Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 9-րդ մասում «Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 281-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվությունը

1.   Փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով։

2.  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է որոշում կայացնել խախտում կատարած պաշտոնատար անձի նկատմամբ հետևյալ կարգապահական տույժերից մեկը նշանակելու մասին

1)   նախազգուշացում.

2)  նկատողություն

3)  խիստ նկատողություն

4)  պաշտոնից ազատում։

3.  Կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը հնգօրյա ժամկետում ուղարկվում է կարգապահական տույժի ենթարկված անձին։

4.  Վարքագծի կանոնի մեկ խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։ Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պայմաններում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում նույն պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու, ինչպես նաև տույժի նշանակման պահին այլ կարգապահական տույժեր ունենալու հանգամանքները:

5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն տրված լինելու դեպքում կարգապահական տույժ չի կարող նշանակվել։

6. Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է 12 ամիս:

7.  Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տույժի ենթարկված պաշտոնատար անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

8. Պաշտոնատար անձին քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը։»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը։

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասում «Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

  • Discussed

    30.12.2025 - 15.01.2026

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1653

Print

Related documents / links

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

15.01.2026

30.12.2025թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ, https://www.e-draft.am/projects/9613/about ), որով առաջարկվում է մասամբ վերցանել քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելը բացառող դրույթները։ Ըստ այդմ, գործող օրենքում ավելացվում է 28․1 հոդվածը, որով կարգապահական պատասխանատվության կիրառման հնարավորություն է նախատեսվում փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների նկատմամբ՝ նրանց կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում։

Խիստ կարևորելով առաջարկվող փոփոխությունը, դրա հիմքում ընկած՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում կատարված առաջարկությունները՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է տարածվի, ի լրումն դրանում նշվածների, նաև այլ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Այսպես․

1․ Նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։ Լիովին համամիտ լինելով նշված պարզ ճշմարտության հետ, ակնհայտ ենք համարում, որ նույն փաստարկը վերաբերելի է ցանկացած պաշտոնյաների դեպքում, այդ թվում՝ այլ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների։ Պատահական չէ, որ ԳՐԵԿՈ Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181-րդ կետի առաջարկությամբ առաջարկվում է էթիկայի կանոնների, շահերի բախման և բարեվարքությանն խախտումների համար պատշաճ հետևանքներ նախատեսել բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար։

Չնայած դրան, նույն առաջարկության վրա հիմնվող Նախագծի կարգավորումը չի տարածվում (կարգապահական պատասխանատվության հնարավորություն չի նախատեսում) Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքի ղեկավարների տեղակալների վրա։ Եվ եթե առաջին հինգ քաղաքական պաշտոնների դեպքում կարգապահական պատասխանատվության մեխանիզմ չկիրառելը առնվազն գործող կառուցակարգերի տրամաբանությամբ հասկանալի է (նկատի ունենալով նշված պաշտոնների՝ ընտրովի, ոչ նշանակովի լինելու հանգամանքը), ապա համայնքների ղեկավարների տեղակալների վրա առաջարկվող կարգավորումը չտարածելու որևէ իրավաչափ նպատակ գոյություն չունի։ Նշված համայնքային քաղաքական պաշտոններին նշանակումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից և կարգապահական պատասխանատվությունը նույնպես կարող է կիրառվել նշանակող պաշտոնատար անձի կողմից՝ կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա։

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ապահովելու համար առաջարկվող նախագծի առավել համապարփակությունը և արդյունավետությունը դրա ընդունման համար հռչակված նպատակներին հասնելու, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց անօրինական վարքագծի կանխարգելման տեսանկյունից, նկատի ունենալով նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181 կետում նշված առաջարկությունը, առաջարկում ենք լրացնել նախագիծը և դրանով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացվող 28․1 հոդվածը՝ դրա 1-ին մասում ավելացնելով նաև համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

2․ Օրենքի նախագծի հոդված 2-ում առաջարկվում է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից խախտման վերաբերյալ հաղորդման ներկայացումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մինչդեռ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ, այդ թվում վարքագծի կանոնների խախտման մասով եզրակացություն տրամադրելու համար, կարող է իրականացնել, ինչպես ստացված գրավոր դիմումների, այնպես էլ մամուլի հրապարակումների, ազդարարման և այլ ուղիներով ստացված հաղորդումների հիման վրա։ Նշված դեպքում, խիստ սահմանափակված է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում միայն պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի դիմումի հիման վրա ԿԿՀ-ի եզրակացության ստանալը։ Ելնելով վերոնշյալից առաջարկվում է՝

Օրենքի նախագծի հոդված 2-ի առաջին մասից հանել «համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը» բառերը։


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: