Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.                 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

11 «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Պրոբացիայի նպատակներն են՝

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

(…)»:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝

«1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանված են Պրոբացիայի ծառայության կանոնադրությամբ:

2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

(…)»:

«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ոստիկանությունը պարտավոր է՝

1) կատարել`

(...)

գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.

(…)

5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս:»:

Վերը մեջբերված իրավական նորմերից բխում է, որ այլընտրանքային խափանման միջոցների, այդ թվում՝ տնային կալանքի կիրառման ապահովումը հանդիսանում է Պրոբացիայի ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) հիմնական գործառույթներից մեկը, և տնային կալանքի տակ գտնվող անձը հանդիսանում է Ծառայության շահառու։ Միևնույն ժամանակ, նշված անձանց ուղեկցման գործառույթը, պայմանավորված Ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությամբ և քանակով, ներկայում իրականացնում է Ոստիկանությունը։

Այս համատեքստում հատկանշական է, որ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն, և պրոբացիայի ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը ավելացել է 130-ով։

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ ներկայում բացակայում է օրենսդրական ամրագրումն առ այն, որ Պրոբացիայի ծառայությունը լիազորված է իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումը՝ «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

12 Գործող կարգավորումների համաձայն՝ ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրման և պահպանման գործառույթները բաշխված են Ոստիկանության և Քրեակատարողական ծառայության միջև։ Մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ոստիկանությունը պարտավոր է՝

1) կատարել`

(...)

գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.

(…)

5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս»:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են`

(...)

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը.

(...)»:

Նույն օրենքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քրեակատարողական ծառայությունը՝

(...)

3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը,

(...)»։

Ինչ վերաբերում է նշված փոխադրումների ուղղություններին և դրանց բաշխմանը ուղեկցումներ իրականացնող մարմինների միջև, ապա պետք է արձանագրել, որ դրանք որոշ չափով կարգավորված են Արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 311-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 02-ի թիվ 351-Ն որոշմամբ, սակայն առկա չէ մեկ միասնական իրավական ակտ, որը կպարունակեր հստակ և ընդգրկուն կարգավորումներ նշված ոլորտում։ Միևնույն ժամանակ, Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումն իրականացնելու վերաբերյալ լիազորող նորմ նախատեսելու դեպքում, նման կարգավորումներ նախատեսելու և Ոստիկանության, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից իրականացվող փոխադրման ուղղությունները տարանջատելու անհրաժեշտությունն հատկապես ընդգծվելու է։

Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ նմանատիպ կարգավորումներ կարող են սահմանվել Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով, ինչպես նաև հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կարգավորումն առ այն, որ համատեղ նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել օրենքով ուղղակի նախատեսված դեպքում՝ առաջարկվում է համապատասխան լիազորող նորմերով լրացնել «Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքները։

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան հրամանով սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը, ուստի առաջարկվում է համապատասխան լիազորող նորմով լրացնել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը։

13 Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսի 17-ին ընդունված «Պրոբացիայի մասին» օրենքի հիման վրա։ Այդ օրենքի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությունն իր ուրույն տեղը գտավ հանցագործությունների կանխարգելման և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման նպատակներին հասնելու գործում: Պրոբացիայի ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և արդարադատության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը:

Ծառայության արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է ծառայողների մասնագիտական պատրաստվածությամբ, բարեխղճությամբ և իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերած պատասխանատվությամբ։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի ծառայողների աշխատանքի պատշաճ գնահատումն ու խրախուսման արդյունավետ մեխանիզմների առկայությունը։ Ներկայում գործող կարգավորումների պայմաններում Պրոբացիայի ծառայության պետի կողմից ծառայողների խրախուսումը հիմնականում սահմանափակվում է կրծքանշանով պարգևատրման հնարավորությամբ, ինչը լիարժեքորեն չի արտացոլում ծառայողների երկարամյա կամ առանձնահատուկ վաստակի գնահատման անհրաժեշտությունը։

Միաժամանակ, հարկ է նշել, որ պետական ծառայության այլ համակարգերում լայնորեն կիրառվում են մեդալներով պարգևատրումները՝ որպես ծառայողական նվաճումների և համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման բարձր գնահատման միջոց։ Ուստի, առաջարկվող համապատասխան լրացումներ կատարելու պարագայում Պրոբացիայի ծառայության պետը հնարավորություն կունենա համապատասխան անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) Պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրել Պրոբացիայի ծառայության ծառայողներին, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին։

Առաջարկվող լրացման անհրաժեշտությունն առավել արդիական է դառնում նաև այն հանգամանքով պայմանավորված, որ մոտակա ժամանակահատվածում լրանում է Պրոբացիայի ծառայության ստեղծման 10-ամյակը, ինչը հանդիսանում է կարևոր խորհրդանշական առիթ՝ գնահատելու ծառայության ձևավորման և զարգացման գործում ծառայողների ունեցած ավանդը։

2 Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։

Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։

3. Նախագծերի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։

4 Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա Արդարադատության նախարարի հրամանով սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը, ինչպես նաև Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով սահմանել ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրման ուղղությունները։

Բացի այդ, Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից ընդունելու որոշում, որով կսահմանվի կրծքանշանի և մեդալի տեսաները, ձևերը և շնորհման կարգը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 56-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և ՀՀ վարչապետի հանձնարարականից։

  • Duration

    12.03.2026 27.03.2026
  • Type

    Law

  • Area

    Justice, Probation, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 148

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: