Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականից սկսած` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալների մուտքագրմամբ ստեղծվել է հանրային ծառայությունների կատալոգ (տեղակայված է Ծառայությունների միասնական հարթակում` hartak.am-ում), որն այս պահին ներառում է 1018 ծառայություն։ Որպես հանրային ծառայություն են ներկայացված բազմաթիվ ընթացակարգային և ներկազմակերպչական գործառույթներ, որոնք ի վերջո քաղաքացու տեսանկյունից ստացվող ծառայություններ չեն և չեն համապատասխանում քաղաքացիակենտրոն մոտեցմանը։ Առկա են բազմաթիվ վերածածկեր, դրանց ներքին տեխնիկական քայլերի անհստակություն և ծառայությունների մասնատումներ։

2.   Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

  • Հաստատել հանրային ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը, որը հիմնված է «մեկ բիզնես գործընթաց՝ մեկ ծառայություն» սկզբունքի վրա և նպատակ ունի ծառայությունները դիտարկելու բացառապես քաղաքացու ստացած վերջնարդյունքի տեսանկյունից,
  • Սահմանել պատասխանատու մարմինները, որոնք պետք է օպտիմալացնեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների ցանկը,
  • Առաջնահերթությունների հիման վրա կազմել ճանապարհային քարտեզ և մեկնարկել ծառայությունների թվայնացումը՝ ըստ սահմանված ժամկետների,
  • Ծառայությունների թվայնացումն իրականացնել կյանքի իրադարձությունների տրամաբանությամբ՝ հետևելով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատված` «Կյանքի իրադարձություններ նկարագիր և իրականացման ուղեցույց»-ին և մարդակենտրոն դիզայնի սկզբունքներին,
  • Կյանքի 12 իրադարձությունների ամբողջական վերակառուցման, թվայնացման ու քաղաքացիներին հասանելիություն ապահովելու նպատակով սահմանել գործընթացները առաջնորդելու պատասխանատուներ,
  • Թվայնացման ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը մինչև տարեվերջ չմեկնարկելու դեպքում տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարել ուժը կորցրած։

Առաջարկվող մեթոդաբանությունը նախատեսում է`

  • Ներքին գործընթացների ֆիլտրում. Անհրաժեշտ է ցանկից հեռացնել ներքին գործառույթները, օրինակ՝ «Կցում գործին» (ծրագրային գործառույթ), «Սխալների ուղղում» (որակի ապահովում), «Փաստաթղթերի գիտատեխնիկական կարգավորում, կարում, կազմապատում» (արխիվային գործ) կամ «Որսորդի կասեցում որսորդմիությունից» (տուգանքի կիրառում)։
  • Չթվայնացվող ծառայությունների խմբավորում. Ֆիզիկական մատուցում պահանջող ծառայությունների դեպքում (օրինակ՝ «Ստանալ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնություն», «Ստանալ կրծքագեղձի քաղցկեղի բուժում») անհրաժեշտ է բարելավել ներքին տվյալների փոխանակման գործընթացները։
  • Տարբեր մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ինտեգրում. Անհրաժեշտ է միավորել նույնաբովանդակ ծառայությունները (օրինակ՝ «Դատվածության մասին տեղեկանքի տրամադրումը», որն այժմ իրականացվում է թե՛ ՆԳՆ-ի, թե՛ ԱԳՆ-ի կողմից)։
  • Մասնատումների միավորում.

      Ըստ ծրագրերի` անհրաժեշտ է միավորել աջակցության տարբեր ծրագրերը («Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու համար», «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին ծրագիր», «Դիմել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրին», «Դիմել զինծառայողների բնակարանային ապահովում ստանալու համար»), իսկ ժամանակավոր ծրագրերից կախված՝ փոփոխել դրանց տրամադրման պայմանները։

      Ըստ օբյեկտի մասնատված ծառայությունները (օրինակ՝ «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում օրգանական նյութի քանակության որոշման լաբորատոր փորձաքննություն», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում մեխանիկական կազմի որոշման լաբորատոր փորձաքննություն», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում ջրալույծ աղերի քանակության որոշման լաբորատոր փորձաքննություն», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում կալցիումի (Ca) և մագնեզիումի (Mg) քանակության որոշման լաբորատոր փորձաքննություն», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում հողային լուծույթի էլեկտրահաղորդականության (EC) որոշում», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում հողային միջավայրի ռեակցիայի (pH) որոշում», «Փակ գրունտի (ջերմոց) մեկ հողանմուշում հեշտ հիդրոլիզվող ազոտի (N), մատչելի Ֆոսֆորի (P2O5) և փոխանակային կալիումի (K2O) քանակության որոշման լաբորատոր փորձաքննություն») անհրաժեշտ է միավորել մեկ ծառայության մեջ (օրինակ՝ «Պատվիրել հողի փորձաքննություն»):

      Ըստ գործունեության ձևի մասնատված ծառայություններն անհրաժեշտ է խմբավորել 1 ծառայության մեջ՝ օգտատիրոջը տալով գործունեության ձևն ընտրելու հնարավորություն (օրինակ՝ «Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ», «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ», «Ստանալ միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ» կամ «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման վերաբերյալ եզրակացություն ստանալու հայտ», «Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերաբերյալ եզրակացություն ստանալու հայտ», «Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման վերաբերյալ եզրակացություն ստանալու հայտ», «Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն ստանալու հայտ»): Ընդ որում՝ եզրակացություն տրամադրելն ինքնին ոչ թե ծառայություն է, այլ տարր, որը կարող է օգտագործվել ծառայության մատուցման ընթացքում։

      Ըստ աշխարհագրական դիրքի մասնատված ծառայությունները (օրինակ՝ «Միասնական տեղեկատվության տրամադրում (Շիրակի և Լոռու մարզ)», «Միասնական տեղեկանքի տրամադրում և իրավունքի դադարեցում») անհրաժեշտ է խմբավորել՝ օգտատիրոջը թույլ տալով ընտրել իրեն անհրաժեշտ տարածքը ծառայությունից օգտվելիս։

      Ըստ թիրախի մասնատված աջակցության ծրագրերը (օրինակ՝ «Դիմել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին», «Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին», «Աշխատանքի տեղավորման միջնորդություն») անհրաժեշտ է խմբավորել 1 ծրագրում (օրինակ՝ «Գրանցվել զբաղվածության աջակցման ծրագրերում» կամ «Ստանալ աշխատանքի ընդունման աջակցություն»)՝ օգտատիրոջը թույլ տալով ընտրել իր կարգավիճակը ծառայությունից օգտվելիս։

      Ըստ մատուցման եղանակի մասնատված ծառայություններն անհրաժեշտ է խմբավորել (օրինակ՝ «Վերադարձի վկայականի տրամադրում», «Վերադարձի վկայականի տրամադրում տեսակապով»)՝ օգտատիրոջը թույլ տալով ընտրել իրեն հարմար եղանակը (channel) ծառայությունից օգտվելիս։

  • Պահանջարկի գնահատում. Տարեկան 1000-ից պակաս օգտատեր ունեցող ծառայություններին (օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծում», «Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու հայտ», «Տնկարանային տարածքի դաշտային հետազոտությունների (ապրոբացիայի) վերաբերյալ հայտ, «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում») տրվում է ցածր առաջնահերթություն։
  • Նախաձեռնողի բացահայտում. Հանրային ծառայությունների ցանկից հեռացվում են այն ծառայությունները (գործառույթները), որոնք նախաձեռնվում են միայն դատարանի կամ քննչական մարմնի կողմից (Ձեռագրաբանական փորձաքննություններ, այդ թվում՝ «Ձեռագրի փորձաքննություն, Ստորագրության փորձաքննություն», «Ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննություններ, այդ թվում՝ Լուսանկարի ֆոտոտեխնիկական փորձաքննություն, Լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով», «Ձգաբանական փորձաքննություններ, այդ թվում՝ Հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն, Հրազենային վնասվածքների և հետքերի, կրակոցի հանգամանքների փորձաքննություն, Կրակոցի հետքերի և արգասիքների քիմիական փորձաքննություն, Հրազենի հատուկ դրոշմվածքի պարզման փորձաքննություն»)։
  • Փոխգործելիության ապահովում և տեղեկանքների վերացում օրինակ՝ «Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք»:
  • Ծառայությունների պրոակտիվ մատուցում և դիմումների վերացում օրինակ՝ «Ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստ»:
  • Ծառայությունների թվայնացում կյանքի իրադարձությունների շրջանակներում. օրինակ՝ «Երեխայի ծնունդ», «Ստանալ քաղաքացիություն և կացության իրավունք», «Ստանալ կրթություն», «Պահպանել առողջությունը», «Աշխատանք և կարիերա», «Ունենալ տուն», «Ունենալ և վարել ավտոմեքենա»,  «Ձեռներեցություն և սեփականության իրավունքի պաշտպանություն (առցանց բաժնետոմսերի առուվաճառք) », «Էլեկտրոնային առևտուր», «Վճարել հարկերը», «Ստանալ կենսաթոշակ», «Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները»)։

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

  • Ծառայությունների կատալոգի օպտիմալացում. Մինչև 2026թ. փետրվարի 25-ը բոլոր պետական մարմինները կվերանայեն իրենց ծառայությունները՝ ներկայացնելով թվայնացման ենթակա ծառայությունների օպտիմալացված ցանկ։
  • Վարչարարության նվազեցում. Տվյալների փոխգործելիության շնորհիվ կվերացվեն ավելորդ թղթային տեղեկանքները։
  • Քաղաքացու փորձառության բարելավում. Ծառայությունները կդառնան առավել հասանելի և կմատուցվեն քաղաքացու կյանքի իրադարձությունների տրամաբանությամբ։
  • Իրավական կայունություն. Այն ծառայությունները, որոնց թվայնացումը չի մեկնարկի մինչև 2026թ. դեկտեմբերի 30-ը, կհամարվեն ուժը կորցրած, ինչը կխթանի թվայնացման գործընթացի արդյունավետությունը։
  • Ծառայությունների թվայնացման գործընթացների վերահսկելիության բարձրացում պատասխանատու պետական մարմինների վրա դրվում է պարտավորություն վեր հանելու կյանքի իրադարձության ամբողջ շղթայի իրավական և տեխնոլոգիական վերլուծության խնդիրները, կատարելու ծառայության(ների) նույնացում և թվայնացման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակում։

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի համագործակցությամբ։

5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Ծառայությունների թվայնացման և պրոակտիվ մատուցման ներդրումը կարող է պահանջել նախնական տեխնիկական ներդրումներ, որոնք պլանավորված են պետական բյուջեով թվայնացման համար հատկացված ռեսուրսներում: Սակայն երկարաժամկետ հեռանկարում ամբողջական թվայնացումը կհանգեցնի պետական ապարատի վարչարարական ծախսերի զգալի կրճատման և սպասարկման արդյունավետության բարձրացման։

Հանրային ծառայությունների թվայնացման գնահատման արդյունքներով 1018 ծառայություններից միայն 25 տոկոսն է ամբողջությամբ թվայնացված։ Մնացած ծառայությունների թվայնացումն ու դրանց առցանց օգտագործումը քաղաքացիների կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում, ըստ ծախս–օգուտ վերլուծության, կարող է ստեղծել շուրջ 15 տրիլիոն դրամի տնտեսական և սոցիալական օգուտներ՝ քաղաքացիների և պետական կառավարման համակարգի համար։ Գնահատված օգուտները տարեկան կազմում են ՀՆԱ-ի շուրջ 2.5 տոկոսը։ Միայն պետական բյուջեի մասով գնահատվող խնայողությունները շուրջ 158 միլիարդ դրամ են։ Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ թվայնացումը պարզապես խնայողություններ չի ստեղծում այն հնարավորություն է տալիս այդ խնայված ռեսուրսները վերաուղղել պետության ինտելեկտուալ կարողությունների զարգացմանը՝ ապահովելով աշխատուժի որակական փոփոխություն։

6.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման ընդունումը բխում է Կառավարության ծրագրից, Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, ինչպես նաև համահունչ է «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

 

  • Քննարկվել է

    12.02.2026 - 27.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում, Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 293

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: