««Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) 11-րդ գլխից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 11․1 գլխով․
«ԳԼՈՒԽ 11.1
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 101․1․ Կառուցապատող պարտապանը․
1.Սույն գլխի իմաստով կառուցապատող պարտապան (այսուհետ՝ կառուցապատող) է համարվում այն սուբյեկտը, որի նկատմամբ սկսվել է հարկադրված կամ կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի վարույթ (սույն գլխում այսուհետ՝ սնանկության վարույթ) և տվյալ պահին ունի 3-րդ կարգի ռիսկայնության աստիճան ունեցող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատում իրականցնելու իրավունք, որի նախագծով նախատեսված բնակելի մակերեսը երեք հազար քառակուսի մետրից ավելի է, կամ 4-րդ և ավելի բարձր կարգի ռիսկայնության աստիճան ունեցող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատում իրականացնելու իրավունք:
Հոդված 101․2․ Կառուցապատողի սնանկության գործի քննության կարգը․
1․ Կառուցապատողի սնանկության գործընթացն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները։
Հոդված 101․3. Հարկադրված սնանկության դիմումի քննությունը․
1․ Դատարանը հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դիմումում նշված պահանջի չափով արգելանք է կիրառում պարտապանի գույքի նկատմամբ։
2. Դատարանը հարկադրված սնանկության դիմումի քննության արդյունքներով վճիռ է կայացնում կառուցապատողին սնանկ ճանաչելու մասին, եթե կառուցապատողը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100.000-ապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների եռամսյա կամ ավելի ժամկետով կետանց (փաստացի անվճարունակություն):
Վճարում կատարելու կարողության վերաբերյալ պարտապանի կողմից հիմնավորումներ ներկայացվելու դեպքում սնանկության դատարանը իրավունք ունի սնանկության դիմումի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչև վեցամսյա ժամկետ պարտապանի պարտավորության կատարման կամ կողմերի միջև հաշտության համար։
3․ Գործի քննությունը վերսկսելուց հետո պարտավորությունը կատարված չլինելու կամ կողմերի միջև հաշտություն ձեռք բերված չլինելու դեպքում, դատարանը շարունակում է դիմումի քննությունը։
Հոդված 101․4․ Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու պարտավորությունը․
1. Կառուցապատողը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ կառուցապատողի պարտավորությունները գերազանցում են պարտապանի զուտ ակտիվների արժեքը (հաշվեկշռային անվճարունակություն) օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100.000-ապատիկը գերազանցող չափով։
2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասում նշված հատկանիշների ի հայտ գալու օրվանից` երկամսյա ժամկետում:
Հոդված 101․5. Ոչ իրավաչափ սնանկությունը և դրա հետևանքները․
1. Ոչ իրավաչափ սնանկություն է համարվում կանխամտածված, անբարեխիղճ կամ ոչ ողջամիտ գործողության (անգործության) միջոցով պարտապանի անվճարունակության հատկանիշների ստեղծումը, որը դրսևորվել է մինչև սնանկության վարույթը կամ սնանկության վարույթի ընթացքում՝
1) պարտապանի կողմից հայտարարագիր ներկայացնելուց խուսափելով, պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չտրամադրելով կամ կեղծելով, կամ
2) գույքը, գույքային իրավունքները, եկամուտները, այլ ակտիվները, պարտավորությունները թաքցնելով, դրանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տեղեկությունները խեղաթյուրելով, կամ
3) գույքը և այլ ակտիվները ոչնչացնելով կամ վնասելով (ոչնչացումը կամ վնասումը չկանխելով), դրանց արժեքը կամ ըստ նշանակության օգտագործման հնարավորությունը նվազեցնելով (արժեքի կամ ըստ նշանակության օգտագործման հնարավորությունը նվազեցնելը չկանխելով), դրանք ակնհայտ ոչ շահավետ պայմաններով օտարելով կամ ծանրաբեռնելով (օտարումը կամ ծանրաբեռնումը չկանխելով), առանց օրինական հիմքի օտարելով կամ ծանրաբեռնելով (օտարումը կամ ծանրաբեռնումը չկանխելով), կամ
4) անհիմն պարտավորություններ ստեղծելով կամ պարտավորությունների չափը անհիմն ավելացնելով, կամ
5) առանձին պարտատիրոջ գույքային պահանջը՝ ի վնաս այլ պարտատիրոջ ապօրինի բավարարելով, կամ
6) ակնհայտ ոչ շահավետ կամ սույն մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված գործողություններ ներառող գործարքներ կնքելով (դրանց կնքումը չկանխելով), կամ
7) գույքագրմանը խոչընդոտելով կամ կառավարչի օրինական պահանջով գույքը կառավարչին չհանձնելով, կամ
8) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով վճարման ենթակա գումարները կառուցապատողի հատուկ հաշվով չստանալը։
2․ Եթե ոչ իրավաչափ սնանկությունը վրա է հասել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, բացառությամբ կառավարչի, այդ թվում` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամի և այլն), պարտապանի ղեկավարների (տնօրեն, նախագահ և այլն) մեղքով, ապա սույն մասում նշված անձինք կրում են սուբսիդիար պատասխանատվություն պարտապանի՝ սնանկության վարույթի ընթացքում հաստատված պահանջների, դրանց համապատասխան՝ կառավարչի վարձատրության և վարչական ծախսերի հանրագումարի չափով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում՝ համապարտ պատասխանատություն՝ կառուցապատողի հատուկ հաշվին վճարելուց տարբերվող՝ այլ կարգով ստացած գումարի չափով, եթե դատարանի կողմից հաստատվել է նման եղանակով վճարում կատարված լինելու փաստով հաստատվել է պահանջ։
3․ Եթե սնանկության վարույթում ակնհայտ է դառնում, որ պարտապանի գույքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու, վարչական ծախսերը և կառավարչի վարձատրությունն ամբողջությամբ վճարելու համար, և առկա են ոչ իրավաչափ սնանկության հատկանիշներ, ապա կառավարիչը պարտապանի պարտավորությունների կատարման, վարչական ծախսերի, կառավարչի վարձատրության, վարույթի ընթացքում ձևավորվող՝ հաշվառված ծախսերի վճարման համար գումարի բռնագանձման պահանջով հայց է հարուցում սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց դեմ, որը որպես առանձին քաղաքացիական գործ քննվում է ՀՀ սնանկության դատարանում։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հայցի քննության ընթացքում մեղքի բացակայությունը, այդ թվում՝ բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ պարտապանի գործելու փաստը ապացուցելու պարտականությունը կրում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք։
Հոդված 101․6․ Մորատորիումի առանձնահատկությունները․
1. Կառուցապատող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` մինչև ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու սույն օրենքով սահմանված ժամկետը՝ կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է կասեցնել կառուցապատողին տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի գործողության ժամկետները մինչև երեք ամիս ժամկետով, եթե դա կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող պարտատերերին փոխանցելու հնարավորությունը։
2․ Մասնագիտացված կազմակերպության միջնորդությամբ դատարանը կարող է կասեցնել քաղաքաշինական փաստաթղթերի գործողության ժամկետները՝ մինչև մասնագիտացած կազմակերպության ներկայացրած ֆինանսական առողջացման կամ գույքի վաճառքի ծրագրի հարցի մասով դատական ակտի կայացումը, եթե դա կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման կամ կառուցվող շենքից անշարժ գույքը, այն գնելու իրավունք ունեցող պարտատերերին փոխանցելու հնարավորությունը։
3․ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից բխող վճարային պարտավորությունների կատարման ժամկետները կասեցվում են մինչև կառավարչից գույքը հանձնելու վերաբերյալ ծանուցվելը, իսկ իսկ գույքի վաճառքի կամ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում՝ այդ ծրագրով սահմանված ժամկետում։
Հոդված 101․7․ Պահանջների ներկայացման առանձնահատկությունները․
1․ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը կարող է ներկայացնել օրենքով սահմանված դրամական պահանջ կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից բխող՝ գույքը հանձնելու վերաբերյալ ոչ դրամական պահանջ։
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ոչ դրամական պահանջը ներկայացվում է սույն օրենքով սահմանված պահանջների ներկայացման ընդհանուր կանոններին համապատասխան և այլ տեղեկություններից բացի պետք է պարունակի նաև պահանջի առաջացման փաստական, իրավական հիմքերը և ոչ դրամական պահանջի նկարագիրը։
3․ Պարտատերերի ժողովում ձայների հաշվարկման նպատակով ոչ դրամական պահանջները բերվում են դրամական արտահայտության՝ ոչ դրամական պահանջի համար պահանջը ներկայացնողի կողմից փաստացի վճարված գումարի չափով։
4․ Սույն հոդվածով սահմանված ոչ դրամական պահանջը դատարանի կողմից հաստատվելու դեպքում համարվում է կառուցվող շենքից անշարժ գույքը գնելու իրավունքով ապահովված պահանջ և դադարում է գույքը ստանալով կամ սույն գլխով սահմանված կարգով, փոխհատուցման եղանակով՝ պահանջի բավարարում ստանալով։
5․ Կառուցապատողի հատուկ հաշվից տարբերվող եղանակով վճարում կատարած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող սուբյեկտների ոչ դրամական պահանջները դատարանի կողմից հաստատվելու դեպքում գույքը հանձնելիս չեն անտեսվում և հաշվարկվում են, որպես կառուցվող շենքից անշարժ գույք գնելու համար պատշաճ վճարում։
Հոդված 101․8․ Մասնագիտացված կազմակերպությունը․
1․ Մասնագիտացված կազմակերպություն է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչներին համապատասխանող իրավաբանական անձը, որը գրանցված է մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրում։
2․ Մասնագիտացված կազմակերպությունը սույն գլխով սահմանված կարգով դատարանի թույլտվությունը ստանալուց հետո իրավունք ունի․
1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ,
2) մասնակցելու վարույթային գործողություններին, պարտատերերի ժողովներին, դրանց մասին ստանալ տեղեկություններ,
3) մասնակցելու պարտապանի ակտիվների գույքագրմանը, անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներին մասնակից դարձնելու նաև համապատասխան մասնագետների,
4) ստանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ,
5) մուտք գործելու պարտապանին պատկանող կամ վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման առարկա հանդիսացող անշարժ գույքի տարածք, անհրաժեշտության դեպքում, առանց գույքին վնաս հասցնելու իրականացնելու սույն գլխով նախատեսված՝ իր գործառույթներից բխող ուսումնասիրություններ,
6) սույն գլխով նախատեսված իր գործառույթների իրականացման նպատակով վարելու բանակցություններ պետական և համայնքային մարմինների, վարույթի մասնակիցների, վարույթի մասնակից չհանդիսացող անձանց հետ,
7) ներկայացնելու ֆինանսական առողջացման ծրագիր, առողջացման ծրագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին առաջարկություն,
8) ներկայացնելու պարտապանի՝ սույն օրենքի 101․1-ին հոդվածում նշված ռիսկայնության աստիճանին համապատասխանող կառուցապատման իրավունքով գույքի վաճառքի ծրագիր, եթե գույքի վաճառքի հարցը չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրով,
9) դատարան ներկայացնելու պահանջների վերակառուցման, փոխհատուցում տրամադրելով պահանջների բավարարման և համարժեք պաշտպանության վերաբերյալ միջնորդություններ,
10) սույն հոդվածով սահմանված գործառույթներն իրականացնելու ընթացքում պետական և համայնքային մարմինների հետ հաղորդակցման նպատակով ստանալու մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրը վարող մարմնի աջակցությունը։
3․ Եթե մասնագիտացված կազմակերպությունը մտադիր է ֆինանսական առողջացման կամ վաճառքի ծրագրով նախատեսել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկերի վճարման կարգից տարբերվող եղանակով հարկերի վճարում, ապա կարող է դիմել մասնագիտացված կազմակերպությունների ռեեստր վարողին՝ իրավասու մարմնից համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
Հոդված 101․9․ Մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրը և այն վարող մարմինը․
1․ Մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրը վարում է ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ՝ ռեեստր վարող)՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ռեեստրի վարման կարգին համապատասխան։
2․ Ռեեստր վարողը․
1) ուսումնասիրում է իրավաբանական անձանց կողմից իրեն հասցեագրված՝ մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրում գրանցման վերաբերյալ դիմումները, ստուգում է իրավաբանական անձանց՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչներին համապատասխանության հարցը և որոշում է կայացնում իրավաբանական անձին մասնագիտացված կազմակերպությունների ռեեստրում գրանցման կամ գրանցումը մերժելու մասին,
2) համակարգում է սույն գլխով սահմանված գործառույթների շրջանակում մասնագիտացված կազմակերպության և սնանկության գործով կառավարչի՝ պետական և համայնքային մարմինների հետ տարվող աշխատանքները,
3) սույն գլխով սահմանված գործառույթների շրջանակում մի քանի պետական կամ համայնքային մարմինների ներգրավված լինելու դեպքում համակարգում է վերջիններիս միջև սույն գլխով սահմանված կարգավորումներից բխող աշխատանքները,
4) ֆինանսական առողջացման ծրագրով կամ գույքի վաճառքի ծրագրով սահմանված՝ պետական մարմինների որոշման ենթակա հարցերի լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպության, սնանկության գործով կառավարչի միջնորդությունների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր։
Հոդված 101․10․ Մասնագիտացված կազմակերպության ներգրավումը սնանկության վարույթ․
1․ Կառուցապատող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարությունը հրապարակելու օրը կառավարիչը վերջինիս սնանկության մասին տեղեկացնում է ռեեստր վարողին։
2․ Ռեեստր վարողը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունը ստանալուց հետո այդ մասին տեղեկացնում է ռեեստրում գրանցված մասնագիտացված կազմակերպություններին։
3․ Մասնագիտացված կազմակերպությունն իրավունք ունի դիմել դատարան՝ սույն գլխով սահմանված գործողություններն իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումին կից ներկայացվում է ռեեստրում գրանցված լինելու փաստը հաստատող ապացույցը, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպության հավաստումը՝ կառուցապատողի հետ փոխկապակցվածության բացակայության մասին։
4․ Կառուցապատողը և մասնագիտացված կազմակերպությունը համարվում են փոխկապակցված, եթե առկա է սահմանված փոխկապակցվածություն։
5․ Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխանող դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դատարանը բավարարում է այն՝ որոշում է կայացնում մասնագիտացված կազմակերպությանը կառուցապատողի սնանկության վարույթում սույն գլխով սահմանված գործողություններ իրականացնելու թույլտվություն տալու մասին։ Սույն մասում նշված որոշումը դատարանն ուղարկում է մասնագիտացված կազմակերպությանը, կառուցապատողին և կառավարչին։
6․ Մասնագիտացված կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից իրավունք է ստանում իրականացնել սույն գլխով նախատեսված գործողություններ։
Հոդված 101․11․ Կառավարչի գործառույթների առանձնահատկությունները կառուցապատողի սնանկության վարույթում․
1․ Բացի սույն օրենքով սահմանված այլ լիազորություններից, կառավարիչը սույն գլխով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է դիմել․
1) պետական և համայնքային մարմիններին՝ իրենց գործառույթներից բխող գործողություններ կատարելու միջնորդությամբ,
2) վարույթի մասնակիցներին՝ պարտապանի պարտավորությունների վերակառուցման, փոխհատուցում տրամադրելով պահանջը դադարեցնելու, համարժեք պաշտպանություն տրամադրելու, սնանկության վարույթի անհրաժեշտությամբ պայմանավորված այլ հարցերով,
3) դատարան՝ պահանջների վերակառուցման, փոխհատուցում տրամադրելու միջոցով պահանջի բավարարումը թույլատրելու, համարժեք պաշտպանություն տրամադրելու և սնանկության վարույթի անհրաժեշտությամբ պայմանավորված այլ միջնորդություններով:
Հոդված 101․12․ Պահանջների վերակառուցումը․
1․ Պահանջի վերակառուցում է համարվում պահանջի չափի իրատեսական, ողջամիտ և հնարավոր փոփոխությունը, որը կարող է իրականացվել միայն ֆինանսական առողջացման կամ մասնագիտացված կազմակերպության կողմից ներկայացված վաճառքի ծրագրերի շրջանակներում, եթե դրանք հաստատվել են դատարանի կողմից։
2․ Պահանջի վերակառուցման թույլտվությունը տալիս է դատարանը՝ մասնագիտացված կազմակերպության կամ կառավարչի միջնորդությամբ։
3․ Պահանջի վերակառուցման միջնորդությամբ նույն հերթում գտնվող պահանջների նկատմամբ պետք է կիրառվի միանման մոտեցում։
4․ Պահանջի վերակառուցման մասին միջնորդությունը յուրաքանչյուր պահանջի մասով դատարան ներկայացնելուց առաջ ուղարկվում է այդ պահանջատիրոջը, ով իրավունք ունի միջնորդությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել իր պահանջի վերակառուցման վերաբերյալ առարկություն։
5. Պարտատիրոջ պահանջի մասը կազմող տոկոսների և տույժերի մասով պահանջի վերակառուցում իրականացնելիս պարտատիրոջ համաձայնությունը չի պահանջվում, իսկ դատարանի կողմից թույլատրվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված և հաստատված դրամական պահանջների մայր գումարի վերակառուցումը, եթե.
1) պարտատերերը տվել են գրավոր համաձայնություն,
2) սահմանված ժամկետում վերակառուցման միջնորդության դեմ առարկություն չի ներկայացվել,
3) վերակառուցման միջնորդության դեմ ներկայացվել է առարկություն, սակայն դատարանը գտել է, որ վարույթով առկա ապացույցների համաձայն՝ պարտատիրոջ պահանջի բավարարումը իրատեսական է այն վերակառուցելով:
6․ Պահանջի վերակառուցումը ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով չի դիտվում որպես ներված պարտավորություն, եկամուտ կամ շահույթ, և այդ մասով չեն առաջանում հարկային պարտավորություններ։
7․ Ոչ իրավաչափ սնանկության դեպքում պարտատերերը իրավունք ունեն իրենց վերակառուցված պահանջի տարբերության չափով հայց ներկայացնել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ՝ անձանց, բացառությամբ կառավարչի, այդ թվում` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամի և այլն), պարտապանի ղեկավարների (տնօրեն, նախագահ և այլն) դեմ, որը որպես առանձին քաղաքացիական գործ՝ քննվում է ՀՀ սնանկության դատարանումեթե վերը նշած անձնաց գործողության կամ անգործության հետևանքով առաջացել է սույն օրենքի 101․5-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում նշված իրավիճակը։
8․ Եթե կառուցապատողի ֆինանսական առողջացման ծրագրով կամ վաճառքի ծրագրով նախատեսվում է պահանջների վերակառուցում, ապա ֆինանսական առողջացման ծրագիրը կամ վաճառքի ծրագիրը պետք է պարունակեն տեղեկություններ պահանջների վերակառուցման կարգի, յուրաքանչյուր պարտատիրոջ պահանջի, վերակառուցման հաստատման դեպքում պահանջի մնացորդի վերաբերյալ։
9․ Պահանջի վերակառուցման հարցը քննարկվում է ֆինանսական առողջացման ծրագրի կամ վաճառքի ծրագրի հետ միաժամանակ։
10․ Ֆինանսական առողջացման կամ գույքի վաճառքի ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում չբավարարված պահանջները վերականգնված են համարվում դատարանի կողմից նախապես հաստատված չափով։։
Հոդված 101․13․ Գնելու իրավունքի պայմանագրից բխող ոչ դրամական պահանջներ ունեցող պարտատերերի պահանջների բավարարումը փոխհատուցում տրամադրելով․
1․ Կառուցապատողի նկատմամբ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից բխող ոչ դրամական պահանջները կարող են դադարեցվել փոխհատուցում տրամադրելով, եթե․
1) պարտապանը չունի բավարար ֆինանսական միջոցներ և դրանք ներգրավելու հնարավորություն՝ կառուցապատվող օբյեկտի շինարարությունը ավարտելու և կառուցվող շենքից անշարժ գույքը գնելու իրավունք ունեցող անձանց հանձնելու համար, և
2) առողջացման կամ վաճառքի ծրագրի համաձայն կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքունեցող անձինք պայմանագրով նախատեսված վճարումներից բացի պետք է կատարեն լրացուցիչ վճարումներ, սակայն դատարանի կողմից սահմանված ժամկետում չեն իրականացրել այդ լրացուցիչ վճարումները։
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը փոխհատուցում տրամադրելով դադարեցնելու թույլտվությունը տալիս է դատարանը՝ մասնագիտացված կազմակերպության կամ կառավարչի միջնորդությամբ։
3․ Առարկությունների ներկայացման ժամկետը լրանալուց հետո դատարանը առարկությունների քննարկման արդյունքում կայացնում է յուրաքանչյուր գնման պայմանագիր ունեցող անձի կողմից վճարումը չկատարելու հիմքով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը փոխհատուցում տրամադրելով դադարեցնելու և փոխհատուցման չափը հաստատելու կամ միջնորդությունըմերժելու մասին որոշում։
4․ Սույն հոդվածում նշված փոխհատուցման չափը սահմանվում է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր կնքած պարտատիրոջ կողմից կառուցապատողի հատուկ հաշվին վճարված գումարի և այդ գումարի առնվազն 12 տոկոսի հանրագումարի չափով։
Հոդված 101․14․ Ֆինանսական առողջացման կամ գույքի վաճառքի ծրագրի ներկայացման առանձնահատկությունները․
1․ Առողջացման կամ Մասնագիտացված կազմակերպության կողմից ներկայացվող գույքի վաճառքի ծրագիրը կարող է ներկայացվել սույն օրենքով սահմանված կարգով, սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
2․ Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք իրավունք ունեն մինչ պարտատերերի առաջին ժողովը դատարան ներկայացնել միջնորդություն՝ առողջացման ծրագրի ներկայացման ժամկետը մինչև երեք ամիս ժամկետով երկարաձգելու վերաբերյալ։
3․ Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը դատարանի կողմից կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ։
Հոդված 101․15․ Առողջացման ծրագրի առանձնահատկությունները․
1․ Առողջացման ծրագրի շրջանակներում, բացի սույն օրենքով սահմանված միջոցառումներից, կարող են իրականացվել նաև հետևյալ միջոցառումները․
1) պահանջի վերակառուցում,
2) պահանջի բավարարում փոխհատուցում տրամադրելով,
3) համարժեք պաշտպանության տրամադրում,
4) գույքի վաճառքի ծրագրի իրականացում,
5) կառուցապատողի հարկադիր վերակազմակերպման վարույթի իրականացում։
2․ Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկերի վճարման կարգից տարբերվող եղանակով հարկերի վճարում, ապա ծրագիրը պետք է պարունակի նաև հարկերի՝ նախատեսվող վճարման կարգը և լիազոր մարմնի համաձայնությունը դրա վերաբերյալ։
Հոդված 101․16․ Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության առանձնահատկությունները․
1․ Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու նպատակով հրավիրված ժողովի անցկացման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտատերերի չներկայանալն արգելք չէ ծրագիրը հաստատելու միջնորդությամբ դատարան դիմելու և դատարանի կողմից ծրագիրը հաստատելու համար։
2․ Ժողովի ընթացքում պարտատերերի կողմից կարող են առաջարկվել առողջացման ծրագրի փոփոխություններ։ Փոփոխությունները, ժողովի կողմից ընդունվելու դեպքում, ծրագիրը համարվում է փոփոխություններով ընդունված։
3․ Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով այն պարտատերերը, ովքեր ընդգրկված են սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <բ> - <է> կետերում, ինչպես նաև հաստատված ոչ դրամական պահանջ ունեցող պարտատերերը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը միայն Կառավարության և սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը։ Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության ժամանակ պարտատերերն ունեն քվեարկության իրավունք ունեցող պարտատերերի պահանջների ընդհանուր ծավալում իրենց պահանջին հասանելիք տոկոսային համապատասխան չափով ձայն։
Հոդված 101․17․ Մասնագաիտացված կազմակերպության կողմից ներկայացված գույքի վաճառքի ծրագրի հաստատումը․
1. Գույքի վաճառքի ծրագիրը դատարանի կողմից հաստատվելու դեպքում, պարտապանի նկատմամբ սկսվում է լուծարային վարույթ, իսկ ծրագրում չներառված գույքի կառավարումն իրականացնում է կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով։
2. Մասնագիտացված կազմակերպությունը, գործում է սույն օրենքով սահմանված կարգով՝ գույքի վաճառքի ծրագրին համապատասխան:
3. Գույքի վաճառքի ծրագրի հաստատման մասին Սնանկության դատարանի որոշմամբ պետք է նշվի այդ ծրագրի ժամկետը:
4. Գույքի վաճառքի ծրագրի հաստատման մասին Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
5․ Մասնագիտացված կազմակերպությունների կողմից մեկից ավելի վաճառքի ծրագրեր ներկայացված լինելու դեպքում դատարանը հաստատում է այն ծրագիրը, որն առավելապես բխում է կառուցապատումը ավարտին հասցնելու և կառուցվող շենքից անշարժ գույքը գնելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու նպատակից, և քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետներում կառուցապատումը ավարտին հասցնելու նպատակից ։
Հոդված 101․18․ Պարտապանի գույքի հանձնումը․
1․ Եթե պարտապանի գույքի մասով առկա է քաղաքաշինական նորմերին համապատասխան փաստագրված ավարտական ակտ, և սնանկության կամ սնանկության վտանգի վարույթում պարտապանի գույքը, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով /գնելու իրավունքի պայմանագրերով/, ապա կառուցապատողի (պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ կառավարչի) պահանջը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը կառուցապատողի հատուկ հաշվին (սնանկության հատուկ հաշվին) վճարվելու կամ մինչ այդ վճարված լինելու դեպքում կառավարիչը կառուցապատողի անունից պարտավոր է կնքել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փոխանցման ակտ և անձին փոխանցել առանձնացված միավորի սեփականության իրավունքը՝ երրորդ անձանց իրավունքներից ազատ վիճակում։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարն ամբողջությամբ վճարվելու դեպքում կառավարիչը դիմում է դատարան տվյալ գույքի մասով ապահովված իրավունքները դադարեցնելու, կիրառված սահմանափակումները և արգելանքները վերացնելու պահանջով։ Դատարանը նշված դիմումի արդյունքներով գրավոր ընթացակարգով 1 շաբաթյա ժամկետում կայացնում է որոշում ապահովված իրավունքները դադարեցնելու, կիրառված սահմանափակումները և արգելանքները վերացնելու մասին, եթե պայմանագրի գինը վճարված է ամբողջությամբ, իսկ հակառակ դեպքում՝ միջնորդությունը մերժում է։
3․ Եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վճարումը իրականացվելու է վարկավորման եղանակով, ապա կառավարիչը ստանալով համապատասխան վարկատուի համաձայնությունը՝ վարկավորում տրամադրելու մասով, դիմում է դատարան նշված գործարքը թույլատրելու, գույքի մասով մինչ դիմումի պահը առկա ապահովված իրավունքները դադարեցնելու, կիրառված սահմանափակումները և արգելանքները վերացնելու պահանջներով։ Դատարանը նշված միջնորդության մասով 1 շաբաթյա ժամկետում կայացնում է որոշում՝ մինչև միջնորդության ներկայացումը առկա ապահովված իրավունքները դադարեցնելու, կիրառված սահմանափակումները և արգելանքները վերացնելու և գույքի մասով վարկավորման և հիփոթեքի համապատասխան պայմանագիր կնքելը թույլատրելու մասին, եթե վարկավորման և հիփոթեքի պայմանագրի նախագծի պայմանները չեն հակասում սույն օրենքի պահանջներին։
4․ Կառավարչի կողմից գույքի հանձնումը կատարվում է սնանկության վարույթի ցանկացած փուլում, եթե առկա է գնորդ կողմի սույն հոդվածի 2-րդ մասով կատարված վճարումները կամ 3-րդ մասով այն իրականացնելու բավարար հիմքերը։
Հոդված 101․19․ Կառուցապատողի գույքի վաճառքը Մասնագիտացված կազմակերպության կողմից․
1․ Կառուցապատողի գույքի վաճառքը կարող է իրականացվել Մասնագիտացված կազմակերպության կողմից ներկայացված և դատարանի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրին համապատասխան, եթե․
1) դա բխում է կառուցապատումը ավարտին հասցնելու և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու նպատակից, կամ
2) դա բխում է քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետներում կառուցապատումը ավարտին հասցնելու նպատակից։
2․ Ներկայացված գույքի վաճառքի ծրագիրը դատարանի կողմից կարող է հաստատվել, եթե սահմանված ժամկետում չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագիր, իսկ ներկայացված լինելու դեպքում այն չի հաստատվել դատարանի կողմից։
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում կառուցապատողի գույքի վաճառքի ծրագիրը, իսկ եթե վաճառքը նախատեսվում է իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրով, ապա՝ ֆինանսական առողջացման ծրագիրը, պետք է ներառի պարտապանի այն գույքի ցանկը, որը նախատեսվում է վաճառել, գույքի, պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, առկայության դեպքում այլ նույնականացնող տվյալներ), վաճառքի՝ սույն օրենքի համաձայն նախատեսվող ձևը, գույքի հետ միաժամանակ ձեռք բերողին փոխանցվող պարտավորությունների նկարագիրը, եթե գույքը ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, որոնք պետք է փոխանցվեն ձեռք բերողին, ապա՝ դրանց նկարագիրը
4․ Պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո կառուցապատողի գույքի վաճառքը իրականացնում է կառավարիչը՝ դատարանի կողմից հաստատված վաճառքի ծրագրին համապատասխան։
5․ Եթե վաճառքի ծրագրով նախատեսված է նաև պարտավորությունների փոխանցում գույքը ձեռք բերողին, ապա գույքի վաճառքի գնի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում նաև փոխանցվող պարտավորության չափը։
6․ Եթե գույքի վաճառքի ծրագրով նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկերի վճարման կարգից տարբերվող եղանակով հարկերի վճարում, ապա ծրագիրը պետք է պարունակի նաև հարկերի՝ նախատեսվող վճարման կարգը և լիազոր մարմնի համաձայնությունը դրա վերաբերյալ։
Հոդված 101․20․ Պարտապանի գույքի վաճառքը հարկադրված վերակազմակերպման իրականացման միջոցով․
1. Պարտապանի գույքը կարող է վաճառվել հարկադրված վերակազմակերպման ձևով, որն իրականացվում է սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պարտապանի առանձնացման ձևով վերակազմակերպման և այդ վերակազմակերպման արդյունքում հիմնադրվող (նոր ստեղծվող) իրավաբանական անձի բաժնեմասը սույն օրենքով սահմանված կարգով վաճառելու միջոցով։
2. Պարտապանի հարկադրված վերակազմակերպման ժամանակ նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասը համարվում է պարտապանի գույք։
3. Պարտապանի հարկադրված վերակազմակերպումն իրականացվում է դատարանի որոշմամբ հաստատված բաժանիչ հաշվեկշռի հիման վրա։
4. Բաժանիչ հաշվեկշիռը պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն ակտիվների (գույք, գույքային իրավունքներ, լիցենզիաներ, թույլտվություններ, արտոնագրեր, ապրանքային նշաններ, հեղինակային իրավունքներ, գյուտեր, այլ իրավունքներ և այլն, և պարտավորություններ) ցանկն է, որոնք պետք է փոխանցվեն հարկադրված վերակազմակերպման ժամանակ պարտապանից առանձնացող՝ նոր ստեղծվող իրավաբանական անձին։ Բաժանիչ հաշվեկշիռն այլ տեղեկություններից բացի պետք է ներառի յուրաքանչյուր ակտիվի և պարտավորության նույնականացնող տվյալները, նկարագիրը, քանակը, հաշվեկշռային և գնահատված արժեքները, առկայության դեպքում՝ այլ բնութագրիչներ։ Բաժանիչ հաշեկշիռը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ տեղեկություններ։
5. Հարկադրված վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձը պարտապանի իրավահաջորդը չի հանդիսանում, նրան չի փոխանցվում պարտապանի որևէ այլ պարտավորություն, քան ներառված է բաժանիչ հաշվեկշռում, սակայն դատարանի որոշմամբ հաստատված բաժանիչ հաշվեկշռում ներառված ակտիվները և պարտավորությունները հարկադրված վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձին են փոխանցվում այն նույն ծավալով, ինչպես կփոխանցվեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված առանձնացման ձևով վերակազմակերպման արդյունքում։
6․ Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով պարտապանի հարկադրված վերակազմակերպում նախատեսված լինելու դեպքում բաժանիչ հաշվեկշռի նախագիծը կազմում է առողջացման ծրագիր ներկայացնողը, իսկ լուծարման վարույթում՝ կառավարիչը՝ իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ։
7․ Հարկադրված վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի շուկայական արժեքի գնահատումը կատարվում է մինչև այդ իրավաբանական անձի հիմնադրումը, և այն հավասար է փոխանցվող ակտիվների շուկայական արժեքի և փոխանցվող պարտավորությունների չափի տարբերությանը։
8․ Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքն իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից անմիջապես հետո, ապա ֆինանսական առողջացման ծրագրին կից ներկայացվում է նաև գնահատողի կողմից կազմված՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը։
9. Ֆինանսական առողջացման ծրագրով կարող է նախատեսվել նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքի իրականացման՝ ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում այլ ժամկետ։ Այդ դեպքում բաժնեմասի վաճառքն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ վաճառքի ծրագրին համապատասխան։
10․ Բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, բաժնեմասի գնահատումը կատարվում է բաժնեմասի վաճառքի ծրագիրը կազմելուց առաջ, կառավարչի պատվերով՝ պարտապանի միջոցներով։
11․ Նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքի ծրագիրը, իսկ սույն հոդվածի 8-րդ մասում նշված դեպքում՝ ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառեն բաժանիչ հաշվեկշիռը, հարկադրված վերակազմակերպման ժամանակ նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի շուկայական արժեքը, անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ։
12․ Ֆինանսական առողջացման ծրագրի կամ գույքի վաճառքի ծրագրի քննարկման ժամանակ, պարտատերերի ժողովի (խորհրդի) որոշմամբ կարող է սահմանվել հարկադրված վերակազմակերպման արդյունքում առանձնացման ձևով հիմնադրվող իրավաբանական անձի բաժնեմասի՝ շուկայական գնահատված արժեքից մինչև 20 տոկոս բարձր գին։
13․ Պարտապանի հարկադրված վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը պետք է պարունակի նաև բաժանիչ հաշվեկշիռը, և այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչը պարտապանի հարկադրված վերակազմակերպման ժամանակ նոր ստեղծվող իրավաբանական անձի ամբողջ բաժնեմասի գնելու (ձեռք բերելու) իրավունքը ներկայացնում է վաճառքի։
14․ Հարկադրված վերակազմակերպման իրականացումը և նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքը թույլատրող ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ հարկադրված վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բաժնեմասի գնելու (ձեռք բերելու) իրավունքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդի արձանագրությունը (ուղղակի վաճառքով վաճառվելու դեպքում՝ ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումը) հիմք են հարկադրված վերակազմակերպման արդյունքում առանձնացման ձևով ստեղծվող իրավաբանական անձ հիմնադրելու (պետական գրանցում կատարելու) և բաժանիչ հաշվեկշռում ներառված ակտիվների (գույք, գույքային իրավունքներ և այլն) նկատմամբ այդ իրավաբանական անձի իրավունքները գրանցելու (ձևակերպելու) համար։
15․ Կառավարիչը, սույն հոդվածի 14-րդ մասում նշված փաստաթղթերից վերջինը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձ հիմնադրելու (դրա պետական գրանցում կատարելու) համար, ինչպես նաև համապատասխան մարմիններին՝ բաժանիչ հաշվեկշռում ներառված ակտիվների նկատմամբ այդ իրավաբանական անձի իրավունքները գրանցելու (ձևակերպելու) համար։
16․ Սույն հոդվածի 15-րդ մասում նշված իրավաբանական անձի հիմնադրման պահից վերջինիս են անցնում բաժանիչ հաշվեկշռում ներառված ակտիվների (գույք, գույքային իրավունքներ և այլն) նկատմամբ բոլոր իրավունքները։ Բացառությամբ փոխանցման ակտով փոխանցվող պարտավորությունների, պարտապանի որևէ այլ պարտավորություն նոր հիմնադրված իրավաբանական անձին չի փոխանցվում։
17․ Սույն հոդվածի 15-րդ մասում նշված իրավաբանական անձի հիմնադրման օրվանից մեկշաբաթյա ժամկետում կառավարիչը աճուրդի հաղթողի (ուղղակի վաճառքի դեպքում՝ հավանական գնորդի) հետ կնքում է նոր ստեղծված իրավաբանական անձի ամբողջ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որը հիմք է այդ բաժնեմասի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը գրանցելու համար։»։
Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը հաստատում է սույն օրենքի 101․8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ռեեստրը վարելու կարգը:
3․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է, այն ուժի մեջ մտնելուց հետո հարցուցված սնանկության վարույթերի նկատմամբ։
4․ Սույն օրենքի 101․18-րդ և 101․20-րդ հոդվածների գործողությունը տարածվում են նաև մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության վարույթների նկատմամբ։
-
Տևողություն
01.04.2026 16.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Սնանկություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 271
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: