««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.
Քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, անվտանգության ապահովման մակարդակը և մարդու իրավունքների ապահովման որակը անմիջականորեն պայմանավորված են ծառայողների մասնագիտական պատրաստվածությամբ, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությամբ և շարունակական զարգացման խթանմամբ։
Քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը բարելավելու նպատակով Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 530-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ նաև՝ Խումբ): Խմբի կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ):
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի համաձայն՝ «Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:»:
Այսպես, գործող իրավակարգավորումների պայմաններում ատեստավորման ինստիտուտը հիմնականում դիտարկվում է որպես խրախուսման կամ հավելավճարի հաշվարկման մեխանիզմ։ Միևնույն ժամանակ հստակ ամրագրված չէ ատեստավորման առանցքային նպատակը՝ զբաղեցրած պաշտոնին ծառայողի համապատասխանության գնահատումը։
Մինչդեռ, համակարգում ատեստավորումը պետք է հանդիսանա ոչ միայն վարձատրության, այլև ծառայողի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերահսկման գործիք։ Եթե օրենքով հստակ չի ամրագրվում, որ ատեստավորումը նպատակ ունի գնահատել ծառայողի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, ապա այն փաստացի վերածվում է միայն հավելավճարի տրամադրման ընթացակարգի՝ զրկվելով բովանդակային նշանակությունից։
Քրեակատարողական ծառայությունը, լինելով բարձր պատասխանատվությամբ և անվտանգության ռիսկերով ոլորտ, պահանջում է, որ յուրաքանչյուր ծառայող իր պաշտոնում լինի բարեվարք և գործառութային առումով լիարժեք համապատասխան զբաղեցրած պաշտոոնին։
Պաշտոնների տարբեր խմբեր ենթադրում են տարբեր ծավալի լիազորություններ, տարբեր մակարդակի պատասխանատվություն և տարբեր մասնագիտական պատրաստվածություն։ Առանց զբաղեցրած պաշտոնին համապատասխանության պարբերական գնահատման հնարավոր չէ արձանագրել, որ ծառայողը շարունակում է բավարարել իր զբաղեցրած պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների տեսանկյունից։
Վերոգրյալների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակ ամրագրել, որ ատեստավորումն անցակցվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով: Հիշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ատեստավորման արդյունքներով տրվող եզրակացության վերաբերյալ իրավանորմում՝ ամրագրելով, որ ատեստավորման արդյունքում կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց հավելավճար հաշվարկելու.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ընդ որում՝ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ կարող են լինել իրավիճակներ, երբ անգամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում հավելավճար չհաշվարկվի: Վերջին իրավիճակը կարող է առաջանալ այն դեպքում, երբ ատեստավորմանը մասնակցող ծառայողը ստանա «բավարար» գնահատական: Նման դեպքերը կարգավորում են ստանալու «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1806-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն որոշմամբ:
Նախագծով հստակ սահմանվում է նաև, որ վերահանձման արդյունքում ատեստավորված ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերում:
Միաժամանակ, ատեստավորմանը վերաբերելի՝ Օրենքի 20.1-ին հոդվածի գործող խմբագրությունում անհարկի կրկնությունները և ձևակերպումների խրթինությունը բացառելու նպատակով Նախագծով առաջարկվում են առավել հստակ ձևակերպումներ: :
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը միտված է կատարելագործելու քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունման պարագայում փոփոխություններ պետք է կատարվեն ՀՀ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 649-Ն և ՀՀ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 634-Ն որոշումներում:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի 627-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության չորրորդ ուղղությունից (Համակարգի կառավարման և անվտանգության բարեփոխում):
-
Տևողություն
19.02.2026 06.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 118
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: