«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 336-րդ հոդվածը՝
1) 2-րդ մասից և վեջինիս 1-ին կետից հանել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը,
2) լրացնել նոր 8-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«8. Տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված քայլերի հաջորդականության ավարտից հետո կամ վերահսկվող գործարքների մասին Օրենսգրքի 402.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում չծանուցելու կամ տրանսֆերային գնագոյացման տեղական փաստաթուղթը Օրենսգրքի 402.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում։»:
Հոդված 2․ 337-րդ հոդվածը՝
1) 1-ին մասից հանել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը.
2) 2-րդ կետը հանել և լրացնել նոր 1․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ իրականացվում է ոչ ավելի հաճախ, քան երկու հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:».
3) 4-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերի» բառերով:
Հոդված 3․ 361-րդ հոդվածի 1-ին մասը`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր (աշխարհագրական տարածք) կամ նման համակարգից օգտվող անձ`
ա. երկիր (աշխարհագրական տարածք), որտեղ գործում է շահութահարկի (համանման այլ հարկի) 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափ կամ շահութահարկի ազատում կամ որը ներառված է Կառավարության սահմանած ցանկում.
բ. հարկման հատուկ ազատական համակարգերից օգտվող անձ, որը տվյալ երկրի կամ աշխարհագրական տարածքի օրենսդրության համաձայն, ազատված է շահութահարկից կամ վճարում է 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափով շահութահարկ (համանման այլ հարկ): Սույն ենթակետի իմաստով հարկման հատուկ ազատական համակարգից օգտվող անձ համարվելու պայմանները սահմանում է հարկային մարմինը.»,
2) 6-րդ կետը՝
ա) հանել «իրավունքի» բառը,
բ) «(փոխանցման)» բառը փոխարինել «, պարտքի փոխանցման» բառերով,
գ) «չեն տարբերվում սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված համադրելի չվերահսկվող գործարքներում կիրառված ֆինանսական ցուցանիշներից» բառերը փոխարինել «Օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան համադրելի են չվերահսկվող գործարքներում կիրառված ֆինանսական ցուցանիշներին» բառերով.
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9) համադրելի չվերահսկվող գործարք` չվերահսկվող գործարք, որն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.»:
Հոդված 4. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասը`
1) 3-րդ մասը՝
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) հարկային տարում հարկ վճարողի կողմից մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքների արժեքը գերազանցում է հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսը։ Տվյալ հաշվարկում հարկային տարվա ձեռնարկատիրական եկամտի մեջ չեն ներառվում գույքի վարձակալությունից, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքից ստացվող եկամուտները և տոկոսները.».
բ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) հարկային տարում հարկ վճարողի կողմից մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքների արժեքը գերազանցում է հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսը։ Տվյալ հաշվարկում հարկային տարվա ձեռնարկատիրական ծախսերի մեջ չեն ներառվում գույքի վարձակալությունից, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերը․».
գ) 6-րդ կետում «որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ» բառերը փոխարինել «որի շրջանակում հարկ վճարողը համատեղ գործունեության մեջ ներդրել է իր ակտիվների ավելի քան 50 տոկոսը, ինչի արդյունքում պայմանագրի կողմերը համատեղ կրում են պայմանագրից բխող ռիսկերը․» բառերով։».
Հոդված 5. Օրենսգրքի 363-րդ հոդվածի`
1) 1-ին մասը՝
ա․ «Սույն գլխի կիրառության իմաստով՝» բառերը փոխարինել «Փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև» բառերով.
բ. «մատակարարման» բառից հետո ավելացնել «(ձեռքբերման)» բառը․
գ. «դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման)» բառերը խմբագրել «դրամական պահանջի զիջման, պարտքի փոխանցման» բառերով.
դ. հանել «, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև» բառերը։
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Սույն գլխի կիրառման իմաստով` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատության միջոցով գործող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող գործարքները համարվում են վերահսկվող հետևյալ դեպքերում՝
1) եթե ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատության միջոցով գործող ոչ ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի միջև իրականացվել է ծախսերի բաշխում և (կամ) Գործարք․
2) եթե իրականացվել է Գործարք Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այլ փոխկապակցված համարվող անձի միջև։ Սույն կետի իմաստով իրականացված Գործարքը համարվում է վերահսկվող միայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությանը վերագրելի եկամուտների և ծախսերի մասով։»։
3) 6-րդ մասում «200» բառը փոխարինել «600» բառով։
Հոդված 6. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «(այսուհետ սույն գլխում` շահութահարկի հարկման բազա)» բառերը։
Հոդված 7. Օրենսգրքի 374-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանող գործարքների իրականացման դեպքում հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան, նվազեցնել հարկային վնասը և (կամ) ռոյալթիի բազան՝ ճշգրտելով վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը։ Հարկ վճարողը և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) և ինքնուրույն ճշգրտելու դեպքում առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:
2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի պահանջած և հարկ վճարողի ներկայացրած լրացուցիչ տեղեկատվության կամ հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան, նվազեցնել հարկային վնասը և (կամ) ռոյալթիի բազան՝ ճշգրտելով վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը: Հարկային մարմնի առաջարկի հետ համաձայն լինելու դեպքում` հարկ վճարողը Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)` հարկային մարմնի առաջարկին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնություն տալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում: Առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում։
3․ Հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորմամբ ներկայացված մոտեցումներին համաձայն չլինելու դեպքում, հարկային մարմնի կողմից իրականացվում է վերահսկվող գործարքի վերլուծություն, որի արդյունքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան, նվազեցնել հարկային վնասը և (կամ) ռոյալթիի բազան՝ ճշգրտելով վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մեդիանա: Հարկային մարմնի առաջարկի հետ համաձայն լինելու դեպքում` հարկ վճարողը Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)` հարկային մարմնի առաջարկին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնություն տալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխա-նության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա և (կամ) կարող էր նվազել հարկային տարվա արդյունքներով հարկային վնասը: Հարկային մարմնի առաջարկով ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու դեպքում առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:
4․ Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն հարկային մարմնի կողմից ներկայացված առաջարկներին համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողը առաջարկի ստացման օրվանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան առարկություններ և հիմնավորումներ։ Սահմանված ժամկետում հիմնավորումներ և առարկություններ չստանալու կամ հարկ վճարողի ներկայացված առարկությունները հարկային մարմնի կողմից ընդունելի չհամարվելու դեպքում, հարկային մարմինը կարող է իրականացնել տրանսֆերային գնագոյացման ստուգում։
5․ Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
6․ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
7. Սույն հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի և ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարում մինչև տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ներկայացմանը հաջորդող ամսվա 30-ը ներառյալ։»։
Հոդված 8. Օրենսգրքի 375-րդ հոդվածը․
1) 1-ին մասում «200» բառը փոխարինել «600» բառով.
2) 3-րդ մասում՝
ա․ «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 30-ը» բառերով.
բ․ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ որևէ վերահսկվող գործարքի մասով սխալների կամ պակաս քանակությամբ լրացված վերահսկվող գործարքների փաստն ինքնուրույն հայտնաբերելու կամ հարկային մարմնի կողմից բացահայտված լինելու դեպքում կարող է ներկայացվել ճշտված ծանուցում մինչև տվյալ վերահսկվող գործարքի վերաբերյալ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին ներկայացնելու մասին գրավոր ծանուցման ստացման օրը:»։
գ. Երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկվող գործարքների ծանուցումը ներկայացնում է գործարքի այն կողմը, որը բավարարում է Օրենսգրքի 362-րդ հոդվածի որևէ կետով սահմանված փոխկապակցվածության չափանիշի։ Նախորդ տարում իրականացված վերահսկվող գործարքը ենթակա է ծանուցման, եթե գործարքի պայմաններում տեղի են ունեցել փոփոխություններ։»։
2) 4-րդ մասից հանել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և «30 աշխատանքային» բառերը փոխարինել «10 աշխատանքային» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ`
«Վերահսկվող գործարքների մասին տեղեկությունները ծանուցման մեջ ամբողջական չլրացնելու կամ Օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շեմը չգերազանցող ծանուցման ձևի ներկայացումը համարվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպք։»։
Հոդված 9․ Օրենսգրքի 376-րդ հոդվածը.
1) 1.1-ին մասի «ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն ռեզիդենտ հարկ վճարողից, ովքեր հանդիսանում են մեկ այլ ռեզիդենտ հարկ վճարողին փոխկապակցված․».
2) 2-րդ մասում «30 աշխատանքային օրվա ընթացքում:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման տեղական փաստաթղթի հետ միասին հարկ վճարողը հարկային մարմնին է ներկայացնում նաև վերահսկվող գործարքի պայմանագիրը, համադրելիության վերլուծության ընթացքում համադրելիների ընդունման և մերժման հիմքերը և առկայության դեպքում վերլուծության ենթակա կողմի վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունը։» բառերը։
Հոդված 10․ Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Փոխհամաձայնեցման ընթացակարգը կարող է սկսվել ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության և մյուս կողմի միջև գործող կրկնակի հարկումը բացառող համաձայնագրով նախատեսված կարգով, փոխհամաձայնեցման ընթացակարգ սկսելու դիմումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին ներկայացնելու դեպքում։ Փոխհամաձայնեցման ընթացակարգ կարող է սկսվել նաև ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային վեճերի լուծման նպատակով։»:
Հոդված 11․ Օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխկապակցված» բառը, իսկ «կատարված» բառից հետո ավելացնել «վերահսկվող» բառը։
Հոդված 12. Օրենսգրքի 402․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ից 3-րդ կետերում «նախորդ հարկային» բառերը փոխարինել «վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու» բառերով.
Հոդված 13. Օրենսգրքի 402․2-րդ հոդվածը`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք`
1) յուրաքանչյուր վերահսկվող գործարքի վերաբերյալ տեղական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում`
ա․ 5 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
բ․ 3 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
գ․ 1 միլիոն դրամի չափով` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
Տեղական փաստաթղթի հետ միասին հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում նաև Օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը։»։
2) երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը կամ գլխավոր փաստաթուղթը չներկայացնելու դեպքում՝ 500 հազար դրամի չափով:»:
2) հանել 2-րդ մասը։
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված վերահսկվող գործարքների նկատմամբ։
-
Տևողություն
01.04.2026 17.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 391
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: