«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայստատել երիտասարդական կենտրոնների կործունեության կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել երիտասարդական կենտրոնների գործունեության մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված N 1
ԿԱՐԳ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոնների ստեղծման և գործունեության իրականացման հետ կապված առանձնահատկությունները:
2. Երիտասարդական կենտրոնները ստեղծվում են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված դրույթների համաձայն:
3. Երիտասարդական կետրոնների գործառույթները սահմանվում են հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ՝ հիմք ընդունելով Օրենքի և լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները:
4. Երիտասարդական կենտրոնների գործունեությունը իրականացվում է հիմք ընդունելով երիտասարդական աշխատանքի սկզբունքները, որոնք սահմանում են կենտրոնների աշխատանքի բովանդակային, կազմակերպչական և գործառնական մոտեցումները։ Այդ սկզբունքները պարտադիր ուղենիշ են երիտասարդական կենտրոնների գործունեության համար:
II. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Երիտասարդական կենտրոնների գործունեության նպատակն է նպաստել երիտասարդների ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, նրանց կարողությունների շարունակական զարգացմանը, սոցիալական ակտիվության բարձրացմանն ու երիտասարդին՝ որպես ակտիվ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը։
6. Երիտասարդական կենտրոնների հիմնական խնդիրներն են՝
1) ապահովել երիտասարդների համար անվտանգ և ներառական միջավայր,
2) նպաստել ոչ ֆորմալ կրթության և կարողությունների զարգացման գործընթացներին,
3) խթանել երիտասարդների քաղաքացիական, մշակութային և սոցիալական ակտիվությունը,
4) աջակցել երիտասարդների նախաձեռնություններին և ինքնակազմակերպմանը,
5) զարգացնել համագործակցությունը համայնքային, պետական և ոչ պետական կառույցների հետ,
6) նպաստել երիտասարդների զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման գործընթացներին,
7) խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային և հանրային կյանքին, ներառյալ՝ որոշումների կայացման գործընթացներին։
III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
7. Կենտրոնի գործունեության տեսակը սահմանվում է կենտրոնի հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։
8. Կենտրոնը կարող է միաժամանակ իրականացնել մեկից ավելի գործունեության տեսակին բնորոշ գործառույթներ՝ պայմանով, որ յուրաքանչյուր տեսակի համար կիրառելի նվազագույն պահանջները պահպանվում են։
9. Երիտասարդական կենտրոնների բոլոր տեսակները, անկախ դրանց կազմակերպման ձևից, պարտադիր իրականացնում են երիտասարդական աշխատանք և մատուցում երիտասարդական ծառայություններ՝ Օրենքով և լիազոր մարմնի կողմից սահմանված սկզբունքներին, նպատակներին և ուղղություններին համապատասխան։
10. Սահմանվում են երիտասարդական կենտրոնների գործունեության հետևյալ հիմնական տեսակները՝
1) Խորհրդատվական, տեղեկատվական կենտրոն (Information & Counseling Center). Սա երիտասարդական կենտրոնի տեսակ է, որի առաջնային գործառույթը երիտասարդներին տեղեկությունների տրամադրումն է, խորհրդատվությունը և ուղղորդումը՝ կրթության, զբաղվածության, սոցիալական աջակցության, կամ այլ ոլորտային ծառայությունների հասանելիության նպատակով։ Կենտրոնը կարող է ծառայությունները մատուցել առկա, հեռավար կամ հիբրիդային ձևաչափերով։ Խորհրդատվական, տեղեկատվական կենտրոնը պետք է ապահովի՝
ա) տեղեկությունների տրամադրման ստանդարտացված գործընթաց (պահանջ-պատասխան, աղբյուրների ստուգում),
բ) խորհրդատվության կամ ուղղորդման մեխանիզմ՝ պատասխանատու անձանց սահմանմամբ,
գ) դիմումների հաշվառում և անանունացված վիճակագրություն։ Խորհրդատվության ընթացքում արգելվում է շահառուին վնասող կամ չստուգված տեղեկությունների տրամադրումը։
2) Բաց երիտասարդական կենտրոն (Open Youth Center). Բաց երիտասարդական կենտրոնը երիտասարդների համար բաց և հասանելի ծառայությունների ձևաչափով գործող կենտրոն է, որը ապահովում է ազատ այցելություն, ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, մասնակցային մեխանիզմներ և համայնքային ներգրավվածության հնարավորություններ։ Բաց կենտրոնը գործում է «ցածր շեմով» հասանելիության սկզբունքով՝ նվազեցնելով մասնակցության ձևական խոչընդոտները։ Բաց կենտրոնը պետք է ապահովի նվազագույնը՝
ա) բաց ժամեր և ընդունելության հստակ գրաֆիկ,
բ) ոչ ֆորմալ կրթության և խմբային աշխատանքների պարբերական ծրագրեր,
գ) երիտասարդների նախաձեռնությունների աջակցման մեխանիզմ,
դ) ուղղորդման նվազագույն մեխանիզմ՝ անհրաժեշտ ծառայությունների հասանելիության համար։ Բաց կենտրոնում ապահովվում են երիտասարդական աշխատող(ներ)ի մշտական ներկայություն և ծառայության անվտանգ կազմակերպում։
3) Թեմատիկ երիտասարդական կենտրոն (Thematic Youth Center). Սա երիտասարդական կենտրոնի տեսակ է, որի գործունեությունը կենտրոնացած է որոշակի թեմատիկ ուղղության (օրինակ՝ տեխնոլոգիական, բնապահպանական, ձեռնարկատիրական, արվեստի, մեդիա/թվային կարողունակությունների, կամավորության և այլն) վրա՝ միաժամանակ պահպանելով երիտասարդական աշխատանքի հիմնական սկզբունքները։ Թեմատիկ երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի՝
ա) թեմատիկ ծրագրերի պարբերականություն և շարունակականություն,
բ) երիտասարդների թեմատիկ նախաձեռնությունների և նախագծերի ներկայացման հնարավորություններ։
4) Սոցիալական երիտասարդական կենտրոն (Social Youth Center). Սա երիտասարդական կենտրոնի տեսակ է, որը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին, խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդների ներառմանը, սոցիալական ինտեգրմանը և ծառայությունների հասանելիությանը՝ տրամադրելով նպատակային սոցիալական աջակցություն և ուղեկցում։ Սոցիալական կենտրոնի գործունեությունը կարող է ներառել դեպքի վարում կամ համարժեք ուղեկցման մեխանիզմ՝ օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում։
5) Երիտասարդական տարածք (Youth Space). Երիտասարդական տարածքը երիտասարդական կենտրոնի այն տեսակն է, որի առաջնային գործառույթը երիտասարդների համար անվտանգ, վերահսկելի և հասանելի միջավայրի ապահովումն է՝ մեծամասամբ երիտասարդների կողմից ինքնուրույն, հազվադեպ՝ ուղեկցվող գործունեությունների համար։ Երիտասարդական տարածքը կարող է գործել որպես ինքնուրույն միավոր կամ որպես կրթական, սոցիալական, մշակութային և այլ հաստատության բաղադրիչ։
6) Միջազգային երիտասարդական կենտրոն (International Youth Center). Սա երիտասարդական կենտրոնի տեսակ է, որի առաջնային նպատակը միջազգային երիտասարդական համագործակցության, միջմշակութային ուսուցման և միջազգային ծրագրերի իրականացումն է՝ ընդունելով մասնակիցներ և/կամ գործընկեր կառույցներ տարբեր երկրներից։ Միջազգային երիտասարդական կենտրոնը կարող է ունենալ միջազգային ճանաչում կամ որակի պիտակ (Quality Label)՝ սահմանված կարգով, ինչպես նաև գործել միջազգային ցանցերի կամ ծրագրերի շրջանակում։ Միջազգային երիտասարդական կենտրոնն իրականացնում է՝
ա) միջազգային ուսուցման, փոխանակումների, կամավորական և համագործակցային ծրագրերի կազմակերպում,
բ) միջազգային շարժունակության (mobility) աջակցության տեղեկատվական և կազմակերպչական ծառայություններ,
գ) միջմշակութային հաղորդակցության, մարդու իրավունքների, ժողովրդավարական մասնակցության և այլ ուղղվածությամբ կրթական ծրագրեր՝ ըստ Կենտրոնի ծրագրային ուղղությունների։ Կենտրոնը պետք է ապահովի նաև տեղական երիտասարդների ներգրավվածություն և միջազգային ծրագրերից բխող օգտակար փորձի տեղայնացում՝ սույն կարգի նպատակներին համապատասխան։
IV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Երիտասարդական կենտրոնները իրենց նպատակների և խնդիրների իրականացման շրջանակում՝
1) կազմակերպում և իրականացնում են կրթական, մշակութային, սոցիալական և այլ ծրագրեր,
2) իրականացնում են երիտասարդական աշխատանք՝ հիմնված ոչ ֆորմալ կրթության սկզբունքների վրա,
3) երիտասարդներին տրամադրում են տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ,
4) ապահովում են երիտասարդների մասնակցությունը տարբեր նախաձեռնություններին և ծրագրերին,
5) ստեղծում են հարթակներ երիտասարդների ինքնարտահայտման, գաղափարների զարգացման և նախաձեռնությունների իրականացման համար,
6) համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ,
7) ապահովում են երիտասարդների անվտանգ և աջակցող միջավայր։
V. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
12. Երիտասարդական կենտրոնները իրականացնում են իրենց գործունեության պարբերական մոնիթորինգ և գնահատում՝ ապահովելու ծրագրերի արդյունավետությունը, որակը և շարունակական բարելավումը։
13. Մոնիթորինգի և գնահատման նպատակն է՝
1) գնահատել իրականացվող ծրագրերի համապատասխանությունը սահմանված նպատակներին և խնդիրներին,
2) բացահայտել ձեռքբերումներն ու բարելավման կարիք ունեցող ուղղությունները,
3) ապահովել երիտասարդների կարիքներին արձագանքող և տվյալահեն ծրագրերի մշակում,
4) բարձրացնել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
14. Մոնիթորինգի և գնահատման արդյունքները օգտագործվում են՝
1) ծրագրերի և ծառայությունների կատարելագործման համար,
2) ռազմավարական և գործառնական պլանավորման գործընթացներում,
3) երիտասարդների կարիքների ավելի արդյունավետ արձագանքման նպատակով,
4) շահագրգիռ կողմերին տեղեկատվություն տրամադրելու և հաշվետվություններ ներկայացնելու համար։
-
Տևողություն
01.04.2026 16.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 103
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: