Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հանգամանքը: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:»:

4) 3-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ                                         Վ Խաչատուրյան

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր և վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա և ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի վերասոցիալականացման անհատական ծրագրին չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցելով վերասոցիալականացման անհատական ծրագրին:».

3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաև  կարճաժամկետ և երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս՝ բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր և եզրակացություն կազմում է՝ հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաև պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝  զեկույց ներկայացնելու նպատակով:».

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեակատարողական հիմնարկը և Պրոբացիայի ծառայությունը՝ դիմումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ):»:

3) 5-8-րդ կետերով «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով:

4) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը չի բողոքարկվել դատարան, իսկ բողոքարկման դեպքում նշված ժամկետը կասեցվում է, և շարունակում է հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու նպատակով դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնում է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:».

5) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատարանի որոշումը չի բողոքարկվել, իսկ բողոքարկման դեպքում դատարանի կողմից նշված ժամկետը կասեցվում է, և շարունակում է հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու նպատակով դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնում է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով:

2) 2-րդ մասի 3-րդ կետում և 4-րդ մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով:

2) 6-րդ մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ                                         Վ Խաչատուրյան

 

  • Discussed

    11.02.2026 - 26.02.2026

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 788

Print

Related documents / links

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

26.02.2026

Կարծում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխությունները հիմնավորված չեն և խախտում են դատապարտյալների վերասոցիալականացման ու ուղղման դեպքում վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքը։

Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ որոշումը կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու պարագայում, նույն հարցը կրկին քննարկելու համար սահմանված նվազագույն ժամկետները (համապատասխանաբար երեք և վեց ամիս) կասեցվում են, և շարունակում են հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

Թեև որոշակիորեն հասկանալի է հեղինակի կողմից նշված օրենսդրական փոփոխությունը նախաձեռնելու շարժառիթը (նախագծի հիմնավորման մեջ կոնկրետ այս փոփոխության հիմքերին հստակ անդրադարձ չկա, ուստի ենթադրելի է, որ շարժառիթը ՔԿՀ-ին և Պրոբացիայի ծառայությանը նոր զեկույցներ կազմելու համատեքստում լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է դատապարտյալի համար բողոքարկման գործընթացի հնարավոր դրական ելքի պարագայում), այնուամենայնիվ այն չի կարող իրագործվել դատապարտյալի՝ իր վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի պարբերական քննարկման և գնահատման հնարավորության սահմանափակման հաշվին։

Առաջարկվող կարգավորման պարագայում դատապարտյալների՝ իրենց վաղաժամկետ ազատ արձակման հարցի պարբերական քննարկման, վերանայման համար սահմանված ժամկետները կարող են փաստացի անգամներ երկարել՝ հաշվի առնելով թե համապատասխան դատական ակտերը բոլոր 3 ատյաններում բողոքարկելու իրավունքի առկայությունը, թե դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում գործնականում դատական վարույթների ժամկետների երկարացումները։ Արդյունքում դատապարտյալները զրկվելու են իրենց վարքագծի, ուղղման հանգամանքների՝ օրենքով սահմանված պարբերականությամբ և կոնկրետ պահի դրությամբ դատարանի կողմից գնահատման իրավունքից, այնինչ ակնհայտ է, որ վերանայման համար սահմանված այս ժամկետները ինքնանպատակ չեն, այլ ողջամտորեն նպատակ ունեն հնարավորություն ստեղծել ֆիքսելու անձի վարքի հնարավոր փոփոխությունները, որոնք իվերջո կարող են հանգեցնել անձի ազատ արձակման։

Այս համատեքստում հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ սկզբնական որոշման կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին դատարանի սկզբանական որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատական ատյանը նույնպես չի կարող անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել դատապարտյալի վարքը բողոքը քննելու պահի դրությամբ, քանի որ սահմանափակված է բողոքի հիմքերով, որոնք կարող են վերաբերել բացառապես բողոքարկվող որոշումների կայացման պահին առկա իրադրությանը։

Ակնհայտ է, որ նախագծով նախատեսվող՝ խնդրո առարկա փոփոխությունները վտանգելու են դատապարտյալների՝ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի բաղադրիչ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ նրանց կանգնեցնելու են ակնհայտ ոչ իրավաչափ երկընտրանքի առաջ՝ բողոքարկել իրենց համար անբարենպաստ ՔԿՀ կամ դատարանի որոշումները կամ հրաժարվել բողոքարկման իրավունքից՝ հօգուտ հարցը ավելի վաղ կրկնակի քննարկման առարկա դարձնելու հնարավորության։

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 133-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի փոփոխություններին առնչվող դրույթները։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.02.2026

Նախագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ «տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը», ինչպես նաև լրացնել 2.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքը։ Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն»։

Կազմակերպությունը, իր կողմից վարված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարույթներով, բազմիցս բախվել է այն իրավիճակին, երբ փաստացի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդության մերժման հիմք է հանդիսացել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը չկատարելու կամ մասամբ կատարելու հանգամանքը։

Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ունի իր տրամաբանական հիմնավորումը, համաձայն որի՝ ազատման հիմք է հանդիսանում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձի դրսևորած պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր գնահատումը։

Վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցությունը (եթե առկա է եղել նման հնարավորություն), աշխատելը (եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով), ինչպես նաև դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։

Արդյունքում, Նախագծով վարքագծի գնահատման չափանիշների շարքին ավելացվում է նաև տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, որը չի կարող դիտարկվել որպես անձի վերասոցիալականացմանը նպաստող միջոց։ Պատժի կրման նպատակը ազատազրկված անձին իր վարքով այնպիսի շեմի հասցնելն է, որով նա կհամարվի վերասոցիալականացված և միաժամանակ հնարավոր կլինի փաստել, որ նրա կողմից կրկնահանցագործության կամ այլ հակաիրավական գործողությունների կատարման հավանականությունը նվազագույն է։

Տուժողին պատճառված վնասի հատուցումը քաղաքացիաիրավական պահանջ է, որն ուղղված է մեղադրյալին, մինչդեռ պատժի նշանակումը քրեաիրավական մեխանիզմ է, որը միտված է հանցանքի համար պատասխանատվության իրականացմանը և անձի վերասոցիալականացմանը։

Այսպիսով, խոսքը վերաբերում է երկու տարբեր իրավական մեխանիզմների, որոնք ենթակա են առանձին կարգավորման և կատարման։ Ավելին, եթե պատժի կատարումն ու վերահսկումն իրականացվում են ՀՀ քրեակատարողական ծառայության կողմից, ապա վնասի հատուցումը ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։

Վերոնշյալից հետևում է, որ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում անձի նկատմամբ շարունակում է գործել տուժողին պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, որը գործող օրենսդրությամբ ենթակա չէ անվավեր ճանաչման կամ վերացման։                                                            

           Արդյունքում արձանագրում ենք, որ անձը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, ավելին փորձաշրջանում գտնվելու ընթացքում կարող է աշխատել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված վնասը քան այն կհատուցվեր կամ կհարթվեր անազտության պայմաններում։

           Առաջարկում ենք, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որպես դատապարտյալի պատշաճ վարքագիծ չգնահատել տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, այլ հաշվի առնել վերսոցիալականացումը։

Hasmik Karapetyan

25.02.2026

1. Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը

Գործող ձևակերպում

Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը:

Մինչև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

Առաջարկվող լրացում

Այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը չի կարող մեկնաբանվել կամ կիրառվել այնպես, որ հանգեցնի ընտանեկան, սեռական կամ գենդերային բռնության գործերով տուժողների պաշտպանության նվազեցմանը կամ գործող պաշտպանության միջոցների դադարեցմանը

Հիմնավորում

  • Անցումային փուլում իրավական ակտերի «համապատասխանեցումը» կարող է ստեղծել իրավական վակուում կամ ժամանակավոր անորոշություն։
  • Բռնության բնույթի գործերով պաշտպանության միջոցները (շփման արգելք, պաշտպանական որոշումներ, պրոբացիոն վերահսկողություն և այլն) պետք է պահպանեն իրենց շարունակական իրավական ուժը։
  • Պետությունը կրում է դրական պարտավորություն՝ ապահովելու տուժողների արդյունավետ պաշտպանություն, ինչը բխում է նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա» (Istanbul Convention)-ի կանխարգելիչ և պաշտպանական չափանիշներից։

 

Կանանց իրավունքների տուն ՀԿ

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: