Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1.     Սահմանել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:

2.    Սահմանել երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները՝ համաձայն հավելված N 2-ի:

3.    Սահմանել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված N 3-ի:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ՝                    Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 

Հավելված N 1

                                                                    ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են երիտասարդական աշխատողների վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները։
  2. Երիտասարդական աշխատողների վերապատրաստումը երիտասարդական աշխատողների որակավորման չափանիշներին համապատասխանության ապահովմանն ու աջակցմանն ուղղված գործընթաց է, որի նպատակն է երիտասարդական աշխատողների և երիտասարդական աշխատող դառնալ ցանկացողների համապատասխան կարողունակությունների (գիտելիքների, հմտությունների, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների) ձևավորման և զարգացման միջոցով երիտասարդական աշխատանքի որակի բարելավումն ու արդյունավետության բարձրացումը։
  3. Վերապատրաստման համակարգը իր մեջ ներառում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրերը, վերապատրաստող կազմակերպություններին և վերապատրաստող մասնագետներին:

 

II. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Վերապատրաստման ծրագրերը մշակվում և իրականացվում են՝ հիմք ընդունելով երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունն ու որակավորման չափանիշները:
  2. Լիազոր մարմինը հաստատում է երիտասարդական աշխատողների մասնագիտական կարողունակությունների շրջանակը։
  3. Երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիր իրականացնող կազմակերպությունները երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիր մշակելիս պետք է հիմք ընդունեն լիազոր մարմնի կողմից հաստատված երիտասարդական աշխատողների մասնագիտական կարողունակությունների շրջանակը:
  4. Լիազոր մարմինը երաշխավորում է երիտասարդական աշխատողների որակավորման չափանիշներին նախորդող վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ցանկը:
  5. Երիտասարդական աշխատողի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրությունը կատարվում է համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների։
  6. Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրությունը նպատակ ունի ապահովել երիտասարդական աշխատողների վերապատրաստման որակի բարձր մակարդակ և ոլորտի զարգացման պահանջներին համապատասխանություն։
  7. Երիտասարդական աշխատողի վերապատրաստում իրականացնող կազմակերպություններն ընտրվում են բաց մրցութային կարգով։
  8. Մրցույթն իրականացնելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ։
  9. Մրցույթի անցկացման պայմաններն ու ժամկետները և կազմակերպությունների ընտրության չափանիշները հրապարակվում են մրցույթի անցկացման հայտարարությունում՝ մրցույթի անցկացումից առնվազն երկու ամիս առաջ:
  10. Ընտրված կազմակերպությունները ընդգրկվում են երիտասարդական աշխատողների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկում՝ երեք տարի ժամկետով։
  11. Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և պարբերաբար թարմացվում է։
  12. Երիտասարդական աշխատողի վերապատրաստողը, կախված վերապատրաստման ծրագրով ներկայացրած մոդուլի բովանդակությունից, պետք է ունենա դասավանդվող թեմաներին համապատասխան բարձրագույն կրթություն կամ երիտասարդական աշխատողի որակավորումը փաստող հավաստագիր և նշված թեմատիկ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն երեք տարվա փորձառություն:

 

III. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

  1. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հայտարարել և մասնակիցների առկայության դեպքում կազմակերպել վերապատրաստում:
  2. Վերապատրաստման դասընթացի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առնվազն երկու ամիս առաջ:
  3. Մասնակիցների համար վերապատրաստումները կարող են կազմակերպվել անվճար և վճարովի հիմունքներով:
  4. Վերապատրաստման ավարտին երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշներին համապատասխան իրականացվում է մասնակիցների գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների գնահատում, որի արդյունքում մասնակիցը կարող է ստանալ վերապատրաստման ծրագիրը ամբողջությամբ յուրացնելու վերաբերյալ վկայական, որը հիմք է հանդիսանում որակավորման չափանիշին մասնակցելու համար:

 

IV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

  1. Երիտասարդական աշխատողների վերապատրաստումը իրականացվում է տարբեր ձևաչափերով՝ ապահովելով տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների համաչափ զարգացում, դիրքորոշումների ու արժեքների ձևավորում։
  2. Վերապատրաստման ընթացքում կարող են օգտագործվել հետևյալ ուսուցման ձևերը՝

1)     տեսական դասընթացներ՝ դասախոսություններ, վեբինարներ, սեմինարներ, տեսական քննարկումներ,

2)    գործնական ձևաչափեր՝ սիմուլյացիաներ, դաշտային աշխատանքներ, խմբային առաջադրանքներ, պրակտիկա,

3)    հիբրիդ ձևաչափեր՝ առցանց և առկա հանդիպումների համադրություն,

4)    մոնիթորինգ և ինքնագնահատում՝ պորտֆոլիոների ներկայացում, հաշվետվություններ, ինքնագնահատման հարցաթերթիկներ և այլ գործիքներ։

  1. Վերապատրաստող կազմակերպությունը պարտավոր է ապահովել ուսուցման ձևերի կիրառումը ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրի։
  2. Ուսուցման ձևերը կարող են հարմարեցվել մասնակիցների խմբերի, ծրագրերի նպատակների և ժամանակացույցի պահանջներին՝ պահպանելով գնահատման և որակավորման համաչափությունը։
  3. Վերապատրաստման ծրագրերը իրականացվում են տարբեր ուսուցման մեթոդներով՝ ապահովելով տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների համաչափ զարգացում։
  4. Վերապատրաստող կազմակերպությունը պարտավոր է ծրագրի կազմման փուլում նշել օգտագործվող մեթոդները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը մասնակցի մակարդակին և գնահատման չափանիշներին։

Հավելված N 2

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

I.             ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.           Սույն հավելվածով սահմանվում են երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները (այսուհետ՝ Չափանիշներ)՝ ամրագրելով երիտասարդական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների շրջանակը։

2.          Երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշներին երիտասարդական աշխատողի կարողունակությունների (գիտելիքների, հմտությունների, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների)  համապատասխանությունը փաստվում է հավաստագրման գործընթացի միջոցով:

3.          Չափանիշների սահմանման նպատակն Է՝ ապահովել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, նպաստել երիտասարդական աշխատողի մասնագիտական ինքնության ձևավորմանը և հանրային ճանաչմանը, հիմքեր ստեղծել երիտասարդական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, վերապատրաստման և հավաստագրման համար:

4.          Երիտասարդական աշխատողի կարողունակությունների կառուցվածքը սահմանվում է հիմնված երիտասարդական աշխատողի ընդհանուր և հատուկ գործառույթների վրա, որոնք ձևավորվում են «գործառույթ - կարողունակություն - համապատասխան գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք» փոխկապակցված համակարգի սկզբունքով։

5.          Ելնելով վերոնշյալ տրամաբանությունից՝ առանձնացվում են երիտասարդական աշխատողի որակավորման չորս հիմնական գործառութային ոլորտներ և դրանց իրականացման համար անհրաժեշտ վաթսունչորս ունակություններ կամ կարողություններ։

6.         Չափանիշները հիմք են երիտասարդական աշխատողի հիմնական գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ անկախ երիտասարդական աշխատանքի իրականացման միջավայրից և ձևաչափից։

7.          Երիտասարդական աշխատողի որակավորումը երիտասարդական աշխատողի կողմից համապատասխան կրթության, ուսուցման, մասնագիտական փորձի կամ դրանց համակցությամբ ձեռք բերված կարողունակությունների ամբողջությունն է, որը հավաստում է նրա պատրաստվածությունը սահմանված գործառույթների իրականացման համար։

 

II.           ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

8.         Սույն հավելվածով սահմանվում են երիտասարդական աշխատողի որակաորման չափանիշները, որոնք հանդիսանում են երիտասարդական աշխատանքի գործունեության համար անհրաժեշտ կարողունակությունների համակարգված ամբողջություն և ներկայացված է Ձև 1-ում։ Այն ներառում է վաթսունչորս հիմնական կարողություններ, որոնք անհրաժեշտ են բարձրորակ, արդյունավետ և պատասխանատու երիտասարդական աշխատանք իրականացնելու համար՝ անհատական, խմբային, համայնքային և պետական քաղաքականության մակարդակներում։

9.         Երիտասարդական աշխատողի որակավորման չափանիշները խմբավորված են հետևյալ չորս գործառութային ոլորտներում՝

Չափանիշ 1 Անձնական և մասնագիտական զարգացում, ներառյալ՝

ա) ինքնագիտակցություն և մասնագիտական ինքնարտացոլում,

բ) մասնագիտական էթիկայի պահպանում,

գ) մասնագիտական բարեկեցության ապահովում։

2) Չափանիշ 2 Երիտասարդների հետ անմիջական աշխատանք, ներառյալ՝

ա) երիտասարդների հետ վստահելի հարաբերությունների կառուցում,

բ) անհատական և խմբային աջակցություն,

գ) կրթական գործընթացներ և զարգացում,

դ) արժեքներ և ինքնություն,

ե) թվային գործիքներ և արհեստական բանականություն

զ) առողջ ապրելակերպ և երիտասարդների առողջություն

է) ձեռնարկատիրություն և մասնագիտական կողմնորոշում

ը) միջմշակութային հաղորդակցություն և զգայունություն։

3) Չափանիշ 3 Կազմակերպչական և ծրագրային կառավարում, ներառյալ՝

ա) ծրագրային աշխատանք,

բ) ռեսուրսների կառավարում,

գ) թիմային աշխատանք և կազմակերպություն։

4) Չափանիշ 4 Աշխատանք համայնքի և հասարակության հետ, ներառյալ՝

ա) Համայնք և շահակիցներ,

բ) քաղաքացիական և քաղաքական մասնակցություն,

գ) միջսեկտորալ համագործակցություն,

դ) հետազոտություն և զարգացում,

ե) միջազգային և գլոբալ չափումներ։

10.       Սույն չափանիշները հիմք են հանդիսանում երիտասարդական աշխատողների վերապատրաստման, հավաստագրման և որակի ապահովման համակարգերի մշակման և իրականացման համար։

11.         Երիտասարդական աշխատողի որակաորման չափանիշները նախատեսված են որպես գործիք, որը կօգնի բացահայտել, զարգացնել և գնահատել երիտասարդների հետ աշխատող մասնագետների կարողունակությունները: Այս շրջանակը կարող է կիրառվել տարբեր համատեքստերում՝ անհատական ինքնագնահատման, կրթական ծրագրերի մշակման, թիմային աշխատանքի և ոլորտի զարգացման նպատակներով: Այն հիմնված է երիտասարդական աշխատանքի առանցքային ոլորտների վրա և կարող է տեղայնացվել կամ լրացվել տարբեր կարիքների և ծրագրերի համապատասխան:

12.        Պետական լիազոր մարմինների համար այս շրջանակը կարող է ծառայել որպես հիմք երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և որակի գնահատման գործընթացները կազմակերպելու համար: Պետական մարմինները կարող են ինտեգրել այս կարողունակությունները ազգային ստանդարտներում և քաղաքականություններում, մշակել հավաստագրման համակարգեր, դասընթացների ծրագրեր և գնահատման գործիքներ՝ ապահովելով ոլորտի մասնագետների շարունակական և որակյալ զարգացումը: Օրինակ՝ շրջանակը կարելի է կիրառել որպես ուղեցույց պետական վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը սահմանելու համար, որտեղ յուրաքանչյուր կարողություն կդառնա առանձին մոդուլ կամ գնահատման չափորոշիչ՝ համապատասխանեցված ազգային առաջնահերթություններին և կարիքներին:

13.        Դասընթացավարների և ուսուցանողների համար այս շրջանակը կարող է օգտագործվել երիտասարդական աշխատանքի կրթական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում: Դասընթացավարները կարող են հիմնվել այս կարողունակությունների վրա՝ ստեղծելով առաջադրանքներ, վարժություններ և գործնական նախագծեր, որոնք կօգնեն երիտասարդական աշխատողներին զարգացնել իրենց հմտությունները: Օրինակ՝ շրջանակը կարող է օգտագործվել որպես հիմք դասընթացների կառուցվածքի համար, որտեղ յուրաքանչյուր կարողություն կքննարկվի առանձին կամ խմբային աշխատանքներով, և ամեն կարողության համար սահմանված գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ բացվածքը կօգնի ընտրելու ուսուցանման և գնահատման առավել արդյունավետ մեթոդներ:

14.        Երիտասարդական աշխատողների համար այս շրջանակը կարող է ծառայել որպես ինքնագնահատման գործիք, որը կօգնի բացահայտել սեփական ուժեղ և թույլ կողմերը: Երիտասարդական աշխատողները կարող են օգտագործել այն իրենց մասնագիտական զարգացման պլանավորման համար, սահմանելով անձնական նպատակներ և հետևելով առաջընթացին: Օրինակ՝ կարելի է գնահատել սեփական կարողունակությունները որևէ սանդղակով (օրինակ՝ 1-ից 5 միավոր) և մշակել գործողությունների պլան՝ թույլ կողմերը բարելավելու համար: Երիտասարդական աշխատողի ինքնագնահատման գործիքը սահմանված է Ձև 2-ում։

15.        Երիտասարդական կազմակերպությունների և հաստատությունների համար շրջանակը կարող է ինտեգրվել կազմակերպության ներքին գործընթացներում՝ թիմի անդամների ընտրության, վերապատրաստման և գնահատման համար: Այն կօգնի ստեղծել ստանդարտներ երիտասարդական աշխատանքի որակի ապահովման համար, ինչպես նաև կխթանի թիմային քննարկումներ կարողությունների շուրջ: Օրինակ՝ կազմակերպությունը կարող է օգտագործել շրջանակը որպես հիմք աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրերի համար:

16.       Գործընկերների և շահառուների հետ համագործակցության համար այս շրջանակը կարող է օգտագործվել միջսեկտորալ համագործակցության շրջանակներում՝ երիտասարդական քաղաքականության մշակման, նախագծերի պլանավորման և գնահատման գործընթացներում: Այն կօգնի համայնքներին, պետական մարմիններին և այլ կազմակերպություններին հասկանալ երիտասարդական աշխատողների դերը և ներգրավել նրանց արդյունավետորեն: Օրինակ՝ կարելի է օգտագործել շրջանակը տարբեր շահառուների միջև երկխոսություններում՝ գնահատելու համատեղ նախագծերի ազդեցությունը երիտասարդների զարգացման վրա, և մշակել հետադարձ կապի մեխանիզմներ՝ բարելավումներ առաջարկելու համար:

17.        Գիտահետազոտական և զարգացման նպատակներով շրջանակը կարող է ծառայել որպես հիմք երիտասարդական աշխատանքի ոլորտի հետազոտությունների համար՝ օգնելով բացահայտել միտումներ, կարիքներ և լավագույն պրակտիկաներ: Հետազոտողները կարող են օգտագործել այն տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացում: Օրինակ՝ կարելի է անցկացնել հարցումներ երիտասարդական աշխատողների շրջանում՝ գնահատելով կարողությունների մակարդակները, բացահայտելով առկա բացերը և առաջարկելով բարելավումներ:

18.       Սույն կարողունակությունների շրջանակը սահմանվում է որպես երիտասարդական աշխատողների համար ընդհանուր կիրառելի կարողունակությունների շրջանակ։ Շրջանակը կարող է համապատասխանեցվել հատուկ թիրախային խմբերի հետ աշխատող երիտասարդական աշխատողների առանձնահատկություններին, ներառյալ՝

1)           պատերազմական կամ հետպատերազմյան իրավիճակներում աշխատող երիտասարդական աշխատողները,

2)          սփյուռքահայերի և հայրենադարձների հետ աշխատող երիտասարդական աշխատողները,

3)          հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող երիտասարդական աշխատողները,

4)          այլ հատուկ խմբերի հետ աշխատող երիտասարդական աշխատողները։

19.       Սույն շրջանակը կարող է լրացվել ոլորտային կամ գործառութային հատուկ կարողությունների շրջանակներով, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող երիտասարդական աշխատողների համար նախատեսված շրջանակներով։

 

III.          ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 

20.       Երիտասարդական աշխատողի հավաստագրումը գործընթաց է, որի նպատակն է գնահատել և պաշտոնապես ճանաչել երիտասարդական աշխատողի մասնագիտական կարողունակությունները՝ սույն կարողունակությունների շրջանակի պահանջներին համապատասխան։

21.        Հավաստագրումը հիմք է երիտասարդական աշխատողի մասնագիտական կարգավիճակի հաստատման, զբաղվածության, կարիերային առաջխաղացման և որակի ապահովման համար։

22.       Երիտասարդական աշխատողների հավաստագրումն իրականացնում է լիազոր մարմինը։

23.       Լիազոր մարմինը երիտասարդական աշխատողի հավաստագրման գործընթացը կազմակերպելու նպատակով Նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով։

24.       Հանձնաժողովի կազմը բաղկացած է առնվազն 5 անդամներից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով՝ անժամկետ։ Հանձնաժողովի անդամները կարող են փոփոխվել նախարարի հրամանով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն։ Հանձնաժողովի անդամները ներառվում են հետևյալ համամասնությամբ՝ երեք ներկայացուցիչ պետական լիազոր մարմնից, ընդ որում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է նաև հանձնաժողովի քարտուղարը, երկու ներկայացուցիչ՝ երիտասարդության ոլորտի փորձագետներից։

25.       Հանձնաժողովի՝

1)             գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով,

2)            հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի առկայության դեպքում,

3)            որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է,

4)            նիստերը արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը,

5)            հանձնաժողովը առաջին նիստում որոշում է գնահատման գործընթացի մեկնարկի և ավարտի ժամկետները,

6)           ապահովում է հավաստագրման համար դիմած մասնակիցների սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումը

26.       Քարտուղարը` 

1)             հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.

2)            հանձնաժողովի անդամներին և մասնակիցներին լիազոր մարմնի անունից` կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը` այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

3)            համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.

4)            իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

27.       Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը, վայրում և ժամին, որում`

1)             հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.

2)            հաստատվում է հավաստագրման գործընթացի մեկնարկի մասին հայտարարության տեքստը, ընդ որում հայտարարությունը տարածելու ժամկետը չի կարող պակաս լինել 2 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովը որոշում է այլ ժամկետներ,

3)            հաստատում է հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

28.       Հավաստագրման գործընթացը մեկնարկում է Լիազոր մարմնի մասնագիտական ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկի հիման վրա առնվազն տարին մեկ անգամ:

29.       Հանձնաժողովի կողմից հավաստագրման գործընթացը մեկնարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է հայտարարության հրապարակումը Լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

30.      Գնահատումը իրականացվում է երկու փուլով՝ փաստաթղթերի համապատասխանության ստուգում և գիտելիքների ստուգում թեստավորման միջոցով:

31.        Հանձնաժողովը սահմանված ժամկետում ստուգում է հավաստագրման համար դիմած մասնակիցների կողմից ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հավելվածով սահմանված պահանջներին,

32.       Պահանջներին չհամապատասխանելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ներկայացնում է դիմած մասնակցին, որի վերաբերյալ մասնակիցը կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահին գրավոր ներկայացնել առարկություն:

33.       Աառարկություն ստանալու դեպքում Հանձնաժողովը առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է մասնակցի դիմումը, որի արդյունքում տրամադրում է գրավոր պարզաբանում:

34.       Համապատասխանելու դեպքում մասնակիցը անցնում է գիտելիքի ստուգման փուլ, որ ժամանակ գրավոր թեստավորման արդյունքների հիման վրա գնահատվում է մասնակցի համապատասխանությունը սույն հավելվածով սահմանված պահանջներին: Ընդ որում թեստավորումը համարվում է հաջողությամբ հաղթահարված, եթե մասնակիցը ճիշտ է պատասխանել հարցաշարի հարցերի առնվազն ութսուն տոկոսին: Հանձնաժողովը ամփոփիչ նիստում թեստավորման արդյունքների հիման վրա

1)             հաստատում է այն մասնակիցների ցանկը, ովքեր համապատասխանում են սույն հավելվածով սահմանված պահանջներին և կարող են ստանալ լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հաստատված հավաստագիր,

2)            մերժում է հավաստագրումը՝ հիմնավորված եզրակացությամբ և հաստատում է այն մասնակիցների ցանկը, ովքեր սույն հավաստագրման գործընթացի արդյունքում չեն կարող ստանալ հավաստագիր։

35.       Սույն հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում՝ փաստաթղթերի համապատասխանությունը հիմք է հանդիսանում լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հաստատված հավաստագիր ստանալու համար:

36.      Լիազոր մարմնի ղեկավարի ստորագրությամբ հաստատված հավաստագիր չստացող մասնակիցների ցանկում ընդգրկվելը չի կարող խոչնդոտել երկրորդ անգամ հավաստագրման գործընթացին մասնակցելու համար։

37.       Հավաստագրման համար դիմելու իրավունք ունեն անձինք, որոնք՝

1)           ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, լիազոր մարմնի կողմից երաշխավորված կազմակերպություններում «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման» դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական՝ ներառյալ ընթացիկ տարվա իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթը, կամ

2)          ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, լիազոր մարմնի կողմից իրականացրած «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման» դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական, երիտասարդական աշխատանքի առնվազն 200 ժամ փաստագրված փորձ և երիտասարդական աշխատողի կարողունակությունների շրջանակի հիման վրա ընթացիկ տարվա ընթացքում իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթ, կամ

3)          ունեն առնվազն միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ, երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և երիտասարդական աշխատողի գործառույթներով սահմանված երիտասարդական աշխատանքի առնվազն 500 ժամ փաստագրված փորձ և երիտասարդական աշխատողի կարողունակությունների շրջանակի հիման վրա ընթացիկ տարվա ընթացքում իրականացված ինքնագնահատումը հավաստող փաստաթուղթ,

4)          ներկայացրել են փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։

38.      Երիտասարդական աշխատողի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է հինգ տարի։

39.      Հավաստագրի երկարաձգումը իրականացվում է շարունակական մասնագիտական զարգացման վերապատրաստման վկայականի հիման վրա՝ Լիազոր մարմնի կողմից սահմանած կարգով։

40.      Մասնակիցը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի Լիազոր մարմնի ղեկավարին բողոքարկել հավաստագրման հանձնաժողովի որոշումը:

 

 

  • Տևողություն

    31.03.2026 15.04.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 270

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: