Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.

Քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, անվտանգության ապահովման մակարդակը և մարդու իրավունքների ապահովման որակը անմիջականորեն պայմանավորված են ծառայողների մասնագիտական պատրաստվածությամբ, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությամբ և շարունակական զարգացման խթանմամբ։

Քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը բարելավելու նպատակով Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 530-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ նաև՝ Խումբ): Խմբի կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ):

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի համաձայն՝  «Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:»:

Այսպես, գործող իրավակարգավորումների պայմաններում ատեստավորման ինստիտուտը հիմնականում դիտարկվում է որպես խրախուսման կամ հավելավճարի հաշվարկման մեխանիզմ։ Միևնույն ժամանակ հստակ ամրագրված չէ ատեստավորման առանցքային նպատակը՝ զբաղեցրած պաշտոնին ծառայողի համապատասխանության գնահատումը։

Մինչդեռ, համակարգում ատեստավորումը պետք է հանդիսանա ոչ միայն վարձատրության, այլև ծառայողի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերահսկման գործիք։ Եթե օրենքով հստակ չի ամրագրվում, որ ատեստավորումը նպատակ ունի գնահատել ծառայողի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, ապա այն փաստացի վերածվում է միայն հավելավճարի տրամադրման ընթացակարգի՝ զրկվելով բովանդակային նշանակությունից։

Քրեակատարողական ծառայությունը, լինելով բարձր պատասխանատվությամբ և անվտանգության ռիսկերով ոլորտ, պահանջում է, որ յուրաքանչյուր ծառայող իր պաշտոնում լինի բարեվարք և գործառութային առումով լիարժեք համապատասխան զբաղեցրած պաշտոոնին։

Պաշտոնների տարբեր խմբեր ենթադրում են տարբեր ծավալի լիազորություններ, տարբեր մակարդակի պատասխանատվություն և տարբեր մասնագիտական պատրաստվածություն։ Առանց զբաղեցրած պաշտոնին համապատասխանության պարբերական գնահատման հնարավոր չէ արձանագրել, որ ծառայողը շարունակում է բավարարել իր զբաղեցրած պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների տեսանկյունից։

Վերոգրյալների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակ ամրագրել, որ ատեստավորումն անցակցվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով: Հիշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ատեստավորման արդյունքներով տրվող եզրակացության վերաբերյալ իրավանորմում՝ ամրագրելով, որ ատեստավորման արդյունքում կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց հավելավճար հաշվարկելու.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ընդ որում՝ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ կարող են լինել իրավիճակներ, երբ անգամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում հավելավճար չհաշվարկվի: Վերջին իրավիճակը կարող է առաջանալ այն դեպքում, երբ ատեստավորմանը մասնակցող ծառայողը ստանա «բավարար» գնահատական: Նման դեպքերը կարգավորում են ստանալու «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1806-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն որոշմամբ:

Նախագծով հստակ սահմանվում է նաև, որ վերահանձման արդյունքում ատեստավորված ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերում:

Միաժամանակ, ատեստավորմանը վերաբերելի՝ Օրենքի 20.1-ին հոդվածի գործող խմբագրությունում անհարկի կրկնությունները և ձևակերպումների խրթինությունը բացառելու նպատակով Նախագծով առաջարկվում են առավել հստակ ձևակերպումներ: :

 

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը միտված է կատարելագործելու քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունման պարագայում փոփոխություններ պետք է կատարվեն ՀՀ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն և ՀՀ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 634-Ն որոշումներում:

 

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 56-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի 627-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության չորրորդ ուղղությունից (Համակարգի կառավարման և անվտանգության բարեփոխում):

  • Duration

    19.02.2026 06.03.2026
  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 124

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: