ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
— ———————— 2026 թվական N ———-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հանրությանը մատուցվող ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված 1-ի․
2) կյանքի իրադարձությունների ներքո ծառայությունների թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի՝ 27․06․2025 թվականի նիստի N 1.4 որոշմամբ հաստատված` «Կյանքի իրադարձություններ․ նկարագիր և իրականացման ուղեցույց»-ի։
2․ Հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի պատշաճ համակարգման, մատուցվող ծառայությունների ավելորդ վարչարարական պահանջներն ու ընթացակարգերը նվազեցնելու, միասնական թվային քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքներին հակասող թվային լուծումների ու հարթակների ստեղծումը բացառելու և փոխարենը ծառայությունները քաղաքացու փորձառության տեսանկյունից դիտարկելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով.
1) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախարարություններին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված` կառավարությանն ու նախարարություններին ենթակա մարմիններին (ծառայություն մատուցողներ)՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կատալոգում (hartak.am) ներառված 1018 հանրային ծառայությունները սույն որոշման հավելված 1-ով հաստատված մեթոդաբանությամբ (այսուհետ՝ Մեթոդաբանություն) օպտիմալացնել և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (այսուհետ՝ ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ թվայնացման ենթակա ծառայությունների ցանկը ներկայացնել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հաստատմանը (այսուհետ՝ ՏՀԿԽ).
2) Սույն որոշման 4-րդ կետով սահմանված պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով ՀՏՀԳ-ի հետ համագործակցությամբ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն օրենքով սահմանված կարգով Կառավարության հաստատմանը ներկայացնել նույն կետով սահմանված կյանքի 12 իրադարձությունների ներքո և դրանցից դուրս մատուցվող հանրային ծառայությունների օպտիմալացված ցանկի թվայնացման առաջնահերթությունները և դրանց ճանապարհային քարտեզը` ըստ գործողությունների ժամկետների։
3․ Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը հանրային ծառայությունների թվայնացման ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը չմեկնարկելու դեպքում` տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարվում են ուժը կորցրած։
4․ Ստորև նշված կյանքի 12 իրադարձությունների ամբողջական վերակառուցման, թվայնացման ու քաղաքացիներին հասանելիություն ապահովելու, ինչպես նաև նշված գործընթացները առաջնորդելու նպատակով պատասխանատու նշանակել պետական կառավարման համակարգի հետևյալ մարմիններին՝
1) «Երեխայի ծնունդ»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2) «Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք»` Ներքին գործերի նախարարություն.
3) «Ստանալ կրթություն»` Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն.
4) «Պահպանել առողջությունը»` Առողջապահության նախարություն.
5) «Աշխատանք և կարիերա»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
6) «Ունենալ տուն»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (էլ․ նոտար).
7) «Ունենալ և վարել ավտոմեքենա»` Ներքին գործերի նախարարություն.
8) «Ձեռներեցություն և սեփականության իրավունքի պաշտպանություն» (առցանց բաժնետոմսերի առուվաճառք)` Արդարադատության նախարարություն.
9) «Էլեկտրոնային առևտուր»` Պետական եկամուտների կոմիտե.
10) «Վճարել հարկերը»` Պետական եկամուտների կոմիտե.
11) «Ստանալ կենսաթոշակ»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
12) «Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
5․ Սույն որոշման 4-րդ կետով սահմանված պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել` առաջնորդվելով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի՝ 27․06․2025 թվականի նիստի N 1.4 որոշմամբ հաստատված «Կյանքի իրադարձություններ․ նկարագիր և իրականացման ուղեցույց»-ով՝ իրականացնել կյանքի տվյալ իրադարձության ամբողջ շղթայի իրավական և տեխնոլոգիական վերլուծություն, խնդիրների, այդ թվում՝ անհարկի վարչարարության վերհանում, կյանքի յուրաքանչյուր իրադարձությանը համապատասխանող, օրենսդրությամբ նախատեսված հստակ ծառայության(ների) նույնացում և թվայնացման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակում։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
-
Discussed
12.02.2026 - 27.02.2026
-
Type
Decision
-
Area
Public management, Public services
-
Ministry
Office of the Deputy Prime Minister
-
Status
Views 298
Print