«Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վաճառք իրականացնող կառուցապատողների նկատմամբ հատուկ պահանջները և ինքնակարգավորումը:
2. Կառուցապատողների քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
3. Սույն օրենքը չի կիրառվում կառուցվող անհատական բնակելի տների կառուցապատողների նկատմամբ:
|
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
ա/ գնելու իրավունքի վաճառք՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վաճառքի առաջարկով (օֆերտա) ձեռնարկատիրական գործունեություն,
բ/ գնելու իրավունքի պայմանագիր՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր,
գ/ մասնագիտացված կառուցապատող՝ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վաճառք իրականացնող կառուցապատող,
դ/ կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ անդամության վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն, որին ձայնի իրավունքով անդամակցում են մասնագիտացված կառուցապատողները, ինչպես նաև այլ անձինք՝ խորհրդակցական ձայնի իրավունքով,
ե/ լիազոր մարմին՝ քաղաքաշինության բնագավառում պետական լիազոր մարմին:
|
Հոդված 3. |
Գնելու իրավունքի վաճառքը |
1. Գնելու իրավունքի վաճառք կարող են իրականացնել միայն
1) սույն օրենքի իմաստով մասնագիտացված կառուցապատողները, ովքեր հանդիսանում են կառուցապատողների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ կամ
2) կառուցապատողները, որոնք առևտրային բանկի հետ կնքված պայմանագրով անհետկանչելիորեն հրաժարվել են գնելու իրավունքի պայմանագրով կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցների (կանխավճարային վճարումների) տնօրինման իրավունքից և պահպանում են կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցների գրավը հօգուտ գնորդի մինչ անշարժ գույքը սեփականության իրավունքով գնորդին փոխանցելու ակտ ստորագրման պահը կամ
3) կառուցապատողները, որոնք ամբողջությամբ կամ գրավից ազատված ու տնօրինման ենթակա ծավալով ապահովագրում են գնորդի կողմից գնելու իրավունքի պայմանագրով կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցները (կանխավճարային վճարումներ) գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքի (ապահովագրական պատահար) համար կամ
4) կառուցապատողները, որոնք բանկային երաշխիքով ապահովում են գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում գնորդի կողմից կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցները (կանխավճարային վճարումների) վերադարձնելու պարտավարությունը ամբողջ ծավալով:
2. Գնելու իրավունքի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերով, որոնցով վաճառող կարող են հանդիսանալ միայն սույն հոդվածով սահմանված պահանջներին բավարարող կառուցապատողները:
|
Հոդված 4. |
Մասնագիտացված կառուցապատողները |
1. Մասնագիտացված կառուցապատող կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Մասնագիտացված կառուցապատողը՝
ա) գովազդում է իր կողմից կառուցվող շենքերը (գնելու իրավունքի վաճառքը) բացառապես իրավասու մարմնի հետ համաձայնեցված նախագծի և կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից հաստատված շենքերի դասակարգման չափանիշների համաձայն՝ գնելու իրավունքի վաճառքի նպատակով,
բ) գնելու իրավունքի վաճառքից բացի կարող է իրականացնել միայն կառուցապատման գործունեություն, ներառյալ համատեղ գործունեությամբ (կոնսորցիումով) կամ կառավարման (որպես գործադիր մարմին կամ հավատարմագրային կառավարիչ) միջոցով, ինչպես նաև կարող է ստանալ իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտներ (վարձակալություն, տոկոսներ և այլն),
գ) անդամակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող կառուցապատողների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության,
գ) ապահովում է իր գործունեության թափանցիկությունը սույն օրենքով սահմանված կարգով:
3. Մասնագիտացված կառուցապատող չի կարող հանդիսանալ այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝
ա) որը ճանաչվել է սնանկ, բացառությամբ ֆինանսապես առողջացած լինելու դեպքի,
բ) որի գործադիր մարմնի ղեկավարը (կամ անհատ ձեռնարկատերը) նախկինում դատապարտվել է սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, և որի դատվածությունը հանված կամ մարված չէ,
գ) ունի քաղաքաշինական գործող փաստաթղթերով սահմանված ժամկետներում չավարտված կամ շահագործման չհանձնված քաղաքաշինական օբյեկտ (ձախողված կառուցապատում),
դ) որը դիմելուն նախորդող մեկ տարվա ընթացքում զրկվել է կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից:
4. Կառուցապատողի անդամությունը կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը չի կարող մերժվել, եթե կառուցապատողը բավարարում է սույն հոդվածով սահմանված պահանջներին:
|
Հոդված 5. |
Գործունեության թափանցիկությունը |
1. Մասնագիտացված կառուցապատողը պարտավոր է ունենալ պաշտոնական ինտերնետային կայք (կայք):
2. Մասնագիտացված կառուցապատողը պարտավոր է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը իր կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը:
3. Մասնագիտացված կառուցապատողը պարտավոր է իր կայքում հրապարակել գնելու իրավունքի վաճառքի օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերն ու փոփոխությունները՝ դրանց տրման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև գնելու իրավունքի պայմանագրի կամ հրապարակային օֆերտայի հրապարակման պահին գործող էական պայմանները:
4. Մասնագիտացված կառուցապատողը պարտավոր է ապահովել գնորդներին անշարժ գույք գնելու իրավունքի ձեռք բերման էական պայմանների (օֆերտայի) վերաբերյալ պաշտաճ իրազեկումը մինչև գնելու իրավունքի պայմանագրի կնքումը՝ Հայատանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջերին համապատասխան:
5. Մասնագիտացված կառուցապատողը պարտավոր է ունենալ գնորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտեր: Մասնագիտացված կառուցապատողը սույն մասում նշված ակտերը հասանելի է դարձնում իր կայքում հրապարակելու միջոցով: Լիազոր մարմինն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն նվազագույն պայմաններն ու սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն սույն մասում նշված ներքին իրավական ակտերը:
|
Հոդված 6. |
Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը |
1. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամության վրա հիմնված ոչ առևտրային իրավաբանական անձ է, որը միավորում է մասնագիտացված կառուցապատողներին:
2. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետությանը նպաստելը, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունն ապահովելը և գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման ոլորտում հանրային և սպառողների շահերի պաշտպանությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում կարող են գործել կառուցապատողների մեկից ավելի ինքնակարգավորվող կազմակերպություններ: Մասնագիտացված կառուցապատողը կարող է անդամակցել միայն մեկ կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության:
4. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնադիր կարող են հանդիսանալ առնվազն երեք կառուցապատողներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
ա) վերջին տասնհինգ տարում յուրաքանչյուրն ունի ընդհանուր առնվազն երեք ավարտված ու շահագործման հանձնված չորրորդ կարգի ռիսկայնության օբյեկտներ՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքեր,
բ) համապատասխանեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին:
Սույն մասի համաձայն Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնադիրների քանակի որոշման համար «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի համաձայն անձանց խմբի մաս կազմող կառուցապատողները համարվում են մեկ անդամ:
5. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների վերաբերյալ տեղեկություններ նրա անդամների մասին: Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը և «ԻԿԿ» հապավումը:
6. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը`
1) ընդունում է կարգեր, կանոններ, ուղեցույցներ և տիպային փաստաթղթեր` իր կամ իր անդամների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.
2) սահմանում է իր անդամների համար վարքագծի կանոններ և կառուցվող շենքերի ու կառուցապատողների դասակարգման չափանիշներ.
3) ներկայացնում է իր անդամների հավաքական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական կամ օտարերկրյա այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում.
4) վարում է իր անդամների ռեեստրը,
5) քննում է իր անդամների գործունեության հետ կապված` սույն օրենքով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ դիմումները.
6) աջակցում իր անդամների և ֆիզիկական, իրավաբանական անձանց կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերի լուծմանը,
7) իրականացնում է օրենքով չարգելված այլ գործունեություն:
7. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է ունենալ պաշտոնական ինտերնետային կայք (կայք), որտեղ առնվազն հրապարակվում են կազմակերպության կողմից ընդունված կարգերը, կանոնները, ուղեցույցները, դասակարգման չափանիշները և իր անդամների ռեեստրը:
|
Հոդված 7. |
Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը |
1. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության ձայնի իրավունքով անդամ կարող է հանդիսանալ ցանկացած առևտրային իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն հանդիսանում է կառուցապատող և միաժամանակ համապատասխանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Այլ անձինք կարող են անդամակցել կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը խորհրդակցական ձայնի իրավունքով՝ կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում:
2. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի կանոնոնադրությունը պետք է պարունակի սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով սահմանված գործունեության սահմանափակման վերաբերյալ դրույթ։
3․ Անդամության կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
4. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամները պարտավոր են կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված չափով և ժամկետում վճարել անդամավճար, որը հավասարապես գործում է կազմակերպության բոլոր անդամների համար։ Կառուցապատողների անդամության համար կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից չի կարող սահմանվել մուտքավճար կամ անդամ դառնալու համար պարտադիր այլ վճար:
5. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամները կարող են կանոնադրությամբ սահմանված կարգով զրկվել անդամությունից խորհրդի որոշմամբ սույն օրենքով սահմանված պահանջների կամ կազմակերպության խորհրդի կողմից սահմանված վարքագծի կանոնների խախտման դեպքում: Անդամությունից զրկված կառուցապատողը չի կարող անդամակցել կառուցապատողների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամությունից զրկվելու պահից մեկ տարվա ընթացքում:
|
Հոդված 8. |
Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները |
1. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը (ժողով),
2) կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը,
3) կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը:
2. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ կազմակերպության նախագահի, ինչպես նաև Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
3. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են կանոնադրությամբ և դրանց նկատմամբ կիրառվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:
4. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է, որը կազմված է կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության բոլոր անդամներից: Ժողովում ձայնի իրավունքով բոլոր անդամները ունեն մեկ ձայնի իրավունք, բացառությամբ «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի համաձայն անձանց խմբի մաս կազմող անդամների, որոնք միասին ժողովում ունեն մեկ ձայնի իրավունք:
5. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կազմակերպության ընթացիկ ղեկավարումն իրականացնող, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամներն ընտրվում են ժողովի կողմից և նրանց քանակը սահմանվում է կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել երեք անդամից։ Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամներն իրենց կազմից:
6. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է, որն ընտրվում է խորհրդի կողմից, իսկ մինչ խորհրդի ձևավորումը՝ ժողովի կողմից։ Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալ` խորհրդի անդամ չհանդիսացող անձի: Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ:
|
Հոդված 9. |
Կարգապահական վերահսկողությունը |
1. Մասնագիտացված կառուցապատողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) նախագահի կամ խորհրդի կամ լիազոր մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.
2) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը, ինչպես նաև կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացված զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
3) գնորդի բողոք-պահանջը՝ կազմակերպության կողմից սահմանված նման բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին համապատասխան.
4) կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամանակահատվածում կառուցապատողի կողմից անդամավճար չվճարվելու վերաբերյալ կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվապահի ներկայացրած տեղեկանքը։
2. Մասնագիտացված կառուցապատողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերն են՝
1) սույն օրենքի պահանջների խախտում թույլ տալը.
2) կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ անընդմեջ երկու անգամից ավելի անդամավճարների չվճարելը:
3. Մասնագիտացված կառուցապատողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել այն ինքնակարգավորվող կազմակերպության կողմից, որին անդամակցում է տվյալ մասնագիտացված կառուցապատողը: Վարույթը հարուցվում է նախագահի կամ խորհրդի անդամների կեսից ավելիի կողմից՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:
4. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է: Կառուցապատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը խորհուրդը քննում է կանոնադրությամբ սահմանված կարգով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5. Կառուցապատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո խորհուրդը կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) անդամությունից հեռացում՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող կառուցապատողի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին պատասխանատվության ենթարկվելու դեպքում:
6. Կառուցապատողին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է կառուցապատողին և Լիազոր մարմնին այն կայացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
7. Անդամությունից հեռացման որոշման մասին ծանուցման պահից կառուցապատողը դադարում է հանդիսանալ մասնագիտացված կառուցապատող և այդ պահից իրավունք չունի կնքել գնելու իրավունքի պայմանագրեր առանց սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-4 կետերով սահմանված պահանջների ապահովման: Անդամությունից հեռացված կառուցապատողը չի կարող անդամակցել որևէ կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից հեռացման որոշման կայացման պահից մեկ տարվա ընթացքում:
|
Հոդված 10. |
Պետական վերահսկողությունը |
1. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից տասն աշխատանքային օրվա ժամկետում պարտավոր է ծանուցել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իր կանոնադրության պատճենը և իր անդամների ցանկը:
2. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է խորհրդի կողմից իր անդամների համար վարքագծի կանոնների և կառուցվող շենքերի դասակարգման չափանիշների սահմանումից առաջ դրանք ներկայացնել լիազոր մարմնին՝ համաձայնեցման, որոնք համարվում են համաձայնեցված դրանք ներկայացնելու պահից մեկամսյա ժամկետում առարկությունների բացակայության դեպքում:
3. Սույն օրենքի խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի իր որոշմամբ կազմակերպությանը պարտավորեցնել մեկամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները։ Հիմնավոր պատճառների առկայության դեպքում լիազոր մարմինը կարող է կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա երկարաձգել սույն մասով նախատեսված ժամկետը:
4. Կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առնվազն երեք հաջորդական անգամ սահմանված ժամկետներում լիազոր մարմնի կողմից հայտնաբերված խախտումները չվերացվելու դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի իր որոշմամբ պահանջել կազմակերպության կառավարման մարմինների նոր ընտրություններ:
5. Լիազոր մարմինը իրավունք ունի իրականացնել նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված կարգով և հիմքերով կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության կասեցման և հարկադիր լուծարման պահանջով դատարան դիմելու իրավունքները:
|
Հոդված 11. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի հիման վրա կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները կարող են գրանցվել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
3. Սույն օրենքն ամբողջությամբ գործողության մեջ է դրվում սույն օրենքով սահմանված կառուցապատողների ինքնակարգավորվող առաջին կազմակերպության պետական գրանցումից հետո մեկ ամիսը լրանալու հաջորդ օրը:
4. Սույն օրենքը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա իրականացվող կառուցապատման և գրանցված կառուցապատման իրավունքով կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի վաճառքի նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224․1-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 9-րդ մասով.
«9. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից ծագած վաճառողի և գնորդի վեճերի դեպքում նախքան դատարան դիմելը պարտադիր է հաշտարարության իրականացումը։»
Հոդված 2․ 998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224․1-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 10-րդ և 11-րդ մասերով․
«10. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով վաճառող կարող է հանդիսանալ բացառապես «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող կառուցապատողը։ Սույն մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում պետական գրանցում ստացած գնելու իրավունքի օտարման վրա։
11. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի Պայմանագրի կնքումից առաջ վաճառողը պարտավոր է ապահովել գնորդի իրազեկումը գնելու իրավունքի ձեռք բերման էական պայմանների (օֆերտայի) վերաբերյալ՝ մինչ պայմանագրի կնքումը տրամադրելով իրազեկման թերթիկ, որը ենթակա է ստորագրման գնորդի կողմից առանց նոտարական վավերացման և կցվում է անշարժ գույքի գնելու իրավունքի պայմանագրին որպես դրա անբաժանելի մաս: Իրազեկման թերթիկի ձևը սահմանում է քաղաքաշինության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարը։
Իրազեկման թերթիկի և պայմանագրի միջև անհամապատասխանության դեպքում, եթե անհամապատասխանությունը որևէ ձևով վատթարացնում է գնորդի վիճակը, գործում են իրազեկման թերթիկում ներկայացված պայմանները, որը պետք է առնվազն պարունակի.
• կառուցապատողի տվյալները (անվանում, գտնվելու վայրի հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն),
• առաջարկվող գույքի տվյալները (մակերես, մակերեսի թույլատրելի շեղում, մեկ քմ արժեք, հարդարման աստիճան),
• ընդհանուր օգտագործման տարածքների նկարագրությունը (կանաչապատ տարածքներ, բակ, խաղահրապարակներ և այլն),
• գնի վճարման հիմնական պայմանները և դրանց խախտման հետևանքները,
• կառուցապատման ավարտի ու սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքման նախատեսվող ժամկետները և դրանց խախտման հետևանքները:»
Հոդված 3.
1․ Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած վեճերի նկատմամբ
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրը:
3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը ստացված շինարարության թույլտվությունների իրականացվող կառուցապատման և գրանցված կառուցապատման իրավունքով կառուցվող շենքի գնելու իրավունքի պայմանագրերի նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ․
«Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առանձնացված միավորի նկատմամբ իրավատիրոջ գնման իրավունքը ենթակա է գրանցման, եթե գնելու իրավունքի պայմանագիրը կնքվել է «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող կառուցապատողի հետ։ Սույն մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում պետական գրանցում ստացած գնելու իրավունքի օտարման վրա։»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրը: Սույն օրենքը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա իրականացվող կառուցապատման և գրանցված կառուցապատման իրավունքով կառուցվող շենքի գնելու իրավունքի պայմանագրերի նկատմամբ:
-
Duration
31.03.2026 15.04.2026 -
Type
Law
-
Area
Urban planning
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 109
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.