Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

1 Գործող կարգավորումների խնդիրները և առաջարկվող կարգավորման նպատակը.

 

Հանրային շահի տեսանկյունից կառուցապատումը հանդիսանում է ռիսկային գործունեություն, քանի որ հազարավոր գնորդներից հավաքագրվում են դրամական միջոցներ (տնտեսական իմաստով՝ կառուցապատողը գնորդից հավաքագրում է ավանդ) և մասնակի կամ ամբողջությամբ տնօրինվում են շինարարության փուլում՝ նախքան բնակարանների կառուցման ավարտը, իսկ հնարավոր ռիսկերի դեպքում մեծամասամբ չկան դրանց զսպման մեխանիզմներ (բանկային երաշխիք, ապահովագրություն, սնանկության հատուկ կարգավորումներ և այլն), ինչի անմիջական հետևանքները հաճախ կրում են գնորդները (ապագա բնակիչները) և պետությունը: Կառուցապատման շուկայում ներկայիս տեսանելի ռիսկերով պայմանավորված՝ անհրաժեշտ է սահմանել հատուկ կարգավորումներ՝ զսպելով կառուցապատողների սնանկության վարույթում հազարավոր գնորդների բնակարաններն ստանալու խնդիրները և միաժամանակ ապահովելով պետության ու համայնքի շահերի պաշտպանությունը։

Գործող կարգավորումների համաձայն՝ սնանկության ընդհանուր վարույթով և նույն կանոններով են քննվում թե՛ մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների, թե՛ միլիարդավոր դրամների շրջանառություն ունեցող կառուցապատողների սնանկության գործերը, ինչը խնդրահարույց է:

Կառուցապատման ոլորտն իր ռիսկայնությամբ շատ նման է ֆինանսաբանկային շուկային, որն ի տարբերության կառուցապատման ոլորտի, ունի սնանկության գործերի քննության հատուկ կարգավորումներ (Բանկերի սնանկության առանձին օրենք):

Կառուցապատողների սնանկության գործերի քննության հատուկ վարույթի բացակայությունը և ընդհանուր սնանկության վարույթով քննությունն իր մեջ պարունակում է շոշափելի ռիսկեր.

·   Դատարանում սնանկության գործի երկարատև քննությունը հետաձգում է կառուցապատման ավարտը, դժվարանում են վճարման ենթակա հարկերը,

·   Առողջացման ծրագրերի հաստատումը բարդանում է՝ խիստ կանոնների և պարտատերերի անհամաձայնության պատճառով,

·   Չկան բավարար մեխանիզմներ մի քանի ոլորտում գործունեությամբ զբաղվող կառուցապատողի խնդրահարույց նախագծի առանձնացման և գնորդների խնդրի թիրախային լուծման համար,

·   Չկան արդյունավետ մեխանիզմներ անբարեխիղճ կառուցապատողների դեմ բնակարանի հանձնման ժամկետի խախտման հիմքով սնանկ ճանաչման համար,

·   Սնանկ ճանաչվելու համար պարտավորության ցածր շեմերը հաճախ հանգեցնում են սնանկության վարույթի՝ առանց դրա իրական անհրաժեշտության,

·   Չկան մեխանիզմներ սնանկության վարույթով բնակարան ստանալու պահանջ գրանցելու, ինչի հետևանքով գնորդները ստիպված ներկայացնում են ֆինանսական հատուցման պահանջ՝ իրականում պահանջելով իրենց բնակարանները և այլն։

Առաջարկվող կարգավորումներով ներդրվում է կառուցապատողների սնանկության գործերի քննության հատուկ վարույթ՝ հետապնդելով նշված խնդիրների ուղղությամբ լուծումներ:

 

2 Առաջարկվող կարգավորմամբ հիմնական նպատակը և լուծումները.

 

Օրենքի նախագծի հիմնական նպատակը կառուցապատողների սնանկությանկության գործընթաց սկսելու համար առավել բարձր նշաձողի սահմանումն ու կառուցապատողի սնանկության գործընթացում և՛ կառուցապատողի, և վերջինիս հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար սպասվող ռիսկերի կառավարումն է։

Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է

·   Սահմանվել է կառուցապատողների այն շրջանակը, որոնց հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն առաջարկվող փաթեթով։ Այդպիսիք կհանդիսանաայն կառուցապատողը, որը տվյալ պահին ունի 3-րդ կարգի ռիսկայնության աստիճան ունեցող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատում իրականցնելու իրավունք, որի նախագծով նախատեսված բնակելի մակերեսը երեք հազար քառակուսի մետրից ավելի է, կամ 4-րդ և ավելի բարձր կարգի ռիսկայնության աստիճան ունեցող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատում իրականացնելու իրավունք

·   Կառուցապատողի կետանցած պարտավորության և հաշվեկշռային սնանկության դեպքում պարտավորությունների չափը՝ գործող 2,000,000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվում է 100,000,000 ՀՀ դրամ, ինչն էապես բարդացնելու է պարտապան կառուցապատողի սնանկության ուղին՝ հաշվի առնելով կառուցապատման գործունեության ծավալները և փոքր շեմի պարագայում կառուցապատողների սնանկության վարույթի իրականացման ռիսկերը:

Առաջարկվում է սնանկության վարույթում սահմանել առանձնահատկություններ, որոնք բխում են կառուցապատման գործունեությունից, հնարավոր առողջացնող-ներդրողների և գնորդների շահերից՝

·   Սնանկության դիմումը վարույթ ընդունելուց հետո արգելադրվում են կառուցապատողի ոչ բոլոր միջոցները, ինչպես հիմա, այլ ընդամենը կետանցված պարտավորության չափով դատարանը կիրառում է արգելանք՝ ամբողջությամբ չպարալիզացնելով գործունեությունը,

·   Նախատեսվել է կարգավորում՝ քաղաքաշինական փաստաթղթերի կատարման ժամկետների կասեցման գծով՝ ապահովելով կառուցապատումն ավարտելու հնարավորությունը,

·   Դատարանին իրավունք է տրվել մինչև 6 ամսյա ժամկետով հետաձգելու սնանկ ճանաչելու դիմումի քննությունը՝ կողմերի՝ հաշտության եզրեր գտնելու համար,

·   Սահմանվել են ոչ իրավաչափ սնանկության կանխման լուծումներ /մասնակիցների կամ գործադիր մարմնի ղեկավարների  գույքային պատասխանատվություն/, որոնք ուղղված են կանխելու կեղծ կամ կանխամտածված սնանկությունները,

·   Նախագծով գնման իրավունք ունեցող սուբյեկտները կարող են սնանկության դատարան ներկայացնել գնման իրավունքի պայմանագրի հիմքով ոչ դրամական պահանջներ, ինչը գործող կարգավորումներով բացակայում է,

·   Ներդրվել է նաև նոր սուբյեկտ՝ մասնագիտացված կառուցապատող (առողջացնող-ներդրող), որոնց ռեեստրը վարվելու է Կառավարության կողմից սահմանված կարգով, և որոնք կարող են իրականացնել սնանկ ճանաչված կառուցապատողի առողջացումը՝ նախագծով ներդրվող գործիքակազմին համապատասխան,

·   Նախատեսվել են պահանջների վերակառուցման և փոխհատուցման գործիքներ, որոնք կարգավորում են կառուցապատողի նկատմամբ առկա պահաջների իրատեսական չափով նվազեցումը և բավարարումը՝ հնարավորություն տալով իրատեսական դարձնել ֆինանսական առողջացումը և դատարանի կողմից դրա հարկադիր հաստատումը,

·   Առողջացման կամ վաճառքի ծրագրով ներդրվում է կառուցապատվող օբյեկտի մասով այլ իրավաբանական անձի առանձնացման և դրա մասով մասնակի առողջացման հնարավորություն՝ անկախ մյուս գործունեություններից,

·   Նախատեսվում է հնարավորություն կառուցված գույքը գնորդներին ազատ՝ առանց գրավի կամ այլ սահմանափակումների հանձնելու մասով և մասնագիտացված կառուցապատողի (առողջացնող-ներդրող) հանդեպ վարկավորման եղանակով վերջնահաշվարկ կատարելու գծով։

 

             Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

4 Ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա.

 

Ներկայացվող նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի փոփոխություն տեղի չի ունենա։

Ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա անուղղակի ազդեցություն՝ սնանկության գործընթացի արդյունավետության բարձրացման հետևանքով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացման տեսքով։

 

5 Ակնկալվող արդյունքը.

 

Օրենսդրական նախաձեռնությամբ մի կողմից բարդացվելու է կառուցապատողների դեմ սնանկության վարույթների հարուցումը՝ ոչ էական ֆինանսական պարտավորությունների հետևանքով հազարավոր գնորդներին զերծ պահելով դրանից բխող ռիսկերից, մյուս կողմից՝ ձևավորվում է մասնագիտացված կառուցապատողների (առողջացնող-ներդրող) նոր ինստիտուտ՝ հետապնդելով ամեն գնով առողջացնել ձախողման վտանգի ներքո գտնվող կառուցապատման նախագծերը (անալոգիա բանկային ոլորտի սնանկություն):

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2 Տնտեսություն» բաժնի «27 քաղաքաշինություն» կետի Քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ՝ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար։ Քաղաքաշինության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումն իրականացնել այն հաշվառմամբ, որ այն արագ արձագանքի շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և երաշխավորի դրանց կիրառությունը, ստեղծի հնարավորություն՝ ապահովելու երկրի շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունը միասնական շուկայում շրջանառվող արտադրանքի և ծառայությունների հետ, խթանի տեղական արտադրությունն ու նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը, արտահանման և ներդրումային ծավալների աճը։ 

  • Տևողություն

    01.04.2026 16.04.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Սնանկություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 271

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: