Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող».

2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի՝ ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը տվյալ հարկատեսակի համար օրենսդրությամբ սահմանված հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների և (կամ) եռամսյակի համար սույն կետում նշված յուրաքանչյուր հարկային հաշվարկով հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները».

3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատելու դեպքում աշխատանքի ընդունման սկիզբը ոչ շուտ է քան 2025 թվականի հունվարի 1-ը:»

4) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«11.  հաշվետու ժամանակաշրջան՝ պետական աջակցության տրամադրման համար նախատեսված  ժամանակաշրջան, որը հաշվարկվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չորս եռամսյակներով՝ սկսվելով տվյալ տարվա սկզբից.

5) լրացնել նոր 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12) պետական աջակցության դադարեցում՝ պետական աջակցության դադարեցում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում սուբյեկտին պետական աջակցության տրամադրման դադարեցում սույն օրենքի գործողության ողջ ընթացքում»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

 1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:

2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով:

3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:

4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է նոր աշխատողներ ներգրավելու համար: Ընդ որում՝

1) սույն մասով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի՝

ա. 100 տոկոսի չափով, եթե պետական աջակցության համար դիմելու պահին նոր աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

բ. 60 տոկոսի չափով, եթե պետական աջակցության համար դիմելու պահին նոր աշխատողը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

2) սույն մասով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվող պետական աջակցության գումարը չի կարող գերազանցել  նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 25 տոկոսը:

3) նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված  երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:

5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է աջակցություն՝ իր աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան հաշվետու ժամանակաշրջանում ներառված յուրաքանչյուր ամսվա համար երկու միլիոն դրամը: Ընդ որում՝

1) սույն մասով սահմանված պետական աջակցության տրամադրման դեպքում տվյալ աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի հաշվարկման, ինչպես նաև փոփոխության, ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը,

2) պետական աջակցություն ստացած աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի չափի փոփոխման դեպքում տվյալ աշխատանքային միգրանտին ավել վճարված գումարը տնտեսավարող սուբյեկտի կողմից ենթակա է հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բացառությամբ այն դեպքի, երբ աշխատանքային միգրանտին ավել վճարված պետական աջակցության գումարի հաշվարկման հիմքում ի հայտ եկած հանգամանքը պայմանավորված է Լիազոր մարմնի կողմից պետական աջակցության գումարի չափի սխալ հաշվարկմամբ,

3) պետական աջակցություն ստացած աշխատանքային միգրանտի կողմից աջակցության գումարը կամ դրա ավել մասը ենթակա է հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, երբ աշխատանքային միգրանտին վճարված կամ ավել վճարված պետական աջակցության գումարի հաշվարկման հիմքում ի հայտ եկած հանգամանքը պայմանավորված է աշխատանքային միգրանտի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու հետ կամ դրա տրամադրումն առաջացրել է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հետևանքը,

4) սույն մասով սահմանված դեպքում պետական աջակցություն ստանալու համար աշխատանքային միգրանտը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկում իր անվամբ բացել բանկային հաշիվ:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ պետական աջակցություն ստացած սուբյեկտի կողմից աջակցության գումարը կամ դրա ավել մասը ենթակա է հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե աշխատանքային միգրանտը կամ նոր աշխատողը վերադարձրել է իր վճարած (իրենից պահված) եկամտային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող կրկնակի հարկումը բացառելու մասին հայմաձայնագրերով սահմանված դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար պետական աջակցության գումարի ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից:

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:

9. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված տնտեսավարող սուբյեկտին ներկայացվող պահանջները կիրառելի են աշխատանքային միգրանտներին պետական աջակցության տրամադրման ժամանակ:»

 

 Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, այդ թվում՝ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը

3) Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտները:

2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի դիմելու դեպքում՝ իր գործատու տնտեսավարող սուբյեկտի, գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն: Ընդ որում, սույն մասով սահմանված համապատասխանությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ներկայացված հարկային հաշվարկներով՝ տվյալ հարկատեսակի մասով հաշվետու ժամանակաշրջանում ներկայացված հարկային յուրաքանչյուր հաշվարկով առանձին:

3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները և աշխատանքային միգրանտները պետական աջակցություն ստանալու համար դիմում են կամավորության սկզբունքով՝ հարթակի միջոցով:

4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:

5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում աջակցությունը ստացողի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում

1)  1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«1) դիմող տնտեսավարող սուբյեկտը կամ աշխատանքային միգրանտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին կամ աշխատանքային միգրանտին ներկայացվող պահանջներին».

2) 1-ին մասում լրացնել նոր, 3.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկային հաշվարկ ներկայացված չէ.».

3) 1-ին մասի 4-րդ կետում «եկամուտների գծով» բառերից հետո լրացնել «ժամկետանց» բառը,

4) լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ տնտեսավարող սուբյեկտին ներկայացվող պահանջները կիրառելի են նաև աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման ժամանակ:»:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե՝

1) պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը կամ աշխատանքային միգրանտը ներկայացրել են ոչ հավաստի տեղեկություններ,

2) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի պետական աջակցություն սատանալը կամ  պետական աջակցության գումարի չափի ավելացումը,

3) պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտը նախորդող ժամանակաշրջանների մասով գրանցման հայտերում կատարել է մասնագիտական պաշտոնների դասակարգիչների փոփոխություն, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար,

4) պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտը նախորդող ժամանակաշրջանների մասով հարկային հաշվարկներում կատարել է տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի փոփոխություն, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար:».

2) 3-րդ մասում «տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է» բառերը փոխարինել «սուբյեկտը պարտավոր է» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, իսկ աշխատանքային միգրանտը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու և ավելի խախտման դեպք:»:

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքում լրացնել նոր՝ 8.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 8.1. Պետական աջակցության տրամադրման բողոքարկումը

 1. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտը հարթակում կարող է բողոքարկել աջակցության պատասխանը:

2. Բողոքարկման դիմումը քննարկվում է լիազոր մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին մասին» օրենքով սահմանված կարգում և ժամկետներում:

3. Լիազոր մարմնի կողմից բողոքարկման դիմումի քննարկման ժամանակ լսումներ չեն անցկացվում: Լիազոր մարմինը ներկայացված բողոքը քննարկում է հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկության, դիմումով ներկայացված փաստական հանգամանքների, ինչպես նաև լիազոր մարմնին հայտնի դարձած կամ սուբյեկտի կողմից տրամադրված այլ տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

4. Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքում կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի

1)  1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«1. Պետական աջակցություն ստացած, պետական աջակցության համար դիմած և մերժված, ինչպես նաև սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական աջակցությունը դադարեցված սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անձանց» բառը փոխարինել «սուբյեկտներին» բառերով

2) լրացնել նոր 2.1-ին և 2.2-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

 «2.1. Լիազոր մարմինն իրավասու է մոնիտորինգն իրականացնել տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող երեք տարիների հաշվետու ժամանակաշրջանների կտրվածքով: 

2.2. Մոնիտորինգի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի կողմից հարուցվում է վարչական վարույթ:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի «2025 թվականի հուլիսի 1-ը» բառերը և թվերը փոխարինել «2026 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով, իսկ վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա, բացառությամբ սույն օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածների, որոնց գործողությունը տարածվում է նաև 2025 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանի վրա:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված  երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վերապաստրաստման հավաստագրերը գործում են և դրանով հնարավոր է աջակցություն ստանալ դրանց տրամադրման պահից 6 ամիս, բայց ոչ ավելին քան 2026 թվականի երկրորդ եռամսյակը ներառող հաշվետու ժամանակաշրջանը:

  • Discussed

    23.12.2025 - 07.01.2026

  • Type

    Law

  • Area

    High tech industry, Information technologies

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1114

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: