Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ընդուն­ման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկ­ման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացու­ցիչ տնտեսական խթանների ձևավորումն է:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ինչ­պես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինան­սական գոր­ծարք­ների ու գոր­ծառնու­թյունների գերակշիռ մեծամասնությունն ազատ­ված է ավելացված արժեքի հարկից:

Մյուս կողմից, 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած՝ նվազեցվել է շահու­թա­հարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից հան­վել են եկամտային հարկի 28 և 36 տոկոս դրույքաչափերը և սահմանվել է մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափ, որից հետո այն մինչև 2023 թվա­կանը աստիճանաբար նվազեցվել է 3 տոկո­սային կետով և սահմանվել է 20 տոկոս: Բացի այդ, որոշ դեպքերում նվազեցվել է նաև շահաբաժինների նկատմամբ կիրառվող հարկային բեռը: Հարկման դրույ­քա­­­­­­­­չափերի նշված նվա­զե­ցում­ների հիմնական նպատակը ուղղակի հարկերի գծով բեռի նվա­զեց­ման միջոցով տնտեսության արտա­հանելի ճյու­ղերի ծախ­սերի նվազեցումը և արտաքին շուկա­ներում մրցունակության բարձրացումն է:

Արդյունքում, բանկային ոլորտը, որը ըստ էության ազատված է ԱԱՀ-ից և նաև չի հան­դի­սանում ամբող­ջու­թյամբ արտա­հանելի ոլորտ, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. միջազգային պրակտիկայում ընդուն­ված է, երբ բանկային ոլորտում, որը ազատված է ավելացված արժեքի հարկից, վերջինիս փոխա­րեն սահմանվում են այլ հարկեր կամ բարձրացվում են ստանդարտ հարկերի դրույքա­չա­փերը: Մասնավորապես, որոշ երկրներ կիրառում են լրացուցիչ հարկ՝ ֆինանսական գործու­նեության հարկ կամ ֆինանսական գործառնությունների հարկ, որոշ երկրներ կիրա­ռում են շահութահարկի ստանդարտ դրույքաչափերից ավելի բարձր շահութահարկի դրույ­քա­չափեր, երրորդ խումբ երկրներում կիրառում են այսպես կոչված «գերշահույթի հարկ», ընդ որում՝ հաճախ հետադարձ կիրառությամբ այնպես, որ հնարավոր լինի նախորդ տարիներում արձանագրված բարձր շահույթներից հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե և այլն: Բանկային ոլորտի հարկման համար միջազգային պրակտիկայում կիրառվող լուծում­ներն ուսումնասիրվել են՝ իրենց դրական և բացասական կողմերով: Ընդ որում, նպատակ է դրվել Հայաստանի Հանրապետությունում բանկային ոլորտի համար կիրառել հարկման այնպիսի մոդել, որը ճնշում չի գործադրի բանկային ոլորտի կողմից մատուցվող ծառա­յու­թյուն­ների գների և տոկոսադրույքների վրա (որպեսզի սպառողների համար լրացուցիչ բեռ չլինի): Այս առումով, «Հայաստանի Հանրապետության հար­­կային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գծով առա­ջարկվում է վերա­նայել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկ­ման մոտեցումները և բանկերի կող­մից վճարվող շահաբաժինների համար սահմանել եկա­մտա­յին հարկի կամ ոչ ռեզիդենտի  շահու­­թահարկի 15 տոկոս դրույքաչափ, եթե շահա­բա­ժին­ները ստացվել են բանկերի կողմից թողարկ­­­ված և Հայաստանի Հանրապետության կառա­­վարության սահմանած ցան­կում ներառ­­­ված ֆոնդային բորսաներում (կարգավորվող շուկա­յում) չցուցակված (առևտրին չթույ­լա­տր­ված) բաժնետոմսերից: Միաժամանակ, առա­ջարկ­վում է բանկերի մասով վերացնել շահա­բաժնից պահված եկամտային հարկի չափով վերա­ներդրում կատարելու պարագայում շահաբաժնից պահված հարկը վերադարձնելու հնա­րավորությունը:

Նշյալ նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ռեզի­դենտ շահութահարկ վճա­րող­ների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության սահ­մանած ցան­կում ներառված ֆոնդային բորսաներում (կար­­­գավորվող շուկայում) չցուցակ­ված (առևտրին չթույլատր­ված) բաժնետոմսերից ստացվող շահա­­բաժին­ները ևս ենթակա են հարկ­­ման՝ 15 տոկոս դրույքաչափով, որի հաշվարկման և բյուջե վճարման պարտա­վո­րու­թյունը կրելու է շահաբաժինը վճարող բանկը՝ որպես հարկային գործակալ:

Միևնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխու­թյուն­­ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվա­կանի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար առաջարկվում է սահ­մա­նել պետական տուրք բանկերի կողմից թողարկ­­­ված և Հայաստանի Հանրապետության կառա­­վարության սահմանած ցան­կում ներառ­­ված ֆոնդային բորսաներում (կարգավորվող շուկա­յում) չցուցակված (առևտրին չթույ­լա­տր­ված) բաժնետոմսերից վճարվող շահա­բաժին­ների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները մի կողմից կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում և պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից կխթանեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բան­կերը ցուցակվեն Կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում՝ դրանով իսկ բան­կա­յին ոլորտում ներդրումների կատարումը դարձնելով ավելի մասնակցային, իսկ բան­կային համակարգն ինքնին՝ ավելի հաշվետվողական:

4.  Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահա­բա­ժին­ների հարկ­ման դրույքաչափերը և սահմանել խթաններ բանկերի կողմից բաժնետոմսերը ֆոն­­դա­յին բորսաներում ցուցակելու համար:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ:

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­­բյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրա­կա­նացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:

  • Տևողություն

    25.03.2026 14.04.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 268

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: