ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, վերաբերում է պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատելուն Կառավարության կողմից: Նման կարգ ՀՀ-ում հաստատված չի եղել, սակայն նման օգնություն փաստացի տրամադրվել է կյանքի դժվարին իրավիճակում գնտվող անձանց կամ նրանց ընտանիքներին կա՛մ տարբեր ծրագրերի շրջանակներում, կա՛մ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից:
Կյանքի դժվարին իրավիճակն անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող օբյեկտիվ իրավիճակ է, որն անձը կամ ընտանիքն ինքնուրույն հաղթահարել չի կարող կամ հաղթահարում է մասնակի, և որը կարող է պայմանավորված լինել՝
ա. հաշմանդամության, տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինքնասպասարկման ունակությունների կորստով, սեփական վարքագիծը կառավարելու կարողության, տեղաշարժվելու կարողության կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության հետ կապված խնդիրներով կամ
բ. անօգնականության կամ սոցիալական մեկուսացման կամ վնասակար սովորույթների կամ ճնշող հոգեվիճակների պատճառով առօրյա կյանքի կազմակերպման դժվարություններով կամ
գ. փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքով, երեխայի վարքային խնդիրների դրսևորմամբ կամ դրա առաջացման վտանգով կամ կերակրողին կորցնելու հանգամանքով կամ
դ. անօթևանության կամ որոշակի բնակության վայր չունենալու պատճառով կամ
ե. աղքատությամբ, անապահովությամբ կամ
զ. գործազրկությամբ կամ
է. բռնության կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով կամ
ը. անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձով, տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ նրան փախստական ճանաչելով կամ
թ. պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու փաստով կամ
ժ. երկարաժամկետ միգրանտ հանդիսանալու փաստով կամ
ժա. հրատապ արձագանք պահանջող իրավիճակով կամ
ժբ. ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու կամ գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.
Վերը նշված իրավիճակների մի մասը նույնանում են «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված իրավիճակների հետ: Հետևաբար, այդ անձինք ստանալու են անվճար իրավաբանական օգնություն, որը տրամադրելու է Հանրային պաշտպանի գրասենյակը:
Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:
Վերը նշված երկու օգնությունները տրամադրելու են սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ իրենց շահառուներին, ովքեր կարող են դիմել իրավաբանական օգնություն ստանալու համար: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող են իրավաբանական օգնություն տրամադրել նաև իրենց նախաձեռնությամբ, երբ սոցիալական ծառայություն մատուցելիս կոնկրետ շահառուի մոտ բացահայտի դրա անհրաժեշտությունը:
Քրեական վարույթներով, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց տրամադրելու են փաստաբանները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի իրավաբանական օգնություն տրամադրող սուբյեկտների շրջանակը, իրավաբանական օգնության տեսակները, իրավաբանական օգնություն ստանալու համար ուղղորդումը և այլ առանձնահատկություններ։
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգված ձևով ապահովել իրավաբանական օգնության տրամադրումը դրա կարիքն ունեցող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքներին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 32-րդ կետից:
-
Տևողություն
02.04.2026 20.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 118
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: