Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Հռիփսիմե Ասատրյան 14.04.2026 12:18:24

Դիմում եմ Ձեզ՝ հաշվի առնելով աշխատանքային օրենսդրության բարեփոխումների և սոցիալական պաշտպանվածության հարցերում Ձեր հետևողական գործունեությունը։ Որպես կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ ներկայացնել օրենսդրական լրացման մի առաջարկ, որը միտված է աշխատող ծնողների, մասնավորապես՝ դասախոսների և ուսուցիչների աշխատանքային իրավունքների ընդլայնմանը։

Առաջարկի էությունը

Առաջարկում եմ դիտարկել համապատասխան իրավական ակտերում (ՀՀ Աշխատանքային օրենսգիրք և կրթության ոլորտը կարգավորող օրենքներ) փոփոխությունների հնարավորությունը, որոնք թույլ կտան մինչև 3 տարեկան երեխա ունեցող մանկավարժներին և դասախոսներին աշխատանքն իրականացնել հեռավար (online) ձևաչափով՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա.

1. Կամավորություն և հարմարավետություն. Եթե դասախոսը/ուսուցիչն ունի նման ցանկություն և հնարավորություն, և դա չի խաթարում կրթական ծրագրի բնականոն ընթացքը։

2. Տեխնիկական համապատասխանություն. Եթե կրթական հաստատության լսարանային պայմանները և տվյալ առարկայի բնույթը թույլ են տալիս ապահովել որակյալ հեռավար դասապրոցես (օրինակ՝ տեսական դասախոսություններ, սեմինարներ)։

3. Սոցիալական երաշխիք. Սա կդառնա պետության կողմից կարևոր աջակցություն երիտասարդ մասնագետներին՝ թույլ տալով համատեղել երեխայի խնամքը և մասնագիտական գործունեությունը՝ չկորցնելով որակավորումը։

Նախագծի հնարավոր ձևակերպումը

«Կրթության ոլորտի այն աշխատողներին, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխա, գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է ընձեռվել հեռավար եղանակով աշխատանքային պարտականությունների (դասապրոցեսի) իրականացման իրավունք, եթե հաստատության տեխնիկական հագեցվածությունը և դասավանդվող առարկայի առանձնահատկությունները թույլ են տալիս ապահովել սահմանված կրթական չափորոշիչները»։

Հիմնավորում

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել լիարժեք կրթական արդյունք նաև հեռավար հարթակներում։ Նման փոփոխությունը կնպաստի երիտասարդ կադրերի՝ համակարգում մնալուն, կթեթևացնի նրանց սոցիալական բեռը և կլինի ժողովրդագրական քաղաքականության խրախուսման գործուն քայլ։

Առաջարկը չի ընդունվել։ Հեռավար աշխատանքը կարող է իրականացվել, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար։ Միաժամանակ հեռավար աշխատանքի իրականացումը հնարավոր է միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ուստի, գործատուի անհամաձայնության դեպքում հեռավար աշխատանքի իրականացումը կարող է չթույլատրվել։ Միաժամանակ հարկ է նշել, որ կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևերի սահմանման առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։

27 Հռիփսիմե Ասատրյան 14.04.2026 12:18:24

.

Առաջարկ չի գրված։

28 Անահիտ Պողոսյան 13.04.2026 22:22:48

Առաջարկվող մոտեցումը անտեսում է աշխատանքային հարաբերությունների պայմանագրային բնույթը, սահմանափակում է գործատուի կառավարման իրավունքը:

Առաջարկը չի ընդունվել։ Եթե առաջարկը վերաբերում է «ծնողական ժամը» սահմանող հոդվածին, ապա նշենք, որ ծնողական ժամը կնպաստի աշխատողի՝ աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանը։ Սա հատկապես կարևոր է փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։ Առանց նման գործիքի աշխատողը կանգնում է ընտրության առաջ՝ աշխատանք կամ ընտանիք, ինչը սոցիալական տեսանկյունից անցանկալի է։  Բացի այդ, առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով՝ ծնողական ժամը հնարավորություն կտա ծնողին ավելի ակտիվ ներգրավված լինել երեխայի խնամքին, ինչը դրական ազդեցություն կունենա երեխայի զարգացման վրա։

29 Կարեն Պապյան 13.04.2026 22:24:03

Նախագիծը ստեղծում է աշխատաժամանակի կազմակերպման լրացուցիչ վարչական և գործառնական բարդություններ, հատկապես ծանր բեռ է դնում փոքր և միջին ձեռնարկությունների վրա:

Աշխատանքը չի ընդունվել։ Ծնողական ժամը կնպաստի աշխատողի՝ աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանը։ Սա հատկապես կարևոր է փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։ Առանց նման գործիքի աշխատողը կանգնում է ընտրության առաջ՝ աշխատանք կամ ընտանիք, ինչը սոցիալական տեսանկյունից անցանկալի է։  Բացի այդ, առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով՝ ծնողական ժամը հնարավորություն կտա ծնողին ավելի ակտիվ ներգրավված լինել երեխայի խնամքին, ինչը դրական ազդեցություն կունենա երեխայի զարգացման վրա։

30 Արմեն Սահակյան 13.04.2026 22:25:21

Աշխատանքային հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ համաձայնության և հավասարակշռության վրա, այլ ոչ թե պարտադրանքի։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

31 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 10:20:20

Սույն նախագիծը նպատակ ունի աշխատանքային հարաբերություններում ներդնել ավելի ճկուն և ընտանիքակենտրոն մոտեցումներ՝ սահմանելով «ծնողական ժամ» ինստիտուտը և ընդլայնելով ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունները։ Սա ընդհանուր առմամբ համապատասխանում է ժամանակակից աշխատանքային իրավունքի զարգացման միտումներին և նպաստում է աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիությանը։ Սակայն նախագծում առկա են մի շարք բացեր և հստակեցման կարիք ունեցող դրույթներ, որոնք կարող են առաջացնել կիրառական խնդիրներ։

Նախագծով նախատեսվում է, որ ծնողական ժամը կարող է կիրառվել գործատուի հետ համաձայնեցմամբ կամ դիմումի հիման վրա, սակայն գործնականում սա կարող է չաշխատել։ Աշխատաշուկայում առկա անհավասարության պայմաններում մեծ է հավանականությունը, որ գործատուները չեն համաձայնի աշխատողի ամենօրյա՝ թեկուզ 30 րոպեանոց բացակայությանը՝ անկախ դրա սոցիալական նպատակից։ Արդյունքում՝ իրավունքը կդառնա ձևական, աշխատողները կխուսափեն օգտվել դրանից՝ աշխատանքը կորցնելու կամ ճնշումների ենթարկվելու վախից, օրենքի սոցիալական նպատակը չի իրագործվի։ Բացի այդ, հաշվի առնելով օրինակ Երևան քաղաքի ավտոճանապարհների ամենօրյա խցանումների գործոնը, այդ 30 րոպեն չի գործելու և այդտեղից ծագելու են վեճեր գործոտուի և աշխատողի միջև։

Առաջարկը չի ընդունվել։ Ծնողական ժամը նախատեսվում է որպես աշխատողի իրավունք և աշխատողի դիմում գրելու պարագայում գործատուն չի կարող չտրամադրել։

Միաժամանակ նշենք, որ ծնողական ժամի տևողությունը երակարացնելու վերաբերյալ առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ՝ հետևյալ պատճառներով

Մինչև 2 երեխա ունեցող և 3 և ավելի երեխա ունեցող ծնողների կարիքները նույնական չեն, ուստի նրանց նույն կարգավորման ներքո ներառելը չի ապահովում տարբեր կարիքների պատշաճ հաշվառում։ Միաժամանակ, հաշվի առնելով ժողովրդագրական քաղաքականության նպատակները, նպատակահարմար է 1 ժամ տևողությամբ երաշխիքը պահպանել 3 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։

Ժամերի ավելացումը կդժվարացնի գործատուների համար աշխատանքի պլանավորումը և արտադրողականության պահպանումը:

Նշված երաշխիքը ապահովում է, որ ծնողներն աշխատանքի իրավունք ունենան՝ առանց աշխատանքի հասանելիության նվազեցման ռիսկի:

32 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 10:20:20

Սահմանել, որ՝ ծնողական ժամը հանդիսանում է աշխատողի երաշխավորված իրավունք և չի կարող մերժվել գործատուի կողմից, դրա կիրառման կոնկրետ ժամերը կարող են համաձայնեցվել գործատուի հետ՝ արտադրական գործընթացը չխաթարելու նպատակով, արգելվում է աշխատողի նկատմամբ անբարենպաստ վերաբերմունքը ծնողական ժամից օգտվելու պատճառով։ Ցանկալի ոչ թե ժամ սահմանել, այլ ազատ օր տրամադրել աշխատողին (day off), որը զարգացած պետություններում կիրառվող ձև է։

Առաջարկը չի ընդունվել։ Ծնողական ժամը նախատեսվում է որպես աշխատողի իրավունք և աշխատողի դիմում գրելու պարագայում գործատուն չի կարող չտրամադրել։ Ինչ վերաբերում է ծնողական ժամի փոխարեն ազատ օր տրամադրելուն, ապա նշենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է նախագծով մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում հնարավորություն տալ որոշակի ժամանակով բացակայելու։

33 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 10:20:20

Նախագիծը սահմանում է մինչև 12 տարեկան երեխաների շեմ, սակայն նախագծով անդրադարձ չի կատարում այն դեպքերին, երբ երեխան՝ ունի հաշմանդամություն կամ նա կարիք ունի մշտական ուղեկցման՝ անկախ իր տարիքից։ Այս կարգավորումը կարող է հանգեցնել սոցիալական անարդարության, քանի որ՝ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ նաև բարձր տարիքում ունեն ուղեկցման կարիք, հատկապես աշխատող միայնակ ծնողի դեպքում՝ միայն մոր խնամքի տակ գտնվելիս խնդիրը առավել արտահայտիչ և մտահոգիչ է։ 

Առաջարկն ընդունվել է։ Նախագիծն այս մասով լրամշակվել է։

34 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 10:20:20

Առաջարկում ենք նախագծում լրացնել 142.1-րդ հոդվածը, հետևյալ բովանդակությամբ դրույթ՝

Ծնողական ժամը կամ օրը տարածվում է նաև 12 տարեկանից բարձր այն երեխաների ծնողների վրա, ովքեր ունեն հաշմանդամություն կամ պահանջում են մշտական խնամք, անհրաժեշտության դեպքում կարելի է սահմանել՝ համապատասխան բժշկական կամ սոցիալական փաստաթղթերի հիման վրա։

Առաջարկն ընդունվել է։ Նախագիծն այս մասով լրամշակվել է։

35 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 10:27:32

Այսպիսով, Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումները թեև միտված են մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացման նպատակով «ծնողական ժամի» իրավունքի սահմանմանը, սակայն Նախագծում բացակայում են դրա իրացման հստակ ընթացակարգերը, գործատուի կողմից ծնողական ժամից օգտվելու իրավունքի մերժման իրավաչափության շրջանակը, ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության և գործատուի կողմից կամայական մեկնաբանությունների։  

Առաջարկում ենք․

Նախագծով նոր լրացված 141․1-ին  հոդվածը լրացնել ևս 4-րդ և 5-րդ մասերով, հետևյալ բովանդակությամբ․

4․ Ծնողական ժամի իրավունքի իրացման կարգը, ներառյալ՝ ժամանակի օգտագործման ձևերը (աշխատանքային օրվա սկզբում, ընթացքում կամ ավարտին) սահմանվում են կողմերի գրավոր համաձայնությամբ կամ գործատուի ներքին իրավական ակտերով։

5․ Գործատուն իրավունք չունի անհիմն մերժելու ծնողական ժամի տրամադրումը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրա տրամադրումը կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը։ Մերժումը աշխատողին տրամադրվում է գրավոր ձևով։»

Առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է, որ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, աշխատողների օրական կամ շաբաթական աշխատաժամանակի հաշվառմանը, աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Հետևաբար այս մասով լրացուցիչ կարգավորում նախատեսելը անհարկի կծանրաբեռնի հոդվածը։

Միաժամանակ նշենք, որ ծնողական ժամը նախատեսվում է որպես աշխատողի իրավունք և գործատուն չի կարող չտրամադրել։

36 Կարինե Հարությունյան 14.04.2026 14:02:00

Այս օրենքի նախագիծը, որը հուսով եմ օրենքի ուժ կստանա, ժամանակի թելադրանքի պահանջ է և՛ ճկուն աշխատանքային գրաֆիկը, և՛ ծնողական ժամը։ Կողմ եմ այս նախագծի (օրենքի) ընդունմանը:

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

37 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 14.04.2026 15:47:50

1. Ողջունում ենք ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը միտված է բարելավել աշխատող ծնողների սոցիալական պաշտպանության մակարդակը։

Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ առաջարկվող օրական մինչև 30 րոպե «ծնողական ժամը» գործնականում կարող է բավարար չլինել իր նպատակին ծառայելու համար։ Հատկապես Երևան քաղաքում առկա գերծանրաբեռնված երթևեկության, խցանումների, ինչպես նաև նախադպրոցական կամ ուսումնական հաստատություններ հասնելու և հետ վերադառնալու համար պահանջվող ժամանակի պայմաններում 30 րոպեն հաճախ չի կարող ապահովել երեխային ուղեկցելու հետ կապված գործողությունների լիարժեք իրականացումը։ Նպատակահարմար ենք համարում վերանայել նախատեսվող տևողությունը և սահմանել ավելի երկար ժամանակահատված՝ առնվազն 1 ժամ, կամ առնվազն նախատեսել դրա առավել ճկուն կիրառման հնարավորություն։

2. Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող ճկուն աշխատաժամանակի կարգավորմանը, թեև ընդհանուր առմամբ այն դրական է, մեր գնահատմամբ պարունակում է աշխատողի իրավունքների ոչ բավարար պաշտպանության ռիսկեր։ Նախագծում նշվում է, որ ճկուն աշխատաժամանակը կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ, սակայն աշխատանքային հարաբերությունների իրական պրակտիկայում նման դեպքերում հաճախ գերակշռում է գործատուի կամքը։ Արդյունքում առկա է վտանգ, որ ճկունության գաղափարը կարող է կիրառվել ոչ թե աշխատողի ընտանեկան պարտականությունների կատարմանը նպաստելու, այլ գործատուի կազմակերպչական հարմարությանը ծառայեցնելու նպատակով։

3. Խնդրում ենք նաև պարզաբանել, արդյո՞ք այս կարգավորումները վերաբերվելու են նաև հանրային ծառայողներին, թե ինչպես նախկինում աշխատաժամանակը սահմանվելու է Կառավարության որոշմամբ։ 

Առաջին առաջարկը չի ընդունվել։ Ծնողական ժամի տևողությունը մինչև 1 ժամ սահմանելու վերաբերյալ առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ հետևյալ պատճառներով․ 

Մինչև 2 երեխա և 3 և ավելի երեխա ունեցող ծնողների կարիքները նույնական չեն, ուստի նրանց նույն կարգավորման ներքո ներառելը չի ապահովում տարբեր կարիքների պատշաճ հաշվառում։ Միաժամանակ, հաշվի առնելով ժողովրդագրական քաղաքականության նպատակները, նպատակահարմար է 1 ժամ տևողությամբ երաշխիքը պահպանել 3 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։ Ժամերի ավելացումը կդժվարացնի գործատուների համար աշխատանքի պլանավորումը և արտադրողականության պահպանումը։ Նշված երաշխիքն ապահովում է, որ ծնողներն աշխատանքի իրավունք ունենան՝ առանց աշխատանքի հասանելիության նվազեցման ռիսկի։

2-րդ առաջարկը չի ընդունվել։ Ճկուն աշխատանքային գրաֆիկն ի սկզբանե սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և եթե այս մասով առկա չէ որևէ կողմի համաձայնություն, ապա չի կարող կիրառվել։

3-րդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N2138-Ն որոշմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանված է ժամը 9։00-18։00-ն, ուստի Նախագծով Օրենսգրքում նոր լրացվող ճկուն աշխատանքային գրաֆիկի հոդվածը հանրային ծառայության ոլորտի աշխատողների նկատմամբ կարող է կիրառվել այն դեպքում, երբ վերջիններիս համար 8 ժամից պակաս տևողություն է սահմանված (ոչ լրիվ աշխատաժամանակի տևողություն)։

 

38 Ռազմիկ Կարախանյան 15.04.2026 20:10:20

Նախագիծը չի պարունակում որևէ գնահատում հերթափոխային աշխատանքի կազմակերպման դժվարությունների վերաբերյալ:

Առաջարկը չի ընդունվել։ Հերթափոխային աշխատանքի պայմաններում ծնողական ժամի տրամադրումը կարող է արդյունավետորեն կազմակերպվել գործատուի կողմից՝ աշխատանքային գրաֆիկների ճկուն պլանավորման միջոցով՝ առանց էական գործառնական խոչընդոտների։

39 Թովմաս Պետրոսյան 15.04.2026 20:13:28

Նախագծով առաջարկվող պարտադիր կարգավորումները չեն անցել համապատասխան տնտեսական փորձաքննություն և հաշվի չեն առնում մասնավոր հատվածի առանձնահատկությունները: Նման

միջամտությունը կհանգեցնի աշխատանքային գործընթացների անկանխատեսելիության և արտադրողականության անկման: 

Առաջարկը չի ընդունվել։ Ծնողական ժամը կնպաստի աշխատողի՝ աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանը։ Սա հատկապես կարևոր է փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։ Առանց նման գործիքի աշխատողը կանգնում է ընտրության առաջ՝ աշխատանք կամ ընտանիք, ինչը սոցիալական տեսանկյունից անցանկալի է։  Բացի այդ, առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով՝ ծնողական ժամը հնարավորություն կտա ծնողին ավելի ակտիվ ներգրավված լինել երեխայի խնամքին, ինչը դրական ազդեցություն կունենա երեխայի զարգացման վրա։ Նման մեխանիզմները երկարաժամկետ կտրվածքով կարող են նվազեցնել աշխատողների հոսունությունը, բացակայությունները։

40 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Առաջարկում ենք սահմանել ծնողական ժամերը ամսվա կտրվածքով կուտակելու և դրանք գումարային օգտագործելու իրավունք (Հոդված 142.1.)։

 

վերջին տարիներին աշխատող ծնողները բարձրաձայնում են, որ հաճախ դժվարություններ են ունենում հարմարեցնելու իրենց աշխատանքային ժամերը պետական մանկապարտեզների աշխատանքային ժամերի հետ։ Մասնավորապես, սովորաբար, ծնողի համար աշխատանքային օրվա ավարտը սահմանվում է ժամը 18:00-ն, իսկ պետական նախակրթական հասատատությունների աշխատանքային ժամն ավարտվում է 17:30-ին։

Հետևաբար, 30 րոպեն բավարար չէ ծնողական ժամի իրավունքը պրակտիկայում իրացնելու համար, քանի որ, օրինակ, 17:30-ին աշխատավայրից դուրս գալն ու նույն ժամին մանկապարտեզում լինելը տրամաբանորեն և ֆիզիկակապես հնարավոր չէ։

Խնդիրը որոշակիորեն կարող է լուծել չօգտագործված 30 րոպեները կուտակելու և գումարային կերպով օգտագործելու հնարավորությունը։ Օրինակ, երկու ծնողը կարող են հերթափոխով կազմակերպել երեխային մանկապարտեզից վերցնելը և յուրաքանչյուրը օրական կունենա ոչ թե մինչև 30 րոպե այլ ավելի քան 30 րոպե ծնողական ժամ (ամսական յուրաքանչյուրը՝ 5-6 ժամ)։

Առաջարկը չի ընդունվել։ Քննարկումների արդյունքում որոշվել է որ չօգտագործված ծնողական ժամը չի կուտակվում։

41 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Առաջարկում ենք սահմանել, որ մինչև 14 տարեկան երեխային միայնակ խնամող (ծնող, երեխա որդեգրած անձ, խնամատար ծնող, խնամակալ) աշխատողն իրավունքի ունի օրական նվազագույնը 1 ժամ ծնողական ժամի իրավունք (Հոդված 142.1.)։

 

Վերջին մարդահամարի տվյալներով՝ շուրջ 69 հազար մինչև 14 տարեկան երեխա մեկ ծնողի խնամքի տակ է մեծանում։ Սակայն աշխատանքային օրենսդրության մեջ միայնակ երեխա խնամող անձինք գրեթե բացակայում են, մինչդեռ ընտանիք-աշխատանք համատեղման խնդիրները առավել սուր են դրված այս անձանց առջև։

Առաջարկը չի ընդունվել։ Նշված առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ։ Հաշվի առնելով ժողովրդագրական քաղաքականության նպատակները, նպատակահարմար է 1 ժամ տևողությամբ երաշխիքը պահպանել 3 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։

42 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Առաջարկում ենք սահմանել, որ ծնողական ժամն ամբողջությամբ վճարվող է (Հոդված 142.1.)։

 

Ընտանիքամետ աշխատավայրի (աշխատանք-ընտանիք սահուն համատեղումը) միջազգային մոտեցումներից բխում է արձակուրդային օրերի և ազատ ժամերի վճարվող լինելը։ 

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծում Աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածում կատարվող լրացմամբ, ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, ինչը նշանակում է, որ այդ ժամի համար պահպանվում է աշխատողի վարձատրությունը։ Այնուամենայնիվ, հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով, Օրենսգրքի 138-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հանվել է նախագծից, փոխարենը ծնողական ժամը սահմանող հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ՝ «Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը։»։

43 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Առաջարկում ենք սահմանել, որ ծնողական ժամի իրավունքից օգտվելը հիմք չէ աշխատողի՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները սահմանափակելու համար (Հոդված 142.1.)։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշվածն արդեն իսկ բխում է Աշխատանքային օրենսգրքի ընդհանուր սկզբունքներից։

44 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Սահմանել, որ ճկուն գրաֆիկով աշխատանքը կարող է սահմանվել հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս ճկուն գրաֆիկ (Հոդված 142.2.)։

 

Հոդվածի ներկայիս ձևակերպումներով հնարավոր է դարձվում ճկուն գրաֆիկով աշխատելը, եթե կա երկու կողմի համաձայնությունը։ Այսինքն, եթե աշխատողը հստակ կարիքի դեպքում դիմում է ճկուն գրաֆիկով աշխատելու համար, ապա միայն գործատուի անհամաձայնությունը ենթադրում է, որ ճկուն գրաֆիկով չի կազմակերպվի աշխատանքը։ Հետևաբար, առաջարկում ենք լրացնել հոդվածը՝ սահմանելով ճկուն գրաֆիկով աշխատելու այլ դեպքեր ևս և սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու իրավունք։ 

Առաջարկը չի ընդունվել։ Ճկուն աշխատանքային գրաֆիկն ի սկզբանե սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և եթե այս մասով առկա չէ որևէ կողմի համաձայնություն, ապա չի կարող կիրառվել։

45 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Սահմանել, որ ճկուն գրաֆիկով աշխատանքը կարող է սահմանվել միայնակ մինչև 14 տարեկան երեխա խնամող (ծնող, երեխա որդեգրած անձ, խնամատար ծնող, խնամակալ) աշխատողների պահանջով, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս ճկուն գրաֆիկ (Հոդված 142.2.)։

 

Հոդվածի ներկայիս ձևակերպումներով հնարավոր է դարձվում ճկուն գրաֆիկով աշխատելը, եթե կա երկու կողմի համաձայնությունը։ Այսինքն, եթե աշխատողը հստակ կարիքի դեպքում դիմում է ճկուն գրաֆիկով աշխատելու համար, ապա միայն գործատուի անհամաձայնությունը ենթադրում է, որ ճկուն գրաֆիկով չի կազմակերպվի աշխատանքը։ Հետևաբար, առաջարկում ենք լրացնել հոդվածը՝ սահմանելով ճկուն գրաֆիկով աշխատելու այլ դեպքեր ևս և սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու իրավունք։ 

Առաջարկը չի ընդունվել։ Ճկուն աշխատանքային գրաֆիկն ի սկզբանե սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և եթե այս մասով առկա չէ որևէ կողմի համաձայնություն, ապա չի կարող կիրառվել։

46 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Սահմանել, որ հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող, ինչպեսև միայնակ մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու համար պետք է դիմի գրավոր։ Եվ գործատուն պետք է դիմումին պատասխանի գրավոր և խելամիտ ժամկետներում (օրինակ, երեք աշխատանքային օրվա ընթացքում)։ Դիմումը մերժելու կամ դրա կատարումը հետաձգելու դեպքում գործատուն պարտավոր է ներկայացնել պատճառաբանված հիմնավորումներ։ Մերժելու մասին ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում (Հոդված 142.2.)։

Առաջարկը չի ընդունվել։ Ճկուն աշխատանքային գրաֆիկն ի սկզբանե սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և եթե այս մասով առկա չէ որևէ կողմի համաձայնություն, ապա չի կարող կիրառվել։ Եվ այս մասով լրացուցիչ կարգավորումներ նախատեսելը՝ գործատուի կողմից  պատճառաբանված հիմնավորումներ ներկայացնելու մասով, նպատակահարմար չէ։

47 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Սահմանել, որ ճկուն գրաֆիկով աշխատանքը կարող է սահմանվել անժամկետ կամ սահմանափակ ժամկետով։ Աշխատողը կարող է դիմել՝ նախկին գրաֆիկով աշխատանքի անցնելու դիմումով՝ անկախ պայմանագրային ժամկետներից (Հոդված 142.2.)։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն առկա չէ, քանի որ նշված հարցերը ենթակա են կարգավորման կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

48 «Կետ 33» հասարակական կազմակերպություն 16.04.2026 09:41:25

➠Սահմանել, որ ճկուն գրաֆիկով աշխատելը հիմք չէ աշխատողի՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները սահմանափակելու համար (Հոդված 142.2.)։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշվածն արդեն իսկ բխում է Աշխատանքային օրենսգրքի ընդհանուր սկզբունքներից։

49 Աննա Աղայան 16.04.2026 23:24:55

Նախ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նման նախագծի համար, որը շատ կարևոր է մեզ`մայրերիս համար։

Մի քանի առաջարկ կուզեմ կատարել։ Շատ կխնդրեի 12տարեկանի շեմը հնարավորության դեպքում գոնե մինչև 14տարեկան բարձրացնել ու հատկացվող ժամանակը մնա ծնողի հայեցողությանը` օգտագործել առավոտյան, թե աշխատանքի ավարտին։ Իսկ առհասարակ իմ խնդրանքը և առաջարկը հետևյալն է։ Հնարավորության դեպքում դիտարկել աշխատող մայրերի աշխատաժամանակի կրճատումը։ Ես` լինելով 3 երեխաների մայր, ֆիզիկապես դժվարանում եմ աշխատել 8ժամյա գրաֆիկով, վարել կենցաղ ու երեխաների կրթությանը ու դաստիարակությանը պատշաճ ուշադրություն դարձնել։ Հայաստանում ընտանիքի բարօրության հոգսը հայ կնոջ վրա է, իսկ հայ մայրը իր ներդրումն ունենալով պետության տնտեսության հարցում իր հարկը վճարելով` գոնե պետությունը ինչ որ ձևով ընդառաջի հայ աշխատող մայրերին։ Հնարավորության դեպքում խնդրում եմ դիտարկել։

Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունը։ Եվրոպական մի շարք պետություններ` Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Գերմանիան, Շվեդիան փորձարկում են նախագծեր, որտեղ շեշտը դրվել է շաբաթական 30֊32 ժամ` այսինքն 6ժամյա գրաֆիկ։ Եվ փորձերը ցույց են տվել, որ աշխատողների արտադրողականությունը բավական աճել է, իսկ հոգնածությունը` նվազել։ Ներկայիս իշխանությունը բավական բարեփոխումներ է կատարել երկրի տարբեր ոլորտներում։ Խնդրում եմ թեթևացնել հայ մայրերի 'լուծը', չէ՞ որ իրենցից է կախված առողջ ու կիրթ սերունդ ունենալը։ Ու խնդրում եմ ցանկացած որոշում որ ընդունվի կառավարության կողմից, լինի օրենքով կարգավորվող, այլ չմնա գործատուի հայեցողությանը։

Համոզված եմ` կառավարությունը ինչ որոշում էլ կայացնի, կլինի հօգուտ հայ մայրերի ու Հայաստանի բարօրության։

Շնորհակալություն։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հաշվի առնելով այն, որ Աշխատանքային օրենսգրքի 114-րդ, 187.1-ին և 220-րդ հոդվածներում կիրառվում է մինչև 12 տարեկանի տարիքային շեմը, ուստի ծնողական ժամը նույնպես նախատեսվում է մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների համար։

Միաժամանակ նշենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում հնարավորություն տալ որոշակի ժամանակով բացակայելու։ Ընդ որում, ծնողական ժամը կարող է կիրառվել նաև աշխատաժամանակը կրճատելով։

50 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 11:05:11

Հրաշալի նախագիծ է։ Միանշանակ 3 անչափահաս երեխա ունեցողի համար այդ 1ժամը հսկայական օգնություն է ։ Խնդրում եմ անպայմանորեն վերածել Օրենքի հնարավորինս շուտ։ Պարզապես շատ եմ խնդրում վերանայել տարիքային շեմը մինչև 12տարեկան։ Իրականում 12 տարեկան 3րդ երեխան էլ մեծ չի համարվում այնքան որի պատճառով ծնողը կարա նշված օրենքից չկարողանա օգտվի։ Գոնե մինչև 14տարեկան 3 երեխա ունեցողներին ընդգրկեք այդ արտոնությունների մեջ ։ Անչափ Շնորհակալ ենք Հրաշալի նախագծի համար։ Վստահեցնում եմ դա ՄԵԾ օգնություն է երեք անչափահաս երեխաներ ունեցող երկու աշխատող ծնողի համար։ Միայն թե Նորից եմ խնդրում վերանայել 12տ շեմը

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հաշվի առնելով այն, որ Աշխատանքային օրենսգրքի 114-րդ, 187.1-ին և 220-րդ հոդվածներում կիրառվում է մինչև 12 տարեկանի տարիքային շեմը, ուստի ծնողական ժամը նույնպես նախատեսվում է մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների համար։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: