օրը)։
  2. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը՝ ՄՈՒՀ-ի տնօրենը կամ նրա տեղակալը, նախագահի տեղակալը՝ տնօրենի տեղակալը կամ ՄՈՒՀ-ի որակի պատասխանատուն կամ կառավարչական պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու քարտուղարը և անդամները, այդ թվում՝ կարիերայի պատասխանատուն և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պատասխանատուն։
  3. Ոլորտային մասնագիտություններով քննությունների անցկացման նպատակով ստեղծվում են Քննական հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ՄՈՒՀ-ի, ՄԿՈՒ համակարգման մարմնի, ոլորտային մարմնի ներկայացուցիչները։ Քննական հանձնաժողովի նախագահի և անդամների կազմը հաստատում է  Ընդունող հանձնաժողովի նախագահը:
  4. Ոլորտային մասնագիտությունների համար՝ ըստ Աղյուսակ 1-ով սահանած քննական առարկաների, ստեղծվում են համապատասխան մասնագիտացված քննական հանձնաժողովներ։ Եթե ՄՈՒՀ-ում առկա է նույն ոլորտի նույն առարկայի քննություն և դրանք բովանակությամբ ու բարդությամբ նույն են, ապա Ընդունող հանձնաժողովի որոշումով և ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով կարող է ձևավորվել տվյալ առարկայի (քննության) մեկ Քննական հանձնաժողով։ 
  5. Ոլորտային մասնագիտությունների քննությունների կազմակերպմանը աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության,  Ընդունող հանձնաժողովի որոշումով կարող է ստեղծվել տեխնիկական անձնակազմ։
  6. Ընդունող հանձնաժողովի նախագահը` ընդունելության տեղերը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, Լիազոր մարմին և ԿՏԱԿ է ներկայացնում քննության նախնական օրերը, իսկ դիմորդների հայտագրման ժամկետից անմիջապես հետո՝ ճշտված ժամանակացույցը:
  7. Ընդունող հանձնաժողովը ապահովում է`

1) ընդունելության գործընթացի հետ կապված տեղեկատվության մշակումը, ԿՏԱԿ-ի հետ տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը, շահառուների շրջանում իրազեկման միջոցառումների կազմակերպումը,

2) դիմորդների էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված ընդունելության փաստաթղթերի ընդունումը և չեղարկումը, դիմորդների ինքնաշխատ գրանցամատյանի վերբեռնումը, հետադարձ կապի ապահովումը,  ինչպես նաև սույն կարգի 55-րդ կետով սահմանված դեպքում դիմում հայտի մերժումը և մերժման հիմնավորումը,

3) մասնագիտական կողմնորոշման կազմակերպումը, այդ թվում՝ ՄՈՒՀ-ում առկա որակավորումների առավելությունների, ՄՈՒՀ-ի գործընկերների և ուսանողի կարիերայի աճի և հնարավոր հեռանկարների մասին հստակ իրազեկումը, դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը,

4) ընդունելության մրցույթի և քննությունների ընթացքի  վերաբերյալ դիմորդներին և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվության տրամադրումը, հարցերի հստակեցումը և տեխնիկական աջակցությունը,

5) ուսանողի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների և կրթության կազմակերպման առանձնահատկությունների մասին իրազեկումը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի ներքին ակտերի վերաբերյալ պարզաբանումները,

6) էլեկտրոնային եղանակով ստացված անհրաժեշտ փաստաթղթերի  ստուգումը, համալրումը, դրանց բնօրինակների հետ իսկության ճշտումը, դիմորդների  անձնական գործի ձևավորումը,

7) ընդունելության մրցույթի անցկացումը, արդյունքների ամփոփումը,

8) մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների՝ երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի տեղերի վերաբաշխում, այդ թվում` նույն որակավորման համանման գործիքների միջև,

9) էլեկտրոնային եղանակով հայտագրված դիմորդների անվանացանկի հրապարակումը՝ ըստ նրանց մրցութային արդյունքների, ինչպես նաև ընդունված դիմորդներին հրամանագրելու առաջարկ տալու մասին որոշման ընդունումը,

10) ընդունելության տարածքների հարմարեցումը,  կահավորումը, ինչպես նաև ընդունելության ընթացքում հերթապահության ապահովումը։

  1. Ընդունող հանձնաժողովի լիազորություններից բխող ներքին աշխատանքները կանոնակարգվում են նիստերի միջոցով, որի օրակարգում քննարկվում է ընդունելության ընթացքի հետ կապված խնդիրները, աշխատանքների արդյունվետության գնահատումը, որոշման ենթակա հարցերը։ Նիստն արձանագրում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:
  2. Ընդունող հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում է ընդունելության գործընթացը՝ համաձայն սույն կարգի 42-րդ կետով սահմանված լիազորությունների,

2) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարությունը,

3) ձևավորում և հաստատում է քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է այդ հանձնաժողովների աշխատանքները,

4) հաստատում է Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը,

5) ընդունող և քննական հանձնաժողովների անդամներին ծանոթացնում է ընդունելության գործընթացը կարգավորող փաստաթղթերին, ՄՈՒՀ-ի ներքին ակտերին, դիմորդներին տրամադրվող տեղեկությունների հիմնական պայմաններին, ինչպես նաև ապահովում է հանձնաժողովների բնականոն գործունեության համար անհրաժեշտ  աշխատանքային պայմանները,

6) որոշում է ընդունում Ոլորտային մասնագիտություններով դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա,

7) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ,

8)կարգավոում է ընթացիկ խնդիրները։

  1. Ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) կատարում է Ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները՝ նրա բացակայության ընթացքում,

2) ձևավորում է «Դիմորդի անկյուն»` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ,

3) հսկում է Քննական հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումը, ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ։

  1. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

1) ստուգում է էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված դիմորդների փաստաթղթերը, բացահայտում անճշտությունները և դրանց մասին պատշաճ տեղեկացնում դիմորդին և հանձնաժողովին,  վարում է անձնական գործերը ձևավորելու  ընթացքը.

2) նախապատրաստում և արձանագրում է ընդունող հանձնաժողովի նիստերը, սահմանված կարգով փոխանցում դրանք ՄՈՒՀ-ի համապատասան ստորաբաժանում:

  1. Քննական հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը,

2) ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պատասխանատու է ՄՈՒՀ-ում դրանց պահպանման համար,

3) ղեկավարում է քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքի որակի համար,

4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար,

5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը և ներկայացվող պահանջները,

6) ընտրողաբար ստուգում կամ վերստուգում է գրավոր աշխատանքները՝ բողոքարկման դեպքում,

7) յուրաքանչյուր քննության ավարտից անմիջապես հետո ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները,

8) քննարկում է նույն կամ համանման որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների վերաբաշխման հարցը և առաջարկը ներկայացնում ընդունող հանձնաժողովի քննարկմանը:

  1. Քննական հանձնաժողովների լիազորությունները դադարում են  համապատասխան քննությունների վերջնական արդյունքների ամփոփման (ներառյալ՝ երկրորդ փուլի)  օրվան հաջորդող 3-րդ օրվանից:

 

4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

 

  1. Դիմորդը` ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը։
  2. Դիմորդի հայտը  պարունակում է ներքոնշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, իսկ դրա բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.

1) լուսանկար,

2) կրթության համար հիմք հանդիսացող սույն կարգի 57-րդ կետով սահմանված նախընտրելի փաստաթուղթը,

3) անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը և այլն`ըստ  ՀՀ կառավարության 22.12.99 թվականի N 767 որոշումով սահմանված տեսակների,

4) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը,

5) սույն կարգի 13-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,

6) տեղեկանք վերջին երեք տարում սովորած և ավարտած ուսումնական հատատության մասին,

7) տեղեկանք փաստացի բնակության վայրից։

  1.  Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված և ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում՝ դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը։
  2. Դիմորդի ցանկությամբ և սույն կարգի 80-րդ կետով սահմանված՝ հավասար միավորեների դեպքում մրցույթում առավելությունը որոշելու համար, կարող է ներբեռնվել նաև հետևյալ փաստաթղթերը.  

1) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),

2) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք է բերել լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակել են հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո) (առկայության դեպքում), 

3) կամավորական աշխատանքի նախաձեռնության և (կամ) մասնակցության վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),  

4) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),

5) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար վերջին երկու տարվա ընթացքում հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը։

  1. Ներկայացված կեղծ փաստաթղթերի և տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
  2. Դիմորդը կարող է դիմել մեկ ՄՈՒՀ-ի մեկ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության համար, երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
  3. Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.

1) դիմորդի դիմում հայտը և/կամ փաստաթղթերը թերի են և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ  առաջ,

2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատական և դիմորդների հայտերի քանակը գերազանցում է կրթության տեղեկատվական համակարգում մուտքագրված տվյալ մասնագիտության տեղերի ընդհանուր թիվը: Դիմում հայտը մերժվում է տեղերի ընդհանուր թիվը գերազանցելու հաջորդ օրը, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին էլեկտրոնային փոստի և հեռախոսակապի միջոցով:

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավիճակում, եթե ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատական կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր՝ 20 բալային սանդղակով, ապա դիմորդի փաստաթղթերն ընդունվում են միայն տվյալ մասնագիտությամբ թափուր անվճար կամ վճարովի տեղ լինելու դեպքում: Այն դիմորդները, որոնք դիմել են Ոլորտային մասնագիտություններով ընդունելության՝ սահմանված կարգով հանձնում են քննություններ, իսկ մրցույթի անցկացման դեպքում Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատական հաշվել 0 միավոր:

4) հիմնական կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների համար ընդունելության գործընթացի առաջին փուլում Երևան քաղաքում գործող ՄՈՒՀ-ում չի հայտագրվել 15 դիմորդ, իսկ  ՀՀ մարզերում՝  13 դիմորդ,  բացառությամբ՝ «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» բաժնի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» մասնագիտությունների և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի։ Եթե դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա ՄՈՒՀ-ը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ խումբ չձևավորելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ:

5) միջնակարգ կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների համար ընդունելության գործընթացի առաջին փուլում չի հայտագրվել 10 դիմորդ  (բացառությամբ արվեստի ոլորտի և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի, եթե առկա չէ հիմնական կրթության հիմքով երկրորդ կուրս: Այս դեպքում կարող է կիրառվել սույն կարգի 55-րդ կետի 4-րդ ենթակետի երկրորդ պարբերության ընթացակարգը։ 

6) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:

 

5. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

  1. Ընդունելության մրցույթը անցկացվում է տվյալ որակավորման (ուղղվածության) մուտքային պահանջի համար սահմանված կրթական ծրագրի վերջնարդյունքների միավորների հաշվարկման միջոցով։
  2. Մուտքային պահանջ հանդիսացող միավորները հաշվարկելու համար  հիմք է ընդունվում առնվազն հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի միավորները (այդ թվում՝ քննական), իսկ դիմորդի ցանկությամբ նաև՝ արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի ներդիրի գնահատականները, կրեդիտները,  որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով (այսուհետև՝ նախընտրած փաստաթուղթ)։   
  3. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:
  4. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են Քննական հանձնաժողովները` ՄՈՒՀ-ի Ընդունող հանձնաժողովի նախագահի հաստատած և ՄԿԿՏՀ-ում ամրացված ժամանակացույցի համաձայն:
  5. ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրը, ժամը և քննության անցկացման վայրը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:
  6. Քննական տոմսերը կազմվում են ՄՈւՀ-ի քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
  7. Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:
  8. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում  անձը հաստատող փաստաթղթով և քննական թերթիկով, որոնք ստուգում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը՝ ՄՈՒՀ և քննասենյակ մտնելիս:
  9. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, Ընդունող հանձնաժողովի որոշումով, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունը ՄՈՒՀ-ում չի ավարտվել, իսկ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության քննության արդյունքները չեն ամփոփվել։
  10. Յուրաքանչյուր գրավոր առարկայի քննական խմբում, կարող է ընդգրկվել մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:
  11. Քննությունների օրերին ՄՈՒՀ-ում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.

1) ՄՈՒՀ-ի տարածքում` ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ընդունող հանձաժողովի նախագահի թույլտվությամբ քննության ընթացքին հեռարձակման միջոցով հետևելու ցանկություն ունեցող դիմորդների ծնողները, սոցիալական գործըներների և լիազոր մարմնի  ներկայացուցիչները և լրագրողներ՝ դիտորդի կարգավիճակով.

2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, ընդունող հանձնաժողովի նախագահը։

  1. Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների քննությունները կազմակերպվում են գրավոր և բանավոր ձևաչափով,  որոնց շրջանակում ստուգվում է ստեղծագործական և կատարողական հմտությունները կամ ֆիզիկական կարողությունները (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքները և կարողունակությունները։
  2. Ոլորտային որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների  կատարողական և ստեղծագործական հմտությունները, ֆիզիկական կարողությունները ստուգող (բացահայտող) գործնական քննությունները, դրանց գրավոր կամ բանավոր տեսակը և տևողությունը սահմանվում է Աղյուսակ 1-ում։
  3.  Սույն կարգի իմաստով գրավոր է համարվում գործնական քննություն հետևյալ տարբերակները. թեստային աշխատանքը, թելադրությունը, գծանկարը, գեղանկարը, սոլֆեջոն և այլն, իսկ բանավոր՝ գործիքային և վոկալ կատարումները, պարը, ֆիզիկական կուլտուրային նորմատիվները կատարելը, գործնական խնդիրները ցուցադրելը և այլն։  
  4. Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են ՄՈՒՀ-ի դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
  5. Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում՝ աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
  6. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է քննական հանձնաժողովի անդամների կողմից: Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:
  7. ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:
  8. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`

1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը.

2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:

  1. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
  2. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու՝ քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:
  3. Ընդունելության մրցույթը անցկացնելու համար մուտքային պահանջ հանդիսացող միավորները հաշվարկվում է հետևյալ սկզբունքներով. 

1) ոչ ոլորտային որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների դեպքում՝ սույն կարգի 57-րդ կետի նախընտարած փաստթաթղթի   գնահատականների միջին թվաբանականի և տվյալ որակավորման համար սույն կարգի Աղյուսակ 1-ով տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության համար մրցութային սահմանված առարկայի (ների) գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումարը. (այսուհետև՝ ՄԹԳ)

2) «Ոլորտային մասնագիտությունների» դեպքում ` բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետի որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների,  սույն կետի 1-ին ենթակետով հաշվարկված միավորների քանակը և Աղյուսակ 1-ի տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ընդհանուր առավելագույն գումարը.

3) սույն կարգի Աղյուսակ 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» և սպորտի որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների դեպքում՝  սույն կարգի Աղյուսակ 1-ով դրանց համար սահմանված  քննության/քննությունների գնահատականի(ներ) ընդհանուր առավելագույն գումարը (այսուհետ` արվեստի և սպորտ)։

  1. Անվճար տեղերում ընդունվում են սույն կարգի 77-րդ կետով մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման արդյունքով առավել բարձր միավոր ունեցող պետական ՄՈՒՀ-ի դիմորդները՝ ըստ տվյալ տարում հատկացված անվճար տեղերի քանակի։  Վճարովի տեղերում ընդունվում են անվճար տեղերի շեմից հետո միավորների առավելությամբ նվազող միավորներ ունեցող  դիմորդները, բայց ոչ ավել քան տվյալ որակավորման լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի քանակն է։
  2. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված արտոնություն ունեցող ուսանողների հրամանագրումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման սկզբունքով՝ անկախ ընդունելության մրցույթի արդյունքներից։

80.   Սույն կարգի 77-րդ կետերով սահմանված  հաշվարկման  արդյունքներով  հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված հերթականության կարող են ընդունվել՝

1) գերազանց առաջադիմությամբ դիմորդին, և սույն կարգի 77-րդ կետի

1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկով ընդհանուր առավելագույն գումար

ունեցող դիմորդին.

2) տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

3) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական ունեցող, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո) կուտակած դիմորդին,

4) կամավորական աշխատանքի նախաձեռնություն և (կամ) մասնակցության ունեցող դիմորդին,

5) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմ կամ մրցանակ ստացած դիմորդին,

6) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

7) տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին։

  1.  Ընդունելության մրցույթը համարվում է ավարտված ՄՈՒՀ ընդունելության մրցույթի առաջին փուլը՝ ըստ անվճար և վճարովի տեղերի ամփոփելուց հետո, իսկ թափուր տեղ մնալու և այդ տեղերի մրցույթը շարունակելու դեպքում՝ երկրորդ փուլի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո՝  անկախ այդ տեղերը համալրված լինելու կամ չհամալրվելու հանգամանքից։
  2. Կրթական ծրագրերի մակարդակներին և որակավորումներին (ուղղվածություններին) կամ մասնագիտություններին համապատասխան՝ անվճար տեղերի շրջանակում,  լիազոր մարմնի ղեկավարը, տվյալ տարվա ընդունելության մրցույթի նախնական արդյունքներն ամփոփելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա  ընթացքում կարող է թույլ տալ կատարել նշված որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների նախնական հատկացված տեղերի վերաբաշխում՝ համաձայն ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի հիմնավորված հայտի։ Թույլտվության դեպքում և Ընդունող հանձաժողովի որոշումով ՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով հաստատվում է վերաբաշխված ընդունելության վերջնական արդյունքները։
  3. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են ՄՈՒՀ-ում համապատասխան մակարդակի որակավորման մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:
  4. Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-ը ներառյալ Լիազորված մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ ընդունելության արդյունքները` ըստ որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների, կրթության հիմքի և ուսուցման անվճար կամ վճարովի համակարգ ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև կից գրությամբ առաջարկություններ և տեղեկություններ, այդ թվում՝ սույն կարգի 14-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող ուսանողների վերաբերյալ:

 

6. ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

  1.  Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 50-րդ և 52-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), իսկ ոլորտային  մասնագիտությունների դեպքում (եթե առկա է) նաև դիմորդների գրավոր քննական աշխատանքները (այդ թվում՝ ստեղծագործական բնույթին նյութական կրիչով), բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:

86.      Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա ՄՈՒՀ-ի տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 5 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են հրամանագրման պահից, ոչ ուշ քան հաջորդ օրը:

87. Դիմորդները հրամանագրվում են ըստ իրենց ուսումնառած կրթության հիմքերի (հիմնական կամ միջնակարգ) առաջին կուրս:

88.      ՄՈՒՀ-ի ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ կնքում է պայմանագիր, այն տեքստով, որը հրապարակել էր ՄՈՒՀ-ի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:

89.      ՄՈՒՀ-ի ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ պայմանագիրը կնքելուց առաջ ևս մեկ անգամ ծանոթացնում է կնքվելիք պայմանագրի հիմնական պայմաններին, ՄՈՒՀ-ի լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին, պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին և որակավորման ծրագրի կազմակերպման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին, որոնց մասին հրապարակվել էր նաև Դիմորդի անկյունում, ՄՈՒՀ-ի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում։ Դիմորդը (նրա օրինական ներկայացուցիչը) նշված տեղեկություններին ծանոթացած լինելու մասին նշում է կատարում պայմանագրում։ 

90.      ՄՈՒՀ-ի և ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրում ամրագրվում են ուսանողի ընդունված որակավորումը (ուղղվածությունը) կամ մասնագիտությունը ուսումնառության առավելագույն տևողությունը, տվյալ որակավորման  ծրագրի համար նախատեսված ուսման վարձի տարեկան չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների  և կրեդիտների ընդհանուր քանակը, որակավորումից և համապատասխան զբաղմունքից բխող գործնական ուսուցման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքով ու ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ պայմաններ: Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար:

  1. Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:
  2. ՄՈՒՀ-ի ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է մինչև 25 ուսանող:
  3. ՄՈՒՀ-ի չընդունված դիմորդի վերեբերյալ տեղեկությունները պահվում են ՄԿԿՏՀ-ից ներբեռնած դիմորդի շարժի մատյանում, իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում նաև քննական աշխատանքները պահպանվում են ՄՈՒՀ-ում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

Աղյուսակ 1-ով ներկայացվում է առանձին  

 

 

  • Տևողություն

    06.04.2026 22.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 202

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: