Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՉՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2026 թվականի              N        

 

ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 15-րդ կետերով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կոնյակ արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով տրամադրվող վարկերի գծով շահառուների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք։

3. Հաստատել Կոնյակ արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրով  տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

4Սահմանել, որ՝

1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվող վարկերի համար այն տնտեսավարողներին, որոնք 2025 թվականին իրականացրել են առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ

2) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների.

3) վարկի մայր գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.

4) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև երեսունինը ամիս մարման ժամկետով։

5  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Discussed

    23.01.2026 - 12.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 582

Print

Suggestions

Դավիթ Տուրյան

03.02.2026

Հաշվի առնելով, որ «կոնյակ»-ը բրենդիի տեսակ է, որի արտադրությունը, համաձայն աշխարհագրական նշումների պաշտպանության միջազգային և եվրոպական իրավակարգավորումների, թույլատրելի է բացառապես Ֆրանսիայի Հանրապետության Նոր Ակվիտանիա ռեգիոնի Շարանտ դեպարտամենտում,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրոպական Միության նկատմամբ, որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (Comprehensive and Enhanced Partnership Agreement – CEPA) ուժի մեջ մտնելուց հետո,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն մինչև 2043 թվականը լիովին հրաժարվել «կոնյակ» անվանման օգտագործումից, իսկ 2032 թվականից հետո չարտադրել որևէ արտադրանք «կոնյակ» անվանումով,

հաշվի առնելով, որ նշված պարտավորության կատարման նպատակով, համաձայն Եվրոպական Հանձնաժողովի ENI/2020/042-937 «2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի 3-րդ մասի վերաբերյալ կիրարկող որոշման» հավելվածի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 237-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության օգտին իրականացման աջակցության գործողությունների փաստաթուղթ՝ I փուլ» (Annex of the Commission Implementing Decision on the Annual Action Programme Part 3 2020 in favour of the Republic of Armenia – Action Document for Support for implementation of Article 237 CEPA – Phase I), որը Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է ՀՀ Նախագահի 2021 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում․ փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՆՀ-128-Ն հրամանագրով, Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է երեք միլիոն (3,000,000) եվրո ֆինանսական աջակցություն՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու գործընթացի իրականացման համար,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի ապրիլի 4-ի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՕ-70-Ն օրենքից բխում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ակտիվացման և զարգացման անհրաժեշտությունը,

ինչպես նաև հաշվի առնելով, որ «Հայկական կոնյակ» ինքնանվանումով արտադրանքը չի կարող արտահանվել Եվրոպական Միություն և վաճառվել ԵՄ տարածքում,

առաջարկում եմ՝

ՀՀ Կառավարության որոշման տվյալ նախագծում «կոնյակ» ձևակերպումը՝ իր բոլոր լեզվական ձևերով, փոխարինել «արբուն (բրենդի)» ձևակերպմամբ՝ իր բոլոր լեզվական ձևերով։

«Արբուն» ձևակերպման ընտրությունը հիմնավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի մայիսի 25-ի «Բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին» N 611-Ն որոշմամբ։

Համապատասխանաբար առաջարկում եմ որոշման նախագծի ներքոհիշյալ դրույթները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

·      Նախագծի վերնագիրը շարադրել՝

«ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

·      Նախագծի 3-րդ կետը շարադրել՝

«3. Հաստատել Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»,

·      Նախագծի N 1 հավելվածի վերնագիրը շարադրել՝

«ԾՐԱԳԻՐ

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ»,

·      Նախագծի N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել՝

«1. Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում արբուն (բրենդի) արտադրող և իրացնող տնտեսավարողներին՝ արտահանման սահմանափակումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն ապահովելու, առաջացած մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով։»,

·      Նախագծի N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել՝

«3. Ծրագրի իմաստով շահառու է համարվում 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը։»,

·      Նախագծի N 1 հավելվածի N 1 ձևի աղյուսակի վերնագիրը շարադրել՝

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»,

·      Նախագծի N 2 հավելվածի վերնագիրը շարադրել՝

«ԿԱՐԳ

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

·      Նախագծի N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել՝

«1. Սույն կարգով կարգավորվում է Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։»

·      Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել՝

«2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն.

2) ՏԶՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.

3) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք արբուն (բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ՏԶՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

4) բյուջետային երաշխիք՝ սույն որոշմամբ հաստատված արբուն (բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի համար ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի մայր գումարի վերադարձի ապահովման միջոց։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել՝

«3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվող վարկերի համար՝ վարկի մայր գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով, առավելագույնը մինչև երեսունինը ամիս մարման ժամկետով։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել՝

«4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2025 թվականին իրացված արտադրանքի արժեքի չափը։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 11-րդ կետը շարադրել՝

«11. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):»

·      Նախագծի N 2 հավելվածի N 1 ձևի «Կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագրերի շրջանակներում» ձևակերպումը շարադրել՝

«Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: