«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացուցիչ տնտեսական խթանների ձևավորումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մեծամասնությունն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Մյուս կողմից, 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած՝ նվազեցվել է շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից հանվել են եկամտային հարկի 28 և 36 տոկոս դրույքաչափերը և սահմանվել է մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափ, որից հետո այն մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցվել է 3 տոկոսային կետով և սահմանվել է 20 տոկոս: Բացի այդ, որոշ դեպքերում նվազեցվել է նաև շահաբաժինների նկատմամբ կիրառվող հարկային բեռը: Հարկման դրույքաչափերի նշված նվազեցումների հիմնական նպատակը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման միջոցով տնտեսության արտահանելի ճյուղերի ծախսերի նվազեցումը և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացումն է:
Արդյունքում, բանկային ոլորտը, որը ըստ էության ազատված է ԱԱՀ-ից և նաև չի հանդիսանում ամբողջությամբ արտահանելի ոլորտ, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. միջազգային պրակտիկայում ընդունված է, երբ բանկային ոլորտում, որը ազատված է ավելացված արժեքի հարկից, վերջինիս փոխարեն սահմանվում են այլ հարկեր կամ բարձրացվում են ստանդարտ հարկերի դրույքաչափերը: Մասնավորապես, որոշ երկրներ կիրառում են լրացուցիչ հարկ՝ ֆինանսական գործունեության հարկ կամ ֆինանսական գործառնությունների հարկ, որոշ երկրներ կիրառում են շահութահարկի ստանդարտ դրույքաչափերից ավելի բարձր շահութահարկի դրույքաչափեր, երրորդ խումբ երկրներում կիրառում են այսպես կոչված «գերշահույթի հարկ», ընդ որում՝ հաճախ հետադարձ կիրառությամբ այնպես, որ հնարավոր լինի նախորդ տարիներում արձանագրված բարձր շահույթներից հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե և այլն: Բանկային ոլորտի հարկման համար միջազգային պրակտիկայում կիրառվող լուծումներն ուսումնասիրվել են՝ իրենց դրական և բացասական կողմերով: Ընդ որում, նպատակ է դրվել Հայաստանի Հանրապետությունում բանկային ոլորտի համար կիրառել հարկման այնպիսի մոդել, որը ճնշում չի գործադրի բանկային ոլորտի կողմից մատուցվող ծառայությունների գների և տոկոսադրույքների վրա (որպեսզի սպառողների համար լրացուցիչ բեռ չլինի): Այս առումով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման մոտեցումները և բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար սահմանել եկամտային հարկի կամ ոչ ռեզիդենտի շահութահարկի 15 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում (կարգավորվող շուկայում) չցուցակված (առևտրին չթույլատրված) բաժնետոմսերից: Միաժամանակ, առաջարկվում է բանկերի մասով վերացնել շահաբաժնից պահված եկամտային հարկի չափով վերաներդրում կատարելու պարագայում շահաբաժնից պահված հարկը վերադարձնելու հնարավորությունը:
Նշյալ նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում (կարգավորվող շուկայում) չցուցակված (առևտրին չթույլատրված) բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները ևս ենթակա են հարկման՝ 15 տոկոս դրույքաչափով, որի հաշվարկման և բյուջե վճարման պարտավորությունը կրելու է շահաբաժինը վճարող բանկը՝ որպես հարկային գործակալ:
Միևնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար առաջարկվում է սահմանել պետական տուրք բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում (կարգավորվող շուկայում) չցուցակված (առևտրին չթույլատրված) բաժնետոմսերից վճարվող շահաբաժինների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:
Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները մի կողմից կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում և պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից կխթանեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերը ցուցակվեն Կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում՝ դրանով իսկ բանկային ոլորտում ներդրումների կատարումը դարձնելով ավելի մասնակցային, իսկ բանկային համակարգն ինքնին՝ ավելի հաշվետվողական:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը և սահմանել խթաններ բանկերի կողմից բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում ցուցակելու համար:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Duration
25.03.2026 14.04.2026 -
Type
Law
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Status
Views 267
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.