«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) և կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները:
Նախագծի նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է և օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը և հստակեցումը:
Բովանդակային առումով Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում՝
1) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) հստակեցվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն ձևակերպումը և սահմանվում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր է այն ընկերությունը, որի ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը տվյալ հարկատեսակի համար օրենսդրությամբ սահմանված հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից՝ գործող 90 տոկոսի փոխարեն:
Այս կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ պրակտիկ իրավիճակում օրինակ, երբ տնտեսավարող սուբյեկտն օտարում է իր հիմնական միջոցները, հայտարարագրման արդյունքում դրանք գերազանցում են 10 տոկոս շեմը, չնայած, որ ակնհայտ է, որ նա ամբողջությամբ զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աջակցության ենթակա գործունեության տեսակներով:
2) Օրենքի կարգավորումներից հանվում է քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող վարձու աշխատողների համար պետական աջակցության տրամադրմանն առնչվող կարգավորումները: Այս փոփոխության նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ աջակցության տրամադրման ընթացքում քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող վարձու աշխատողների՝ հարթակի միջոցով նույնականացումը չի ստացվում, քանի որ հարկային մարմնի ոչ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում այդ պայմանագրերով աշխատողների միայն թվաքանակն է ընդգրկված, և այս պարագայում լիազոր մարմինը ստիպված է լինում աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտներից ստանալ վերջիններիս պայմանագրերը, ինչը խնդրահարույց է և ոչ նպատակահարմար:
Բացի այդ երեք եռամսյակների վերլուծության արդյունքում դրանց թիվը բավականին փոքր է, ինչը էական ազդեցություն չունի ոլորտի պետական աջակցության հասցեականության վրա:
3) Օրենքի կարգավորումներից հանվում է վերապատրաստման համար տրամադրվող պետական աջակցությանն առնչվող կարգավորումները, քանի որ ըստ լիազոր մարմնի գնահատման, այն չի արդարացնում ի սկզբանե դրված նպատակը: Այնուամենայնիվ, նշվածի համատեքստում քննարկվում և մշակվում են ոլորտում կրթական բաղադրիչի ներառմանն ուղղված աջակցությունների հնարավոր մեխանիզմներ:
4) Նոր աշխատողների ներգրավման համար տրամադրվող պետական աջակցությունը նախատեսվում է ընդլայնել՝ փոփոխելով Նոր աշխատողի համար աջակցության ձևը, ըստ որի նախատեսվում է՝
· նոր աշխատող ՀՀ քաղաքացիների դեպքում՝ 100%-ի չափով աջակցություն,
· նոր աշխատող ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում՝ 60%-ի չափով աջակցություն:
Նախատեսվում է, որ նոր աշխատողների համար հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվող պետական աջակցության գումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների համար հաշվարկված եկամտային հարկի 25 տոկոսը:
Բացի նշվածից Նախագծում վերաշարադրվում է նոր աշխատողի հասկացությունը, ըստ որի՝ նոր աշխատողը դա մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողն է, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատելու դեպքում աշխատանքի ընդունման սկիզբը ոչ շուտ է քան 2025 թվականի հունվարի 1-ը:
5) Փոփոխություն է նախատեսվում նաև աշխատանքային միգրանտին տրամադրվող աջակցության ձևի մեջ, մասնավորապես՝ միգրանտին տրամադրվող աջակցության չափը չի ներառվելու տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների ընդհանուրի հաշվարկի մեջ, բայց նախատեսվում է տրամադրել ոչ ավելի, քան ամսական 2 մլն դրամ ։ Որպես պայման նախատեսվում է նաև, որ պետական աջակցություն ստանալու համար աշխատանքային միգրանտը պարտավոր է ՀՀ ռեզիդենտ բանկում իր անվամբ բացել բանկային հաշիվ:
Նախատեսվում է, որ միգրանտներին աջակցություն տրամադրելու ժամանակ հարկի սխալ հաշվարկի ռիսկը կրելու է գործատուն, իսկ փոփոխման դեպքում ավել ստացած մասը հետ է վերադարձնելու ՀՀ պետական բյուջե, բացառությամբ, եթե գումարի ավելին տրամադրված աջակցության հաշվարկի հիմքում ընկած հանգամանքը պայմանավորված է միգրանտի կողմից ոչ հավաստի կամ կեղծ տվյալների ներկայացմամբ կամ Լիազոր մարմնի հաշվարկի արդյունքով:
6) Նախատեսվում է, որ պետական աջակցության համար կարող են դիմել նաև դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները:
7) Նախատեսվում է, որ պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար պետական աջակցության գումարի ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից:
Բացի նշվածից նախատեսվում է, որ պետական աջակցության տրամադրման ժամանակ պետական աջակցություն ստացած սուբյեկտի կողմից աջակցության գումարը կամ դրա ավել մասը ենթակա է հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե աշխատանքային միգրանտը կամ նոր աշխատողը վերադարձրել է իր վճարած (իրենից պահված) եկամտային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող կրկնակի հարկումը բացառելու մասին հայմաձայնագրերով սահմանված դրույթներին համապատասխան:
Նախագծով հստակեցվում են պետական աջակցության տրամադրման մերժման և դադարեցման հիմքերը:
Մասնավորապես՝ պետական աջակցության մերժման հիմք է նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկային հաշվարկ չներկայացնելը, իսկ դադարեցման հիմքերում լրացվում են հետևյալ կարգավորումները.
· պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը կամ աշխատանքային միգրանտը ներկայացրել են ոչ հավաստի տեղեկություններ,
· կատարել են այնպիսի գործողություններ, որոնց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի պետական աջակցություն սատանալը կամ պետական աջակցության գումարի չափի ավելացումը,
· պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտը նախորդող ժամանակաշրջանների մասով գրանցման հայտերում կատարել է մասնագիտական պաշտոնների դասակարգիչների փոփոխություն, իսկ հարկային հաշվարկներում՝ տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի փոփոխություն, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար:
9) Փոփոխություններ են նախատեսվում նաև պետական աջակցության տրամադրման մի շարք կարգավորումներում, մասնավորապես՝ հստակեցվում են պետական աջակցության տրամադրման վարչարարական ընթացակարգերը, բողոքարկումը, մոնիտորինգը և այլն:
10) Կատարվում են նաև մի շարք տեխնիկական փոփոխություններ և լրացումներ:
11) Հաշվի առնելով, որ 2025 թվականի մարտից սկսած այլևս ժամկետային առումով ավարտվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով սահմանված ոլորտային աջակցության ծրագրերը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը: Հարկ է նկատել, որ այն դեռևս ուժը կորցրած չի ճանաչվել քանի, որ աջակցություն նախատեսող հիշյալ որոշումների լիազորող նորմը սահմանված էր այդ օրենքով:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության գործիքակազմի բարելավումն է և խնդրահարույց իրավիճակների բացառումը։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել առավել նպաստավոր պայմաններ: Ակնկալվում է նաև, որ պետական աջակցության տրամադրման ընթացակարգում կբացառվեն խնդրահարույց իրավիճակները: Աջակցության տրամադրումը կլինի առավել հասցեական: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կխթանվեն ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը:
5. Առաջարկվող կարգավորման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա․
Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժիններով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝
1) 2.3-րդ «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
· հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը,
· բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաստանում կստեղծվի առնվազն 16,000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,
· բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարությունը նպատակադրված է իրականացնել, մասնավորապես, հետևյալ քայլերը.
Ø բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանակական բարելավում,
Ø բարձր տեխնոլոգիական ընկերություններում (ստարտափներում) անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով ֆինանսական գործիքներ ներգրավելու հնարավորությունների շարունակական մեծացում, այդ թվում՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով,
Ø բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանում՝ նոր մասնագետների պատրաստման և այլ ոլորտի մասնագետներին վերամասնագիտանալու հնարավորություն ընձեռելու միջոցով,
Ø ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
2) 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
· Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
· Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
-
Discussed
23.12.2025 - 07.01.2026
-
Type
Law
-
Area
High tech industry, Information technologies
-
Ministry
Ministry of High-Tech Industry
-
Status
Views 1114
Print