ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության ընդունման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հաստատված ՀՕ-58-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (6) հաստատել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը), ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի մայիսի 26-ի «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 442-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Երիտասարդական աշխատանքը պետական երիտասարդական քաղաքականության առանցքային գործիքներից մեկն է, որն ուղղված է երիտասարդների անձնական, սոցիալական, քաղաքացիական զարգացմանը՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության, մասնակցության և սոցիալական ներգրավման մեխանիզմների միջոցով։ Միջազգային ու տեղական քաղաքական շրջանակներում այն դիտարկվում է որպես հանրային քաղաքականության ինքնուրույն ուղղություն, որը լրացնում է կրթական, սոցիալական և մշակութային համակարգերը։ Միջազգային ու տեղական փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է ոչ թե որպես միջոցառումների կամ ծրագրերի համախումբ, այլ որպես երիտասարդների զարգացմանն ուղղված համակարգված միջամտություն՝ հիմնված արժեքների, մասնագիտական մոտեցումների և որակի ապահովման վրա։
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք իրականացնող դերակատարները բազմազան են։ Երիտասարդական աշխատանք հիմնականում իրականացնում են երիտասարդական կազմակերպությունները, որոնք ազդեցություն ունեն ինչպես համայնքային, այնպես էլ ազգային մակարդակում: Երիտասարդական աշխատանք իրականացնում են նաև պետության, համայնքի կամ մասնավոր հատվածի կողմից կամ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծված երիտասարդական միջավայրերում: Երիտասարդական աշխատանքի դերակատար են նաև անկախ երիտասարդական շարժումները, ինչպես նաև բուհական կառույցների շրջանակում գործող մարմիններն ու անձինք։ Սակայն երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման գործընթացը ներկայումս իրականացվում է մասնատված ձևով և չունի միասնական կարգավորում։
Այս համատեքստում կարևոր է նշել, որ 2021 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» պետական դրամաշնորհային մրցույթներ։ Արդյունքում՝ պետություն, համայնք և ոչ պետական կազմակերպությունների եռակողմ համագործակցությամբ ՀՀ տարբեր մարզերում ստեղծվել են երիտասարդական միջավայրեր (կենտրոններ ու տարածքներ)։ Միջավայրերի գործունեությանն աջակցելու նպատակով 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույց», որը նպաստում, սակայն իր բնույթով չի կարգավորում երիտասարդական աշխատանքի իրականացումը։
Հայաստանում երիտասարդական աշխատանքի գաղափարը սկզբնական շրջանում հիմնականում իրականացվում էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով։ Պետական մակարդակում երիտասարդական քաղաքականությունը զարգանում էր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով, սակայն դեռևս երիտասարդական աշխատողի ինստիտուտը ամբողջությամբ ձևավորված չէր։
Այս փուլում պետությունը հիմնականում՝
· աջակցում էր երիտասարդական կազմակերպություններին,
· իրականացնում էր երիտասարդական ծրագրեր և դրամաշնորհներ,
· համագործակցում էր միջազգային կառույցների (ԵՄ, ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և այլն) հետ։
Երիտասարդական աշխատանքի զարգացման կարևոր փուլը սկսվեց 2015 թվականից, երբ պետական քաղաքականության շրջանակում պաշտոնապես ներդրվեց «երիտասարդական աշխատող» հասկացությունը։
· Այն ներառվեց Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում (2015-2025)։
· Երիտասարդական աշխատողը սահմանվեց որպես անձ, որը աշխատում է երիտասարդների հետ՝ նպաստելով նրանց անձնական, սոցիալական և կրթական զարգացմանը, ինչպես նաև ծրագրերի մշակմանը և իրականացմանը։
Նույն ժամանակաշրջանում իրականացվեցին մի շարք կարևոր քայլեր․
· ձևավորվեց երիտասարդական աշխատողների ինստիտուտը,
· մշակվեցին երիտասարդական աշխատանքի կարգավորումներ և մեթոդական հիմքեր,
· սկսեցին իրականացվել երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրեր։
Վերջին տարիներին պետությունը սկսել է ավելի համակարգված մոտենալ երիտասարդական աշխատանքի զարգացմանը։
Կարևոր ուղղություններն են՝
1. Մասնագիտական կարողությունների զարգացում.
պետության և միջազգային գործընկերների համագործակցությամբ իրականացվում են երիտասարդական աշխատողների վերապատրաստումներ։ Օրինակ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերով վերապատրաստվել են երիտասարդական աշխատողներ տարբեր համայնքներից։
2. Երիտասարդական միջավայրերի զարգացում.
Հայաստանում ձևավորվում են երիտասարդական կենտրոններ և համայնքային երիտասարդական միջավայրեր, որոնք ապահովում են
ü ոչ ֆորմալ կրթություն,
ü համայնքային մասնակցություն,
ü երիտասարդների սոցիալական և անձնական զարգացման հնարավորություններ։
3. Քաղաքացիական հասարակության մասնակցություն.
պետությունը ակտիվ համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների հետ՝
ü դրամաշնորհային ծրագրերի,
ü քաղաքականության մշակման,
ü համայնքային նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։
Վերջին տարիներին կարևոր քայլ է եղել երիտասարդության ոլորտի նոր օրենսդրության ընդունումը։
Նոր մոտեցումների շրջանակում նախատեսվում է՝
ü յուրաքանչյուր համայնքում երիտասարդական կենտրոնների ստեղծում,
ü երիտասարդական աշխատանքի իրականացում համայնքային մակարդակում,
ü երիտասարդական աշխատողի դերակատարության ամրապնդում։
Պետությունը նաև աշխատում է երիտասարդական աշխատողների մասնագիտական չափանիշների և կարողունակությունների մշակման վրա, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների գործունեության միասնական մոդելի ստեղծման վրա:
Այսօր Հայաստանում երիտասարդական աշխատանքը գտնվում է կայացման և համակարգային զարգացման փուլում։
Այն բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով․
ü ձևավորվում է մասնագիտական երիտասարդական աշխատողի ինստիտուտ,
ü զարգանում են համայնքային երիտասարդական կենտրոնները,
ü ակտիվ է պետություն–համայնք–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-միջազգային կազմակերպություններ համագործակցությունը,
ü մեծ ուշադրություն է դարձվում ոչ ֆորմալ կրթությանը և երիտասարդների մասնակցությանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանքի զարգացման գործընթացը վերջին տարիներին ստացել է նոր քաղաքական և իրավական դինամիկա։ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ էլ ավելի է կարևորվել երիտասարդական աշխատանքի՝ որպես պետական երիտասարդական քաղաքականության առանցքային ուղղության, դերը։ Սա հիմք է ստեղծում ոլորտի ինստիտուցիոնալացման, որակի բարձրացման և մասնագիտական կարգավորումների համար։ Միաժամանակ, գործող պրակտիկաները ցույց են տալիս, որ ոլորտը դեռևս գտնվում է ձևավորման փուլում և բախվում է համակարգային մի շարք սահմանափակումների։ Իրավական ճանաչումը դեռևս լիարժեք չի վերածվել համակարգված քաղաքական և գործառնական լուծումների։
Այս համատեքստում հատկապես կարևոր է երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգի ձևավորումը, քանի որ հենց մարդկային ռեսուրսն է ապահովում քաղաքականության իրականացման որակը և կայունությունը։ Առանց հստակ ձևակերպված կարողունակությունների, որակի չափորոշիչների և շարունակական զարգացման հնարավորությունների՝ երիտասարդական աշխատանքի ներուժը մնում է թերի իրացված։
Երիտասարդական աշխատանքի իրականացման ներկա վիճակի, առկա խնդիրների ու հնարավորությունների վերբերյալ փաստական, գիտելիքահեն տվյալների հավաքագրման նպատակով 2025 թվականի հոկտեմբերից դեկտեմբերին՝ Հայաստանի երիտասարդության ոլորտի մի շարք դերակատարների մասնակցությամբ, իրականացվել է միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն։
Ուսումնասիրվել է շուրջ 12 երկրի՝ Ավստրիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Սերբիայի ու Ֆինլանդիայի երիտասարդական աշխատանքի գործնական մոդելները ու առկա համակարգերը։ Տվյալները համակարգվել և վերլուծվել են հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով՝ ա) երիտասարդական աշխատանքի սահմանումներ և արժեքային հիմքեր, բ) երիտասարդական աշխատողի ինստիտուտ, գ) որակի ապահովման և մշտադիտարկման մեխանիզմներ, դ) երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգեր։
Զուգահեռ, Հայաստանյան փորձի ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են երիտասարդական աշխատանքի տարբեր ձևաչափերում գործունեություն իրականացնող կառույցներ՝ ա) երիտասարդական կենտրոններ, բ) երիտասարդական տարածքներ, գ) քաղաքացիական հասարակության կառույցներ և շարժումներ, որոնք իրականացնում են երիտասարդական ծրագրեր, դ) բուհերի կարիերայի կենտրոններ, ուսանողական խորհուրդներ։ Վերլուծվել է 39 լրացված հարցաթերթ, որոնք ներկայացնում են Հայաստանում երիտասարդական աշխատանքի կազմակերպչական և իրականացման բազմազանությունը։ Հավաքագրվել են տվյալներ երիտասարդական աշխատանքի արժեքային հիմքերի, թիրախային խմբերի, իրականացման ձևերի, աշխատողների դերերի, որակի ապահովման և վերապատրաստման պրակտիկաների վերաբերյալ։
Համաձայն ուսումնասիրության՝ երիտասարդական աշխատանքի ընկալումները և արժեքային հիմքերը հետևյալն են. միջազգային փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է որպես հանրային ծառայության առանձնացված ձև, որը նպաստում է ոչ միայն անհատի զարգացմանը, այլ նաև սոցիալական համերաշխությանը, համայնքային կապերի ամրապնդմանը և ժողովրդավարական մասնակցությանը։ Այս մոտեցումը թույլ է տալիս երիտասարդական աշխատանքը կապել հանրային քաղաքականության լայն նպատակների հետ։ Հայաստանյան փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը հիմնականում ընկալվում է որպես ոչ ֆորմալ կրթության, ծրագրային գործունեության և երիտասարդների ներգրավման գործընթաց։ Արժեքային սկզբունքները՝ երիտասարդակենտրոնություն, մասնակցայնություն, ներառականություն և կամավորություն, առավելապես արտահայտվում են գործնական մակարդակում և հազվադեպ են համակարգված կամ ամրագրված փաստաթղթերում։
Թիրախային խմբերի և միջամտությունների համակարգայնության պատկերը հետևյալն է. միջազգային փորձը ցույց է տալիս ավելի համակարգային մոտեցում, որտեղ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է ոչ միայն երիտասարդների, այլ նաև նրանց միջավայրի հետ աշխատելու համատեքստում՝ ներառելով համայնքները, կրթական և սոցիալական դերակատարներին։ Հայաստանում երիտասարդական աշխատանքի հիմնական թիրախը երիտասարդներն են՝ տարբեր տարիքային (13-35) և սոցիալական խմբերում։ Միևնույն ժամանակ, թիրախավորումը հաճախ իրականացվում է կազմակերպությունների ներքին առաջնահերթությունների հիման վրա և չունի միասնական քաղաքական ուղղորդում։ Ծրագրերն ապահովում են ճկունություն և հասանելիություն, սակայն դրանց ազդեցությունը հաճախ սահմանափակվում է ծրագրային ժամանակահատվածներով՝ չապահովելով շարունակականություն ու կայունություն։
Երիտասարդական աշխատանքի իրականացման հիմնական ձևաչափերը հետևյալն են. միջազգային փորձը ցույց է տալիս ձևաչափերի բազմազանություն և ճկունություն, ինչը դիտարկվում է որպես երիտասարդների հասանելիության և ներառականության ապահովման հիմնական գործիք։ Հայաստանյան պրակտիկաներում գերակշռում են կենտրոնահեն և առանձին միջոցառումների ձևաչափերը։ Փողոցային, շրջիկ և թվային երիտասարդական աշխատանքի ձևաչափերը առկա են սահմանափակ չափով։
Երիտասարդական աշխատողի ինստիտուտը ներկայանում է հետևյալ կերպ. միջազգային փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատողի ինստիտուցիոնալացումը հիմնված է դերերի տարբերակման, մասնագիտական կարողունակությունների և շարունակական զարգացման համակարգերի վրա։ Հայաստանում երիտասարդական աշխատողը՝ որպես սուբյեկտ, սահմանված է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով (2025 թ.), սակայն երիտասարդական կազմակերպություններում նրանց դերն ու կարգավիճակը, հաճախ, հստակ սահմանված չէ։ Գործունեությունը հաճախ իրականացվում է կամավորների կամ ծրագրային աշխատողների կողմից՝ առանց միասնական կարողունակությունների շրջանակի և պաշտոնական ճանաչման մեխանիզմների։ Համալսարանական միջավայրում երիտասարդական աշխատանքին բնորոշ գործառույթներ իրականացնող դերակատարներն այդ միջավայրում չեն դիտարկվում որպես երիտասարդական աշխատողներ։
Որակի ապահովման և վերապատրաստման համակարգերի պատկերը հետևյալն է. Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքի որակի ապահովումը և երիտասարդական աշխատողի վերապատրաստումը դիտարկվում են որպես փոխկապակցված համակարգեր, որոնք ուղղված են երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու բարելավմանը, այլ ոչ միայն վերահսկողությանը։ Հայաստանում որակի ապահովման մեխանիզմները հիմնականում անկանոն են և սահմանափակվում են հաշվետվողականության ձևական գործիքներով։ Առկա է երիտասարդական աշխատողի վերապատրաստման պետական ծրագիր, որին ամեն տարի մասնակցում է ոլորտային շուրջ 25 դերակատար։ Սակայն սա թե՛ բովանդակային, թե՛ քանակական իմաստով բավարար չէ։ Իրենց հերթին, երիտասարդական կազմակերպությունների վերապատրաստման նախաձեռնությունները մասնատված են, և այս ամենը չի ձևավորում միասնական, շարունակական համակարգ։
Ամբողջության մեջ, միջազգային փորձի վերլուծությունը բացահայտում է մի շարք ընդհանուր օրինաչափություններ, որոնք ցույց են տալիս, որ երիտասարդական աշխատանքի արդյունավետ համակարգերը հիմնված են հետևյալի վրա՝
1) Վերապատրաստման համակարգերը կառուցվում են մի քանի մակարդակների մոդելով,
2) Որակի ապահովումը ներառում է ինքնագնահատում և արտաքին գնահատում,
3) Վերապատրաստման արդյունքները ճանաչվում են վկայականների և պորտֆոլիոների միջոցով,
4) Մասնագիտականացումը դիտարկվում է որպես շարունակական գործընթաց։
Այս մոտեցումները կարող են ադապտացվել Հայաստանի պայմաններին՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկա փուլը և դերակատարների բազմազանությունը։
Ի համեմատություն սրա Հայաստանում առկա են հետևյալ հիմնական խնդիրները՝
1) Բացակայում է երիտասարդական աշխատողի կարողունակությունների միասնական շրջանակը։
2) Վերապատրաստման պետական ծրագիրը չունի ըստ բարդության մակարդակային կառուցվածք կամ նեղ թեմաներով խորացված ուսուցման հնարավորություն։
3) Սահմանափակ են վերապատրաստման արդյունքների պաշտոնական և գործնական ճանաչման մեխանիզմները։
4) Բացակայում են երիտասարդական աշխատանքի որակի ապահովման հստակ չափորոշիչները։
5) Վերապատրաստման մատակարարների գործունեությունը չունի միասնական նվազագույն պահանջներ։
Առկա իրավիճակը խոչընդոտում է Հայաստանում երիտասարդական աշխատանքի կայուն և կանխատեսելի զարգացմանը և մասնագիտական համակարգի ձևավորմանը։
3. Ակնկալվող արդյունքները
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման միասնական կարգավորում, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, ապահովել ոլորտում մասնագիտական կարողունակությունների համադրելիություն և ճանաչելիություն, ամրապնդել պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմները։
Նախագծի ընդունումը անհրաժեշտ և հիմնավորված քայլ է երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և մեթոդաբանական կարգավորման միասնական համակարգի ձևավորման համար և ուղղված է պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման ապահովմանը։
4. Ֆինանսական ազդեցությունը
Իրավական ակտի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում։ Իրավական ակտից բխող միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի գործող ծրագրերի և սահմանված բյուջետային հատկացումների շրջանակում։
[1] ՀՀ ԿԳՄՍ նախարարի 02.09.2025 թվականի N 2048-Ա/2 հրամանը ՀՀ ԿԳՄՍ նախախարի 30.12.2022 թվականի «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցը հաստատելու մասին» N 2505-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին, https://escs.am/am/news/15476
[2] Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն) որոշում https://www.arlis.am/hy/acts/96116
[3] ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2022 թվականի N 2496-Ա/2 հրաման, https://escs.am/files/files/2024-06-21/c971d455dc7095b6a0ce82627a3f7e27.pdf
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2022 թվականի N 2502-Ա/2 հրաման, https://escs.am/am/news/15533
-
Տևողություն
31.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 271
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: