«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին առանձին հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի մասով՝
ա․բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայությունների, այդ ծառայությունները ստացող անձանց իրավունքների և պարտականությունների, այդ ծառայությունների գծով պայմանագրերի կնքման, դրանց հետ կապված այլ գործընթացների մասով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշակի օրենսդրական բացեր, որոնք հետագայում կարող են խնդրահարույց լինել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների երաշխավորման համակարգի պատշաճ գործունեության, չապահովագրված անձանց իրավունքների պատշաճ ապահովման տեսանկյունից, ուստի առաջարկվում է լրացնել առկա բացերը, անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելով օրենքում․
բ․առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ և, ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ ներառել մինչև մեկ տարեկան երեխաներին, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով և կարգով շահառու ճանաչված անձանց, որոնց մի մասը «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում տեղ գտած ձևակերպման պատճառով ներառված չէր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Առաջարկությունը թույլ կտա առողջության պահպանման սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետ համալիր կառուցակարգերը կիրարկել նաև բնակչության այդ խմբերի համար։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ապահովագրման ենթակա խմբերը՝ դրանց թվարկումը սահմանելով «կամ» շաղկապով․
գ․ հաշվի առնելով ԱՀԱ համակարգի պատրաստականության ներկա վիճակը, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող առաջարկները, ԱՀԱ ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց մասով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը․
դ․ բացի վերը նշվածը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է շտկել առանձին բացթողումներ և վրիպակներ, լրացնել օրենսդրական առանձին բացեր, այսպես՝
- 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, որտեղ հետբուհական ուսուցում տերմինը փոխարինվել է հետավարտական ուսուցում տերմինով։ Հաշվի առնելով սույն հանգամանքը և ելնելով օրենսդրության մեջ միատեսակ տերմինների կիրառման պահանջից՝ նախագծով նախատեսվում է օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել։
- 2023 թվականից ի վեր գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը և դրա գործունեության ընթացքում ձևավորված պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էառաջացել վերանայել հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հոդվածը, դրանում փոփոխելով և հստակեցնելով առանձին ձևակերպումներ, ինչպես նաև ներառելով նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի բնականոն գործունեության համար։
- «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում տեղ են գտել առանձին վրիպակներ, մասնավորապես, նշված օրենքի ինկորպորացիայի արդյունքում, ավագ և միջին բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների համար հիմք հանդիսացող իրավակարգավորումները դուրս են մնացել և վերջնական ակտում չեն արտացոլվել, ուստի անհրաժեշտ է շտկել տեղ գտած վրիպակը․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով․
Առաջարկվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձման կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժման համար սահմանել վարչական պատասխանատվություն, ինչպես նաև լրացնել օրենսգրքում առկա օրենսդրական բացերը և օրենսգրքի 47.35, 47.36-ի 47.37-ի հոդվածների մասով վարչական իրավախախտումների գործերը քննող մարմին սահմանել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Duration
20.03.2026 04.04.2026 -
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 82
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.