Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   ———————— 2026 թվական N ———-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Սահմանել՝

1)      հանրությանը մատուցվող ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված 1-ի

2)    կյանքի իրադարձությունների ներքո ծառայությունների թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի՝ 27062025 թվականի նիստի N 1.4 որոշմամբ հաստատված` «Կյանքի իրադարձություններ նկարագիր և իրականացման ուղեցույց»-ի։

2 Հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի պատշաճ համակարգման, մատուցվող ծառայությունների ավելորդ վարչարարական պահանջներն ու ընթացակարգերը նվազեցնելու, միասնական թվային քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքներին հակասող թվային լուծումների ու հարթակների ստեղծումը բացառելու և փոխարենը ծառայությունները քաղաքացու փորձառության տեսանկյունից դիտարկելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով.

1)    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախարարություններին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված` կառավարությանն ու նախարարություններին ենթակա մարմիններին (ծառայություն մատուցողներ)՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կատալոգում (hartak.am) ներառված 1018 հանրային ծառայությունները սույն որոշման հավելված 1-ով հաստատված մեթոդաբանությամբ (այսուհետ՝ Մեթոդաբանություն) օպտիմալացնել և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (այսուհետ՝ ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ թվայնացման ենթակա ծառայությունների ցանկը ներկայացնել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հաստատմանը (այսուհետ՝ ՏՀԿԽ).

2) Սույն որոշման 4-րդ կետով սահմանված պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով ՀՏՀԳ-ի հետ համագործակցությամբ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն օրենքով սահմանված կարգով Կառավարության հաստատմանը ներկայացնել նույն կետով սահմանված կյանքի 12 իրադարձությունների ներքո  և դրանցից դուրս մատուցվող հանրային ծառայությունների օպտիմալացված ցանկի թվայնացման առաջնահերթությունները և դրանց ճանապարհային քարտեզը` ըստ գործողությունների ժամկետների։

3 Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը հանրային ծառայությունների թվայնացման ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը չմեկնարկելու դեպքում` տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարվում են ուժը կորցրած։

4 Ստորև նշված կյանքի 12 իրադարձությունների ամբողջական վերակառուցման, թվայնացման ու քաղաքացիներին հասանելիություն ապահովելու, ինչպես նաև նշված գործընթացները առաջնորդելու նպատակով պատասխանատու նշանակել պետական կառավարման համակարգի հետևյալ մարմիններին՝

1) «Երեխայի ծնունդ»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) «Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք»` Ներքին գործերի նախարարություն.

3) «Ստանալ կրթություն»` Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն.

4) «Պահպանել առողջությունը»` Առողջապահության նախարություն. 

5) «Աշխատանք և կարիերա»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

6) «Ունենալ տուն»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (էլ նոտար).

7) «Ունենալ և վարել ավտոմեքենա»` Ներքին գործերի նախարարություն.

8) «Ձեռներեցություն և սեփականության իրավունքի պաշտպանություն» (առցանց բաժնետոմսերի առուվաճառք)` Արդարադատության նախարարություն. 

9) «Էլեկտրոնային առևտուր»` Պետական եկամուտների կոմիտե.

10) «Վճարել հարկերը»` Պետական եկամուտների կոմիտե.

11) «Ստանալ կենսաթոշակ»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

12) «Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները»` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

5 Սույն որոշման 4-րդ կետով սահմանված պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել` առաջնորդվելով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի՝ 27062025 թվականի նիստի N 1.4 որոշմամբ հաստատված «Կյանքի իրադարձություններ նկարագիր և իրականացման ուղեցույց»-ով՝ իրականացնել կյանքի տվյալ իրադարձության ամբողջ շղթայի իրավական և տեխնոլոգիական վերլուծություն, խնդիրների, այդ թվում՝ անհարկի վարչարարության վերհանում, կյանքի յուրաքանչյուր իրադարձությանը համապատասխանող, օրենսդրությամբ նախատեսված հստակ ծառայության(ների) նույնացում և թվայնացման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակում։

6 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

 

  • Քննարկվել է

    12.02.2026 - 27.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում, Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 293

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: