«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«բջջային հեռախոս՝ հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում աշխատող վերջնակետային սարքավորում, որը պարունակում է ռադիոմոդուլ, ապահովում է ձայնային և/կամ տվյալների հաղորդակցություն՝ գործող SIM կամ eSIM բաժանորդային նույնականացման մոդուլի կիրառմամբ: Սույն Օրենքի իմաստով բջջային հեռախոս չեն համարվում միջազգային նույնականացուցիչ (IMEI) ունեցող այլ սարքերը, այդ թվում՝ պլանշետներ, մոդեմներ, սմարթ ժամացույցներ, ռոութերներ, IoT սարքեր, ինչպես նաև այլ նմանատիպ սարքեր.
բջջային հեռախոսի միջազգային նույնականացուցիչ (IMEI)՝ բջջային հեռախոսի արտադրողի կողմից վերագրվող տասնհինգ նիշանոց միջազգային եզակի նույնականացուցիչ, որը նախատեսված է տվյալ բջջային հեռախոսի նույնականացման համար հանրային շարժական կապի ցանցերում.
բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարան՝ տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տվյալներ բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI), դրանց օգտագործողների, շահագործվող SIM/eSIM համարների և բջջային հեռախոսների օրինական շրջանառության վերաբերյալ.
բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կանոնակարգ՝ (այսուհետ նաև Կանոնակարգ) բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, բաց ինտերնետային հասանելիությամբ բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչներն (IMEI) առցանց գրանցելու և ձևավորված պարտավորությունները վճարելու կամ դրանց գրանցումն ստուգելու հարթակի (միջավայրի) ստեղծման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և թարմացման, տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, անհրաժեշտության դեպքում՝ նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ պարունակող «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտ, որն ընդունվում է Կառավարության կողմից.
Ադմինիստրատոր՝ Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի ձևավորման և դրա հետագա շահագործման նպատակով բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորների կողմից հավասար հիմունքներով հիմնադրված կազմակերպություն։»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանվում են վերջնական օգտագործողների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, մասնավոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և պետական մարմինների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) գրանցման, բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) տվյալների շտեմարանի ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ստեղծման, զարգացման, շահագործման և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման առնչությամբ, ինչպես նաև պետական հսկողությունը և վերահսկողությունն այնպիսի սահմանափակ ռեսուրսների տրամադրման և օգտագործման նկատմամբ, ինչպիսիք են ռադիոհաճախականությունները, արբանյակային ուղեծրի հատվածները և համարները։»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով.
«13) իրականացնում Է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարչի պարտականությունները՝ սույն օրենքով և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով.
14) մշակում և օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կանոնակարգը։»:
Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորը մերժում է ծառայության մատուցումը, եթե բաժանորդը չի գրանցել բջջային հեռախոսի օրենքով սահմանված կարգով բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչը (IMEI)։ Հայաստանի Հանրապետություն ժամանած և ռոումինգ ծառայություններից օգտվող անձանց ծառայության մատուցումը կասեցվում է, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ստուգվել է, որ ռոումինգ ծառայություններից օգտվող անձը հատել է պետական սահմանը, հատման պահից անցել է 30 օրացուցային օր և բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչը (IMEI) սույն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել»։
Հոդված 5. Օրենքում լրացնել նոր 45․1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 45․1. Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարչի և Ադմինիստրատորի հարաբերությունները
1․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 44-րդ պարբերությամբ սահմանված իրավաբանական անձանց կողմից ստեղծվող Ադմինիստրատորի հիմնական նպատակը բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորների տվյալների շտեմարանների միջև մշտական և անխափան կապի ու փոխգործելիության ապահովումն է, որի համար անհրաժեշտ իրավական հիմքերը պետք է ապահովված լինեն Ադմինիստրատորի հիմնադրման մասին որոշմամբ, կանոնադրությամբ և բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորների հետ ըստ անհրաժեշտության կնքվող պայմանագրերով։ Սույն մասում նշված իրավական հիմքերը պետք է ապահովեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայություն, գործառույթների, իրավունքների և պարտականությունների համապատասխան ու անհրաժեշտ ծավալ կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի հետ մշտական և անխափան կապ ու փոխգործելիություն ապահովելու համար` առանց բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորների հետ լրացուցիչ համաձայնեցումների կամ նախապայմանների։
2. Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կանոնակարգը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնում է իրավասու մարմինը։ Եթե Ադմինիստրատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջները և հաշվի առնելով տվյալների շտեմարանի սույն հոդվածի 1-ին մասում նշված առանձնահատկությունները, բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի ճարտարապետության, տեխնոլոգիական լուծումների մշակման, ներդրման, տվյալների մշակման, տվյալների շտեմարանի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքները կամ դրանց մի մասն իրավասու մարմինը պայմանագրով փոխանցում է Ադմինիստրատորին, որի պարագայում «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները կիրառելի չեն:
3. Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարիչը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի անխափան աշխատանքի ապահովման և սպսարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը, որոնք հիմնավորվում, հաշվարկվում և ներառվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում:
4. Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարչի և Ադմինիստրատորի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր, որով կարգավորվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված, ինչպես նաև շտեմարանի անխափան աշխատանքի ապահովման և սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հիմնավորման և հաշվարկման սկզբունքները, վճարման կարգը, չափը ու ժամկետները։
5. Ադմինիստրատորն ապահովում է՝
1) Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի շուրջօրյա և անխափան աշխատանքը՝ համաձայն Կանոնակարգի.
2) բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու ներդրումը հրապարակային ու անկողմնակալ մրցույթների կազմակերպմամբ, ընտրության ընթացակարգը և պահանջները նախապես համաձայնեցնելով բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարչի հետ.
3) բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորներին հավասար հիմունքներով և պայմաններով բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանին հասանելիությունը.
4) օրենքով, Կանոնակարգով և ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում տվյալների փոխանակման շերտի միջոցով ապահովվում է կապը այլ տվյալների շտեմարանների հետ.
5) նշված շտեմարանի սպասարկման նպատակով այլ իրավաբանական անձի ներգրավումը հրապարակային ու անկողմնակալ մրցույթի կազմակերպմամբ, ընտրության ընթացակարգը և պահանջները նախապես համաձայնեցնելով բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարչի հետ:
6․ Ադմինիստրատորը բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի տվյալների օգտագործմամբ կարող է մշակել ու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, միջոցով մատուցել թվային այլ ծառայություններ։»։
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«5) Անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծած բջջային հեռախոսը օրենքով սահմանված կարգով գրանցել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) տվյալների շտեմարանում և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարել գրանցման համար պետական տուրքը։»։
2) 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառումն ապահովված է համարվում, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ստուգվել է, որ բջջային հեռախոսը ներմուծող անձը հատել է պետական սահմանը և բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) գրանցման պահին պետական սահմանը հատելու պահից չի անցել վեց ամիս։ Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) տվյալների շտեմարանը և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը գործում են տվյալների փոխանակման շերտի միջոցով։»։
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետություն ներմուծված, ինչպես նաև վերջնական օգտագործողների կողմից օգտագործվող բջջային հեռախոսները բջջային հեռախոսների միջազգային նույնացուցիչների շտեմարանում գրանցվում են ավտոմատ՝ առանց որևէ գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարման:
3. Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանի կառավարիչը Կանոնակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում:
-
Duration
12.02.2026 27.02.2026 -
Type
Law
-
Area
Telecommunication(electronic communication), High tech industry, Information technologies
-
Ministry
Ministry of High-Tech Industry
-
Status
Views 105
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.